Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Մանդատները հանձնվեցին նորընտիր պատգամավորներին

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ կայացավ 7—րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Հանդիսության բացմանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի անդամների եւ իր անունից շնորհավորեց նորընտիր պատգամավորներին՝ մաղթելով առողջություն, աշխատանքային հաջողություններ եւ բեղմնավոր գործունեություն օրենսդիր մարմնում։ ԱԺ պատգամավորներին առաջին անգամ մանդատները հանձնեց ոչ թե ԿԸՀ նախագահը, այլ համակարգչային վիճակահանությամբ ընտրված 28 քաղաքացիները։ Ընտրվածների թվում էին նաեւ քվեարկության ամենատարեց մասնակիցները՝ 103—ամյա Բավական Փիլոյանը՝ Լոռու մարզից, 99—ամյա Խաչիկ Գաբրիելյանը՝ Արարատի մարզից, 18 տարեկանը ընտրության շեմին լրացած երիտասարդներ եւ ուրիշներ։ Իրականացված մեկ այլ վիճակահանությամբ որոշվել էր քաղաքացիների կողմից մանդատների տրամադրման հաջորդականությունը։ Մուկուչյանը նշեց, որ նման խորհրդանշական եղանակով հանձնելով մանդատները՝ ցանկացել են լրացուցիչ անգամ ընդգծել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ուղղակի ընտրական իրավունքի ինստիտուտի բովանդակությունը։ Ազգային ժողովի դեկտեմբերի 9—ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» դաշինքը ստացավ պատգամավորական 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26, իսկ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատ։ «Իմ քայլը» դաշինքի չորս մանդատները ստացան Հայաստանի ռուս, եզդի, ասորի եւ քուրդ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։
Հանդիսության ավարտին տեղի ունեցավ հյուրասիրություն։
Մանդատների հանձնման արարողակարգից հետո լրագրողների հետ զրույցներում պատգամավորներն անդրադարձան ներքաղաքական տարբեր հարցերի։ Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, որին «Իմ քայլը» խմբակցությունը կառաջադրի ԱԺ նախագահի պաշտոնում, անդրադարձավ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահի առաջադրման հարցին։ Նրա խոսքերով՝ քննարկումներ են անցկացվել ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ, եւ ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ։ Միրզոյանն անթույլատրելի է համարում խորհրդարանի խոսնակի ընտրության ժամանակ խախտել քաղաքական կշռի սկզբունքը։ Նպատակահարմար է գտնում թեկնածուին ընտրել այն քաղաքական ուժից, որը ընտրությունների արդյունքներով ձայների մեծամասնությունն է ստացել։ Խոսելով «Իմ քայլը» դաշինքի եւ խորհրդարանում ներկայացված այլ քաղաքական ուժերի հետ համագործակցության մասին՝ Միրզոյանը ասաց, որ հաշված օրերի ընթացքում հնարավոր կլինի համոզվել նրանց աշխատանքի հնարավորությունների ընդլայնման մեջ։ Իսկ ի՞նչ ակնկալիքներ ունի նոր ձեւավորվող խորհրդարանից։ «Անկախ իմ ենթադրելի պաշտոնից, կարծում եմ, որ 7—րդ գումարման Ազգային ժողովն իր շատ նշանակալի, էական եւ լուրջ ներդրումը պետք է ունենա պետության կայացման եւ շարունակական զարգացման գործում։ Հավատացեք՝ ես այս բառերին խորը եւ շատ լուրջ նշանակություն եմ տալիս»,–պատասխանեց Միրզոյանը։
Գործադիրի այս տարվա առաջին նիստում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարության կազմի փոփոխության եւ նախարարությունների թվի կրճատման նպատակը պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումն է։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի թեկնածու, մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքից պարզ դարձավ, որ կառավարության կազմի ու կառուցվածքի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա. «Դեռեւս այս մասին քննարկումներ չեն եղել, բայց ոչինչ չեմ բացառում, պարզապես այս պահին հստակ ոչինչ չկա»։ Հարցին՝ ինչպե՞ս է իրեն պատկերացնում այդքան մեծ խմբակցության ղեկավարի պաշտոնում, ասաց. «Սա ինձ համար առաջին հերթին պետական ծառայություն է, եւ ես տեսնում եմ ինձ խորհրդարանում ծառայելիս։ Այո, խմբակցությունը մեծ է, եւ այդ առումով կան որոշակի բարդություններ»։
Ալեն Սիմոնյանը, որի թեկնածությունն «Իմ քայլը» դաշինքը կառաջադրի Ազգային ժողովի փոխխոսնակի պաշտոնում, չի բացառում, որ ԱԺ—ում կձեւավորվի սփյուռքի հետ հարաբերություններով զբաղվող մշտական հանձնաժողով, սակայն նշում է, որ այս որոշումը դեռեւս վերջնական չէ։ Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ ասաց, որ հստակ օրակարգ նույնպես չունեն, եւ շարժվելու են ըստ հերթականության։ Սիմոնյանն ավելի վաղ տեսակետ էր հայտնել, որ ԱԺ երրորդ փոխնախագահը ընդդիմադիր պետք է լինի, եւ որ ինքը քվեարկելու է ԲՀԿ խմբակցության թեկնածուի օգտին։ Իսկ թե ինչո՞ւ ԲՀԿ՝ պատասխանում է. «Այն տրամաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիները ավելի շատ ձայն են տվել այս կուսակցությանը, եւ դա մեզ համար հրամայական է»։
ԱԳՆ նախկին փոխնախարար Ռուբեն Ռուբինյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նքն է գլխավորելու արդյոք ԵԽԽՎ—ում խորհրդարանական պատվիրակությունը, ասաց, որ ոչ մի պատվիրակության կազմ դեռեւս վերջնականապես հստակեցված չէ, եւ զերծ մնաց մանրամասներ հրապարակելուց։
Իսկ ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքն ԱԺ—ում, նոր խորհրդարանն ինչո՞վ է տարբերվելու նախորդներից, կա՞ն պատկերացումներ առաջին օրենսդրական փոփոխությունների մասին հարցերին Ռուբինյանն ասաց, որ ցանկացած պետական աշխատանք բարդ է, եւ որ ինքը պատրաստ է կատարել այն։ «Ես ունեմ օրենսդրական փոփոխությունների մասին պատկերացումներ, բայց այժմ դրանց մասին չեմ խոսի։ Աշխատանքը բարդ է թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում»,–նկատեց Ռուբինյանը։
Երկրում, մասնավորապես Ազգային ժողովում կատարված փոփոխություններից հետո ի՞նչ կփոխվի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության աշխատելաոճում, ԲՀԿ—ական պատգամավոր Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ այն կիսատ գործերը, նախընտրական ծրագրերը, որոնք բարձրաձայնել են, ԱԺ—ում ունեցած կարգավիճակի սահմաններում կշարունակեն իրականացնել. «Եվ դա ստացվելու է։ Ցանկացած պատգամավորի համար շատ հաճելի է հերթական անգամ ընտրվել օրենսդիրում։ Այդ մանդատը պետք է ծառայեցնենք ժողովրդին։ Բայց մենք պետք է նկատի ունենանք, որ քաղաքական թիմի անդամ ենք եւ այն ծրագրերը, որոնք կազմել ենք, պետք է շարունակենք իրականացնել»։
Նույն հարցը լրագրողները տվեցին նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին։ «Բարգավաճ Հայաստանը» մտադիր է լուրջ օրենսդրական աշխատանքներ իրականացնել, ասաց նա։ Նրա խոսքերով, կա վստահություն, որ ԱԺ—ն արդյունավետ է աշխատելու։ «Մենք արդեն պատրաստել ենք մի քանի կարեւոր օրինագծեր, որոնք շուտով շրջանառվելու են։ Մնացած բոլոր հարցերը գտնվում են քննարկման փուլում, եւ հասարակությունը կտեղեկացվի դրանց մասին»,–ավելացրել է նա։
ԲՀԿ կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց, որ փոխնախագահի պաշտոնի, խմբակցության քարտուղարի եւ այլ հարցերի վերաբերյալ որոշումներ կայացվել է, սակայն անունները հայտնի կլինեն առաջիկա օրերին։ «Մեր թեկնածուի անունը կհրապարակենք մի քանի օր անց՝ քաղխորհրդի հայտարարությամբ։ Որոշումներ կան, բայց դրանց մասին կհաղորդենք ավելի ուշ»,–ասաց Տոնոյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնեց, որ խորհրդարանում երկար ժամանակ չեն պատրաստվում լինել ընդդիմություն, քանի որ, ըստ նրա, ցանկացած քաղաքական ուժ եթե ընտրությունների արդյունքներով չի դարձել իշխանություն, շարունակում է ձգտել իշխանության. «Հաջորդ ընտրություններին նորից կփորձենք մեր ուժերը, եւ որքան շատ մանդատ, այդքան շատ իշխանություն։ Անտրամաբանական կլիներ, եթե ասեի, որ մենք ընդդիմություն ենք եւ միշտ պատրաստվում ենք մնալ ընդդիմություն։ Ցանկացած ընդդիմադիր ուժ ցանկանում է իշխանական լծակներ ստանալ, որպեսզի իր ծրագրերը, մոտեցումներն ու տեսլականը կյանքի կոչի, հակառակ դեպքում՝ ինչո՞ւ է մտել քաղաքականություն»։ Լրագրողների հարցին, թե ինչպե՞ս կգնահատի իշխող կուսակցության՝ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի պաշտոնում ԲՀԿ—ի օգտին քվեարկելու որոշումը, Մարուքյանն ասաց, որ սխալ է համարում ընտրությունն իրականացնել՝ ելնելով այն հանգամանքից, թե ԱԺ—ում որ ընդդիմադիր խմբակցությունն ավելի շատ մանդատ ունի։ Գտնում է, որ փակ, գաղտնի քվեարկությամբ պատգամավորներն իրենք պետք է որոշեն, թե ում են ուզում տեսնել այդ պաշտոնում։ «Ըստ Սահմանադրության՝ ընդդիմադիր խմբակցություններից ընտրվում է ընդդիմադիր փոխխոսնակ, եւ դա արվում է ընտրության ձեւով»,–շեշտեց Մարուքյանը՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի կամ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ այս առումով որեւէ պայմանավորվածություն չունեն։ «Մենք կուլիսների հետեւում որեւէ բան չենք պայմանավորվում։ Մենք ձեզ շատ սպասեցնել չենք տա, եւ կտեսնեք, թե ով ինչպես է աշխատում։ Մեծ «բեռ» ունենք մեզ վրա։ Ընդհանուր քաղաքական համակարգի «առողջության» պատասխանատուն մենք ենք, որովհետեւ, եթե ընդդիմությունը լավ չաշխատի՝ քաղաքական համակարգը չի կարող լինել առողջ համակարգ։ Ցանկացած իշխանություն երբ չունի ընդդիմություն, իր սահմաններից դուրս է գալիս։ Մեծ ակնկալիքներ ունենք։ Այսօր քանդված են բոլոր «պատնեշները», եւ ավելի շատ բան ենք կարողանալու անել մեր երկրի համար, քան նախկինում»,–ընդգծեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։
Նույն կուսակցությունից պատգամավոր Անի Սամսոնյանը, որը նախկինում Երեւանի ավագանու անդամ էր, «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ լավ է պատկերացնում քաղաքային խնդիրների ծավալները։ Ինքը եւ իր թիմակիցները բարեփոխումներ են առաջարկելու հիմնականում տեղական ինքնակառավարման ոլորտում. «Մենք գիտենք, թե ինչ է անհրաժեշտ տեղական ինքնակառավարման ոլորտում փոփոխություններ իրականացնելու համար։ Մեր խմբակցությունն ունի իր աշխատանքային օրակարգը, շուտով այն կհրապարակենք։ Այն վերաբերելու է բոլոր ոլորտներին, այդ թվում՝ հարկային, աշխատանքային, տնտեսական, դրամավարկային եւ այլն»։ Սամսոնյանի խոսքերով, քաղաքը զարգացող օրգանիզմ է եւ չի լինում, որ խնդիրներ չունենա։
Հստակ չի կարող ասել, թե քանի տարի կպահանջվի այս խնդիրներին որոշակի լուծումներ տալու համար։ Ասում է՝ քաղաքապետարանն այս պահին հայտնում է, որ ունի ծրագիր վերելակների արդիականացման վերաբերյալ, բայց չի նշում ժամկետներ, ծրագիր չկա թղթի վրա։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

11-01-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO