Խնդիր է դրվել բացառել ծայրահեղ աղքատությունը
Ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու նպաստների չափերն ավելացել են
Ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափն ավելացել է մինչեւ 25 500 դրամ, ինչն էլ կարող է այդ անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելու խթան հանդիսանալ։ Մեզ հետ զրույցում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության պետ Անահիտ Գալստյանը խոսեց նպաստ ստանալու չափորոշիչների մասին, կոռուպցիոն ռիսկերի, առավելությունների, թերությունների եւ այլ հարցերի մասին։ —Տիկին Գալստյան, նպաստների չափերն ավելացել են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու թիրախային խմբերում։ Ինչո՞ւ են ընտրվել հենց այս խմբերը։ —Մենք ընտրել ենք հենց այս խմբերը, քանի որ սրանք փոխկապակցված են կենսաթոշակների հետ։ Այսինքն՝ ծերության նպաստ են նշանակում նրանց, ովքեր չունեն կենսաթոշակի իրավունք, հաշմանդամության նպաստ ստանում են նրանք, ովքեր ունեն հաշմանդամության կարգ, բայց չունեն հաշմանդամության կենսաթոշակի իրավունք եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ է նշանակվում նրանց, ում կորցրած կերակրողը չունի օրենքով պահանջվող նվազագույն աշխատանքային ստաժ։ Սրանք այն խմբերն են, որոնք գալիս են լրացնելու կենսաթոշակային ապահովությունն այն դեպքում, երբ կենսաթոշակային ապահովության պահանջվող աշխատանքային ստաժը չկա։ —Տիկին Գալստյան, քանի՞ տարեկանից սկսած կարելի է ստանալ ծերության նպաստ։ —Ծերության նպաստ կարող է ստանալ 65 տարին լրացած եւ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող անձը։ Լինում են դեպքեր, երբ մեզ մոտ գալիս են 63 տարին լրացած անձինք եւ ցանկանում են աշխատանքային կենսաթոշակ ստանալ, սակայն իրենց ստաժը 9 տարի է լինում։ Այս դեպքում մենք չենք կարող նշանակել ո՛չ աշխատանքային կենսաթոշակ եւ ո՛չ էլ ծերության նպաստ։ Լուծումն այսպիսին է՝ անձը կամ պետք է սպասի մինչեւ 65 տարին լրանա, հետո դիմի ծերության նպաստի համար, կամ եթե աշխատում է, ապա 1 տարի հետո (երբ կլրանա աշխատանքային ստաժի 10 տարին) դիմի աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար։ Նույնը հաշմանդամություն ունեցողների, ինչպես նաեւ կերակրողին կորցնելու պարագայում է գործում։ Հաշմանդամություն ունեցող անձը չունի համապատասխան աշխատանքային ստաժ, ստանում է հաշմանդամության նպաստ, մինչեւ համապատասխան աշխատանքային ստաժ ունենալը։ Կերակրողին կորցնելու նպաստը մի փոքր այլ է, եթե երեխան կորցրել է ծնողին, եւ նա չի ունեցել նազագույնը 10 տարվա ստաժ, ապա երեխային նշանակվում է կերակրողին կորցնելու նպաստ։ —Ի՞նչ սկզբունքով են ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը դարձել 25500 դրամ։ —Բոլոր նպաստները մինչ այժմ պակաս են եղել 25 500 դրամից։ Ամենաբարձր նպաստը՝ այս երեք խմբերի դեպքում, եղել է առաջին կարգի հաշմանդամություն ունեցողների եւ հաշմանդամ երեխա ճանաչված անձանց համար, որը եղել է 21 500 դրամ։ Ամենացածր նպաստը եղել է 16 հազար դրամ, որ սահմանված էր ծերության, հաշմանդամության 3—րդ խմբի եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների համար։ —Հանրապետությունում այս պահի դրությամբ առավելագույնը քանի՞ հոգի կարող է նպաստ ստանալ։ —2019 թվականի հունվար ամսվա վճարման ցուցակներով ավելի քան 64 հազար շահառու կարող է նպաստ ստանալ։ Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը, 2018թ. նոյեմբերի 29—ի ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունված որոշման համաձայն, 2019 թվականի հունվարի 1—ից կազմում են 25 500 դրամ։ Սա նշանակում է, որ ավելացել է ավելի քան 64 000 անձի տրամադրվող պետական նպաստների չափերը։ —Ո՞րն է նպաստները բարձրացնելու հիմնական նպատակը։ —Ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափի ավելացումը կարող է այդ անձանց շրջանում ծայրահեղ աղքատությունը բացառելու խթան հանդիսանալ։ Ի դեպ, Հայաստանում նպաստները մոտ մեկ տասնյակ են՝ ընտանեկան, սոցիալական, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի, երեխայի ծննդյան միանվագ, ժամանակավոր անաշխատունակության, թաղման, մայրության, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու։
Հարցազրույցը՝ Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆԻ Լուսանկարը՝ Տաթեւ ԴՈՒՐՅԱՆԻ
17-01-2019
|