Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Լեզվի մասին պատկերացումներն աղավաղված են

Հայերենն «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով

Արդի հայերենի հիմնախնդիրների, մտահոգող թեմաների շարքում առանձնահատուկ քննվում են մասնավորապես բարբառները պահպանելու, գեղարվեստական խոսքի մակարդակը բարձրացնելու, խոսակցական լեզուն գրական հայերենից տարբերակելու հարցերը։
Գրական արեւելահայերենի ներկա վիճակը ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Վիկտոր Կատվալյանը մտահոգիչ է համարում՝ նշելով, որ լրջագույն խնդիրներ կան լեզվաքաղաքականության, լեզվամտածողության, լեզվագործածության, լեզվի կանոնարկման, ուսումնասիրության եւ ուսուցման բնագավառներում։ «Լեզվի մասին այսօրվա պատկերացումներն աղավաղված եւ աղճատված են, եւ այս իմաստով մտահոգություններ միշտ էլ եղել են։ Հասարակությունը եւ նաեւ շատ մտավորականներ չգիտեն, որ լեզուն միակերպ երեւույթ չէ։ Այն դրսեւորվում է բազում եղանակներով։ Այդ եղանակներից լուրաքանչյուրն ունի իր նպատակը, խնդիրն ու գործածության ոլորտը։ Օրինակ՝ գրական հայերենը հրապարակային խոսքի լեզուն է՝ նախատեսված մեծ հանդիսությունների, զանգվածների առջեւ ելույթ ունենալու համար։ Այն հեռուստատեսության, կինոյի, թատրոնի, կրթության լեզուն է, այլ կերպ ասած՝ պարտադիր չէ, որ այն ամենուր եւ ամեն տեղ գործածվի։ Փողոցում, շուկայում մարդը չպետք է ձգտի խոսել գրական հայերենով, երբ կարող է շփվել ազատ, խոսակցական հայերենով։ Իսկ խոսակցական հայերենի մեջ բացարձակապես մերժելի երեւույթ է ժարգոնային խոսքը։ Սա լրջագույն խնդիր է։ Հայերենը «աղտոտված» է օտարաբանություններով եւ ժարգոնային արտահայտություններով, լեզվական սխալներով ու աղճատումներով, որոնք հաճախ մտնում են նաեւ գրական լեզվի ոլորտ»,— «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Վ. Կատվալյանը։
Գրական լեզվում մերժելի երեւույթ է համարում նաեւ «է»—ի փոխարեն որպես օժանդակ բայ «ա»—ի գործածումը, ինչը հաճախ է նկատվում հատկապես հեռուստաեթերներում. «Երբեմն շատ խիստ ժխտողական վերաբերմունք կարելի է տեսնել խոսակցական հայերենի նկատմամբ։ Բայց այն նույնպես գոյության իրավունք ունի, իր գործառության ոլորտներն ունի, սակայն այն չպետք է հայտնվի հեռուստատեսության մեջ, կինոյում, թատրոնում, հրապարակային խոսքում։ Շատ կարեւոր է, որ սա գիտակցի մեր հասարակությունը։ Գրական լեզվին ոչինչ էլ չի եղել։ Կոպիտ սխալ է, երբ խոսակցական լեզվի տարրերը անճաշակ, գռեհիկ եղանակով ներմուծում են գրական խոսքի ոլորտ, գեղարվեստական գրականություն։ Չի կարելի որպես օժանդակ բայ «ա» տառը բերել եւ ներմուծել հեռուստատեսություն։ Ամեն անգամ գռեհիկ ձեւով հաղորդավարներից մեկն այն օգտագործում է եւ կարծես թե դրանով պարտադրում իր զրուցակցին։ Սա վիրավորում է հեռուստադիտողին, ով եթերից սպասում է գեղեցիկ, գրագետ խոսք»։ Բոլոր լեզվավիճակներն էլ, Վ. Կատվալյանի կարծիքով, ունեն «մաքրության» եւ «անաղարտության» պահպանման խնդիր։ Ըստ նրա՝ անաղարտ է այն լեզվավիճակը, որը քերականորեն ճիշտ է, անհարկի փոխառություններ չունի եւ զերծ է մնում գռեհկաբանություններից։ Այսինքն՝ եթե ստեղծագործությունը գրական արեւելահայերենով է, չի լինի այնտեղ ներմուծել անհարկի օտարաբանություններ։ Գեղարվեստական պատկեր ստեղծելու համար, ասում է, հայոց լեզուն ունի բոլոր հնարավորությունները, կարելի է նույնիսկ ցածր երեւույթների մասին խոսել գեղեցիկ լեզվով։ Գրական հայերենը, ըստ լեզվաբանի, ճոխ լեզու է, ունի բազում ոճական հնարքներ եւ կարող է լիովին բավարարել մեր հաղոդակցական պահանջներն այնտեղ, որտեղ պետք է։ «Իսկ եթե կարիք կա հերոսի կերպար ստեղծել, մարմնավորել, յուրահատկությունը դրսեւորել, կարելի է նրա խոսքը երանգավորելու համար ինչ—ինչ տարրեր ներմուծել։ Ընդհանրության մեջ գրական լեզուն պետք է իր ոլորտում գերիշխի եւ մաքուր լինի։ Պարտադիր չէ տգեղ երեւույթները ներկայացվեն տգեղ լեզվով։ Ցավալի է, բայց այսօր գտնվում ենք լեզվի պատկերացումների աղավաղման մակարդակի վրա։ Մշակութային արժեքների անկում է նկատվում։ Մարդիկ փոխանակ մշակութային արժեքներ ստեղծեն եւ հասարակությանը բարձրացնեն վեր, մտածում են, թե ավելի ճիշտ կլինի նկարագրել առօրյա տգեղ իրողությունները, իբր իրական կյանքն են ներկայացնում։ Սերիալները ձեզ օրինակ»,—նկատեց լեզվի ինստիտուտի տնօրենը՝ շեշտելով, որ լեզուն հասարակությանը վեր բարձրացնելու միջոցներից մեկն է, մինչդեռ հեռուստատեսությամբ այսօր մատուցում են փողոցային կյանքի պատկերներ, գողություն, ավազակություն եւ սպանություններ ներկայացնող սերիալներ՝ դրանց մեջ ներդնելով համապատասխան լեզվավիճակներ։ Ըստ նրա՝ այսպես աղավաղվում է ե՛ւ սերնդի հոգեբանությունը, ե՛ւ ատելություն է «ներարկվում» հասարակության մեջ. «Խեղում են պատկերացումները։ Դպրոցահասակները նայելով՝ կարծում են, թե գրական լեզուն արդեն այդ է, եւ կարելի է խոսել նաեւ այդ լեզվով։ Մենք մոռանում ենք, որ գոյություն ունի ազնվականություն ասված երեւույթը։ Պետք է ձգտենք ազնվական լինել։ Այսօր ավելի հարգի է դարձել փողոցային, ցածր լինելը, մինչդեռ ազնիվ եւ վեհ բաները մնում են ստվերում։ Պետք է այնպես անել, որ հասարակությունը վերեւ բարձրանա, ոչ թե իջնի։ Երբ ամենը գեղեցիկ ձեւով է մատուցվում, ձեւավորվում է գեղեցիկ մտածողություն, գեղեցիկ հոգեկան ներաշխարհ»։
Խոսելով Հայաստանում այսօր տարածված բարբառների եւ դրանց կիրառությունների մասին՝ Կատվալյանը նշեց, որ դրանք ինչ—որ չափով վտանգված են։ Նրա մեկնաբանությամբ՝ բարբառային հայերենը հաճախ տուժում է քաղքենիական այն մտայնությունից, թե իբր բարբառները մերժելի, կիրթ մարդուն ոչ վայել իրողություններ են։ «Ժողովրդի մեջ սխալ պատկերացում է նկատվում նաեւ բարբառների շուրջ։ Կարծում են, թե խոսքի այս ձեւերը գռեհիկ երեւույթներ են, անգրագիտության հետեւանք են, եւ որ մարդիկ պետք է ձգտեն խոսել միայն ու միայն գրական լեզվով։ Մեր մտավորականներից շատերը խորշում են բարբառներից, մինչդեռ այն մեր լեզվի բնական, կենդանի վիճակն է, գրական լեզուն մշակված է։ Բարբառը «կաթն» է, գրական լեզուն «սերը», առանց կաթի սեր չի լինում»,—ընդգծեց լեզվի ինստիտուտի տնօրենը՝ հավելելով, որ բարբառը նույն մայրենի լեզուն է եւ իր մեջ մեծ «հարստություն» է պարունակում, կան բառեր, դարձվածքներ, ինչ—ինչ արտահայտություններ, որոնք գրական հայերենը չունի, բայց ունեն բարբառները։ Ասում է՝ մարդիկ ձգտում են խոսել գրական լեզվով, երբ հայտնվում են այլ միջավայրում, ինչը բնական է համարում, իսկ բարբառախոս բնակավայրում գտնում է, որ պետք է խոսել տեղի բարբառով։ Գեղեցիկ է համարում, երբ գրական խոսքում երբեմն զգացվում են բարբառային ատաղձը, հնչերանգը։ «Լոռեցիներն ինչքան էլ փորձեն գրական խոսել, միեւնույն է, շեշտը այլ տառի վրա են դնում։ Գեղարքունիքի մարզում շատ լավ հնչյուն ունենք՝ շրթնայնացած «ա»—ն է, որը «օ» է հնչում եւ դժվարությամբ է շտկվում։ Բայց պետք չէ, որ շտկվի, սա բոլորովին չի խանգարում, այն նույնպես հայերեն լեզվի հնչյուն է»,—նկատեց Վ. Կատվալյանը՝ հավելելով, որ երբեք չպետք է մոռանալ կամ քամահրանքով վերաբերել մեր բարբառներին։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

10-01-2019





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO