Միասնական ու կանխատեսելի մոտեցում
ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպման էր հրավիրել ֆինանսների նախարարին
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել են պարգեւավճարների հետ կապված հարցերը, այդ ուղղությամբ ճիշտ լուծումների գալու հնարավորությունները։ «Այս ձեւաչափն առավել շատ աշխատանքային կարգով էր, նպատակն էր հանգել ճիշտ լուծումների։ Պատգամավորների մոտ անհանգստություն կար այդ խնդրի առումով, հարցը պարգեւավճարների չափը չէ, այլ ավելի կոնցեպտուալ խնդիրների»,–«Արմենպրեսի» փոխանցմամբ, հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ջանջուղազյանը։ Ֆինանսների նախարարը նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքում արդեն իսկ աշխատավարձի ֆոնդով 30 տոկոսի չափով պարգեւավճարներ են նախատեսված։ Հարցին, թե ինչպես է ստացվել, որ ինքը դեկտեմբերին ստացել է 5 մլն դրամ պարգեւավճար՝ Ջանջուղազյանն ասաց, որ այդ գումարը միայն պարգեւավճարը չէ, այլ աշխատավարձը, արձակուրդային վճարը եւ այլն։ «5 մլն դրամն ընդհանուր համախառն վճարն է՝ աշխատավարձ, հարկեր եւ այլն։ Ես հայտարարատու եմ եւ կարող եք տեսնել, որ 2017—ին եւ 2018—ին իմ վարձատրությունները տարբերվել են ընդամենը 10 տոկոսով»,–ասաց նա։ Ջանջուղազյանն ավելացրեց, որ կառավարությունն առաջիկայում ընդունելու է պարգեւավճարների միասնական մոտեցում ցուցաբերող որոշում, որը գործընթացը կդարձնի կանխատեսելի ու թափանցիկ։ Միաժամանակ, նախարարն ասաց, որ կառավարությունը շարունակելու է հնարավորություն ունենալ օպտիմալացման արդյունքում գոյացած միջոցները նույնպես ուղղել խրախուսմանը։ «Մենք չենք առաջարկում ֆինանսներ կրճատել, սակայն օգտագործվող ֆինանսների դիմաց պետք է ստանալ համարժեք արդյունք։ Միաժամանակ, ամրագրված է, որ չի կարող խրախուսման նպատակով աշխատավարձի ֆոնդից ավելի շատ միջոցներ օգտագործել»,–նշեց նախարարը։ Անդրադառնալով նախորդ տարվա պարգեւավճարներին՝ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ տարվա ընթացքում իրականացվել են միջոցառումներ, որոնց արդյունքում գոյացել են լրացուցիչ միջոցներ, որտեղից էլ եղել են պարգեւավճարները։ Հարցին, արդյոք չի քննարկվել պարգեւավճարների փոխարեն աշխատավարձերը բարձրացնելու հնարավորությունը՝ նախարարը դրական պատասխան տվեց եւ հավելեց. «Չենք գնացել այդ ճանապարհով, քանի որ բազային աշխատավարձի ավելացումն ինչ—որ ժամանակ հետո դադարում է խթանման միջոց հանդիսանալ, իսկ պարգեւավճարը հնարավորություն է տալիս լրացուցիչ խթաններ ստեղծել աշխատանքի համար։ Երբ մարդը սովորում է իր միջոցների չափաքանակին՝ դա սկսում է այլեւս չծառայել իր խթանմանը։ Պարգեւավճարներ ունենալու տեսակետը մասնավոր հատվածում եւս լայնորեն է կիրառվում»։
08-02-2019
|