«Օրհներգը փոխելու անհրաժեշտություն ես չեմ տեսնում»
Հասմիկ Պապյանի համար առաջնայինը երիտասարդներին օգտակար լինելն է
Հասմիկ Պապյան անունը սիրված եւ ճանաչված է թե՛ Հայաստանում, թե՛ նրա սահմաններից դուրս։ Երեք տասնամյակից ավելի աշխարհի ամենահեղինակավոր օպերային բեմերում եւ համերգասրահներում օպերային երգչուհին իր անզուգական ձայնով եւ հմայքով նվաճում է մարդկանց սրտերը։ Բայց Պապյանի հանդեպ ժողովրդական սերը պայմանավորված չէ միայն բարձր պրոֆեսիոնալիզմով, այլեւ նախեւառաջ այն անմնացորդ նվիրումով, որը երգչուհին ցուցաբերում է իր երկրի, ժողովրդի եւ մշակույթի հանդեպ։ Անվանի երգչուհին պատասխանել է «ՀՀ»—ի՝ առաջիկա ծրագրերի, մշակութային քաղաքականության եւ արվեստի վերաբերյալ հարցերին։ — Տիկին Պապյան, Դուք այն եզակիներից եք, որ չնայած հեռավորությանը, երբեք անտարբեր չեք մնացել եւ մշտապես արձագանքել եք Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Ի՞նչ է դա, հոգու պահանջ, թե «պարտքի հատուցում»՝ հայրենիքից հեռու գտնվելու դիմաց։ — Ավելի ստույգ՝ «հոգու պահանջ», «պարտքի հատուցման» զգացում հավատացեք չունեմ։ Ես իմ երկրի պատիվը մշտապես շատ բարձր եմ պահել օտար ափերում։ — Նախորդ տարեվերջին հայտնի դարձավ, որ կառավարության կառուցվածքի փոփոխության արդյունքում մշակույթի նախարարությունը կդադարի գործել որպես առանձին կառույց։ Այս հարցը բավականին բուռն արձագանք ստացավ հասարակության լայն շրջանակների, ինչպես նաեւ մշակույթի, արվեստի գործիչներից շատերի կողմից։ Ըստ Ձեզ որքանո՞վ է նախարարության գործունեությամբ պայմանավորված մշակույթի պահպանումն ու զարգացումը։ — Մշակույթի պահպանումն ու տարածումը ռազմավարական նշանակություն ունի մեր երկրի համար։ Այն փաստը, որ վերջին տասնամյակներում գրեթե չենք ունեցել մշակույթի ոլորտը ծաղկեցնող արժանավայել, բանիմաց աշխատակիցներ, ոչ մի դեպքում առիթ չպետք է տար լուծարել այդ նախարարությունը։ Իհարկե, հնարավոր էր աշխատակիցների ավելի սեղմ, բայց բանիմաց կազմով նշանակալի արդյունքներ գրանցել։ Ափսո՜ս... — Ինչպիսի՞ մշակութային քաղաքականություն է պետք ունենալ, որպեսզի ոչ միայն հպարտանանք մեր՝ անցյալում ստեղծված արժեքներով, մշակութային ժառանգությամբ, այլեւ միջավայր ստեղծենք նորի զարգացման համար։ — Հենվելով մեր դարավոր ավանդույթների վրա, ստեղծել նորը։ Ամեն հնարավոր առիթ տալ երիտասարդ ստեղծագործողին, իմանալով նույնիսկ, որ հնարավոր է նա ձախողի։ Համաքայլ շարժվել աշխարհի առաջադեմ երկրների հետ, թատրոնի, կինոյի, թանգարանների, գրադարանների ղեկավարման փորձի փոխանակումներ կատարել։ Եվ ի վերջո, մշակութը նաեւ պայքարելու, ապրելու եւ գոյատեւելու միջոց է՝ կենցաղի մշակույթից սկսած։ — Անկախության տարիներին ժամանակ առ ժամանակ, ինչպես նաեւ վերջին օրերին բարձրաձայնվում է Հայաստանի օրհներգը փոխելու անհրաժեշտության մասին։ Դուք տեսնո՞ւմ եք նման անհրաժեշտություն։ — Նման անհրաժեշտություն ես չեմ տեսնում։ Օրհներգը գեղարվեստական ստեղծագործություն չէ։ Այն լավ, կամ վատ լինել չի կարող։ Եթե մենք բարեկեցիկ, արժանապատիվ եւ իմաստավորված կյանքով ապրենք, այն ժամանակ մեր օրհներգը այլ հնչողություն կունենա, հավատացնում եմ։ — Արվեստի մասին խոսելիս հաճախ ասում են, թե այն վեր է կանգնած ազգային պատկանելությունից։ Եթե այնուամենայնիվ համեմատենք, ապա Ձեր դիտարկմամբ ինչո՞վ է առանձնանում հայկական արվեստը՝ լինի այն երգարվեստ, գեղանկարչություն, թե պարարվեստ։ Ունի այն արդյո՞ք հայկական հոգի։ — Ճշմարիտ արվեստը համամարդկային արժեք է։ Յուրաքանչյուր ստեղծագործող իր ուրույն ասելիքն ու գույնն է բերում։ Մեր ժողովրդի ստեղծած արժեքների մեջ անտարակույս կա հայկական հոգի, ձեռագիր, զգացմունք՝ սկսած Թորոս Ռոսլինից, Նարեկացուց, Կոմիտասից, ամենուրեք հայտնի է հայկական «սկիզբ»—ը։ — Ո՞րն եք համարում արվեստագետի առաքելությունը բոլոր ժամանակներում։ — Մարդու կյանքը առավել իմաստավորելը, հոգեւորն ու ֆիզիկականը տարանջատելը։ Մարդուն ավելի կատարյալ դառնալու հնարավորության ընձեռելը։ — Ձեր հարցազրույցներից մեկում ասել եք՝ «Ես բնակվում եմ Ավստրիայում, բայց ապրում եմ Հայաստանում»։ Մեր կողմից կավելացնեինք՝ ապրում եք Հայաստանով։ Ե՞րբ եք մտադիր միավորել Ձեր բնակվելու եւ ապրելու վայրերը։ — Մեկ տարի հետո, երբ աղջիկս կավարտի դպրոցը եւ ես կկարողանամ ավելի ազատ տեղաշարժվել։ — Ունե՞ք մտահղացումներ, որոնք նախատեսում եք կյանքի կոչել Հայաստանում։ Ստեղծագործական ի՞նչ ծրագրեր ունեք ներկայումս։ — 35 տարի շարունակ գրեթե բոլոր ամենամեծ բեմերում հանդես գալուց հետո, ինձ համար ամեն ինչ ինչ—որ տեղ կրկնություն է։ Ես հիմա իմ ընտրությամբ որոշ համերգների եմ մասնակցում։ Գարնանը երգելու եմ Ռիգայում եւ Վիլնյուսում, այնուհետեւ Տորոնտոյում, Մոնրեալում։ Ամռանը՝ Բրազիլիայի Սան—Պաուլո քաղաքում։ Իսկ ծրագրեր Հայաստանում իհարկե ունեմ՝ նախ եւ առաջ օգտակար լինել երիտասարդներին, ցանկացած ձեւաչափով։ — Ավարտել եք Երեւանի պետական կոնսերվատորիան՝ նախ որպես ջութակահար, ապա նաեւ որպես երգչուհի։ Եթե հնարավորություն ընձեռվեր ամեն ինչ սկսելու նորից, կկրկնեի՞ք նույն ուղին, թե՞ կընտրեիք այլ մասնագիտություն եւ այլ ճանապարհ։ — Ոչ մի դեպքում ոչինչ չէի փոխի։ Ես հավատում եմ ճակատագրին։ Անսահման երջանիկ եմ եւ երախտապարտ Բարձրյալին՝ կյանքի վայրիվերումներով լի այսպիսի ճանապարհ անցնելու հնարավորություն ընծայելու համար։
Զրույցը՝ Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԻ
07-02-2019
|