Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Պետք է գնալ ռեալ փոփոխությունների ճանապարհով

Գործադիրի երեկվա նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կառավարությունը փոփոխություն եւ լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որի արդյունքում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բնագավառում ընդգրկված եւ հիմնադրամի ու ՓԲԸ կազմակերպաիրավական ձեւ ունեցող կազմակերպություններին 2019 թ. բազային ֆինանսավորումը կտրամադրվի՝ հիմք ընդունելով բազային եւ պետական նպատակային ծրագրերի նախագծերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովի 2018 թ. սեպտեմբերի 24—ի նիստի եզրակացությունը։ Ըստ այդմ՝ կապահովվի այդ տնտեսավարող սուբյեկտներում իրականացվող գիտահետազոտական աշխատանքների շարունակականությունը։ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունանը նշել է, որ գիտական եւ գիտատեխնիկական քաղաքականության իրականացման հիմնական միջոցներից է բյուջետային ֆինանսավորումը։ «Հարցն ընդհանրապես վերաբերում է պետության կողմից գիտահետազոտական ծրագրերի եւ բազային ֆինանսավորման արդյունավետությանը։ Առաջիկա շաբաթվա ընթացքում շրջանառության մեջ կդրվի գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման եւ բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքներն ու չափանիշները հաստատելու մասին ՀՀ ԿԳ նախարարության հրամանը։ Մինչեւ տարվա կեսը մենք շատ հստակ կունենանք տեղեկատվություն բազային ֆինանսավորում ստացող բոլոր գիտահետազոտական կենտրոնների կողմից գումարների ծախսման արդյունավետության եւ արդյունքների մասին։ Եվ բազային ֆինանսավորման համար նոր կարգ կառաջարկենք, որովհետեւ մենք տեսնում ենք, որ այստեղ առկա է մեծ բաց։ Ըստ էության, պետությունը չի հետեւում կամ չի գնահատում այն կենտրոնների արդյունքները, որոնց տալիս է բազային ֆինանսավորում։ Այս կարգն արդեն շատ հստակ կսահմանի, թե ինչ նպատակների են ծառայում բոլոր այն միջոցները, որոնք պետությունը հատկացնում է այդ կենտրոններին»,–նշել է նախարարը։
Անդրադառնալով բազային ֆինանսավորման կարգի փոփոխություններին, որը դժգոհություն է առաջացրել գիտական այդ շրջանակներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ մեխանիզմի բարեփոխումը շատ էական է գիտության հետագա ճակատագրի գործում։ «Մեր ամենամեծ խնդիրը, որ մենք այսօր դնում ենք, գիտության եւ իրականության, գիտության եւ կյանքի, տնտեսության, անվտանգության եւ ընդհանրապես ժամանակակից պահանջների եւ գիտության կապն ուժեղացնելն է կամ ստեղծելը՝ այն առումով, որ մենք պետք է հասկանանք, թե ինչ ենք ակնկալում մեր գիտությունից, մեր գիտությունը պետք է հասկանա՝ մենք ինչ ենք ակնկալում իրենից։ Մենք պետք է ունենանք վստահություն, որ այդ փոխադարձաբար ակնկալիքները կարող ենք իրականացնել, եւ մենք գնում ենք այդ փոխադարձ ակնկալիքներն իրականացնելու մեխանիզմներ ստեղծելու ճանապարհով։
Սա շատ կարեւոր է, որովհետեւ մի կողմից ասվում է, որ գիտության ֆինանսավորումը եւ գիտության արդյունքները բավարար մակարդակի չեն, բայց երբ այդ ոլորտում որեւէ բան ենք ուզում կամ փորձում փոխել, դրանից սկսում են համապատասխան արձագանքներ. պարզվում է, որ բոլորն առանձնապես դժգոհ չեն այն վիճակից, որից դժգոհում են։ Սա մի փոքր տարօրինակ իրավիճակ է, եւ մենք այստեղ ուղղակի պետք է շատ հստակ արձանագրենք, որ մենք իրավիճակի հետ չենք համակերպվելու»,–ասել է կառավարության ղեկավարը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետք է գնալ ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով։ «Մեր նման վիճակում գտնվող երկրներում, հատկապես մեր երկրում, այդ միտումը կա, այդ միտումը լինելու է եւ շարունակելու է լինել։ Դա այն է որ, այո, լավ, հեղափոխություն էր, անցավ մի քիչ, ոգեւորվեցինք, հիմա տեղի կունենա դարձ ի շրջանս յուր։ Այսինքն՝ ամեն ինչ, ինչպես եղել է, այդպես էլ կմնա, մի քիչ կաշխուժանանք, ու ամեն ինչ կմնա նույնը։
Ես ուզում եմ հստակ արձանագրել, որ այսպիսի ակնկալիքները սին են, որովհետեւ մենք չենք գնալու այդ ճանապարհով, հակառակ դեպքում մեր առաքելությունը կմնա կիսատ։ Մենք պետք է գնանք ռեալ փոփոխություններ անելու ճանապարհով, եւ սենտիմենտալ փաստարկներ պետք է չընդունվեն։ Մենք պետք է ունենանք քիչ փողով շատ արդյունքներ ստանալու մեխանիզմ։ Իհարկե, մեր գիտությունում, ինչպես եւ մյուս բոլոր ոլորտներում, պրոբլեմները շատ են, եւ մենք պետք է շատ լուրջ համագործակենք նաեւ մեր գիտնականների, գիտական համակարգի հետ, որպեսզի լրջագույն փոփոխություններ անեն։ Բայց ռազմավարական առումով միեւնույն է, ես կարծում եմ, որ բուհական, գիտական, հետազոտական աշխատանքների մեկտեղումն է այն հայեցակարգային բազան, որի վրա պետք է հիմնվի այս հարցերի լուծումը»,–ասել է վարչապետը։
Հարցի քննարկման ընթացքում նշվել է նաեւ, որ փորձագիտական գնահատական ստանալու համար հիմնականում հրավիրվում են միջազգային փորձագետներ։ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ պետք է քայլեր ձեռնարկվեն երկրում փորձագիտական ներուժի ուժեղացման ուղղությամբ։ «Մեր այսօրվա իրականության մեջ գիտություն եւ փորձագիտություն տերմինների միջեւ խզում կա։ Այսինքն՝ գիտությունն ինքն իր համար կտրված, կղզիացած մի տեղ է, մյուս կողմից՝ կառավարությունը մեծ միջոցներ է ծախսում փորձագետներ հրավիրելու համար, որպեսզի մեր ներքին խնդիրները լուծի»,–ասել է գործադիրի ղեկավարը։
«Առաջին քայլը, որ պետք է պետությունն անի, հետեւյալն է. բոլոր հարցերի լուծման համար պետք է ոչ թե մենք գնանք որեւէ տեղից փորձագետ հրավիրենք, որ մեր հարցը լուծի, այլ առաջինը մենք մեր գիտական միջավայրին պետք է արտապատվիրակենք այդ խնդիրը, մենք պետք է իրենց առջեւ այդ խնդիրը դնենք։ Սա պետք է լինի մեր կառավարության գործելակերպը։ Առաջին հերթին անել առավելագույնը, որ մենք ներսում այդ հարցերի պատասխանը ստանանք։ Մենք քայլ առ քայլ պետք է գնանք, որպեսզի մեր գիտական պոտենցիալը զարգանա, եւ իրենք էլ իրենց ներգրավված զգան այս բարեփոխումների ողջ գործընթացին»,–նշել է կառավարության ղեկավարը։

Քննարկվել է ՀՀ կառավարության ծրագիրը

Գործադիրի երեկվա նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Նախագծում, մասնավորապես, արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները, որոնց ներքո գործելու է կառավարությունը, արժեհամակարգը, որի կերտմանը ձգտելու է կառավարությունը»,–ասել է փոխվարչապետը։ Մհեր Գրիգորյանը նշել է, որ առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու ՀՀ—ում բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, ինչպես նաեւ բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ եւ ներառական տնտեսություն կառուցելուն։ «Ծրագիրը ԱԺ—ի կողմից հավանության արժանանալուց անմիջապես հետո կառավարությունը կնախաձեռնի դրանից բխող միջոցառումների ծրագրի ձեւավորման եւ հաստատման գործընթացը, որի արդյունքում մանրամասն կամրագրվեն հիմնական թիրախները, նպատակային ցուցիչները, չափելի արդյունքներն ու ժամկետները՝ ըստ ոլորտների»,–հայտնել է փոխվարչապետը։
Վարչապետը նշել է, որ կառավարությունը երկար աշխատել է նախագծի վրա եւ հանձնարարել է այն վերջնական տեսքի բերելուն ուղղված աշխատանքներն իրականացնել հնարավորինս պարզ, հասկանալի, որպեսզի տարընթերցումների տեղիք չտրվի։ Նիկոլ Փաշինյանն առաջակել է կառավարության ծրագիրը, վերջնական տեսքի բերելուց հետո, հաստատել հինգշաբթի երեկոյան կամ ուրբաթ առավոտյան։

Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում կիրականացվեն 6 դպրոցի քանդման աշխատանքներ

ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում նոր դպրոցական շենքերի կառուցման համար առկա շենք՝ շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում։ Ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է Երեւանի՝ Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի, Հակոբ Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրի, Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի եւ «Հերացի» ավագ դպրոցի ուժեղացման աշխատանքների նախագծումը։ Առաջիկայում նախատեսվում է սկսել նաեւ Երեւանի՝ Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի եւ թիվ 116 հիմնական դպրոցի նախագծային աշխատանքները։ Վերոնշյալ դպրոցների շինարարական աշխատանքները նախատեսվում է սկսել 2019 թ.—ին։ Քննարկման արդյունքում առաջարկվել է պահպանել չորս դպրոցների ճակատային պատերը, ամրացնել դրանք, իսկ Ղեւոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ եւ թիվ 116 հիմնական դպրոցների շենքերը նախատեսվում է քանդել ամբողջությամբ, քանի որ տեխնիկական փորձաքննության եզրակացության համաձայն դրանք ամրացման ենթակա չեն։ Ծրագրի պահանջներից է, որ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում շենքերը պետք է չքանդվեն, եւ այդ նպատակով նախագծերն անցնում են նաեւ միջազգային փորձաքննություն։
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ծրագրում ներառված է 46 դպրոց, ընտրվել են առավել խոցելիները։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 80 մլն դոլար վարկային այս ծրագիրը շատ դանդաղ տեմպերով է իրականացվում։ Ի պատասխան նախարարը տեղեկացրել է, որ դրա պատճառներից է նաեւ համաֆինանսավորման խնդիրը։
«Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչո՞ւ ենք այսպիսի տեմպերով առաջ գնում։ Ինչո՞ւ մենք ամեն շաբաթ մեկ դպրոցի, երեք—չորս դպրոցի հարց չենք լուծում, ինչո՞ւ բոլորի ուղղությամբ չենք գնում առաջ։ Պետք է համաֆինանսավորման աղբյուրներ գտնել եւ գնալ առաջ»,–ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ որակի նկատմամբ լուրջ վերահսկողության իրականացումը։ «Պետական շինարարություն տրամաբանությունը շատ երկար տարիներ մեր ընկալումներում չի փոխվում։ Այն է, որ պետական շինարարությունը կարող է մի քիչ ծուռ լինել, գույնն այն չլինել»,–ասել է կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ հատկապես պետական միջոցներով շինարարությունը պետք է իրականացվի որակական ամենաբարձր չափանիշներով։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ բարձրացրել է հաշմանդամություն ունեցող անձանց համար դպրոցների հարմարավետ շենքեր նախագծելու հարցը։ Վարչապետն այդ առումով նշել է. «Մեր ռազմավարությունն է, որ համընդհանուր ներառական կրթության համակարգի անցնենք եւ անցնում ենք։ Բոլոր նախագծերում այս հանգամանքը պետք է հաշվի առնվի, խնդրում եմ նորից ստուգել, եթե որեւէ տեղ այս հարցը լուծված չէ, թող համապատասխան նախագծային փոփոխություններ արվեն»,–ասել է Նիկոլ Փաշինյանը։

Կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի

Գործադիրը հաստատել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնում Վարդան Ուռուտյանի ընտրության արդյունքները։ Պետական բարձրագույն ուսումնական հաստատության ռեկտորն ընտրվում է ՀՀ օրենսդրությամբ եւ բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված բաց մրցույթի կարգով՝ ուսումնական հաստատության խորհրդում, գաղտնի քվեարկությամբ, 5 տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել ռեկտորի պաշտոնում։
Անդրադառնալով բուհերի ապաքաղաքականացման հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Դա շատ կարեւոր հարց է, որովհետեւ այն եղել է մեր կառավարության եւ մեր քաղաքական գործունեության ուղեգիծը։ Բայց այսօր նաեւ հնչում են այդպիսի մեղադրանքներ, որ բուհերում որեւէ բան չի փոխվել, ինչպես նախկինում կար, այսօր էլ իրողությունները շարունակվում են։ Պետք է արձանագրենք, որ կառավարությունը բուհական իրավիճակին չմիջամտելու ռազմավարություն ունի, եւ օրենքով չնախատեսված միջամտություններից մենք մեզ դուրս ենք դնում։ Այդ առումով նշեցիք, որ խորհուրդների ինքնակառավարման ինստիտուտի հաստատման եւ ուժեղացման ճանապարհին մենք բավականին գործ ունենք անելու, այդ թվում նաեւ օրենսդրական փոփոխությունների տրամաբանությամբ։ Կարծում եմ՝ այստեղ մենք պետք է նաեւ բուհերի դասախոսական կազմին, ուսանողներին առավել կառուցողական ակտիվություն ցուցաբերելու կոչ հղենք, որպեսզի ավելի շատ կարողանանք համագործակցել նոր բովանդակությունը ստեղծելու հարցի շուրջ եւ ուղղակի նեղ անձնավորված խնդիրների տրամաբանությունից դուրս գանք, որովհետեւ մեր խնդիրը իսկապես լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելն է»։

Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

Կառավարությունը թույլատրել է «Լիկվոր» ՓԲԸ—ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից։ «Լիկվորը» ստերիլ դեղամիջոցներ արտադրող ընկերություն է եւ գործում է քիմիական արդյունաբերության բնագավառում։ Ներմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործվելու է ստերիլ դեղամիջոցների, ակնակաթիլների արտադրության մեջ (ք. Երեւան)։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 7 623 943 800 ՀՀ դրամի ներդրում, որն ուղղվելու է հումքի, նյութերի, օժանդակ նյութերի, տեխնոլոգիական սարքավորումների եւ դրանց բաղկացուցիչ մասերի ներմուծմանը։ Արդյունքում կստեղծվի 8 նոր աշխատատեղ՝ 75 500 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 12 927 548 434 ՀՀ դրամ, որից 3 778 908 281 ՀՀ դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում։
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին վերլուծություն կատարել արտոնությունների տրամադրման այդ գործիքակազմի արդյունավետությունը պարզելու համար։ «Այստեղ մենք կարիք ունենք հասկանալու՝ այս գործիքակազմն արդյունավե՞տ է, թե՞ ոչ։ Հակառակ դեպքում կստացվի, որ մենք հարկային արտոնություններ ենք տալիս, եւ դրա դիմաց ոչինչ տեղի չի ունենում»,–ասել է կառավարության ղեկավարը։

Նոր մարզպետներ են նշանակվել

Գործադիրի որոշումներով Տիգրան Պետրոսյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ, իսկ Հայկ Չոբանյանը՝ ՀՀ Տավուշի մարզպետ։
Վարչապետը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին եւ մաղթել հաջողություններ։ «Բոլոր մարզերում առաջնային խնդիրը նոր ներդրումների ներգրավումն է եւ աշխատատեղերի ստեղծումը, որոնք իրենց հերթին կբերեն սոցիալ—տնտեսական իրավիճակի փոփոխություններ։ Մենք պետք է բոլոր հնարավոր միջոցներով աջակցենք, քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, նրանց համար նաեւ հնարավորություններ ցույց տանք, թե ինչպիսի ներդրումներ կարելի է անել Հայաստանի Հանրապետության եւ հատկապես մարզերի զարգացմանը նպաստելու համար»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Շենավան համայնքում հունիսի 9—ին կանցկացվի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։
Գործադիրի որոշմամբ Կատարի Պետությունում կհիմնվի ՀՀ դեսպանություն (նստավայրը՝ Դոհա)։ Կատարական կողմը նաեւ պատրաստակամություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կողմից դեսպանություն բացելու դեպքում պատասխանել փոխադարձության սկզբունքով եւ Երեւանում բացել Կատարի Պետության դեսպանություն։ Հիմնավորման համաձայն՝ որոշման ընդունումը կնպաստի ոչ միայն Հայաստանի եւ Կատարի միջեւ քաղաքացիների գործարար եւ աշխատանքային գործունեության խրախուսմանը, այլեւ նոր սկիզբ կհանդիսանա ժողովուրդների հոգեւոր եւ պատմամշակութային արժեքների փոխճանաչման, երկկողմ համագործակցության, մի շարք նոր ոլորտների ուրվագծման եւ զարգացման համար։

07-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO