Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.04.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Խնդիրների փունջ, որից միակ ելքը շղթայական լուծումն է

Համակցված համակարգերը մեզ ե՛ւ մաքուր ջուր կտան, ե՛ւ մաքուր պարարտանյութ

Հայաստանում ջրախնայող տեխնոլոգիաներ են ներդրվում։ Միջոցառումների ծրագիրն արդեն կա։ Որոշների փորձնական քայլերն արդեն սկսվել են (նախորդիվ սրանց անդրադարձել ենք)։ Քանի որ ջրախնայող տեխնոլոգիաները տարատեսակ են, մեզ հետաքրքրում է, թե մեր պարագայում որոնք են առաջնահերթ համարվել։
Ըստ բնապահպանության նախարարության՝ «ջրային ոլորտի առաջնահերթություն ստացած տեխնոլոգիաները ներառում են՝ ձկնարդյունաբերության համար ջրի շրջանառու համակարգի ստեղծումը, մաքրման կոմպակտ կայանների տեղադրումն ու մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառումը, կաթիլային ոռոգման համակարգի տարածումն ու ընդլայնումը, ձկնաբուծական տնտեսություններում առցանց հոսքաչափական սարքավորումների ներդրումը»։
Սրանք, իհարկե, քայլեր են, բայց բավարար չեն։ Նախարարությունը չի հերքում, որ, այո, թեեւ տնտեսության տարբեր ոլորտներում առանձին տնտեսավարողներ սկսել են օգտագործել համապատասխան ջրախնայող տեխնոլոգիաներ, սակայն դա դեռ բավարար չէ ջրային ռեսուրսների պահպանությունն ու արդյունավետ ջրօգտագործումն ապահովելու համար։ Դրա համար էլ խնդիր է դրվել, որ, ասենք, ձկնաբուծության ոլորտում ջուրը ոչ միայն խնայվի, այլեւ երկրորդային եղանակով գործածվի գյուղատնտեսության եւ արդյունաբերության բնագավառներում։ Նույնը՝ արդյունաբերության ոլորտի մասով։ Այստեղից հեռացվող ջրերը պատշաճ մաքրվեն եւ երկրորդային գործածվեն։ Ասել կուզի՝ ջուրը պետք է խնայել բոլոր ոլորտներում։
Հետաքրքիր է, իսկ որո՞նք են ջրային ոլորտում առաջնահերթություն ստացած ջրախնայող տեխնոլոգիաների կիրառման ուղղությունները։
Առաջինը ձկնարդյունաբերությունն է, եւ պատճառը շատ պարզ է։
Բանն այն է, որ Հայաստանում հիմնականում շահագործվում են ավանդական հոսքով ձկնաբուծարաններ։ Այսինքն՝ ջուրը հոսում է ձկնաբուծարանի միջով միայն մեկ անգամ, այնուհետեւ արտահոսում է շրջակա միջավայր։ Ջուրը ձկներին է հասցնում թթվածին եւ հեռացնում է լուծված կամ կախված մասնիկները։ Հոսքային համակարգ օգտագործող ձկնաբուծարանների շահագործման հետեւանքով տարեկան 650 միլիոն խմ ջուր հոսում է Արարատյան արտեզյան ավազանից դեպի Արաքս գետ, այնտեղից՝ հարեւան երկրներ։ Հիմա ուզում ենք անցնել կիսափակ կամ փակ համակարգերի, ինչը թույլ կտա ջրի սպառումը մի քանի անգամ կրճատել։
Ի դեպ, այս պարագայում, իհարկե, ջրի որակին հետեւելու խնդիր կա՝ համեղ ձուկ ունենալու համար։ Որովհետեւ կիսափակ կամ փակ համակարգերում թարմ ջրի ծավալը փոքրանում է։ Օրինակ՝ կիսափակ շրջանառու համակարգի պարագայում թարմ ջրի ծավալը մոտ 30 տոկոս է, իսկ փակ համակարգի դեպքում՝ 3—5 տոկոս։
Երկրորդ ուղղությունը մաքրման կայանների տեղադրումն է ու մաքրման բնական ու համակցված համակարգերի կիրառումը։ Գաղտնիք չէ, որ մեր երկրում կենցաղային եւ արտադրական կեղտաջրերը ամբողջական մաքրում չեն անցնում։ Բայց սա չենք կարող հենց այնպես արձանագրել ու առաջ անցնել։ Պետք է ասենք, որ այդ ամբողջական չմաքրվելը հանգեցնում է նրան, որ մեր առողջությունն է վնասվում։ Չէ՞ որ չմաքրված կեղտաջրերը թափվում են մակերեւութային ջրային պաշարներ, այստեղից էլ՝ ոռոգման համակարգեր, այստեղից էլ՝ հողատարածքներ։ Մեր առողջությունն էլ վտանգվում է, որովհետեւ ձեւախեղվում են էկոհամակարգերը։ Չմոռանանք, որ մակերեւութային ջրային պաշարների, օրինակ, գետերի ափերը հաճախ հանգստի գոտիներ են, որտեղ լողում են մեր երեխաները։ Եթե մենք մաքրման կայաններ տեղադրենք համապատասխան օբյեկտներում, այս կարգի խնդիրների շուրջ այլեւս մտածելու կարիք չենք ունենա։
Քանի որ մաքրման կայանների հարցն ավելի հասկանալի է, անդրադարձ անենք նաեւ մաքրման բնական կամ համակցված համակարգերին։ Այս դեպքում՝ կախված կլիմայական պայմաններից, հասանելի հողերի մակերեսից, կեղտաջրի ծավալից եւ որակից, բնական եւ ավանդական մաքրման համակարգերի որոշակի տարրեր են գործածվում։ Այդ համակցված համակարգերը բաղկացած են արհեստականորեն աերացվող լճակից։ Այստեղ օդը մղվում է օդափոխիչներով։ Կեղտաջրի աերացման հետեւանքով քայքայվում են օրգանական միացությունները։ Այնուհետեւ կախված մասնիկները նստում են նստեցման լճակում՝ առաջացնելով տիղմ։ Կախված մասնիկներից մաքրված կեղտաջուրը հոսում է դեպի բնական աէրացիայով լճակ, որտեղ այն ենթարկվում է լրացուցիչ մաքրման՝ ջրային բույսերի միջոցով։ Այս ամենից հետո արդեն այս ջուրը կարող է օգտագործվել այգիներ, զբոսայգիներ, սիզամարգեր ու այլ տարածքների ոռոգելու համար։ Նստեցման լճակներում առաջացող տիղմը հետո չորացվում է եւ, հասկանալի է, արդեն պարարտանյութ դառնում։
Երրորդ ուղղությունը կաթիլային ոռոգման համակարգի տարածումն ու ընդլայնումն է։ Սա մեզ կօգնի անջրդի ու անօգտագործելի հողերում։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հայաստանի չոր մերձարեւադարձային եւ մայրցամաքային կլիմայական գոտիներում մոտ 12 հազար հա անօգտագործելի հողեր կան։ Սրանք այն հողերն են, որ հիմնականում չօգտագործվող են ոռոգման ջրի պակասի եւ հողի ցածր բերրիության պատճառով։ Ակնհայտ է, որ եթե լուծում չգտնվի, այդ 12 հազարի ցուցանիշը կավելանա, քանզի Հայաստանում վերջին տասնամյակներում տեղումները կրճատվել են ավելի քան 10 տոկոսով, իսկ օդի ջերմաստիճանն էլ ավելացել է ավելի քան 1.10—ով։ Լուծումն էլ հենց կաթիլային ոռոգմանն անցումն է։ Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նորատունկ այգիներում տեղային մելիորացիայի եւ փոքրածավալ տարողություններով կաթիլային ոռոգման առաջարկվող տեխնոլոգիան թույլ է տալիս, որ գյուղատնտեսությունը հնարավոր դառնա անգամ անապատներում։
Չորրորդ ուղղությունը ձկնաբուծական տնտեսություններում առցանց հոսքաչափական սարքավորումների ներդրումն է։ Սրա նպատակն այն է, որ ջրօգտագործողները օգտագործված ջրի ծավալն ավտոմատ, առցանց հաշվառեն։ Այդպիսով ջրային պաշարները չեն գերշահագործվի։
Այնուամենայնիվ, այս ամենն անելու համար գումար է անհրաժեշտ։ Որո՞նք են ֆինանսավորման աղբյուրները, ո՞վ է այս քայլերն անելու։ Սրանք շատ կարեւոր հարցեր են։ Գումար չլինի, ջրախնայող տեխնոլոգիաներ չեն կիրառվի։ Այդ տեխնոլոգիաները չկիրառվեն, Արարատյան դաշտում կրկին ջրային պաշարների գերշահագործում կունենանք՝ բացասական հետեւանքների փնջով հանդերձ։ Դա կհանգեցնի նրան, որ կրկին կավելանա Սեւանից ջրի սպառումը։ Ստացվում է՝ ջրային պաշարները արդյունավետ կառավարել չկարողանալու պատճառով խնդիրների մի ամբողջ շղթա ունենք։ Այս համապատկերում էլ հենց կարեւորեցինք ջրախնայող տեխնոլոգիաները։ Իսկ ֆինանսական հատվածի հարցը առանձին կքննարկենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

08-02-2019





23-04-2019
«Արցախն իր թիկունքում միշտ ունենալու է ամուր Հայաստան»
Օրակարգում անվտանգության, քաղաքացիական համակարգի պատրաստության խնդիրներն են



23-04-2019
Թուրքական ապացույցներով՝ Թուրքիայի հանցանքի մասին
Թաներ Աքչամի աշխատությունը ծանր հարված է թուրքական ժխտողականությանը



23-04-2019
Վեպը միշտ ինձ է սպասում
Գրիգը բացել է փակագծերը

Արձակագիր Գրիգը, որն ընթերցասերների ...


23-04-2019
Կրթության որակը՝ առաջնահերթություն
Ուսուցչի դերը կրթական բարեփոխումներում դեռ լավ չի գիտակցվում



23-04-2019
Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին ...


23-04-2019
«Քրիստոս յարեաւ ի մեռելոց»
Սուրբ եւ անմահ պատարագ՝ ի նշանավորումն Հիսուս Քրիստոսի ...


23-04-2019
Նոր ավիաընկերությունների սպասելիս
Հարցազրույց քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի հետ

ՀՀ ...



23-04-2019
Անձրեւացման եղանակի «հայկական հետքը»
Ինչ է պատմում խորհրդային տարիներին ...

23-04-2019
ԱՄՆ-ը Իրանից նավթի ներմուծման արտոնությունը չեղարկում է
2018թ. նոյեմբերի 4-ին, երբ ԱՄՆ-ն Իրանի դեմ տնտեսական ...

23-04-2019
Հոգեւոր կյանքի վերանորոգման առիթ
Արցախում նշել են Հիսուս Քրիստոսի ...

23-04-2019
«Բանանցը» հրաժարվեց. ի՞նչ սպասել հաջորդիվ
Խորը հիասթափություն էր սպասում այն մի քանի տասնյակ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO