Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


ԱՄՎ-ի պահեստարանի երրորդ հերթը կկառուցվի

Այն նախատեսված է «չոր» եղանակով պահման համար

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը երկարաձգվում է, եւ այդ գործընթացի շրջանակներում նախատեսվում է շահագործման հետեւանքով առաջացած ու հետագայում առաջացող ռադիոակտիվ թափոնների (ՌԹ), ինչպես նաեւ աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) կառավարման համակարգի արդիականացում։
Այս մասին նշել ենք, երբ խոսել ենք թափոնների առկա պահեստարանների եւ դրանց թողունակության մասին։ Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ է ենթադրում ՌԹ—ների ու ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացումը։
Առաջին քայլը օրենսդրական դաշտից կսկսվի. որոշ փաստաթղթեր կվերանայվեն, նոր փաստաթղթեր կմշակվեն՝ միջազգային ստանդարտների ու Հայաստանում գործող իրավական պահանջների հետ ներդաշնակեցնելու նպատակով։
Երկրորդ քայլը միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան ՌԹ—ների վերամշակման համակարգ ներդնելն է (նախնական մշակում, մշակում, կոնդիցիայի բերում)՝ համապատասխան սարքավորումների ու տեխնոլոգիաների ձեռքբերմամբ։ Երրորդը ՀԱԷԿ—ի տարածքում գտնվող ցածր ակտիվությամբ ՌԹ—ների համար գործող պահեստարանի արդիականացումն է։
ՌԹ—ների եւ ԱՄՎ—ի կառավարման համակարգի արդիականացումը ենթադրում է նաեւ    շատ ցածր ակտիվությամբ ՌԹ—ների պահեստարանի կառուցում՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ՝ համաձայն Հայաստանի օրենսդրությամբ ներկայացված պահանջների ու գործընթացի։ Նախատեսվում է նաեւ ցածր ու միջին ակտիվությամբ ՌԹ—ների պահեստարան կառուցել՝ հետագայում այն ընդլայնելու հնարավորությամբ։
Այդ արդիականացում ասվածը այլ միջոցառումներ էլ է ներառելու։ Ըստ այդմ, կստեղծվի ՌԹ—ների հաշվառման ու գույքագրման էլեկտրոնային համակարգ։ ՌԹ—ների պահման համար լիցենզավորված տարաներ ձեռք կբերվեն։ Հեղուկ ՌԹ—ների խորը գոլորշիացման գործող տեղակայանքը կվերազինվի։ Իոնափոխանակման խեժերի վերամշակման տեղակայանքը կներդրվի։ Ծավալային մնացորդի տարողություններից աղային նստվածքները կհեռացվեն։
Մյուս երեք միջոցառումները ԱՄՎ—ի մասով են։ Նախատեսվում է ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի ԱՄՎ—ի պահման ավազանի վերանորոգում ու արդիականացում՝ խտացված բջիջներով ստելաժների ներդրմամբ։ Նաեւ ԱՄՎ—ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում։ ԱՄՎ—ի նոր պահեստարանը կկառուցվի ու կշահագործվի՝ հաշվի առնելով ԱՄՎ—ի պահման ուղղահայաց ու երկակի օգտագործման կոնտեյներների օգտագործման միջազգային փորձը։
Ի դեպ, ավազանի վերանորոգումն ու արդիականացումը նախատեսված է 2019—2020թթ., իսկ «չոր» եղանակով պահեստարանի կառուցումը՝ 2025—2026թթ.։ Ֆինանսավորման աղբյուրը պետական բյուջեն չէ։ ՀԱԷԿ—ի սեփական միջոցներից կլինեն գումարները եւ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող տեխնիկական աջակցության ծրագրից։
Մենք հաճախ ենք խոսել պահեստարանների կառուցումից։ Որպեսզի ավելի հասկանալի դառնա դրանց կարեւորությունը, նշենք, որ դրանք ընդհանրապես անհրաժեշտ են լինում նույնիսկ այն ժամանակ, երբ էներգաբլոկները շահագործումից հանվում են։ Առիթով ասել եմ, որ էներգաբլոկը շահագործումից հանելը մեկ օրվա բան չէ, արտադրամաս չէ, սովորական շենք—շինություն չէ, որ դուռը կողպես—գնաս, զուգահեռ նորն էլ մեկ օրում չեն կառուցում, այսինքն՝ հինը շահագործումից հանելն ու նորը կառուցելը նախապես տարիների աշխատանք են պահանջում ու փոխկապակցված հարցեր ունեն։ Խոսքն այս պարագայում հենց ռադիոակտիվ թափոնների պահեստարաններին էլ վերաբերում է։ Հայաստանում ռադիոակտիվ նյութերի կիրառմամբ աշխատանքները սկսվել են 20—րդ դարի 50—ական թվականներից եւ առավել ակտիվացել են 80—ականների կեսերին տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում ու ոլորտներում՝ առողջապահություն, արդյունաբերություն, գիտություն եւ կրթություն, գյուղատնտեսություն, երկրաբանություն եւ այլն, ինչի հետեւանքով առաջացել են այսպես կոչված «մունիցիպալ ռադիոակտիվ թափոններ»։ Հասկանալի է՝ միջուկային գործունեության հետեւանքով էլ առաջացել են միջուկային թափոններ։ Այնպես որ, պահեստարանների հարցից մենք միշտ պետք է խոսենք։
Դեռ 9 տարի առաջ գործադիրը արձանագրային որոշմամբ հավանության էր արժանացրել ՀՀ—ում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգը։ 2017թ. հավանության արժանացավ արդեն անվտանգ կառավարման ռազմավարությունը։ Այժմ էլ հաստատված է նաեւ մինչեւ 2026թ. միջոցառումների ծրագիրը։
ԱԷՄԳ—ի ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման համընդհանուր սկզբունքները կիրառելի են բոլոր պետությունների համար եւ վերաբերվում են բոլոր տեսակի ռադիոակտիվ թափոններին ու աշխատած միջուկային վառելիքին՝ անկախ դրանց բնույթից։ ՀՀ—ն լինելով ԱԷՄԳ—ի անդամ՝ պարտավորություն է ստանձնել ապահովել ատոմային էներգիայի անվտանգ օգտագործումը։ Տեղեկացնենք, որ ըստ այդմ էլ ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման բնագավառում ՀՀ քաղաքականությունը պետք է ապահովի ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի կառավարման համապատասխանությունը ԱԷՄԳ—ի անվտանգության ստանդարտներով սահմանվող հետեւյալ հիմնարար սկզբունքներին. 1) վնաս չհասցվի մարդկանց առողջությանը, 2) վնաս չհասցվի շրջակա միջավայրին, ներառյալ բնական ռեսուրսներին, 3) ապագա սերունդների վրա ռադիոակտիվ թափոնների կանխատեսելի ազդեցությունն առնվազն չգերազանցի ներկա սերնդի վրա այդ ազդեցության ընդունելի մակարդակները, 4) ապագա սերունդների վրա չդրվի չարդարացված լրացուցիչ բեռ եւ այլն։
Համընդհանուր կիրառելի նույն սկզբունքներից է նաեւ «աղտոտողը վճարում է» պահանջը (ինչի մասին նախորդիվ ենք խոսել)։ Հիմնվելով ԱԷՄԳ—ի անվտանգության ստանդարտների պահանջների վրա եւ հաշվի առնելով միջազգային փորձը, դեռ հայեցակարգով նպատակային էր համարվել ստեղծել ազգային օպերատոր, որը պատասխանատու կլինի ռադիոակտիվ թափոնների ու աշխատած միջուկային վառելիքի կառավարման հետ կապված համակարգված աշխատանքների եւ ռադիոակտիվ թափոնների պահեստարանների անվտանգ շահագործման համար։
Հավելենք, որ դեռ տարիներ առաջ հստակ հաշվարկված էր, որ Հայկական ԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը հաշվի առնելով՝ առկա ԱՄՎ—ների չոր եղանակով պահպանման պահեստարանի 2—րդ հերթի 2—րդ մասը կլցվի 2025թ., եւ արդեն 2026թ. անհրաժեշտություն կառաջանա կառուցել ԱՄՎ—ների չոր եղանակով պահպանման պահեստարանի 3—րդ հերթը։ Հաշվի առնելով նաեւ, որ յուրաքանչյուր երկու տարվա ընթացքում չոր պահեստարան կտեղափոխվեն շուրջ 168 աշխատած ՋԱՀ (ջերմանջատիչ հավաքվածքներ), նախատեսվում է, որ չոր եղանակով պահպանման պահեստարանի 3—րդ հերթը կլցվի 2034թ.։ Մնացած՝ 594 ԱՄՎ—ի ՋԱՀ—երի պահման համար 2034թ. շահագործման կհանձնվի ԱՄՎ—ների չոր եղանակով պահման պահեստարանների 4—րդ հերթը, որի իրականացման համար կօգտագործվեն ԱՄՎ—ների պահման ուղղահայաց բազմակի օգտագործման կոնտեյներներ։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

05-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO