Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.02.2019
ԶԱՆԱԶԱՆ


Փառքի 90 տարի

Օլիմպիական բազմակի չեմպիոն եւ օլիմպիական չեմպիոնի հայր Ալբերտ Ազարյանը

Լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը 90 տարեկան է։ Մարդ, որի անունը վաղուց ամուր սերտաճել է հարազատ բնագավառին՝ դառնալով սպորտային մարմնամարզության եւ, ընդհանրապես, սպորտի ու օլիմպիական խաղերի հոմանիշ։ Եվ դա ամենեւին էլ չափազանցություն չէ, քանզի բոլոր ժամանակներում սպորտի իրական սիրահարներն առավել բարձր են գնահատել վառ ու անզուգական հաղթանակները եւ դրանք կերտած անհատներին։ Իսկ նրա յուրաքանչյուր հաղթանակ իրապես հնչեղ ու նշանակալի է եղել։
Ալբերտ Ազարյանի պարագայում «նա խորը հետք է թողել սպորտում» արտահայտությունը միանգամից դադարում է ծեծված լինելուց եւ ձեռք բերում կոնկրետ ուրվագծեր եւ բովանդակություն։ Նրա մասնակցությամբ ցանկացած մրցում գործնականում միանգամից պատմական է դարձել, քանզի մշտապես ուղեկցվել է նորույթներով եւ կատարելագործված վարժություններով։ Պատահական չէ, որ մարմնամարզության հիմնարար տարրերից մեկը ստացել է «ազարյանական խաչ» անվանումը։ Դրա կատարումն առ այսօր համարվում է բարձրագույն վարպետության դրսեւորում։ Այն արդեն շատերն են կատարում, բայց քչերն են կարողանում մատուցել մեր աշխարհահռչակ հայրենակցի ոճով։ Նաեւ դրանով է արտահայտվում Ալբերտ Ազարյանի եզակիությունը։
Հիմա դժվար է ասել, թե հատկապես երբ ծնվեց այդ ֆենոմենը։ Խոսքն, իհարկե, կենսաբանական ծննդի տարեթվի մասին չէ, քանզի այստեղ ամեն ինչ պարզ է՝ 1929 թվականի փետրվարի 11 Գանձակում։ Իսկ ե՞րբ ու ո՞ր պահին համաշխարհային սպորտի երկնակամարում ծագեց «Ազարյան» աստղը։
Գուցե այն րոպեին, երբ 14—ամյա պատանին հոր մահից հետո ընտանիքին նեցուկ լինելու մղումով արդեն Վանաձորում առաջին անգամ մտավ դարբնոց ու ձեռքն առավ ծանր մուրճը։ Իսկ գուցե լեգենդար ծանրորդ Սերգո Համբարձումյանի հետ հանդիպման պահից, որը ոգեւորեց ջլուտ դեռահասին ու քիչ էր մնում այլ հուն մղի նրա մարզական ուղին։ Թե 1947 թվականի այն օրից, երբ արդեն 18—ամյա երիտասարդը խիստ մրցույթի արդյունքներով ընտրվեց եւ մասնակցեց Մոսկվայում տեղի ունեցած ֆիզկուլտուրնիկների համամիութենական շքերթին։ Կարծում ենք, դրանք պարզապես այն նրբանցքներն էին, որոնցով նախախնամությունն օլիմպիական խաղերի ապագա եռակի չեմպիոնին ուղեկցում էր դեպի մեծ սպորտի պողոտա։
Իրականում բեկումնային էր Երեւանի ֆիզկուլտուրայի տեխնիկումում սովորելու ընթացքում Ալբերտ Ազարյանի եւ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սիմոն Կարագյոզյանի համատեղ աշխատանքի մեկնարկի պահը։ Եր՞բ էր դա, ո՞ր օրը՝ պատմությունը չի արձանագրել։ Բայց ինքը՝ Ազարյանը նշում է, որ իր կյանքում շրջադարձային էր հենց մոսկովյան շքերթը։ «Անչափ ոգեւորվել էի այն մտքից, որ այդ միջոցառման ժամանակ լինելու եմ իմ հանրապետության դրոշակակիրը։ Դա մեծ խթան էր։ Ավելի ուշ, ընդունվելով տեխնիկում, հաճույքով ընդունեցի մարմնամարզությամբ զբաղվելու մարզչի առաջարկը։ Ընդ որում՝ սկսեցի նժույգթափի վրա եւ ազատ վարժություններից։ Ֆիզիկապես պատրաստված լինելու եւ թեթեւ քաշիս շնորհիվ միանգամից յուրացնում եւ կատարում էի մարզչիս ցուցադրած վարժությունները»,–հիշում է նա։
Բնատուր տվյալների, տաղանդի, ուշիմության եւ քրտնաջան մարզումների համադրումը շատ արագ տվեց իր արդյունքը։ Ազարյանը միանգամից ընդգրկվեց հանրապետության հավաքականում եւ ներգրավվեց միութենական նշանակության մրցումներին։ Իսկ 1953—ին միանգամայն տարերայնորեն ծնվեց նրա այցեքարտը դարձած հանրահայտ հնարքը։ Դա այնքան լեգենդար դրվագ է, որ պարզապես անհնար է շրջանցել Ալբերտ Ազարյանին նվիրված անդրադարձներում։ Մենք նույնպես չենք խախտի ավանդույթը՝ առավել եւս, որ այդ իրադարձությունը ոչ միայն բախտորոշ էր մեր հերոսի համար, այլեւ նոր խոսք համաշխարհային մարմնամարզությունում։ Եվ այսպես, Լենինգրադ՝ ԽՍՀՄ առաջնություն։ Մրցավարները, կարծես, ոչ մի կերպ չէին համակերպվում այն մտքին, որ ստուգատեսը կարող է ավարտվել հայկական թիմի հաղթանակով։ Ասենք, մեր մարմնամարզիկներն էլ օղակների վրա վարժությունում համոզիչ փաստարկներ չէին ներկայացնում։ Մթնոլորտը լարված էր, քանզի Հայաստանի թիմն ընթանում էր 2—րդ տեղում եւ ցանկացած հերթական սայթաքում նրան հեռացնում էր ուրվագծվող հաղթանակից։ Մեր մարմնամարզիկները հաջորդաբար ցածր գնահատականներ էին ստանում, քանզի օղակների վրա ելույթ ունենալիս չէին կարողանում 3 վայրկյան մնալ խաչաձեւ դիրքով, ինչպես պահանջվում էր մրցակարգով։ Անգամ, օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանը 10 հնարավորից 9,2 միավոր էր ստացել։ Վերջինը մրցահարթակ մտավ Ալբերտ Ազարյանը, որը քաջ գիտակցում էր իր ելույթի նշանակությունը եւ շատ էր ցանկանում հաղթել։ Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ քմահաճ մրցավարները բավարարված են։ Մնում էր մեկ միջոց՝ հարցնել հենց նրանցից։
Ահավասիկ, իրադարձությունների հետագա զարգացումն ըստ Ա. Ազարյանի. «Սկզբում, ինչպես կարգն է, կատարեցի կոմբինացիոն վարժություններ՝ աչքիս ծայրով հետեւելով ելույթս գնահատող 4 մրցավարներին։ Ահա եւ եկավ խաչը «պահելու» պահը։ Կատարելով այդ տարրը եւ մնալով անհրաժեշտ դիրքում՝ հաջորդաբար շրջվեցի դեպի մրցավարները եւ հարցրեցի՝ բավակա՞ն է։ Նրանք մի պահ շփոթվեցին, քանի որ առաջին անգամ էին բախվում նման իրավիճակի։ Յուրաքանչյուրից ստանալով դրական պատասխան՝ պահանջվող կարգով ավարտեցի ելույթս եւ իջա։ Ու միայն այդ ժամանակ պարզվեց, որ մրցավարները պահանջում են խուլիգանության մեղադրանքով որակազրկել ինձ։ Նրանք պնդում էին, որ մարզիկն իրավունք չունի ելույթի ընթացքում զրուցել մրցավարների հետ, եւ համարում, որ հեգնել եմ իրենց։ Եվ հանկարծ մրցավարներից մեկն ասաց, թե՝ լսեք, ախր Ազարյանը կողային խաչ է կատարել, իսկ դա նոր տարր է մարմնամարզությունում։ Այդպես, ինձ ոչ միայն չորակազրկեցին, այլեւ ընդգրկեցին ԽՍՀՄ հավաքականում եւ ընդամենը մեկ տարի անց այդ տարրի շնորհիվ Հռոմում առաջին անգամ դարձա աշխարհի չեմպիոն»։
Ահա այդպես համաշխարհային մարմնամարզությունը ստացավ նոր տարր՝ «շրջադարձով խաչ», որը շուտով կոչվեց ազարյանական եւ հենց այդ անվանումով էլ ներառվեց մարզաձեւի մեթոդաբանական ցանկում։ Այսօր այն շատերն են կատարում, բայց Ազարյանի ոճը, երբ նա, կարծես, ճախրելուց հետո մի պահ անշարժանում էր, պարզում ձեռքերը եւ գլուխը շրջելով՝ իր յուրահատուկ ժպիտով ողջունում երկրպագուներին եւ մրցավարներին, մնում է անզուգական։
Իսկ այն ժամանակ նրա դարաշրջանը նոր էր սկսվում. 1956 եւ 1960 թվականների օլիմպիական խաղերում նա նվաճեց 3 ոսկե եւ 1 արծաթե մեդալ։ 1954—58 թվականներին դարձավ աշխարհի քառակի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ մարզիկի կարիերան ավարտելուց հետո շարունակեց նվիրված ծառայել հարազատ մարզաձեւին։ Ալբերտ Ազարյանն այսօր էլ աշխատանքային օրը սկսում է իր անունը կրող մարզադպրոցում՝ առավոտյան նախավարժանքով։ Հետո պարտադիր մտնում է մարզադահլիճ, որը դեռ համակված է իր որդու՝ օլիմպիական չեմպիոն Էդուարդ Ազարյանի, այստեղ մարզված մեր մյուս աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների շնչով։
Վաղեմի հաղթանակներից մեծ մարզիկին մնացել են միայն հուշերը։ Պարզվում է, դեռ 70—ականներին անհայտ չարագործները հափշտակել են նրա օլիմպիական մեդալներն ու այլ մրցանակներ, որոնց ճակատագիրն առ այսօր անհայտ է մնում։ Կարծում ենք, Ալբերտ Ազարյանի համար լավագույն նվերը կլինի, եթե երկրի իշխանությունները կամ սպորտի պատասխանատուները նախաձեռնեն ու փորձեն ՄՕԿ—ից ստանալ այդ մեդալների կրկնօրինակները։ Հուսով ենք՝ հարցի լուծումը կգտնվի։
Իսկ մինչ այդ՝ ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ վարպետ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

12-02-2019





23-02-2019
Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին
Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով



23-02-2019
Երբ վտանգված էր Արցախի ճակատագիրը
Ծնունդ առան պաշտպանական առաջին ջոկատները

Մարտական փառավոր ուղի ...


23-02-2019
Ռազմարդյունաբերություն բաղադրիչի բովանդակային մասը կպահպանվի
Հակոբ Արշակյանը «Իմ քայլին» է ներկայացրել նորաստեղծ նախարարության ...


23-02-2019
«GSP+»—ի ներքո իրականացված արտահանումն աճել է
Դրան նպաստել է նաեւ REX ինքնահավաստագրման նոր համակարգը



23-02-2019
Հայրենիքին ծառայելն առաքելություն է
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ...


23-02-2019
«Մենք չենք պարտվելու եւ պիտի հաղթենք»
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն հայոց Գարեգին Բ ...


23-02-2019
Հյուրընկալվել է Նիդերլանդների դեսպանը
Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արարատ Միրզոյանը երեկ ընդունել է ՀՀ—ում ...



23-02-2019
Առկա ներուժն արդյունավետ օգտագործելը փոխշահավետ կլինի
Վերլուծաբանները կարեւորում են ...

23-02-2019
Արխիվի աշխատանքն ընթանում է բնականոն հունով
Աշխատակիցները լիակատար աջակցություն են ...

23-02-2019
Թեթեւատլետները դժգոհ են մարզումային պայմաններից
Հայաստանի թեթեւատլետները տարեսկզբից արդեն չորս ...

 
23-02-2019
Պատանեկան հավաքականը նորից պարտվեց
Մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը 0... -2
ցերեկը +2... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO