Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Տիգրան Մեծը... վերադառնում է

Այս անգամ երաժշտարվեստում

Համաշխարհային օպերայի անվանացանկում հայոց արքա Տիգրան Մեծին նվիրված 40 օպերաներ կան, որոնցում նա հանդես է գալիս կամ որպես գլխավոր կերպար, կամ էլ ունի առանցքային դերակատարություն։ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան առաջիկայում նախատեսում է հանդիսատեսի դատին հանձնել գերմանացի կոմպոզիտոր Յոհան Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերան։
Հասսեն հայոց պատմությանը ծանոթացել էր Վենետիկում, որտեղ երկու տարի ապրել է Մխիթարյան միաբանությունում։ Ոգեւորվելով Տիգրան Մեծի կերպարով, նա 1728թ. գրում է իր համանուն օպերան։
«Մխիթարյան միաբանությունում այնպիսի մթնոլորտ է, որ ցանկացած մարդ, եթե անգամ մեկ գիշեր էլ անցկացնի այնտեղ, կամա թե ակամա ձեռքը կտանի գրքին։ Հետաքրքիրն այն է, որ Հասսեն Տիգրան Մեծին ներկայացնում է ոչ որպես մեծ զորավար կամ բռնապետ, այլ՝ մարդասիրության խորհրդանիշ, որն ամուսնանում է Միհրդատ Մեծի աղջկա հետ։ Վերջինս շատ գեղեցիկ է եղել, եւ բազմաթիվ թագավորներ, զորավարներ են խնդրել նրա ձեռքը, բայց Զենոբիան բոլորին մերժել է եւ ամուսնացել Տիգրան Մեծի հետ։ Զենոբիայի երկրորդ անունը Կլեոպատրա էր՝ որպես գեղեցկության խորհրդանիշ»,–ասաց Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն Գագիկ Մանասյանը «ՀՀ»—ի հետ զրույցում՝ նշելով, որ իրեն այնքան չի ոգեւորում հայոց արքային նվիրված օպերաների քանակը, որքան հեղինակները, որոնք անդրադարձել են Տիգրան Մեծին։ Այսպես, Տիգրան Մեծին անդրադարձել են իտալացի կոմպոզիտորներ Տոմազո Ալբինիոնին («Տիգրան, արքա Հայաստանի», 1697թ.), Անտոնիո Մ. Բոնոնչինին («Տիգրան՝ արքա Հայաստանի», 1710թ.), Պիետրո Բերնարդոնին («Տիգրան՝ արքա Հայաստանի», 1710թ.), Ալեսանդրո Սկարլատին («Տիգրան», 1715թ.), Անտոնիո Վիվալդին («Տիգրան», 1724թ.), Ջուզեպե Պագանելլին («Տիգրան», 1733թ.), գերմանացի կոմպոզիտոր Քրիստոֆ Վիլլիբալդ Գլյուկը («Տիգրան», 1743թ.), ռուս կոմպոզիտոր Ալեքսեյ Արտամոնովը («Տիգրան»), որի բեմադրության նկարիչը եղել է Մարտիրոս Սարյանը եւ ուրիշներ։ Հայ կոմպոզիտորներից Տիգրան Մեծին անդրադարձել է Տիգրան Չուխաջյանը, որի ստեղծագործությունը չի պահպանվել։
Հայոց արքային նվիրված օպերաներից շատերը չեն բեմադրվել կամ կատարվել են ընդամենը մի քանի անգամ։ Մյուս կողմից այդ օպերաների մեծ մասի միայն անունը եւ գրվելու փաստն է հայտնի մեզ, քանի որ դրանք կամ չեն պահպանվել, կամ պահպանվել են մասամբ։ Որքան էլ զարմանալի կարող է թվալ, բայց Հայաստանում նույնպես երբեւէ այդ օպերաներից որեւէ մեկը չի կատարվել։ Գ. Մանասյանը հիշեց, որ միայն Վիվալդիի «Տիգրան» օպերայից ընդամենը մեկ արիա է կատարվել Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում 2001թ., որով եզրափակվել էր Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700—ամյակին նվիրված գլխավոր միջոցառումը։ «Մեզ հաջողվեց Գերմանիայում գտնել Հասսեի օպերան, որը մեծ դժվարությամբ կարողացանք բերել Հայաստան։ Այստեղ էլ բավականին լուրջ խնդիրներ ի հայտ եկան, որովհետեւ լիբրետոն գրվել էր հին իտալերենով։ Մեր ձեռքն ընկած տարբերակը նաեւ ձեռագրով էր, եւ խնդիր ունեինք այն վերծանելու։ Այդ դժվարին գործն իր վրա վերցրեց Մելքոնյան վարժարանն ավարտած մի շատ հաճելի երիտասարդ՝ Տիգրան Կարապետյանը, որը հանձն առավ փոխադրել հինը նոր իտալերենի։ Նա ոչ միայն լեզուն է փոխադրել, այլեւ կարողացել է վերծանել ձեռագրի անընթեռնելի հատվածները»,–ասաց պետական ֆիլհարմոնիայի տնօրենը եւ շնորհակալություն հայտնեց Տիգրանին, որն իրենց ստեղծագործական խմբին է միացել զուտ հայրենասիրական մղումով։
Օպերան կատարելու համար բավականին աշխատանքներ արդեն իսկ արված են, այն պատրաստ է բեմադրության մասով, նաեւ երաժշտախմբի համար՝ յուրաքանչյուր գործիքի համար գրված է պարտիտուրը։ Միայն օպերային երգիչների ընտրության հարցում ստեղծագործական խումբը կանգնած է խնդրի առջեւ, քանի որ 1700—ական թվականներին ստեղծագործություններից շատերը, այդ թվում նաեւ Հասսեի օպերան գրվել են բարոկկո ոճով։ Իսկ բարոկկո երաժշտության մեջ ընդունված էր, որ սոպրան կարող են երգել տղամարդիկ, մինչդեռ մեր օրերում այն կանացի ձայնի արտահայտություն է։ «Հասսեի օպերայի մեջ կան սոպրանո ձայն պահանջող տղամարդկանց դերեր, որոնք այսօր մենք չունենք մեր օպերային դաշտում։ Խոսել ենք օպերայի լուրջ մասնագետների հետ, եւ երկու կարծիք է ձեւավորվել, մեկը՝ փոխել ձայները, մյուսը՝ գտնել դրանք»,–մանրամասնեց Մանասյանը։
Հայաստանի պետական ֆիլհարմոնիան մրցույթ է հայտարարել, որպեսզի կարողանան երգիչների ճիշտ ընտրություն կատարել Հասսեի օպերայի կերպարներին մարմնավորելու համար։ Մրցույթը կանցկացվի փետրվարի 1—3—ը, որի առթիվ Հայաստան են հրավիրել հայ օպերայի գիտակներից օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Կարեն Դուրգարյանին, Մոսկվայի Սացի անվան պետական ակադեմիական մանկական երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործիչ Գեորգի Իսահակյանին եւ ուրիշների։
Վերջիններիս եւ Հայաստանի մասնագետների հետ կքննարկվեն նաեւ ստեղծագործական որոշ հարցեր։ Դեռեւս քննարկման փուլում է օպերայի ձեւաչափը, իսկ կարծիքները տարբեր են։ Առաջարկ կա օպերան կազմակերպել բացօթյա, Գառնիի հեթանոսական տաճարում՝ հաշվի առնելով այն, որ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը համընկնում է հեթանոսական շրջանին։
«Մտածում ենք հունական ամֆիթատրոն սարքել Գառնու տաճարի դիմաց եւ 5—10 օր շարունակ բեմադրել օպերան, բայց, ցավոք, բոլորս էլ գիտենք, որ բացօթյա բեմադրությունները կարճ կյանք են ունենում, եւ այդ հսկայական ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների օգտագործումն այնքան էլ նպատակահարմար կարող է չլինել։ Միեւնույն ժամանակ հաշվի առնելով միջավայրը՝ կարելի է այն վերածել ֆիլմ—օպերայի»,– ասաց նա՝ ընդգծելով, որ բոլոր հարցերը՝ բացօթյա թե փակ, սոպրանո թե բարիտոն, ֆիլմ—օպերա թե դահլիճային ներկայացում, կհստակեցվեն, երբ կհավաքվի ստեղծագործական խումբը։ Մանասյանը շեշտեց, որ առաջին անգամ է նման բան արվում եւ ցանկանում են ամեն ինչ ճիշտ եւ անթերի կազմակերպել՝ ընդգրկելով հայ օպերային արվեստի այն ուժերին, որոնք կան, իսկ մի մասն էլ, ցավոք, Հայաստանում չէ, ինչը նաեւ թույլ կտա մարդկանց մտածել, որ նման անհատները պետք է վերադառնան հայրենիք։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

10-01-2019





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO