Խորքային քննարկումների կարիք կա
Արցախում ՀՀ խորհրդարանի ղեկավարը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանն առաջին անգամ է Ստեփանակերտում։ Արցախցի իր գործընկերոջ՝ Աշոտ Ղուլյանի հետ կայացած առանձնազրույցից հետո, ընդլայնված կազմով նա քննարկումներ է ունեցել ԱԺ խմբակցություների եւ մշտական հանձնաժողովների անդամների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին, ընդգծել նման ձեւաչափերով ակտիվ շփումների անհրաժեշտությունը։ ՀՀ խորհրդարանի ղեկավարն այցի շրջանակում շփվել է նաեւ լրագրողների հետ։ Ճեպազրույցի ժամանակ Ա. Միրզոյանը վստահեցրել է, որ պարբերական հանդիպումներն ու շփումները Արցախի ԱԺ նախագահի, երկու խորհրդարանների պատգամավորների միջեւ ավանդական բնույթ են կրելու, ինչը կնպաստի գործընկերային հարաբերությունների ամրապնդմանը։ «Խորհրդարանային կապերի սերտացմանը մասնավորապես լիցքեր կհաղորդի ՀՀ խորհրդարանում Արցախի պառլամենտի հետ աշխատանքների համակարգման հանձնաժողովի գործունեությունը, որը կձեւավորվի առաջիկայում։ Հանդիպումներ կկայանան ինչպես Երեւանում, այնպես էլ Ստեփանակերտում՝ համատեղ օրակարգով, հստակ դիրքորոշմամբ,–նշեց Ա. Միրզոյանը։–Մեր նպատակն է՝ Արցախի քաղաքական ուժերի համար առավելագույնս հասկանալի, ազնիվ ու թափանցիկ դարձնել Հայաստանի նոր իշխանությունների դիրքորոշումները սկզբունքային խնդիրների վերաբերյալ»։ Անդրադառնալով երկու խորհրդարանների փոխգործակցության խորացմանը միտված քայլերին՝ Ա. Միրզոյանը համոզմունք հայտնեց, որ «փորձի փոխանակման ձեւաչափը հնարավորության կտա խորանալու ոչ միայն օրենսդրության կատարելագործման խնդիրներում, այլեւ խորհրդարանական դիվանագիտության ասպարեզում»։ Նա մասնավորապես այդ համատեքստում է դիտարկում «արցախյան խնդրի խաղաղ կարգավորման բաղադրիչները», որպես տարածաշրջանում կայունության պահպանման նախապայման՝ ներկա փուլում կարեւոր համարելով Արցախի անկախության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ Հայաստանի Ազգային ժողովի ղեկավարը հավելել է, որ ոք չպիտի կասկածի, որ ՀՀ խորհրդարանականները ջանք չեն խնայելու միջազգային հարթակներում արցախյան հիմնախնդիրը պատշաճ մակարդակով ներկայացնելու համար։ Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ՀՀ խորհրդարանն ինչպիսի՞ դիրքորոշում ունի հայկական երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական դաշինք ստեղծելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրման հարցում, պարոն Միրզոյանը նշեց, որ, իր կարծիքով, «շտապողականություն չպետք է ցուցաբերվի, եւ հարցի շուրջ Հայաստանի եւ Արցախի խորհրդարաններում պետք է խորքային քննարկումներ ծավալվեն, ու փաստարկների եւ հակափաստարկների վերլուծություն կատարվի»։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
12-02-2019
|