Վերաբնակեցման քաղաքականության նոր ուղղությունները
Լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է Արցախի սոցապ նախարարը
ԱՀ աշխատանքի, սոցիալական հարցերի եւ վերաբնակեցման նախարար Սամվել Ավանեսյանը լրագրողների հետ ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ներկայացնելով 2018թ. ոլորտի կատարած աշխատանքները եւ անդրադառնալով 2019թ. գերակա խնդիրներին ու ծրագրերին, ընդգծեց, որ «սոցիալական իրավունքի լիարժեք ու ամբողջական իրացման պայմանների ստեղծումը, սոցիալական պաշտպանության կարիք ունեցող անմրցունակ խմբերի համար առաջնահերթությունների սահմանումը, կենսաթոշակային եւ զբաղվածության համակարգերի կատարելագործումը, հաշմանդամների, տարեցների, կանանց ու երեխաների հիմնահարցերը, ինչպես նաեւ վերաբնակեցման գործընթացի ակտիվացումը եղել եւ շարունակում են առաջնահերթ մնալ գերատեսչության համար»։ Գերատեսչության պատասխանատուն հաջողված համարեց անցած ժամանակաշրջանում հանրապետությունում իրականացված վերաբնակեցված ծրագրերը։ Նա իրազեկեց, որ 2018—ին Արցախում մշտական բնակություն են հաստատել 54 ընտանիքներ, որոնց տրամադրված ֆինանսական արտոնության չափը կազմել է 21,6 մլն դրամ։ «Ուսումնասիրվել են 10 տարի երկրում մշտապես բնակված 180 վերաբնակ ընտանիքների գործեր, որոնցից 101—ին հատկացված տները, համաձայն սահմանված կարգի, սեփականաշնորհվել են,–ասաց Ս. Ավանեսյանը։– Վերաբնակիչների եւ փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրի շրջանակներում նշված կարգավիճակ ունեցող քաղաքացիներին բնակելի տների եւ բնակարանների վերանորոգման նպատակով տրամադրվել է 54,7 մլն դրամի շինանյութ, իսկ սոցիալ—կենցաղային պայմանների բարելավման նպատակով տեղադրվել են 1 մլն 850 հազ. դրամ ընդհանուր արժեքով կահույք եւ կենցաղային սարքեր»։ Որոշ մանրամասներ հաղորդելով 2019—ի անելիքների մասին՝ նախարարը նշեց, որ հունվարի 1—ից փոփոխվել է ծնելիության եւ բազմազավակության խթանման ծրագիրը, մասնավորապես կդադարեցվի ընտանիքներում ծնված երրորդ եւ հաջորդ երեխաների ծննդյան դեպքում ժամկետային ավանդների բացման գործընթացը, կվերանայվեն պետական նպաստների չափերը, ինչպես նաեւ երեխային տրվող միանվագ նպաստի հաշվարկման կարգերը։ Վերաբնակեցման եւ միգրացիոն քաղաքականության բնագավառում եւս նախատեսվում է պետական քաղաքականության նոր սկզբունքների մշակում, վերաբնակեցման կազմակերպման եւ իրականացման կարգի ու պայմանների փոփոխությունների իրավական ամրագրում։ 2019թ. նվազագույն կենսաթոշակը հանրապետությունում կազմում է 25 500 դրամ։ Տեղեկացնելով, որ ՀՀ—ի օրինակով հուլիսի 1—ից հանրապետությունում նախատեսվում է ներդնել կուտակային կենսաթոշակային համակարգ, նախարարը հավելեց, որ խնդրի հանգուցալուծման հետ կապված մանրամասները ՀՀ գործընկերների հետ քննարկվում, հստակեցվում են։ Մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները բազմաբնույթ հարցեր են ուղղել Ս. Ավանեսյանին, որոնք վերաբերում էին սոցիալական պաշտպանության ոլորտում գործող եւ նախատեսվող ծրագրերին, այդ թվում՝ զբաղվածության բնագավառում գյուղաբնակների աջակցության, սոցիալական հիմնադրամի կողմից իրականացված ծրագրերին։ Անդրադառնալով վերաբնակեցման ծրագրերին առնչվող հարցերին, գերատեսչության պատասխանատուն ընդգծեց, թե «2019—ին մասնավորապես կփոփոխվեն վերաբնակեցման քաղաքականության ուղղությունները, ուսումնասիրվելու են էմիգրացիոն հոսքերը, կազմվելու են վերաբնակեցվող տարածքների տնտեսական հնարավորություններին համարժեք նախագծերը»։
Դ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Ստեփանակերտ
05-02-2019
|