Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.02.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Շաբաթօրյա հայկական դպրոցները

Միացյալ Նահանգներում դրանք հայապահպանության դեր են խաղում

Հայաստանից դուրս հայահոծ բոլոր մեր համայնքների համար ամենից հրատապ խնդիրներից մեկը հայերենի պահպանությունն է, մեր լեզվի կիրառության սահմանները պահպանելը, հատկապես հայ մանուկներին հայերեն խոսք ու գիր սովորեցնելը։ «Ես հայ եմ, եւ դուք գիտեք, թե ինչ դժվարին եւ միանգամայն ինչ հրաշալի բան է այդ», Վիլյամ Սարոյանի անչափ տարողունակ այս միտքը լիովին ձեւվում է նաեւ սփյուռքում մեր լեզվի պահպանության հարցերի վրա։ Հայաստանաբնակ մեկի համար գուցե անսովոր լինի տեսնել, թե ինչպես հայ մանուկը հայերեն թոթովախոսելու փոխարեն անգլերեն է հաղորդակցվում, ինչպես շերտ առ շերտ նահանջ է արձանագրվում հայախոսության մեջ։ Կրթական ծրագրերն են, որ ի զորու են դրա առաջն առնելու։
Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արեւմտյան թեմում գործող շաբաթօրյա հայերեն դպրոցները կոչված են այդ գործին ծառայելու, ուր հայերեն են սովորում 6—14 տարեկան մանուկներն ու պատանիները։ Ի՞նչ են իրենցից ներկայացնում շաբաթօրյա այդ կրթօջախները, փորձել ենք մի քանի փաստեր ի մի բերել ու համառոտ ներկայացնել։
Առհասարակ կրթական լայն ծրագրերը անբաժան են ԱՄՆ արեւմտյան թեմից, այդ թվում՝ պատանիներին հայերենի ուսուցման ուղղությամբ, որոնցից մեկն է «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը։ Այն հիմնադրվել է 2000 թվականին, ապա 2010—ին թեմի առաջնորդ տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ շարունակել է գործել առաջնորդանիստ Ս. Ղեւոնդյանց Մայր տաճարի հովանու ներքո։
Դասընթացն իր մեջ ամփոփում է հայերենի այբուբենից մինչեւ հայոց գրականության, պատմության, մշակույթի եւ երաժշտության դասավանդում, որ հիմնված է Կալիֆորնիայի կրթական շրջանի հաստատած՝ լեզուների ուսուցման չափանիշների վրա (Common State Standards)։ Ըստ այդմ՝ «Փոքրիկ հրեշտակների» ավարտական դասարանի սաները ստանում են վկայականներ, որոնք պետական քոլեջների կողմից ճանաչվում են որպես երկրորդ օտար լեզվի վկայագիր։
Հատկապես Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի շրջաններում է կարեւոր նման դպրոցի գործունեությունը, ուր ամերիկյան պետական դպրոց են հաճախում, ըստ որոշ գնահատականների, մոտ 110 հազար հայորդի պատանիներ, որոնց ուսուցումն անցնում է անգլերենով, եւ սաների շրջանում կաթիլ առ կաթիլ մտածողության լեզու է դառնում, բնականաբար, անգլերենը։ Շաբաթօրյա նման դպրոցներն են որոշակիորեն հայկական կրթական միջավայր վերադարձնում հայ սաներին։
Ուսման տեւողությունը շաբաթօրյաներում 10 ամիս է, մեկնարկում է օգոստոսին եւ ավարտվում մայիսին։ Դասերն սկսում են առավոտյան ժամը 9։30, իբրեւ կանոն՝ ազգային, հոգեւոր պատգամով, ապա շարունակվում են լսարաններում, մինչեւ 12։00։ Ավելորդ չէ նշել, որ 2015 թվականին «Փոքրիկ հրեշտակներ» դպրոցը ճանաչվել է որպես սփյուռքի լավագույն շաբաթօրյա վարժարան եւ արժանացել գլխավոր մրցանակի։
Ուսումնական տարվա ավարտին անցկացվող միջոցառման ընթացքում առաջին դասարանի աշակերտները հանդես են գալիս մայրենի լեզվին նվիրված հոգեսնույց բանաստեղծություններով, երգերով, ապա նրանց շնորհվում են «Տառաճանաչության» վկայականներ։ Ավանդական վերջին հանդեսին, որն այս տարի տեղի ունեցավ արեւմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց Մայր տաճարում, եւ որին իր ներկայությունն էր բերել եւ օրհնություն բաշխել թեմի առաջնորդ տ. Հովնան արք. Տերտերյանը, սաները ներկայացրին գեղեցիկ արտասանություններ, երգեր։ Ավարտին առաջնորդարանի «Թրբանջյան» հրապարակում կազմակերպվել էր հյուրասիրություն Ձմեռ պապի ընկերակցությամբ, եւ ուրախ երգ ու երաժշտության ներքո շարունակվեց տոնական տրամադրությունը՝ ավետելով Նոր տարվա եւ Մանուկ Քրիստոսի ծնունդը։
Դպրոցի պատասխանատու Հովհաննես սարկավագ Գումրույանը նշում է, որ շնորհիվ թեմի առաջնորդի հետեւողականության, որակյալ կրթության ու կատարվող աշխատանքների՝ հաստատությունը դարձել է աշխարհի ամենամեծ հայկական շաբաթօրյա դպրոցը, եւ միայն իրենց հաստատությունում աշակերտների թիվն արդեն անցնում է 300—ից։
«Փոքրիկ հրեշտակների» օրինակով թեմում գործում են շաբաթօրյա նաեւ այլ դպրոցներ, ինչպես օրինակ՝ Սանտա Կլարիտա քաղաքի Ս. Սարգիս հայկական շաբաթօրյա դպրոցում աշակերտների թիվը 45 է, Գլենդելի Հայ ընտանեկան շաբաթօրյա վարժարանում սովորում է նույնպես 45 աշակերտ, որտեղ դասավանդումը կազմակերպվում է արեւելահայերեն եւ արեւմտահայերեն։ Թահանգա քաղաքի Սրբոց Առաքելոց եկեղեցու «Երվանդ Բաբայան» շաբաթօրյա դպրոցն ունի 36 աշակերտ, Փասադենայի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» շաբաթօրյա վարժարանը՝ 48 աշակերտ եւ այլն։ «Շաբաթօրյաները սովորական դպրոցներ չեն, որտեղ աշակերտներն իրենց ուսումնառության ընթացքում միայն տառաճանաչ են դառնում եւ ուսանում ոսկեղենիկ մայրենին, այլ՝ կենսական կրթօջախներ, որտեղ երեխաների մեջ սերմանվում են ազգային արժեքներ, ավանդություններ եւ դարերից եկած մեր հարուստ ժառանգությունը»,–նշում է Թահանգայի դպրոցի պատասխանատու Քաղցրիկ Մանուկյանը։
Ընդհանուր առմամբ արեւմտյան թեմի հովանու ներքո գործող 20 շաբաթօրյա դպրոցներում ուսանում են մոտ 1200 աշակերտներ։ Եվ այդ թիվը վերջին տասնամյակում, հուրախություն մեզ, շարունակ աճելու միտում է ցույց տալիս։ Պատճառները հստակ են։ Նախ՝ աշխարհի տարբեր ծագերից՝ Մերձավոր Արեւելքից, Իրանից եւ առաջին հերթին Հայաստանից չդադարող ներգաղթն է Միացյալ Նահանգներ, որի արդյունքում հայ համայնքը շարունակ համալրվում է նորանոր ընտանիքներով։ Երկրորդ կարեւոր գործոնը թեմի առաջնորդի նախանձախնդիր ու պահանջկոտ վերաբերմունքն է կրթական հաստատությունների եւ այդ թվում շաբաթօրյա դպրոցների կազմակերպման հարցում։ Վերջին շրջանում կանոնակարգվել են կրթական ծրագրերը եւ դրանք պատշաճեցվել Կալիֆորնիայի կրթական չափանիշներին, յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին կազմակերպվում են եւ իրականացվում են ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, համալրվել են ժամանակակից տեխնիկական միջոցներով եւ այլն։ Նաեւ՝ առաջնորդարանին կից ձեւավորվել է գիտակրթական հանձնախումբ, որ համակարգում է ընդհանուր աշխատանքները։ Կազմակերպական այս կառույցը, կրթության կազմակերպման ձեւը, կարծում ենք, օրինակելի է մեր բոլոր հայ համայնքների համար եւ արժե ընդօրինակել հայապահպանության այս արդյունավետ փորձը։
Նորայր ՊՈՂՈՍՅԱՆ
Բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ
Լոս Անջելես

05-02-2019





19-02-2019
Հայաստանը՝ գիտական կենտրոն
ՀՀ նախագահի հանդիպումները Մյունխենում

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային ...


19-02-2019
Ես եղել եմ, կա՛մ, կլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ
Թումանյանը շարունակելու է ապրել ամբողջ հայության համար

Այսօր ...


19-02-2019
Թումանյանը եւ մանուկների աշխարհը
Հովհաննես Թումանյանը հայ դասական մանկագրության անսպառ լուսատուն է, որ ...


19-02-2019
Տիեզերքի Ճամփորդը
Համազգային տոն է այսօր։ Ազգովի հոբելյան ամենամեծի, ամենից ազգայինի, ...


19-02-2019
Ամենահզոր զենքը բանաստեղծական տաղանդն ու գրիչն են
Թումանյանի հասարակական գործունեությունը եւ նրա նկատմամբ քաղաքական հետապնդումները



19-02-2019
Շռայլ նվերի դիմաց՝ էժան փոխհատուցում
Ինչպես ենք մոտակա 2 տարում մեր երկրում պայքարելու ...


19-02-2019
Ծաղկեպսակ՝ բանաստեղծի արձանին
Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ գրողի՝ Ազատության հրապարակում գտնվող ...



19-02-2019
Հայաստանը կարող է դառնալ ժողովրդավարության կղզյակ
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ...

19-02-2019
Բնավորության հիմնարար գիծը ճշմարտասիրությունն էր
Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 60 ...

19-02-2019
Սիրիայում քրդերը հայտնվել են երկընտրանքի առջեւ
Օրերս Սոչիում Սիրիայի հիմնահարցին նվիրված եռակողմ՝ ...

19-02-2019
Երկու ամիս անց այս ցուցանիշները չեն բավարարի
Հայաստանի ծանրամարտի առաջնության արդյունքները ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO