Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հավաքականը լավ տպավորություն թողեց

Պակասեց խաղային փորձը

Ֆուտզալի աշխարհի 2020 թվականի առաջնության ընտրական մրցաշարին Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությունը սահմանափակվեց որակավորման առաջին փուլով։ Այդ առթիվ «ՀՀ»—ն զրուցեց հայրենի թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի հետ, որը վերլուծելով սաների ելույթները՝ պատմեց նաեւ մեր երկրում մարզաձեւի զարգացմանը միտված որոշ քայլերի, հավաքականն արտասահմանցիներով համալրելու անհրաժեշտության եւ մոլորակի առաջատար հավաքականների հետ ստուգողական խաղեր անցկացնելու բանակցությունների մասին։
—Նախ, հետաքրքիր է լսել թիմի մասնակցության վերաբերյալ Ձեր գնահատականը։
—Մրցաշարին մասնակցում էինք խմբային փուլի արգելքը հաղթահարելու մղումով, սակայն, ցավոք, չհաջողվեց լուծել նախանշած խնդիրը։ Կարծում եմ, շվեդների հետ առանցքային մրցավեճում մարզական հաջողությունը պարզապես շրջվեց մեր հավաքականից։ Այդ մասին է վկայում նաեւ հանդիպման վիճակագրությունը, որի համաձայն 42 հարված ենք կատարել մրցակցի դարպասին, բայց պարտվեցինք 1։3 հաշվով։ Դրան էլ գումարած՝ մեր առաջատար խաղացող Գարեգին Մաշումյանը վնասվածք ստացավ եւ լքեց ասպարեզը։ Կարելի է ասել՝ դա մեր օրը չէր։ Այնուհանդերձ, թիմի ընդհանուր ելույթից դժգոհ չեմ։ Կարող էինք հասնել ավելի լավ արդյունքի։
—Ինչո՞վ է պայմանավորված ավելի քան հինգ տասնյակ նպաստավոր պահերից միայն 1—ը դարպասի գրավմամբ պսակելու հանգամանքը։ Գուցե հայ ֆուտզալիստների վարպետությունը կաղո՞ւմ է։
—Դա ավելի շատ կվերագրեի խաղային փորձի պակասին։ Հայաստանի առաջնությունը մեկնարկել է ընդամենը դեկտեմբերի սկզբին, եւ առ այսօր անցկացվել է միայն 3 տուր։ Նաեւ մեկ ստուգողական հանդիպում ենք անցկացրել։ Ինձ թվում է, դա շատ քիչ է նման մրցաշարին հավուր պատշաճի պատրաստվելու համար։
Իսկ մենք, ինչպես գիտեք, երիտասարդներով համալրված նոր թիմ ենք ձեւավորել, որում անցյալ տարվա կազմից մնացել է 3—4 մարզիկ։ Այնպես որ, ամեն ինչ հանգում է մրցակցային փորձի պակասին։ Սակայն տղաներն ապացուցեցին, որ հետագայում կարող են լուրջ արդյունքներ գրանցել։
—Մեկնարկից առաջ նշել էիք, որ կարեւորում եք հատկապես Շվեդիայի հավաքականի հետ առաջին հանդիպումը։ Հաջորդիվ մեր թիմն ավելի խոշոր՝ 2։6 հաշվով պարտվեց բելգիացիներին։ Դա նախորդ խաղում կրած պարտության հոգեբանական արձագա՞նքն էր։
—Ոչ, թիմում չկային անկումային տրամադրություններ։ Մաշումյանը վնասվածքից հետո այդպես էլ չկարողացավ վերադառնալ խաղահրապարակ։ Նրա փոխարեն այդ քառյակում ներգրավեցինք երիտասարդ խաղացողի, որն էլ հանդիպման արդյունքին անդրադարձած կոպիտ սխալ թույլ տվեց։ Իրականում բելգիացիների հետ մրցախաղում էլ տղաները վատ տպավորություն չթողեցին։ Իսկ մրցակիցն իսկապես հզոր թիմ էր, որը համաշխարհային վարկանիշային սանդղակում դասվում է 16—րդ տեղում (ՖԻՖԱ—ի գործակիցների վերջին աղյուսակում 27—րդն է–Հ. Ն.)։ Ընդ որում՝ այդ հավաքականի կորիզը կազմում են բրազիլացիները։ Դե, իսկ խմբային փուլի վերջին խաղում 3։1 հաշվով պարտության մատնեցինք մալթացիներին, բայց արդյունքը կարող էր եւ խոշոր լինել։ Պարզապես արդեն մոտիվացիայի պակաս կար, եւ հաղթեցինք զուտ մրցակցի նկատմամբ ունեցած վարպետության առավելության շնորհիվ։
—Հիասթափության զգացումո՞վ ավարտեցիք մրցաշարը։
—Հակառակը՝ ոգեւորված եմ մեր երիտասարդ ֆուտզալիստների ներուժից։ Նույն բելգիացիների հետ հանդիպման առաջին խաղափուլում հավասար պայքար են մղել մրցակցի հետ։ Համոզված եմ, որ Հայաստանում լավ առաջնություն ունենալու եւ միջազգային ստուգողական խաղերի քանակն ավելացնելու դեպքում այս հավաքականը լուրջ առաջընթաց կունենա։ Ի դեպ, օգտագործում ենք տակտիկական նոր սխեմա։ Դա նույնպես փոքր—ինչ անդրադարձավ մեր արդյունքին։ 3—1 սխեմայից անցել ենք 4—0—ին, որն ավելի բարդ է։ Այնուհանդերձ, տղաները 70—80 տոկոսով կատարեցին առաջադրանքը։ Այդ առումով գոհ եմ նրանցից։ Դժգոհության տեղիք է տալիս միայն նպաստավոր պահերի իրացման ցածր արդյունավետությունը։
—Իսկ ինչպե՞ս եք գնահատում նրանց արագաուժային պատրաստականությունը։
—Հայաստանի հավաքականը, թերեւս, մրցաշարի ամենաարագ թիմն էր։ Նման խնդիր չկար։ Հենց եզրերից արագ գրոհների հաշվին ստեղծեցինք մեր գոլային պահերը։
—Քննարկվո՞ւմ են արդյոք հավաքականը վերաձեւավորելու կամ արտերկրից հրավիրված խաղացողներով համալրելու տարբերակներ։
—Դրա կարիքը միանշանակ կա։ Խնդիրն արդեն քննարկել ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հետ։ Հուսով ենք, այս տարի Ռուսաստանում վերջապես կկարգավորվի լեգիոներների խնդիրը, եւ կկարողանանք ապավինել այդ երկրում հանդես եկող մեր մի քանի հայրենակիցների, որոնք նկատելիորեն կուժեղացնեն մեր հավաքականը։ Չի բացառվում նաեւ, որ այլազգի խաղացողներ հրավիրենք։ Թեպետ միշտ դեմ եմ եղել դրան, սակայն փորձը վկայում է, որ որոշ բացեր լրացնելու համար դա անհրաժեշտություն է։ Դա գերհզոր հավաքական ունենալու հնարավորություն կտա։ Նույն Վրաստանի հավաքականը հրավիրել է չորս բրազիլացիների, որոնց կողքին հանդես գալով աճում են նաեւ տեղացի ֆուտզալիստները։
—Հավանաբար, դրան զուգահեռ պետք է կարգավորել նաեւ ակումբային տնտեսությունը։
—Ակումբների հավաստագրման նոր պայմաններով՝ մեր ֆուտբոլային բոլոր ակումբները պետք է նաեւ ֆուտզալի թիմեր ունենան։ Կարեւորում եմ այդ որոշումը, քանի որ հավաքականի ներկայիս կազմն ընտրել ենք 15—20 խաղացողից։ Իսկ նույն Բելգիան ունի ֆուտզալի 7 դիվիզիոն եւ խաղացողներ ընտրելու լայն հնարավորություն։ Հիմա քանակից որակ ստանալու հնարավորություն ունենք։
—Որքանով տեղյակ եմ, այս մրցաշրջանում Հայաստանի հավաքականն այլեւս չունի միջազգային պաշտոնական մրցումներ։ Ի՞նչ է անելու թիմը այդ ընթացքում։
—Արդեն մայիսից նախատեսել ենք միջազգային ստուգողական խաղեր։ Ապագայի աշխատանքները պետք է սկսել արդեն այս պահից։ Հիմա բանակցում ենք տարբեր երկրների հետ։ Կարող եմ ասել միայն, որ շատ եմ ցանկանում, որ մրցենք ուժեղ հավաքականների հետ, քանզի թույլ թիմերի հետ ստուգողական խաղերն անիմաստ եմ համարում։ Կարծում եմ, մեր ուժերը կփորձենք Բելգիայի, Ռուսաստանի, Իտալիայի հավաքականների եւ նման կարգի թիմերի հետ։ Միայն նրանց հետ մրցելով կարող ենք հստակեցնել մեր խոցելի տեղերը, արագորեն ձեռնամուխ լինել դրանց վերացմանը եւ, ընդհանրապես, բարձրացնել մեր խաղամակարդակը։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

09-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO