Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Էժան հումորը սերունդ է փչացնում

Զրույց ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի հետ

ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանին թատրոնից դուրս անհնար է պատկերացնել։ Աշխատելով հանրապետության տարբեր թատրոններում՝ Ղազանչյանը հոգի ու մարմին տվեց հայ եւ համաշխարհային դասականների մի շարք ստեղծագործությունների, որոնց թվում՝ Սարտրի «Անթաղ մեռելներ», Ա.Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Ֆ.Դոստոեւսկու «Ապուշը», «Ոճիր եւ պատիժ», Ժ.Հարությունյանի «Հարսանիք», «Պարոն Բաբիկը եւ ուրիշները», Բ.Բրեխտի «Կուրաժ մայրիկը», Ֆ.Լորկայի «Արյունոտ հարսանիք», Ե.Չարենցի «Երկիր Նաիրի», Սալտիկով—Շչեդրինի «Մի քաղաքի պատմություն», Վ.Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ», «12—րդ գիշեր», Սանինի «Ես մարդ եմ», Մոլիերի «Քաղքենին՝ ազնվական», Ն. Գոգոլի «Ամուսնություն», Ժ. Անանյանի «Ես եմ, եկել եմ», «Տեր, մի թող մեզ անտեր», «Մեռնելու էլ իրավունք չունիմ», Արիստոֆանեսի «Լիսիստրատե», Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» (ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ), Կ.Խոդիկյանի «Լիր արքայի ծաղրածուն», այլ գործեր։ Նա ստեղծագործական գործունեություն ծավալեց այն շրջանում, երբ հայկական թատրոնը՝ դերասանական անկրկնելի աստղաբույլով, ապրում էր իր աստեղային ժամը. Ավետ Ավետիսյան, Հրաչյա Ներսիսյան, Գուրգեն Ջանիբեկյան, Դավիթ Մալյան, Բաբկեն Ներսիսյան, Կարպ Խաչվանքյան, Արման Կոթիկյան, Գեղամ Հարությունյան, Գեւորգ Ասլանյան, Վաղինակ Մարգունի, Մուրադ Կոստանյան, Ամալյա Արազյան, Լյուսյա Հովհաննիսյան, Հեղինե Հովհաննիսյան, Խորեն Աբրահամյան, Մհեր Մկրտչյան, Սոս Սարգսյան, այլք։ 81—ամյա վարպետն այսօր էլ շարունակում է ապրել եռուն ստեղծագործական կյանքով։ «ՀՀ»—ն նրա հետ զրուցել է թատերական ավանդույթների, առաջիկա ծրագրերի, թատերական կյանքի այսօրվա մարտահրավերների մասին։
—Պարոն Ղազանչյան, ինչպե՞ս եք։ Ինչպե՞ս է կյանքը թատրոնում։ Արդեն տարվա ծրագրերը պատրա՞ստ են, ի՞նչ նոր ասելիք ունի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն իր հանդիսատեսին։
—Այս ի՞նչ բան է հիշել եք ինձ (կատակում է)։ Որ հարցնեք՝ քանի՞ ժամ եմ այստեղ լինում, անկեղծ կասեմ՝ չեմ հիշում։ Ինստիտուտից գալիս եմ թատրոն, երեկոյան գնում տուն, եթե թույլ տան, իհարկե։ Թատրոնից «պոկվելն» իրականում դժվար է։ Դժվար է հատկապես ինձ եւ ինձ նմանների համար։ Մենք ո՜նց կորցրինք մեր դերասաններին։ Ա՜խ, ոնց եմ հիմա կարոտում նրանց, բա Կարպը չլիներ, Սվետիկը, Մելինեն չլինեին (նկատի ունի Կարպ Խաչվանքյանին, Սվետլանա Գրիգորյանին, Մելինե Համամջյանին)։ Ուշադրությունը դեպի թատրոնն այսօր, ցավոք, պակասել է, եւ դա գալիս է, թող ներեն ինձ, իհարկե, մեր ղեկավարներից։ Ես չեմ խոսում աշխատավարձի մասին, որովհետեւ նույնիսկ ամոթ է ասել, թե խմբերն ամիսը որքան քիչ գումար են տուն տանում։ Բայց մարդիկ լավ է, որ գոնե հասկանում են, որ առաջինը զինվորն է։ Պիտի քո զինվորին պահես, հակառակ դեպքում ստիպված կլինես ուրիշի զինվորին պահել։ Սա շատ կարեւոր գիտակցում է։ Այդուհանդերձ, կարծում եմ, պիտի ի վերջո փոփոխություն լինի, որովհետեւ չի կարող այսպես երկար շարունակվել։ Մի օր կռվելով, մի օր խնդրել—աղաչելով կպահես խումբը, բայց ոչ երկար։ Ինչ—որ պահի վերաջանում, ավարտվում են բոլոր միջոցները։
Թատրոնի ծրագրերը անշուշտ պետք է համահունչ լինեն երկրի ծրագրերին։ Առաջիկայում պատրաստվում ենք աշխատել Տիգրան Չուխաջյանի «Արմենի խորամանկությունը» ստեղծագործության վրա։ Զարմանալի բան։ Այդ ի՜նչ ժողովուրդ է հայ ժողովուրդը։ Ի՜նչ զարգացած եւ կիրթ մտավորականներ են ապրել մեր հայրենիքում։ Դեռ նախանցյալ դարի երկրորդ կեսին ռուսական մշակույթին տեղյակ ինչպիսի՜ մարդիկ են եղել։ Բոլորին հայտնի է, թե ինչպես է Պետերբուրգին զարմացրել Պետրոս Ադամյանն իր հյուրախաղերի ժամանակ։ Պատկերացրեք՝ Չուխաջյանն «Արմենի խորամանկությունը» գրել է Գոգոլի «Ռեւիզորը» նկատի ունենալով։ Այս գործի վրա մենք արդեն աշխատում ենք։ Երկու հայ դասականի գործ ենք սկսել՝ Շիրվանզադեի «Շառլատանը» եւ Պարոնյանի «Երկու տերով ծառա մը»։ Սրանք շատ քիչ խաղացված կատակերգություններ են։ Փոքր գոհարներ են, երկուսի բեմադրության հեղինակներն էլ իմ ուսանողուհիներն են։ Նրանց բերել եմ թատրոն, որ աշխատեն։
—Ստացվում է, որ այսօր Պարոնյանի թատրոնը երիտասարդ աղջիկների՞ է վստահված։
—Այո։ Դեռ 25—ը չբոլորած մարդիկ քաղաքի կենտրոնում գտնվող հսկայական թատրոնում բեմադրություն են անում։ Սա իհարկե շատ կարեւոր է։ Կարող են ինչ—որ տեղ սխալվել, որը երիտասարդներին հատուկ է, ինչ—որ բաներ չկարողանան անել այնպես, որ հոգեբանորեն առաջնայինը մարդը լինի, մարդու մասին լինի։ Այնուամենայնիվ, փորձում եմ չխանգարել։ Պատահական չէ, որ մենք, ինչպես նաեւ շատ այլ թատրոններ անմիջապես ընդունեցին այն միտքը, որ պետք է աշխատանքներին ներգրավել նաեւ երիտասարդ կադրերի, ինչն ինձ համար նոր աշխատաոճ չէ։ Այն թատրոններում, որտեղ աշխատել եմ, երիտասարդներին ընդունելու առիթը ոչ մի անգամ բաց չեմ թողել։ Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը եւ ուզում եմ, որ այն ապրի, հարատեւի։ Իսկ երիտասարդները ոչ միայն վաղվա, այլեւ այսօրվա տերերն են։ Միայն այստեղ պիտի խնդրեմ, որ փոքր—ինչ ավելի լուրջ լինեն, կարդան, հայ լինեն, հայեցի մտածեն, մեծանան որպես հայ մտավորականներ, որովհետեւ աշխարհի հետ մեր երկխոսության ժամանակ շատ հաճախ մոռանում ենք մեր ազգայինը։ «Արմատը» չի կարելի կտրել, փորել հանել։ Կհարցնեք՝ ինչո՞ւ եմ այսպես անհանգստանում, որովհետեւ առանց հայ դասական եւ ժամանակակից հեղինակների գործերի թատրոնը գոյություն ունենալ չի կարող։ Պետք է շատ լուրջ մտածել ազգային թատրոնի մասին։
—Ի՞նչ ասել է՝ ազգային թատրոն։
—Ազգային թատրոն նշանակում է՝ ազգային լեզու, որ դժբախտաբար այսօր քիչ ենք հանդիպում։ Մեղավոր է նաեւ մեր սիրելի հեռուստատեսությունը, էլ չեմ խոսում այն նյութի մասին, որ մատուցում են։ Մենք էլ կամա թե ակամա տուրք ենք տալիս այդ ամենին։ Այն լեզուն, այն գարշելի նյութը, որ մատուցում են, մեզ էլ է հեռացնում մաքուր արվեստից։
—Հունվարի վերջին խաղացանկ մտավ «Թակարդ Ստալինի համար» ներկայացումը, ո՞րն է այս ներկայացման «բանալին», եւ ո՞ւմ է ուղղված ասելիքը։
—Տարօրինակ մի ստեղծագործություն, որը բեմադրում է Հակոբ Ղազանչյանը (որդին է)։ Առհասարակ, այս թեման ինձ վաղուց անհանգստացնում է։ Ես էլ եմ երեքուկես տարեկանից զգացել ժողովուրդների հոր՝ Ստալինի շունչը։ Թեման բավականին արդիական է։ Նիկոլ Փաշինյանը Նոյեմբերյանում էր։ Նրան մոտեցավ տարիքով մի մարդ, ասաց. «Ընկեր վարչապետ, մեր գյուղն էլ ստուգողներ ուղարկեք»։ Եվ ես նայում էի ու մտածում՝ մի՞թե մարդը կարող է այսքան ճղճիմ լինել։ Ես այդ մարդու մեջ տեսա նրանց, ովքեր գողացել են իմ մանկությունն ու պատանեկությունը։ Ինքս ինձ հարցնում եմ՝ Աստված իմ, մի՞թե մինչեւ հիմա այսպիսի մարդիկ կան, որ ասեն՝ ստուգողներ ուղարկեք։ Շատ պիտի զգուշանանք, շատ։ Մի կին կա, ազգանունը մոռացել եմ, ա՜խ ինչ լավ է, որ մոռացել եմ, հեռուստատեսությամբ շատ է խոսում, նա էլ է անընդհատ ասում՝ «Գրե՛ք մեզ, ինձ գրեք, գրեք, ես կզբաղվեմ»։ Ինչ է նշանակում՝ գրե՛ք՝ կզբաղվեմ։ Պետք է նրանց այնպիսի վիճակում դնել, որ մոռանան այդ բաները, մի քիչ մարդ դառնան, լավ բաների մասին մտածեն։
—Իսկ ո՞րն է Ձեր ուղերձը հանդիսատեսին։ Հարյուր հիսունից ավելի բեմադրություններ եք տվել՝ Գաբրիել Սունդուկյանի, Գյումրիի Վ. Աճեմյանի, Երեւանի դրամատիկական եւ պատանի հանդիսատեսի, Կապանի եւ այլ թատրոններում։ Տարիների հեռվից գալով՝ կարո՞ղ եք միանշանակ ասել՝ ո՞րն է հանդիսատեսի պահանջը բոլոր ժամանակներում։
—Հանդիսատեսն իրականում չի պահանջում, այս ձեւակերպումը մենք հնարել ենք։ Կան ներկայացումներ, որոնք ինձ համար անընդունելի են եւ իմ կենսագրության մեջ ամոթ են, որ գեղարվեստական ղեկավար լինելուս ժամանակ այդպիսի պիեսներ բեմադրվեն։ Ես ամաչում եմ, երբ հեռուստատեսությամբ նայում եմ ֆիլմեր, ներկայացումներ, հաղորդումներ, որոնք խեղաթյուրում են հայ մշակույթը։ Հանդիսատեսը կարող է շատ բան սիրել, բայց թատրոնը, արվեստն ընդհանրապես կոչված է նաեւ ուղղորդելու համար։ Հիմա ոչ ոք չի ուզում դաստիարակվել, բոլորին թվում է, թե ինքը կարող է դաստիարակել։ Ամեն պատահական բան չպետք է գա բեմ, ամեն բան չպետք է ցուցադրվի հեռուստատեսությամբ, որովհետեւ մարդիկ նայում են, եւ ես շատ եմ զարմանում, որ նայում են։ Բեմադրվելիք նյութը բարձր մակարդակ, ասելիք պիտի ունենա, ինչ—որ բան հուշի հանդիսատեսին։ Երկու ժամ հետո, մինչեւ քնելը, նա պիտի մտածի, գիշերը նույնիսկ անհանգիստ լինի։ Հիմա այնպիսի զարհուրելի բաներ են ներկայացվում, մարդիկ ասում են՝ գնանք ծիծաղենք, ինչի՞ վրա են ծիծաղում, ո՞ւմ վրա են ծիծաղում, ես զարմանում եմ։ Երեւի իրենք իրենց վրա են ծիծաղում, որովհետեւ ուրիշ ծիծաղելու բան ես չեմ տեսնում։ Չափազանցված չլինի՝ ազգային անվտանգության գործն է արգելել այդ ամենը, որովհետեւ դա սերունդ է փչացնում։ Այդ, այսպես կոչված, հումորիստները սարսափելի են ուղղակի։ Ախր ես աշխատել եմ մարդկանց հետ, որոնք հումոր են ունեցել, ես տեսել եմ Թաթիկ Սարյանին։ Նրա մատուցածը բարձրագույն կետն էր հումորի։ Ես աշխատել եմ Մհեր Մկրտչյանի հետ, Արմեն Խոստիկյանի, Կարպ Խաչվանքյանի։ Իսկ հիմա բոլորը որոշել են, որ իրենք կոմիկ են։ Շա՛տ է «էժանացել» ամեն ինչ։ Ախր հումորով մարդը պիտի մի քիչ «ծալքեր» ունենա, դարդ պիտի ունենա, դա՛րդ։ Թվածս անունները բոլորն էլ ունեին ցավը մարդու մասին, երկրի մասին։ Իմիջայլոց էին անում հումորը, իմիջայլոց։ Իսկ մենք հիմա ուզում ենք այնպես ծիծաղեցնել բեմի վրա, որ փողոցով անցնողներն էլ ծիծաղեն։ Այդ աստիճանի մեր հումորը «բացվել» է։ Երեւի թե սա էլ կանցնի, որովհետեւ չի կարող այդպես մնալ։ Մեր ժողովուրդը զարմանալի ժողովուրդ է։ Այսօր իմ գործընկերներն ասում են՝ ախր ո՞նց կլինի այսպես, մեր մշակույթի մասին չեն խոսում, վերաբերմունք չկա, վիրավորված էին, թե Նոր տարի էր, շնորհավորանքներ արվեցին բոլորին, մի անգամ չողջունեցին մշակույթի, գիտության, կրթության մարդկանց։
—Ի՞նչն է Ձեզ պահում թատերական արվեստում։ Հարցազրույցներից մեկում նշել եք, որ 12 տարեկան եք եղել, երբ առաջին անգամ մտել եք թատրոն։ Ինչպե՞ս կապվեցիք եւ արդյո՞ք թատրոնն էր Ձերը։
—Եթե մարդ իմանա ինչպես է կապվում։ Դժվար է իմանալ։ Սերը որեւէ մեկը կարո՞ղ է բացատրել։ Կամ ընդհանրապես ասում են՝ ես քեզ սիրում եմ։ Այս արտահայությունն ինձ համար տարօրինակ է։ Որովհետեւ այդ պիտի զգացվի երեւի։ Դիմացինն էլ պիտի զգա, հասկանա, որ իր նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք են տածում։ Կուզեք անունը սեր դրեք, խենթություն դրեք, տարօրինակ զգացմունք է։ Այդպես էլ թատրոնն է։ Այո, 12 տարեկանում մտա պատանի հանդիսատեսի թատրոն։ Հիշում եմ այդ օրը, հիշում եմ առաջին բառերը։ 8—10 պատանիներով կանգնեցինք բեմի վրա։ Հանձնարարված էր ասել՝ «Ոտքի, ընկերներ, հարգենք ֆրանսիացի բանվոր Էտիենի հիշատակը»։ Երբ հերթը հասավ ինձ, Շամիրխանյանը, որ բեմադրության հեղինակն էր, ինձ ասաց՝ դու մնա... «Դու մնան» ինձ համար դարձավ բախտորոշ։ Եվ ես մնացի մինչեւ հիմա, գնալու միտք չունեմ (ծիծաղում է)։ Մինչեւ հիմա հիշում եմ այդ օրը, նկատի ունեցեք՝ 1949 թվական, 70 տարի առաջ։
—Այժմ, երբ ապրած տարիների հուշամատեանի էջերն ենք թերթում, ամենից շատ ո՞ր թատրոնն եք կարոտում, ո՞ւմ եք կարոտում։ Վարդան Աճեմյանի մասին հիացմունքով եք խոսել։ Արդյոք կարո՞ղ ենք համարել, որ նա է կանգնած եղել Ձեր ստեղծագործական վերելքների առանցքում։
—Թո՛ղ մյուսները չնեղանան, այնուամենայնիվ՝ Գյումրին։ Գյումրին իմ կարոտն է, իմ սերն է, իմ ամեն ինչն է։ Գյումրիի հետ մեր կապը ուրիշ է եղել։ Ինձնից հետո որդիս՝ Հակոբը նշանակվեց, այն էլ ինչպիսի՜ շրջանում, երկրաշարժից մի քսան օր հետո։ Ահավոր բարդ էր վիճակն այն տարիներին. մութ, լույս չկար, ջուր չկար... մի խոսքով։ Բայց ի պատիվ իրեն նա այնտեղ շատ լավ աշխատեց, «կենդանացրեց» թատրոնն ու մարդկանց։ Ժամանակ առ ժամանակ գնում էի, նկատվում էր՝ դահլիճում սեւազգեստ մարդիկ պակասում էին։ Հետաքրքիր կոմեդիաներ արեց։ Ես առանձնացնում եմ այս քաղաքը, այն ամբողջությամբ թատրոն է, մարդիկ բոլորը թատրոն են, վառ մարդիկ են, անհատականություններ են։ Նման չեն իրար, հումորի մասին էլ չեմ խոսում։ Ոչ մի բառի համար «գրպան» չեն մտնում։ Առանց հումորի այնտեղ կյանք չկար։ Երկրաշարժի ժամանակ ի՜նչ անեկդոտներ ծնվեցին, այ մարդ, զարմանալ կարելի էր։ Չափի զգացումը ես այս թատրոնում զգացի։ Հասկացա, որ եթե չափն անցնում ես, հանդիսատեսը քեզ անիծում է։ Ես պարտական եմ Աճեմյանին եւ Գեորգի Ալեքսանդրովիչ Տովստոնոգովին՝ Լենինգրադի Գորկու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարին։ Ինձ բախտ վիճակվեց նրա մոտ լինել երկու տարի։ Թատրոնի հետ կապված այն լավ բանը, որ կա իմ մեջ, նրանցն է։ Աճեմյանը շեշտում էր՝ նայել ազգային դրամատուրգիան։ Առավոտից երեկո մեզ դա էր ասում, եւ այդ էր ճիշտը։
—Այսօր ինչո՞վ կարող ենք զարմացնել օտարազգի հանդիսատեսին։
—Եթե կարողանանք զարմացնել, ապա միայն մեր հեղինակների գործերով։ Զարմացնել կարող ենք «Կարոտով», «Նահապետով»... Եվ զարմացնելու համար էլ շատ պետք չէ տանջվել։ Պարզ բան կա՝ փորձել գտնել այն մարդու տեսակը, ում մասին, որ բեմադրություն եք անում։ Եվ ինչպես Վաղարշ Վաղարշյանն է ասել ժամանակին՝ առանց մազալու բաների իբր ժամանակակից բաներ ենք անում։ Ի վերջո թատրոնն ու դերասանությունն ի՞նչ են. մարդկային հոգու կյանքը պիտի բացես, մարդուն ճանաչես, նրան իմանաս, մարդով զբաղվես, մարդու հետ լինես։ Երեւի հիմքը սա է։ Ես չգիտեմ՝ ո՞վ մեզնից հասցրեց ճանաչել մարդուն կամ ընդհանրապես՝ ճանաչե՞ց որեւէ մեկը։
—Մի առիթով նշել եք, որ Ձեզ երջանիկ եք զգում ոչ թե կենսագրական ճոխ ու լեցուն թերթիկ լրացնելու, այլ ժամանակի հզոր արվեստագետներին, տաղանդավոր ու հետաքրքիր անհատականություններին ճանաչելու, նրանց բարեկամների թվում ունենալու համար։ Ո՞ւմ հետ եք աշխատել, եւ ովքե՞ր են Ձեր հիշողություններում նվիրական հետք թողել։
—Վա՜յ, վա՜յ. Գուլակյան, Քալանթար, մեծ դերասաններ Ջանիբեկյան, Ավետ Ավետիսյան, Բաբկեն Ներսիսյան... Ա՜խ, ինչպես եմ կարոտում։ Շատ սիրելի մարդիկ էին ինձ համար, վառ դերասաններ էին։ Գիտե՞ք, հետաքրքիր դերասանից լավ բան չկա, եւ տխուր դերասանից ավելի սոսկալի բան չկա։ Դերասանը թե որ անհետաքրքիր եղավ, սարսափելի է ուղղակի։ Հնարավոր չէ պատկերացնել, եթե մի բանը պիտի երեք անգամ ասես՝ կորած ես։ Այդ ի՜նչ տարիներ էին, խենթանալ կարելի է։ Հիշում եմ՝ Բաբկեն Ներսիսյանի, Ժիրայր Անանյանի եւ Մանուկ Մնացականյանի հետ «Կռունկ» ռեստորանում ենք։ Դե բնական է, ռեստորանում ենք, պիտի մի լավ խմենք։ Մանուկը ծխախոտը կպցնելու համար մոտեցավ կողքի սեղանի տղաներին ու բավական երկար ժամանակ է չկա։ Վերադառնում է։ Ինքը գալիս է, ետեւից մի քանի տղաներ։ Մանուկը նստեց, սրանք վրա են տվել, թե՝ ինչո՞ւ տենց բան ասացիր, ինչպե՞ս թե մեր կապիտանը մայոր չի դառնա։ Մանուկը պատասխանում է. «Ես զգացի դա»։ Այ մարդ, հարցնում ենք, ի՞նչ է եղել, բողոքավորները, թե. «Ձեր ընկերը մեր կողքին նստած կապիտանին ասաց՝ մայոր չի դառնա»։ Այդ մարդն էլ լուրջ նեղացել է, եկել են։ Իբր բարկացել ենք, ասում ենք Մանուկին՝ ինչ գործ ունեիր, կարող է դառնում է, սա նորից պատասխանում է, թե՝ «չէ, նա մայոր չի դառնա»։ Շատացա՜ն, տեսնելով՝ ուր որ է կռիվը պիտի «բորբոքվի», ես ու Ժիրայրը հանդարտեցնելու համար ասացինք՝ չէ՜, ի՜նչ եք ասում, իհարկե կդառնա, մայոր էլ կդառնա, դեռ մի բան էլ ավելի, Սայաթ—Նովա ֆիլմը տեսե՞լ եք, ահա Բաբկեն Ներսիսյանն է այստեղ նստած, ա՛յ իրեն հարցրեք։ Բոլորը լուռ են։ Բաբկեն Ներսիսյանը, որ արդեն քեֆը «միլիոն» էր, հոնքը բարձրացրեց վերեւ ու ասաց. «Չի՛ դառնա»։ Կռիվը թեժացավ, իջնում են ներքեւ, հետո վերեւ, մի կերպ հանգստացրինք, ասում ենք՝ այ մարդ, Բաբկեն Ներսիսյանին չճանաչեցի՞ք, հումոր ենք արել։ Մի խոսքով՝ հազիվ ազատվեցինք։ Մանուկը մեր գլխին ինչ օյին ասես բերում էր։ Թատրոնում օրն այնպես էր անցնում, չէինք նկատում։ Իմ սիրելի Մելինեն Համամջյան։ Ի՜նչ հետաքրքիր դերասանուհի էր, ահավոր կասկածամիտ։ Հատուկ օր ուներ հետս կռվելու։ Աշխատասենյակիս դռներն առհասարակ բաց եմ թողնում, նստած եմ։ Զգացի՝ գալիս է։ Տկ—տկ—տկ—տկ. միջանցքից լսում եմ կրունկների ձայնը։ Գալիս—նստում է ընդունարանում, սպասում, որ ներս հրավիրեմ՝ հետս կռվի։ Եկավ—եկավ, քարուղարուհու մոտ նստեց։ Հեռախոսը վերցրի, իբր ինձ զանգ են տալիս, ասում եմ՝ լսեք, ես ձեզ քանի անգամ ասել եմ, մի անգամ էլ եմ կրկնում՝ իմացե՛ք մեկընդմիշտ, այս թատրոնում կա մեկ դերասանուհի, դա Մելինե Համամջյանն է։ Եթե նա չլինի, մի մեծ կողպեք կախեք դռան վրա, եւ ընդհանրապես փակե՛ք, եղա՞վ։ Եվ այդ պահին լսում էի նրա կրունկների հեռացող ձայնը՝ տկ—տկ—տկ, գնաց։ Կռիվը վերջացավ։ Ես անթիվ պատմություններ եմ հիշում մեր մեծերից, թե ի՜նչ հետաքրքիր եւ նուրբ հումորով են նրանք վարվել տարբեր իրավիճակներում, ի՜նչ իմաստուն մարդիկ են եղել։ Սակայն ինձ համար կա մեկը, ում մասին չեմ կարողանում ուղղակի հպանցիկ խոսել։ Այդ մարդը Վահրամ Փափազյանն է։ Լենինգրադում ուսանելուս տարիներին երկու տարի, գրեթե ամեն շաբաթ նրա կողքին էի։ Այսօր էլ չեմ կարողանում նրան մահկանացուների շարքում տեսնել։
—Պարոն Ղազանչյան, հերթական հարցերը, որ պետք է տամ, կազմել եմ ընթերցողների խնդրանքով։ Նրանց հետաքրքրում է, թե ո՞րն է կյանքի երջանկության «բանալին» ըստ Ձեզ։
—Իհարկե աշխատանքը, քո սիրած աշխատանքից ավելի մեծ երջանկություն չկա։ Ես հիմա չեմ ուզում ասել՝ ընտանիքը, երեխաները։ Նրանք անշուշտ կարեւոր են, բայց այդ բոլորը ունենալուց հետո, եթե քո սիրած աշխատանքը չես անում, անհետաքրքիր է ամեն բան քեզ համար։ Ուրիշ ի՞նչն է քո մտածմունքի առարկան։ Ո՞րն է քո խենթությունը, ի վերջո ինչի՞ն ես սիրահարված, եթե քո գործը չես սիրում։ Ստացվում է, որ իզուր ես ապրում, որովհետեւ ո՞նց կարող է մարդն առանց սիրելու ապրել։
—Խոսեցիք սիրո մասին։ Պատմեք մեզ Ձեր տիկնոջ՝ Գալյա Նովենցի հետ ծանոթության մասին։ Ինչպե՞ս հանդիպեցիք նրան։ Առաջինն ո՞վ ասաց՝ ես քեզ սիրում եմ, Դու՞ք, թե՞ տիկին Գալյան։
—Մի օր ուշքի եկա, տեսա հարսանիքում նստած եմ, այլեւս փրկություն չկա (ծիծաղում է)։ Ինստիտուտում կուրսեցիներ էինք։ Գալյան ինձ հանգիստ չէր տալիս, հոգիս հանում էր (կատակում է)։ Ավարտեցինք, թե չէ, ամուսնացանք ու մեկնեցինք Ղափան։
—Իսկ ի՞նչն էր գրավում Ձեզ տիկին Նովենցի մեջ։ Ո՞րն էր նրա կանացի յուրահատկությունը։
—Ո՞վ կարող է նման բանից «գլուխ հանել»։ Հիմա Դուք գրավում եք իմ ուշադրությունը, բայց չեմ կարող բացատրել, թե ինչն է՝ հասակը, ժպիտը, թե աչքերը։ Որ հարցնեք՝ ո՞նց էր ճաշ եփում կասեմ՝ արտակարգ, որովհետեւ ե՛ւ իր մայրը, ե՛ւ տատը հրաշալի էին պատրաստում։ Սովորում էր, շատ շուտ էր ամեն ինչ սովորում։ Բոլորին թվում է, թե Գալյան «լեննականցի» էր, ոչ գյումրեցի չէր։ Բայց ինչպե՜ս էր խոսում։ Գյումրեցու երաժշտականությունն է «բռնել»։ Իսկ այսօր իբր խաղում են, այնինչ ծաղրում են։ Գալյան սկսեց Ֆրունզե Դովլաթյանի «Բարեւ, ես եմ» ֆիլմով։ Լեւոն Հախվերդյանը լավ է գրել, ասում է՝ դերասանուհի, որը դերասանություն չի անում։ Իսկապես այդպիսին էր նա։ Կերպարներն ընտրելիս քաղքենիական բաներ չէինք անի. այս կերպարն ինչպե՞ս բացել, այն ինչպե՞ս խաղալ։ Հակոբն էլ արդեն հայտնի ռեժիսոր է, թատրոններ է ղեկավարել, բայց նման խոսակցություններ չեն եղել։ Ինքնուրույնություն կա, փակ ինչ—որ բան կա յուրաքանչյուրի մեջ։
—Պարոն Ղազանչյան, ասում են՝ տարիքը կապ չունի, ամեն մարդ պետք է ունենա երազանք եւ դրան հասնելու մեծ ձգտում։ Դուք ունե՞ք անկատար երազանքներ։
—Շա՜տ, շատ։ Ամբողջ կյանքս երազել եմ մի լավ կաշվե վերարկու ունենալ, կոշիկներ, որ երբ իմ սիրած աղջկա հետ քայլեմ աշնանային երեկոներին, ուժեղ անձրեւ գա, ոտքերս չթրջվեն, անհարմար չզգամ։ Կյանքս զարմանալի ստացվեց՝ սիրած աղջիկը եղավ, ո՛չ վերարկուն կար, ո՛չ կոշիկները։ Կոշիկները եղավ, աղջիկը չկար, վերարկուն չկար։ Երեքի հանդիպումն ինձ համար մնաց որպես երազանք։ Պատկերացնո՞ւմ եք՝ այգում գնում ես քո սիրած աղջկա հետ, կոշիկները ջուր չի քաշում, բայց երկինքն անձրեւում է։ Գնում ես չոր։ Այդ չեղավ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրի մոտ էլ ինչ—որ մի բան կա, որ այնուամենայնիվ մնում է անավարտ։ Բայց ի՜նչ վատ կլիներ, եթե բոլոր երազանքներն իրականանային։ Շատ վատ կլիներ։ Պատկերացնու՞մ եք՝ 40 տարեկանում երեքը միասին լինեին՝ աղջիկը, վերարկուն ու կոշիկները։ Իսկ ի՞նչ պիտի անեի մնացած 40 տարին։ Էլ ինչի՞ պիտի ապրեի, ո՞րն էր լինելու երազանքը, ապրելն այլեւս իմաստ չէր ունենա։
—Ասում են՝ սերը տարիք չի հարցնում, իսկ Դու՞ք ինչ եք կարծում։
—Այդ հարցն ինձ համար չէ, որովհետեւ ես ամեն շաբաթ սիրահարվում եմ։
—Հիմա սիրո՞ւմ եք։
—Իհարկե, ո՞նց կարող է մարդը չսիրել, ի՞նչ է նշանակում տարիք։ Ջահելներից որեւէ մեկը թող գա ինձ պես քայլի, ինձ պես խոսի։ Դե հա, խոսել կարող են, խոսողները շատ են, բայց ուզում եմ ասել՝ գործն իմանա, եւ հետո, ինչպես Սունդուկյանն էր ասում՝ ավելի լավ է պառավ ղոչաղը, քան ջահել դամբլեն։ Ջահելներին խնդրում եմ, որ մի քիչ ամուր լինեն։ Աշխարհում անիրագործելի բան չկա։ Երբ դու որոշում ես հասնել ինչ—որ բանի, կհասնես։ Բայց եթե ասես՝ հլը տեսնենք, մի հատ փորձենք, վերջացավ։ Ավելի լավ է այդ մասին էլ չմտածես։ Երբե՛ք եւ ո՛չ մի անգամ վատաբանելու, բամբասելու, ինչ—որ ինտրիգներ անելու վրա ժամանակ մի՛ կորցրեք։ Դա կորած ժամանակ է։ Ժամանակը «կորցրու» սիրած տղայիդ հետ հանդիպելու, հանդիպումից հետո մի բաժակ խմելու, մի քիչ «վերանալու» վրա, բայց ոչ մնացածի։ Երբե՛ք դառնությամբ մի լցրու ինքդ քեզ, որովհետեւ դա վատ խորհրդատու է։ Դու ինքդ դառնում ես վատը։ Պետք չէ, պետք չէ նման դատարկ բաների վրա ժամանակ կորցնել։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

09-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO