Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

15.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հայերի «սեւ» հունվարը

Բաքվի ջարդերից անցել է 29 տարի, սակայն ոճրագործը անպատիժ է մնում

«Լռությունը կարող է նոր ցեղասպանության պատճառ դառնալ». այս խոսքերը վերցված են 1990 թվականի հուլիսին ավելի քան 130 միջազգային ճանաչում ունեցող իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների, գրողների եւ այլոց կողմից միջազգային հանրությանն ուղղված բաց նամակից։
Այն առաջին փաստաթղթերից մեկն է, որում Բաքվում հունվարի 13—19—ը տեղի ունեցածը որակավորվում է որպես ցեղասպանություն։ Արդեն անցել է 29 տարի, սակայն, ցավոք, որեւէ կառույցի կամ պետության, նույնիսկ Հայաստանի Հանրապետության կողմից այդ իրադարձությունները չեն գնահատվել որպես ցեղասպանություն։
Բաքվի դեպքերը հաջորդեցին անմիջապես Սումգայիթում 1988թ. փետրվարի 27—29—ը տեղի ունեցած հայերի սպանդին եւ տեղահանությանը։  
Արդեն ապրիլին Ադրբեջանի իշխանությունները հասկացան, որ Սումգայիթի ցեղասպանության համար պատասխանատվություն չեն կրելու եւ անցան ակնհայտ հակահայկական քաղաքականության։ «1988թ. ապրիլ—մայիսից սկսած Բաքվի հայերին զանգվածաբար հեռացնում էին աշխատանքից, հալածում եւ վիրավորում էին հանրային վայրերում՝ տրանսպորտում, խանութներում եւ այլուր, հիմնարկներում փաստաթղթեր չէին տալիս, սպանում էին, սպառնում, հարձակվում բնակարանների վրա, ահաբեկում, որի հետեւանքով Բաքվի ավելի քան 250 հազարանոց համայնքը հայտնվեց դժոխքում, եւ փրկության միակ ճանապարհը քաղաքը լքելն էր։ Արդեն 1988—89—ին հայկական համայնքի հիմնական մասը լքեց Բաքուն, մի քաղաք, որտեղ ապրել են իրենց նախնիները, եւ քաղաք, որի պատմության մեջ հայերը մեծ տեղ եւ դերակատարություն են ունեցել»,–ասաց Արցախի հարցով փորձագետ, «Սովորական ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Սովետական թերթերից մեկը 1989 թ. գրել էր, որ Բաքվում այդ տարվա ընթացքում «աննկատ» սպանվել է 60—ից ավելի հայ, ընդ որում՝ սպանվում էին ամենադաժան ձեւերով։ 1990 թ. հունվարին Բաքվում մնացել էր արդեն 30—35 հազար հայ, նրանք հիմնականում ծեր, հիվանդ եւ հաշմանդամ մարդիկ էին, նրանց խնամողները, բարեկամներ, որոնք չէին կարող լքել քաղաքը, խառը ամուսնությունների անդամներ, հիմնականում կանայք։ Հենց նրանք էլ հայտնվեցին այդ դաժան իրադարձությունների կիզակետում, որը դարձավ Բաքվի հայկական համայնքի վերացման եւ ցեղասպանության գագաթնակետը։ Ոչ խորհրդային Ադրբեջանի, ոչ էլ Մոսկվայի՝ Խորհրդային Միության կենտրոնական իշխանության ղեկավարությունը ոչինչ չեն արել այդ մեկ շաբաթվա ընթացքում՝ ցեղասպանությունը դադարեցնելու համար։ Միակ բանը, որն արվում էր՝ հայերին լաստանավերով՝ առանց փաստաթղթերի, առանց ամենաանհրաժեշտ իրերի տեղափոխելն էր դեպի Թուրքմենստան։ Սակայն նույնիսկ Բաքվից հեռանալը շատերի համար փրկություն չդարձավ, ականատեսները վկայում են, որ այդ մարդկանցից շատերին ադրբեջանցիները լաստանավերից գիշերը Կասպից ծովն էին նետում։ Գրիգորյանը շեշտեց, որ Ադրբեջանում սկսված այդ գործընթացը կազմակերպված էր պետական մակարդակով, ինչի մասին վկայում են բազմաթիվ փաստեր, մասնավորապես, կազմվել էր քաղաքի մանրամասն քարտեզը, որտեղ նշված էին հայերով խիտ բնակեցված վայրերը, փողոցներ եւ այլն, հեռուստատեսությամբ եւ մամուլով սկսվել էր լայնածավալ հակահայկական քարոզչություն, որին մասնակցում էին ադրբեջանական մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Իրավապահ մարմինները, այդ թվում՝ ոստիկանությունը, որեւէ բան չէին ձեռնարկում այդ ամենը կասեցնելու համար, իսկ եթե քրեական գործեր էին հարուցվում, ապա միայն ձեւականորեն եւ ուղարկվում էին արխիվ։ Որեւէ քրեական գործ չի հասցվել իր ավարտին, որեւէ հանցագործ պատիժ չի կրել, անգամ պատասխանատվության չեն ենթարկել։ Շտապ օգնության բժիշկները տալիս էին կեղծ վկայականներ, թե հայերը մահացել են բնական ճանապարհով։ Այդ ամենին զուգահեռ՝ Բաքվում ցույցեր էին ընթանոմ, որտեղ բարձրացվում էին Սումգայիթի ջարդերի մեղավորների նկարները, իսկ հիմնական կարգախոսներն էին՝ «Մահ հայերին» եւ «Փառք Սումգայիթի հերոսներին»։ Գրիգորյանն ընդգծեց, որ Ադրբեջանի իշխանությունները եւ ընդդիմադիր «Ազգային ճակատը», որն այն ժամանակ ձգտում էր իշխանության գալ, հայերի հարցում միասնական էին, այդպես եղել է Ադրբեջանի պատմության ամբողջ ընթացքում՝ թե՛ խորհրդային, թե՛ անկախության տարիներին։
«Հունվարի 20—ին, երբ արդեն Բաքվում գրեթե հայ չէր մնացել, մտան խորհրդային զորքերը, բայց ոչ թե հայերին օգնելու, այլ ուղղակի խորհրդային իշխանությունը փրկելու համար։ Միխայիլ Գորբաչովը Ադրբեջանի իշխանությունների հետ միասին լիովին պատասխանատու է այդ ջարդերի համար։ Ադրբեջանում մեծ աղմուկ բարձրացրեցին, թե իբր ձգտում էին անկախության եւ ազատության, իսկ խորհրդային տանկերը դա տապալեցին։ սակայն չմոռանանք, որ ընդամենը մեկ տարի անց, երբ 1991թ. մարտին անցկացվում էր Խորհրդային Միության պահպանման մասին հանրաքվե, Ադրբեջանի բնակչությունը 93.3 տոկոսով քվեարկեց միությունը պահպանելու օգտին»,–նկատեց նա, ապա շարունակեց, որ առայսօր հունվարի 20—ին աղմուկ բարձրացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանը փորձում է լռության եւ մոռացության մատնել այն, ինչ կատարվել է այդ մեկ շաբաթվա ընթացքում։
Մ. Գրիգորյանը նշեց, որ «Սովորական ցեղասպանություն» նախագծի շրջանակներում հանդիպել են Բաքվի բազմաթիվ հայերի հետ ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս բնակվող։ Ականատեսների հետ զրուցելու նպատակով մեկնել են ԱՄՆ, որտեղ 1990—ականներին շուրջ 60 հազար Բաքվի հայեր են տեղափոխվել։ «Բաքվում մեկ բան հաշվի չեն առնում, որ այդ վայրագությունների ականատեսները ողջ են։ Տասնյակ հազարավոր Բաքվի հայեր, ովքեր անցել են այդ դժոխքով, տեսել են այդ ամենը, կորցրել են իրենց հարազատներին, կորցրել իրենց ամբողջ ունեցվածքը, ողջ են եւ ամեն ինչ հիշում են։ Այսօր արդեն նրանք խոսում են այդ մասին, գրքեր են հրատարակում, մասնավորապես ԱՄՆ—ում ապրող Բաքվի հայերն այսօր բավականին ակտիվ են դարձել։ Հանդիպումների ընթացքում նրանցից շատերը հարցնում էին, թե ինչպես կարող են դատական ճանապարհով պաշտպանել իրենց իրավունքները, Ադրբեջանից պահանջել փոխհատուցում իրենց կրած վնասների համար»,–ասաց նախագծի համակարգողը՝ նշելով Աննա Աստվածատուրյանի անունը, ով ընդամենը 12 տարեկան է եղել, երբ փախել է Բաքվից, իսկ 2012 թվականին գիրք է գրել, որը լայն ճանաչում է գտել ամբողջ աշխարհում։ Բոլորովին վերջերս եւս մի գիրք է լույս տեսել Միացյալ Նահանգներում։ Գործում է նաեւ «Հիշողություն, արդարություն, արժանապատվություն» ՀԿ—ն, որը փորձում է ինչ—որ կերպ պաշտպանել նաեւ Բաքվի հայերի արժանապատվությունն ու իրավունքները։
ԱՄՆ—ում զրուցել եւ տեսագրել են Բաքվի շուրջ 150 հայերի, որի արդյունքում ստեղծվել է «Մեկ դար տեւող ցեղասպանություն. Բաքվի սեւ հունվարը» ֆիլմը երեք լեզուներով։ «Ամեն մի պատմությունը մի ճակատագիր է իր յուրահատկությամբ, որոնք ամբողջության մեջ ներկայացնում են հրեշավոր հանցագործության ամբողջական իրական պատկերը»,–նշեց նա։ Նույնիսկ մինչեւ հիմա դժվար է ստույգ ասել, թե որքան հայ է սպանվել Բաքվում մեկ շաբաթվա ընթացքում։ Բազմաթիվ վկայությունների եւ փաստերի հիման վրա միայն կարելի է ենթադրել, որ այդ թիվը կազմում է մոտ 400—500 սպանված, հազարավորները հաշմանդամ են դարձել, շատերն էլ մահացել են արդեն տարբեր քաղաքներում եւ հիվանդանոցներում։
Մարինա Գրիգորյանն անդրադարձավ նաեւ նախօրերին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը, որտեղ Մինսկի խմբի համանախագահները եւ երկու երկրների ԱԳ նախարարները հանդես էին եկել համատեղ կոչով՝ ժողովուրդներին նախապատրաստել խաղաղության։ «Ադրբեջանը նախ պետք է ընդունի պատմական իրողությունը, իր կողմից հայ ժողովրդի հանդեպ կատարված այն բազմաթիվ հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել այս 29—31 տարիների ընթացքում, պետք է ապաշխարի եւ ընդունի իր գործած մեղքերը, քանի որ առանց դրա որեւէ խաղաղության եւ ժողովուրդների միջեւ համերաշխության մասին խոսք լինել չի կարող։ Ադրբեջանը Թուրքիայի ցեղասպան քաղաքականության շարունակողն է, եւ հայերի ցեղասպանությունը Ադրբեջանում ուղիղ շարունակությունն է այն գործողությունների, որոնք տեղի էին ունեցել Արեւմտյան Հայաստանում մեկ դար առաջ»։
«Սովորական ցեղասպանություն» նախագիծը սկսել է իրականացվել 2009 թվականից։ Մինչեւ այդ այս իրադարձությունները ներքին քաղաքական օրակարգից դուրս էին, որեւէ քաղաքականություն չկար այդ ուղղությամբ, Հայաստանը լռում էր, իսկ Ադրբեջանն օգտվում դրանից։ Գրիգորյանի խոսքով՝ նման քաղաքականության շնորհիվ նրանք կարողացան աշխարհին ներկայացնել Աղդամի եւ Խոջալուի դեպքերի խեղաթյուրված պատմությունը, իսկ մեր ողբերգությունը մենք չենք կարողանում հասցնել աշխարհին։ «Ինչպե՞ս կարելի է հանդուրժել մի իրավիճակ, երբ 1988 թվականին Սովետական Հայաստանում Գերագույն խորհուրդը փաստաթուղթ ընդունեց, որով Սումգայիթի դեպքերը ճանաչվեցին որպես ցեղասպանություն, իսկ անկախ Հայաստանում դա տեղի չի ունենում։ Իրերը պետք է կոչվեն իրենց անուններով, եւ պատմական իրադարձություններին պետք է տրվի պատշաճ գնահատական, մանավանդ որ Բաքվի իրադարձությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ—ի ընդունած «Ցեղասպանության կանխարգելման եւ պատժի մասին» կոնվենցիային։ Կետ առ կետ կոնվենցիային համապատասխանում են նաեւ Սումգայիթի եւ Մարաղայի դեպքերը»,–ընդգծեց նա՝ հույս հայտնելով, որ մինչեւ մյուս տարի՝ Բաքվի ջարդերի 30—րդ տարելիցին ընդառաջ, նորընտիր խորհրդարանը կընդունի այդպիսի փաստաթուղթ։
Փորձագետ Գրետա Ավետիսյանն էլ անդրադարձավ Բաքվի ջարդերի ունեցած ազդեցությանը արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։ Ադրբեջանը տարիներ շարունակ խոսում է հանդուրժողականության, բազմամշակութայնության մասին եւ իրականացնում է մի շարք նախագծեր՝ փորձելով ներկայացնել դրանք իբրեւ դրական, կառուցողական քայլեր, ինչպես օրինակ՝ Բաքվի, այնուհետեւ Թբիլիսիի պլատֆորմները, որպեսզի համոզի միջազգային հանրությանը՝ իբր դրանք ուղղված էին երկու հասարակությունների միջեւ խաղաղության հաստատմանը։ Բայց ակնհայտ էր, որ դրանք Բաքվի իշխանությունների  նախաձեռնած նախագծեր էին՝ տապալելու ժողովրդական դիվանագիտությունը եւ դրա արդյունավետությունը։ «Այս տարիների ընթացքում Բաքվի գործելաոճը չի փոխվել, հիշենք Ռամիլ Սաֆարովի դեպքը, երբ նա հերոսացվեց իր արածի համար, Ապրիլյան քառօյայի ընթացքում մեր զինծառայողների գլխատումը, Թալիշում անօգնական ծերերի խոշտանգումները, որից հետո հանցագործները հերոսացվեցին եւ զանգվածային լրատվամիջոցներով սկսեցին տարածել այդ ամենը իբրեւ հայերի նկատմամբ իրենց տարած հաղթանակի դրսեւորում։ Ակնհայտ է, որ այս ամենն Ադրբեջանի անպատժելիության արդյունք է, որն էլ գալիս է նրանից, որ միջազգային հանրությունը հասցեական հայտարարություններով հանդես չի գալիս եւ հասցեական կոչերով չի դիմում Ադրբեջանի արած քայլերին։ Միջազգային հանրությունը որեւէ հստակ քայլի չի դիմում, որպեսզի սանձի Ադրբեջանի այս գործողությունները»,–ասաց փորձագետը։ Բնականաբար, հայատյացությունը եւ ռասիզմի դրսեւորումները, ինչպես եւ Ադրբեջանի հասարակության մեջ հայատյացության սերմանումը որեւէ կերպ չեն նպաստում հանրությունների միջեւ վստահության մթնոլորտի վերականգնմանը, ինչը, իհարկե, կարեւոր նախադրյալ է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու համար, այլ ընդհակառակը՝ իրականացվում է հայատյացության քարոզ ամենաբարձր մակարդակով։ Այս առումով փորձագետը կարեւորում է, որ մենք թիրախավորենք եւ աշխատանք իրականացնենք երկու ուղղությամբ՝ հայ եւ միջազգային հանրության մասով։ «Այս գործում աշխատանք ունեն թե՛ փորձագետները, թե՛ լրագրողները, թե՛ հասարակության տարբեր շերտեր, քանի որ անգամ մեր սեփական հանրության շրջանում կան որոշակի հատվածներ, որոնք լավ իրազեկված չեն եւ նրանց վրա ազդում է ադրբեջանական քարոզչությունը Բաքվի ջարդերի, Սումգայիթի, Մարաղայի, Խոջալուի եւ մյուս դեպքերի վերաբերյալ։ Մենք այդ քարոզչությանը դիմագրավելու խնդիր ունենք, որպեսզի սեփական հանրությանը ներկայացվեն այն փաստերը, որոնք կան, եւ փորձենք դրանով չեզոքացնել Ադրբեջանի քարոզչությունը»,–կարծիք հայտնեց Գ. Ավետիսյանը։
Մյուս կողմից գործ ունենք միջազգային հանրության հետ, որի հետ աշխատանքը նույնպես երկու ուղղությամբ պետք է իրականացվի՝ իրազեկվածության բարձրացում եւ որոշակի քայլերի իրականացում, որպեսզի հասնենք միջազգային դատապարտման։ Այս մասով, ըստ նրա, աշխատանք ունեն կատարելու իրավապաշտպանները եւ իրավապաշտպան կազմակերպությունները, որպեսզի ուսումնասիրվի դաշտը եւ ստեղծվի այնպիսի գործիքակազմ, որոնք կարող են նպաստել թեկուզ փոքր քայլերով, բայց հասնելու միջազգային դատապարտման։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

18-01-2019





15-11-2019
Հետկանչի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը
Որքանով այն կնպաստի ուղիղ ժողովրդավարության ամրապնդմանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության ...


15-11-2019
Նոր դասագրքերի հիմքում կդրվի քննական մտածողություն
Ո՞ր ուղղությամբ է փոխվում կրթական համակարգը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Վերջին ...


15-11-2019
Հայոց գրականության երկու դարը եւ իր մեկնաբանը
Ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի ցանկությունների ցանկությունն էր՝ գրականագիտությունը տեսնել ...


15-11-2019
Դեռ ոչինչ պարզ չէ, երբ դիվանագիտությունը դրական ու լայն ժպիտով է
Սա պետք է դադար համարել եւ շարունակել պայքարը ...


15-11-2019
45.8 մլն եվրոյի վարկ՝ պակասուրդի ֆինանսավորմանը
Գործադիրը հավանություն տվեց համաձայնագրի ստորագրմանը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

Գործադիրը երեկվա ...


15-11-2019
Արտոնություններ ալյուրի եւ հագուստի արտադրության համար
Գործադիրը կայացրեց համապատասխան որոշումները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության ...


15-11-2019
Հայ քաղաքացիների ապագան Հայաստանում է
Աջակցություն կտրամադրվի Գերմանիայից կամավոր վերադարձած մեր հայրենակիցներին

Գերմանիայում ...



15-11-2019
Ադամ Սահակյանի անվան դպրոց՝ Արցախի Տանձուտում
Ազատագրված հողի վրա ապրող յուրաքանչյուր ...

15-11-2019
Անտրամաբանական պահանջներից մինչեւ «հուսադրող» մերժում
Աշխատատեղի մասին հայտարարությունը միշտ ...

15-11-2019
Հայաստանում առկա բարձր տնտեսական տրամադրությունը հույս է տալիս, որ 2020-ին կմեծացնենք տնտեսական աճի տեմպերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ...

15-11-2019
Երեկ պարտվեցինք, սպասենք այսօրվան
Մինչ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO