Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.01.2019
ԼՂՀ


Կադրային խնդիրներ դեռ կան

ԼՂՀ առողջապահության նախարարը հանդիպել է լրագրողների հետ

«Բնակչության առողջության պահպանումը պետության կողմից եղել ու շարունակում է դիտվել որպես ազգային անվտանգության ապահովման կարեւորագույն խնդիրներից մեկը։ Գերատեսչությունը, իրագործելով բնակչության առողջության պահպանման վերաբերյալ երկրի նախագահի նախընտրական ծրագրի դրույթները եւ առաջնորդվելով ոլորտում կառավարության որդեգրած քաղաքականությամբ, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում առողջապահական կառույցների համաչափ զարգացման գործընթացը՝ ձգտելով բարձրացնել բուժսպասարկման արդյունավետությունը եւ լիարժեք ծառայություն մատուցել մարդկանց»,–համապարփակ, հագեցած հաշվետվություն ներկայացնելով 2018թ. գործունեության մասին եւ նախանշելով նոր տարվա առաջնահերթությունները, երեկ լրագրողների հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը, որն, ի դեպ, ԱՀ կառավարության ամենաերիտասարդ անդամն է։
Չխուսափելով այն իրողությունից, որ, անկախ զարգացման աստիճանից եւ ներդրվող պետական արտաբյուջետային միջոցների ծավալների աճից, առողջապահության ոլորտը շարունակում է «խոցելի մնալ» հանրության համար, գերատեսչության ղեկավարը համոզիչ տեղեկատվություն եւ վիճակագրական տվյալներ հաղորդեց անցած ժամանակաշրջանում համակարգում իրականացված բարեփոխումների արդյունքների վերաբերյալ՝ անդրադառնալով հասարակական հնչեղություն ունեցող հարցերին եւ մտահոգող խնդիրներին։
Ըստ Ա. Բաղրյանի, 2018թ. առողջապահության նախարարությունն իր գործունեությունն իրականացրել է 19 բուժհիմնարկների միջոցով, որոնցից 13—ը փակ բաժնետիրական ընկերություններ են, իսկ 6—ը՝ պետական ոչ առեւտրային կազմակերպություններ։ Հատկանշական է, որ տարեվերջին բնակչության բուժսպասարկումն առավել կայուն հիմքերի վրա դնելու եւ վերակազմակերպման նպատակով հանրապետական բժշկական կենտրոնին է միացվել ուռուցքաբանական դիսպանսերը, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը, որպես առանձին բաժանմունք, ընդգրկվել է «Արեւիկ» մանկական բուժմիավորման մեջ։ Նա հավելեց, թե նշված բուժհիմնարկների միավորման արդյունքում հաստիքների կրճատում չի նախատեսվել եւ ակնկալվում է, որ բուժծառայության մատչելիությունը դրականորեն կանդրադառնա աշխատանքների որակի վրա։
Նախարարության ենթակայության տակ գործում են 5 տեղամասային հիվանդանոցներ, 20 գյուղական բժշկական ամբուլատորիաներ եւ 205 բուժակ—մանկաբարձական կետեր։ Ընդ որում, բուժհիմնարկների մահճակալային ֆոնդը 710—ի է հասնում։ Եթե 2017թ. պետական բյուջեով նախատեսված առողջապահության բնագավառի ծասերը կազմել են 5 մլրդ 997 մլն դրամ, ապա 2018—ին այդ ծախսերը «հասել են» 6 մլրդ 152 մլն դրամի։
Նրա խոսքով, հաշվետու տարում առանձնակի ուշադրություն է դարձվել բնակչության առողջության առաջնային, մոր եւ մանկան առողջության պահպանման, ծննդօգնության մակարդակի, բժշկական օգնության եւ սպասարկման որակի ու մատչելիության բարձրացմանը, բուժհիմնարկներին անհրաժեշտ սարքավորումներով եւ պարագաներով համալրելու գործընթացին, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործմանը։ Շարունակվել են համակարգը բժշկական կադրերով համալրելուն միտված աշխատանքները։ Հանրապետության բուժհիմնարկներ են ուղեգրվել 19 բժիշկներ։ 2018թ. պետական պատվերի շրջանակներում Երեւանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարան է ընդունվել 22 դիմորդ։ Միաժամանակ հանրապետության շրջանները մասնագետներով համալրելու նպատակով, առողջապահության նախարարության միջնորդությամբ, կլինիկական օրդինատուրա է ընդունվել 17 բժիշկ, իսկ կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետներից 6—ը աշխատանքի է անցել համակարգում։ Ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ բարեգործական հիմունքներով համակարգի բժիշկ—մասնագետների մի ստվար խումբ պարբերաբար վերապատրաստվում է ՀՀ եւ արտասահմանյան տարբեր երկրների կլինիկաներում։ Հիշյալ ծրագրի շրջանակում վերապատրաստվել է համակարգի 50 բժիշկ, որից 43—ը՝ ՀՀ տարբեր բուժհիմնարկներում եւ 7—ը՝ արտասահմանյան երկրներում։ Անշուշտ, դրական քայլ կարելի է որակել ՀՀ առողջապահության նախարարության՝ ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի ներուժով եւ Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ Ստեփանակերտում անցկացված արտագնա 6 շաբաթական դասընթացը։
Հանրապետությունում գործում են 143 լիցենզավորված սուբյեկտներ, որոնցից 74—ը բժշկական օգնության եւ սպասարկման, 19—ը՝ առողջապահության նախարարության ենթակա բուժհիմնարկներ, 44—ը՝ ստոմատոլոգիական, 66—ը՝ դեղատնային գործունեության եւ 3—ը՝ թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի ներմուծման եւ մեծածախ առեւտրի։ Նախարարության կողմից վերջին շրջանում մշտադիտարկում է իրականացվել հանրապետության լիցենզավորված ստոմատոլոգիական գործունեություն իրականացնող կլինիկաներում եւ կաբինետներում։ Ի հայտ եկած թերությունները քննարկվել են նախարարությունում եւ տնտեսավարող սուբյեկտներին տրվել են համապատասխան ցուցումներ՝ սեղմ ժամկետներում դրանք վերացնելու պայմանով։
Առողջապահության նախարարը 2018—ի կարեւոր ձեռքբերումներից համարեց մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքի ներդնումը եւ նոր համակարգչային շերտագրիչի ներկրումը, որը մոտ օրերս արդեն կտեղադրվի Հանրապետական բժշկական կենտրոնում։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվել էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման ուղղությամբ, որի կիրառման արդյունքում կկարգավորվի ինչպես քաղաքացիների հերթագրման գործընթացը, այնպես էլ փաստաթղթաշրջանառությունը։
Ըստ ներկայացվող հաշվետվության, 2018թ. հանրապետության բուժհիմնարկներում արձանագրվել է շուրջ 510 հազար ամբուլատոր հաճախում, հիվանդանոցային բուժօգնություն է ստացել 19.200 մարդ։ Բնակչության լիարժեք բուժսպասարկման համար, տարվա կտրվածքով, կատարվել է 295 հազար լաբորատոր—գործիքային եւ 32 հազար դժվարամատչելի հետազոտություն։
Ասուլիսի ժամանակ գերատեսչության պատասխանատուն անդրադարձավ նաեւ կորոնարոգրաֆիա հետազոտությանը, նշելով, թե ստենտի տեղադրման համար քաղաքացին վճարում է արժեքի 40%—ը, իսկ անհետաձգելի դեղապատ ստենտի տեղադրման դեպքում արժեքի 30%—ը։ Քայլեր են ձեռնարկվում ստենտների գների նվազեցման ուղղությամբ, ինչը թույլ է տալիս ձեռք բերել սահմանված գնից 70 հազար դրամով մատչելի ստենտներ։ Ուշագրավ է եւ այն հանգամանքը, որ ներդնելով մագնիսառեզոնանսային շերտագրիչ սարքը, հետազոտության արժեքը՝ առանց կոնտրաստ նյութի, սահմանվել է 50 հազար դրամ (մեկ հատվածի համար), կոնտրաստ նյութով՝ այդ գումարը կազմում է 75 հազար, իսկ յուրաքանչյուր հաջորդ հատվածի համար՝ 25 հազար դրամ։ Ընդ որում, հետազոտությունն իրականացվում է անկախ սոցիալական պատկանելությունից, համավճարի սկզբունքով, գործող գնացուցակի 50% քաղաքացու կողմից վճարովի եւ 50% պետական պատվեր հարաբերակցությամբ։
Ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում շարունակվել են բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովմանը ուղղված աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով գյուղական բնակչության կարիքներին։ Այդ նպատակով «Գյուղական բնակչության մասնագիտացված բուժօգնության կազմակերպում» ծրագրի շրջանակներում շրջանային բուժհիմնարկների կողմից կազմակերպվել է 424 գյուղական այց, որի արդյունքում կատարվել են բնակչության մասնագիտացված բժշկական խորհրդատվություններ։ ՀՀ եւ արտասահմանյան տարբեր երկրներից ժամանած մասնագետների կողմից Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության մասնագետների հետ միասին «Բաց դռների օր» միջոցառումների շրջանակներում Ստեփանակերտի եւ հանրապետության տարբեր շրջանների բուժհիմնարկներում կատարվել են հիվանդների 2774 խորհրդատվություն, 2139 հետազոտություն եւ 498 վիրահատություն։
Հաշվետու ժամանակաշրջանում Ա. Բաղրյանը հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը գնահատել է հանգիստ։ Կանխարգելման եւ հակահամաճարակային միջոցառումների իրականացման արդյունքում հանրապետությունում չեն գրանցվել որովայնային տիֆի, պարատիֆերի, մալարիայի, խոլերայի, վիրուսային հեպատիտ Ա—ի դեպքեր։ Կանխարգելիչ պատվաստումների իրականացման շնորհիվ Արցախում չեն գրանցվել նաեւ կառավարելի վարակներ (պոլիոմիելիտ, կարմրախտ, խոզուկ, դիֆտերիա, փայտացում եւ այլն)։ Իմունիզացիայի պետական ծրագրի իրականացման շրջանակներում 2018թ. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից բարեգործական հիմունքներով տրամադրվել են մոտ 66 մլն դրամ գումարի պատվաստանյութ, ներարկիչներ, այրման տուփեր, ինչը բավարարել է բնակչության, այդ թվում՝ նախազորակոչիկների եւ զորակոչիկների իմունիզացիայի ամբողջ պահանջարկը։
Կարեւորելով անմիջական կապը հասարակության հետ՝ նախարարը նշեց, թե ընդունելություն է իրականացվում շաբաթվա աշխատանքային բոլոր օրերին։ Ըստ վիճակագրության, նախորդ տարվա 167—ի փոխարեն, անցյալ տարի կատարվել է 757 անձանց ընդունելություն եւ բարձրացված հարցերին տրվել են լուծումներ։ Ա. Բաղրյանի համոզմամբ. «Այդ աստիճան հասանելիությունը միտված է բնակչության մտահոգություններին եւ դժգոհություններին առավել իրազեկ լինելուն»։ Հասանելիության տեսանկյունից շահավետ է 30—03 կարճ համարով նախարարության «Թեժ գիծ» ծառայությունը, որը քաղաքացիների համար գործում է անվճար։
Առողջապահության նախարարը պատասխանել է նաեւ լրագրողների հարցերին։ Անդրադառնալով այն հարցին, թե շրջանային բուժմիավորումները լիովին ապահովվա՞ծ են մասնագետներով, նա նշեց, որ չնայած կադրային խնդիրն առաջնահերթությունների շարքում է մնում եւ այդ ուղղությամբ վճռորոշ քայլեր են ձեռնարկվում, գլխավորապես մանկաբույժների, նյարդաբանների եւ գինեկոլոգների պահանջարկ է զգացվում շրջաններում։ Ա. Բաղրյանը համաձայնեց նաեւ այն ձեւակերպման հետ, որ Ասկերանի շրջանային բուժմիավորման հին, խարխուլ շենքը չի համապատասխանում ժամանակի պահանջներին, եւ, անշուշտ, նորակառույց, հարմարավետ շենք պիտի ունենան հիվանդներն ու բուժանձնակազմը։ Նրա հավաստմամբ, նախագծային—նախահաշվային փաստաթղթերը գրեթե պատրաստ են, եւ ընթացիկ տարում ծրագրվում է սկսել հիվանդանոցի շինարարությունը։ Իսկ ինչպիսին է նախարարի կարծիքը հանրապետական բժշկական կենտրոնի հարեւանությամբ կառուցվող «սրտաբանականի» վերաբերյալ։ Արդյոք չկա՞ մտավախություն, որ «նոր բաժանմունքում» կկենտրոնանան լավագույն մասնագետները, իսկ հանրապետական կենտրոնում «երկրորդ պլան կմղվեն սրտանոթային հիվանդների վիրահատությունն ու բուժումը»։ Պարզաբանելով խնդիրը, նախարարը հավաստիացրեց, որ հանրապետական կենտրոնը դրանից չի տուժի, իսկ նորակառույց «սրտաբանականում» հիմնականում բուժծառայություն կստանան վճարունակ հիվանդները։
Շնչառական սուր վարակիչ հիվանդությունների տարածման վտանգի վերաբերյալ նախարարը շեշտեց, որ բոլոր սահմանակետերում խիստ վերահսկողություն է սահմանված, եւ անհանգստանալու խնդիր չկա։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, ապա նախորդ տարվա համեմատ, հանրապետությունում երկու անգամ նվազել են սուր վարակիչ հիվանդությունները։ Նա հերքեց նաեւ պաշտոնը թողնելու մասին շրջանառվող լուրերը՝ ընդգծելով, որ ամենեւին էլ մտադիր չէ հեռանալ Արցախից եւ հրաժարվել մոր կողմից առավոտյան սեղանին դրվող նախաճաշից։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

12-01-2019





19-01-2019
Բնական մեղր, սխտոր, ճարպ եւ լավաշ
Ձմեռային ժամանակահատվածում զինծառայողներին կհատկացվի լրացուցիչ սնունդ

Զինված ուժերի ...


19-01-2019
Բաքվի ջարդերը ցեղասպանություն էին
Դրանք պետք է արժանանան միջազգային հանրության հստակ գնահատականին



19-01-2019
Առջեւում բարեփոխումների երկրորդ փուլն է
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը երեկ ԱԺ—ում պատասխանել է լրագրողների ...


19-01-2019
Փոփոխությունների անհրաժեշտությունը կարեւոր է
Միջազգային չափանիշների համաձայն՝ պետական կառավարման համակարգում պետք է լինի ...


19-01-2019
ԱՀՀ-ն ուզում է տեր կանգնել իր իրավունքներին
Մեկնարկել է ԱՀՀ-ի խորհրդարանի երկրորդ գումարման առաջին նստաշրջանը



19-01-2019
«Մենք Աստծո ընտրյալ ժողովուրդ ենք եւ հաղթելուց բացի այլ ճանապարհ չունենք»
Նախագահ Արմեն Սարգսյանն Աբու Դաբիում հանդիպել է հայ ...


19-01-2019
ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդի անդրանիկ նիստը
Երեկ տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման ...



19-01-2019
Երրորդ անգամ Դավոսում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ...

19-01-2019
Հեռացա, որ մնամ
Ա՜խ, ափսո՛ս, որ հիմա այսպես
Լուռ ու ...

19-01-2019
Տրամադրությունների փոփոխություն արաբական աշխարհում
Երբ 2018թ. սկզբներին ԱՄՆ-ը իրականացրեց իր ...

19-01-2019
Սկսվում է ձյուդոյիստների վարկանիշային մրցաշարը
Հայ ձյուդոյիստները մարզումային հագեցած ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO