Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՍՈՑԻՈՒՄ


Համերաշխության եւ սիրո երկիր երազող նախարարը

Զարուհի Բաթոյանը ներկայացրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության անելիքները

Հայաստանի միակ կին նախարարը, որը հունվարի 19—ից ղեկավարում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի գերատեսչությունը, երազում է մի երկրի մասին, որտեղ քաղաքացիները պաշտպանված են սոցիալապես, որտեղ բազմաթիվ են ծառայությունները, եւ դրանք բոլոր մարդկանց համար են մատչելի։ Զարուհի Բաթոյանն ամեն ինչ անելու է՝ հանուն կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության, հավասար հնարավորությունների, անապահով ընտանիքների աջակցման եւ ընդդեմ ընտանեկան բռնության։ Նախարար Զարուհի Բաթոյանի հետ զրուցել ենք նախարարության թիմի համալրման, պաշտոնում նշանակվելու, նոր ծրագրերի իրականացման մասին։
–Տիկի՛ն Բաթոյան, հունվարի 19—ին նշանակվեցիք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։ Ո՞ւմ կողմից եղավ առաջարկը, եւ ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը։
–Առաջարկը վարչապետի կողմից էր, արձագանքն էլ, արդյունքը տեսնում եք, այսինքն՝ փոքր—ինչ ներկայացրեցի պատկերացումներս հիմնականում ծրագրերի մասով։ Շատ երկար քննարկում չի եղել։ Թիմի մեծ մասը  պատկերացնում էր, որ ես կարող եմ ստանձնել այդ աշխատանքը։ Ես ինքս էլ ինքնավստահություն ունեմ։
–Նախարարությունում նոր չեք։ Մինչ նախարարի պաշտոնը զբաղեցնելը եղել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար։ Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք նախարարության աշխատակիցների հետ եւ արդյո՞ք նոր թիմ ստեղծելու անհրաժեշտություն տեսնում եք։
–Ինձ համար շատ կարեւոր էին որպես նախարարի տեղակալ աշխատելու այս ժամանակահատվածն ու փորձառությունը, եւ կարեւոր էր հատկապես մարդկանց ճանաչելու, մասնագետներին ավելի մոտիկից, նրանց կարողությունները, պատկերացումները հասկանալու համար, եւ իսկապես դա շատ կարեւոր փորձ էր։ Ես շնորհակալ եմ մարդկանց այդ ընթացքում ինձ աջակցելու համար՝ իրենց մասնագիտական գիտելիքներով հատկապես։ Այդ ընթացքում մարդիկ հնարավորություն ունեցան ինձ ճանաչելու եւ այդ փոխադարձ վստահությունը, փոխըմբռնումը, կարծում եմ, կար, եւ դա ավելի շատ նպաստեց, որ ինձ որպես փոխնախարար ընդունեն, ընկալեն։ Մինչ նշանակումը շատերն էին գալիս եւ ցանկություն հայտնում, ասում էին՝ եթե առաջարկ ստանամ, անպայման համաձայնեմ, որ իրենք իմ կողքին կլինեն, կաջակցեն, եւ, իհարկե, դա շատ հաճելի էր։ Այդ իմաստով ճանաչել եմ մեծ մասին։ Իհարկե, նոր թիմ ձեւավորելու կարիք եւս կա, համալրելու թիմը՝ հատկապես։ Կարծում եմ, որ կան բաժիններ, վարչություններ, որտեղ իսկապես նոր մասնագետների եւ նոր ներուժի կարիք կա, որովհետեւ շատ հաճախ մարդիկ նույնիսկ չեն հասցնում աշխատանքը։ Այս դեպքում օպտիմալացումը նաեւ դիտարկենք ոչ որպես կրճատում, այլ մարդկանց ներուժն օգտագործելով ծառայություններն ավելի լավը դարձնելու եւ ավելի լավ քաղաքականություն մշակելու համար։ Կարծում եմ, որ թիմի համալրման կարիք կլինի։
–Օրերս հրապարակվեց կառավարության ծրագրի նախագիծը։ Սոցիալական ուղղվածության ո՞ր կետերն եք գերակա համարում։ Ծրագրում նշված է, որ բարձրացվելու են կենսաթոշակների չափերը, աշխատանքներ են տարվելու մինչեւ 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելու ուղղությամբ։ Կնախանշե՞ք ուղղություններ, որոնցով գնալու եք այս խնդիրներին լուծում տալու համար։
–Առաջին հերթին մեզ համար խնդիր ենք դրել վերանայելու նպաստի համակարգը, անապահով ընտանիքների աջակցության համակարգը, որոնցից էլ նաեւ կբխեն այդ բոլոր գործընթացները՝ թե՛ թոշակ նշանակելը, թե՛ ծառայություններ մատուցելը, առավելապես ավտոմատացնելը, քաղաքացի—որոշում կայացնող կապը նվազագույնի հասցնելը, առաջին հերթին քաղաքացիների համար գործընթացը ավելի հեշտացնելը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն տարբեր տեղեր դիմել, եւ բացառելու մարդկային գործոնը բացասական իմաստով։ Շատ կարեւորում ենք նաեւ աշխատանքի միջոցով մարդկանց խրախուսելու ճանապարհը, եւ աջակցման մեթոդներից մեկը լինելու է հենց աշխատանքի հնարավորությունների ստեղծումը։ Պետությունը պարտավորություն ունի այդ հնարավորությունները ստեղծելու, որպեսզի սոցիալապես անապահով կամ խոցելի կարգավիճակ ունեցող մարդն այս կարգավիճակից կարողանա շատ սահուն կերպով անցում կատարել դեպի աշխատաշուկա, որպեսզի այդ աջակցությունն ավելի երկարատեւ լինի։ Մենք պիտի շատ ավելի մարդակենտրոն դարձնենք ծրագրերը։ Շատ կարեւորում եմ ապաինստիտուցիոնալացումը երեխաների համար։ Երեխաներին հաստատությունից դուրս բերելու, նրանց որդեգրումը, խնամատար ընտանիքներում ապրելու հնարավորությունը մեծացնելը եւ նրանց մուտքը հաստատություններ կանխարգելելը, որովհետեւ մենք կարող ենք շատ լավ արդյունքների հասնել, եթե միանգամից կանխարգելենք մուտքը, ոչ թե երեխաներին արդեն մանկատանը հայտնվելուց հետո փորձենք ընտանիք վերադարձնել։ Այդպիսի փորձ կա, նույնիսկ հասարակական կազմակերպությունների կողմից կա եւ նաեւ պետական աջակցության միջոցով գործում է նաեւ մարզերում, բայց մենք դա պիտի դարձնենք ինստիտուցիոնալ, շատ ավելի մեծ թափ հաղորդենք այդ ծրագրերին։ Ծայրահեղ աղքատության վերացումը մեզ համար որպես նպատակ ենք սահմանել։ Կառավարության ծրագրում նշված ուղղությունները, կետերը կամ առաջարկները նախանշում են ուղղությունները, բայց չեն սահմանափակում մեր անելիքները։ Վստահ կարող եմ ասել, որ մենք ավելի շատ ուղղություններով ենք աշխատելու։
–Մանկատների բեռնաթափման գործընթացը գրեթե բոլոր նախարարների պաշտոնավարման ժամանակ հրատապ է եղել։ Դուք ի՞նչ տեսակետ ունեք այս հարցի շուրջ։ Երազանքի պես է հնչում, բայց հնարավո՞ր է Հայաստանում գա մի օր, երբ մանկատներ այլեւս չլինեն։
–Մենք պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Այո, գուցե ժամանակ առ ժամանակ խոսվել է այս մասին շատ վատ անվան տակ՝ բեռնաթափում, որն արդեն խոսում է այն մասին, թե ինչպիսի մոտեցում ունենք մենք այդ հարցի շուրջ։ Այսինքն՝ կառավարությունը հիմնականում մտածել է բեռը թեթեւացնելու, ոչ թե երեխայի իրավունքը ապահովելու մասին։ Մենք խոսում ենք ապաինստիտուցիոնալացման մասին։ Եթե երեխաների մասին է խոսքը, պետք է աշխատանքներ տարվեն ընտանիքների հետ վերամիավորելու կամ ընտանիքին մոտ միջավայրում ապրելու իրավունքը ապահովելու ուղղությամբ, իսկ չափահասների դեպքում համայնքում ապրելու հնարավորություններ ստեղծելով, որովհետեւ մենք խոսում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց կամ մասնագիտացված մանկատանը մեծացած անձանց մասին, որոնք արդեն չափահաս են, բայց մանկատնից չեն գնացել, քանի որ գնալու տեղ չունեն։ Եթե նույնիսկ նախորդ կառավարությունները ինչ—որ քայլեր են ձեռնարկել կամ խոսել են այդ մասին, ապա որեւէ կերպ նկատի չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց։ Մեր ծրագրերը սրանով են տարբերվելու։ Քաղաքականությունը չի վերաբերել նաեւ մասնավոր մանկատներին, իսկ մենք նաեւ դրանց ենք անդրադառնալու։ Եթե մենք պետական մանկատները կամ գիշերօթիկ հաստատությունները փակում ենք եւ երեխաներին ուղղորդում մասնավոր կամ այլ բարերարների կողմից ֆինանսավորվող հաստատություններ, սա չի նշանակում, որ մենք խնդիրը լուծում ենք։
–Ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում են կանանց իրավունքներն ավելի շատ ոտնահարվում։ Կանանց իրավունքներին նվիրված նախաձեռնություն կտեսնե՞նք առաջիկայում։
–Նախարարությունը նախ պատասխանատու է ընտանեկան բռնության կանխարգելման, վերացման ուղղությամբ եւ քանի որ մեծ մասամբ հիմնականում կանայք են տուժողները, այս մասով նրանց պաշտպանության ուղղությամբ, պիտի քայլեր ձեռնարկվեն։ Ծրագրեր արդեն կան, մասնավորապես ապաստարանների, աջակցման կենտրոնների ստեղծման, ռազմավարությունների մշակման տեսքով, եւ, իհարկե, կարեւորում ենք կանանց աշխատանքային իրավունքների պաշտպանությունը եւ պիտի նաեւ հատուկ ուշադրություն դարձնենք այս հնարավորություններին։ Հիմնական այս երկու ուղղությունները կարող ենք ասել, որոնք մեր դաշտում են։ Իհարկե, էլի ունեն խնդիրներ կանայք, ինչը մեր դաշտում չէ։ Կուզեի նշել առողջապահական խնդիրները, կանանց վերարտադրողական իրավունքը եւ այլն։ Այս մասով մենք նաեւ պետք է սերտ համագործակցենք մեր մյուս գործընկերների հետ ամենատարբեր գերատեսչություններում։ Մենք չենք սահմանափակվելու միայն մեր ոլորտի խնդիրների լուծմամբ կամ հնարավորությունների ստեղծմամբ, այլեւ ակտիվ գործունեություն ենք ծավալելու միջգերատեսչական գործակցության ուղղությամբ՝ հանուն կանանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների։
–Կա՞ն Ձեր կողմից մշակված նախագծեր, որոնք մոտ ժամանակներս կներկայացվեն կառավարությանը։ Սոցիալական բազմաշերտ ոլորտի ո՞ր ուղղությունն եք ընտրելու առաջինը։
–Ինչպես արդեն նշեցի, առաջինը սոցիալական աջակցության՝ նպաստի համակարգն է, որը պետք է վերանայել։ Ծրագրերը շատ են։ Ապաինստիտուցիոնալացումը, կանանց ուղղված ծրագրերը, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման նոր մոդելի ներդրումը, որն արդեն մշակված է, օրենսդրական նախաձեռնություններ ունենք, որոնք պիտի սկսենք նաեւ համագործակցելով Ազգային ժողովի մեր գործընկերների հետ։ Բազմաթիվ են այդ ծրագրերը։ Կարծում եմ, որ առաջիկայում դրանց մասին առավել մանրամասն կլսեք, եւ ասեմ, որ մեզ համար կարեւոր է նաեւ տեղեկատվության տրամադրումը մեր ծրագրերի մասին, որովհետեւ նախարարությունը բազմաթիվ ծրագրեր ունի նույնիսկ այս պահին իրականացվող, որոնց մասին հանրությունը չգիտի։ Այսինքն՝ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու տեղեկատվական բլոկին, ուժեղացնում ենք մեր այս բաժինը, եւ մրցույթները պիտի հայտարարվեն արդեն, որոնք ուղղված են հանրային իրազեկմանը, հատուկ ուշադրություն ենք դարձնելու սոցիալական գովազդի պատրաստմանը, եւ տարբեր այլ լրատվամիջոցների հետ համագործակցությամբ պիտի լուծենք նաեւ իրազեկման խնդիրը, որովհետեւ ամենաշատը հենց այս տեղեկատվության կարիքն ունեն այսօր քաղաքացիները։
–Որպես աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար, ինչի՞ մասին եք երազում, եւ ինչպիսի՞ երկիր եք ցանկանում տեսնել սոցիալական տարբեր շերտերի համար։
–Իհարկե երազում եմ մի երկրի մասին, որտեղ քաղաքացիները պաշտպանված են սոցիալապես, որտեղ քաղաքացիները վստահ են, որ որեւէ իրավունքի ոտնահարման դեպքում կպաշտպանվի այն պատշաճ, արդար կերպով։ Երկիր, որտեղ բազմաթիվ են ծառայությունները եւ բոլոր մարդկանց համար են մատչելի։ Մի երկրի մասին, որտեղ մարդիկ մշտապես աջակցում են իրար, երազում եմ մի երկրի մասին, որտեղ մենք այդ դրական կողմը կօգտագործենք։ Մարդկային ռեսուրսը, սոցիալական կապիտալը, որը ունենք Հայաստանում, շատ կարեւոր է։ Այդ մարդիկ այդ փոխաջակցման մթնոլորտը կարող են ի նպաստ օգտագործել։ Ես կարծում եմ, որ նաեւ երկիրը պիտի այնպիսին լինի, որտեղ մարդիկ միմյանց աջակցում են, եւ այդ համերաշխության ու սիրո մթնոլորտում են ապրում։
Հարցազրույցը վարեց
Անի ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

14-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO