Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Կփորձեմ ջանքերս ներդնել գիտության նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար»

Պարգեւատրվել են Վ. Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի արժանացած գիտնականները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Մինչ հանդիսավոր արարողության մեկնարկը՝ վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.
«ՀՀ ԳԱԱ մեծարգո նախագահ,
Վիկտոր Համբարձումյանի միջազգային մրցանակի մեծարգո հաղթողներ,
Հարգելի գիտնականներ, հյուրեր,
Ահա արդեն չորրորդ անգամն է, որ Հայաստանը գիտական աշխարհում իր մասին բարձրաձայնում է աշխարհի խոշորագույն գիտական մրցանակներից մեկի՝ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությամբ։ Այսպիսով մենք հարգանքի տուրք ենք մատուցում խոշորագույն գիտնականների։ Որպես երկրի ղեկավար եւ որպես պարզ հայ մարդ՝ ինձ համար մեծ պատիվ է եւ հաճույք նման միջոցառման մասնակիցը լինել։
Մենք լիովին գիտակցում ենք մրցանակի հեղինակության կարեւորությունը։ Նրա արժեքն են կազմում գիտական հանրության կողմից ընդունված լինելը, ճանաչված գիտնականների անունները, որոնք կդառնան դափնեկիրներ եւ իրենց արժանի տեղը կգրավեն Վիկտոր Համբարձումյանի փառապանծ անվան կողքին։ Որքան բարձրակարգ գիտնականներ են շահում մրցանակը, այնքան աճում է նրա նկատմամբ վստահությունն ու նրա միջազգային հեղինակությունը։ Ներկայացված աշխատանքների գիտական փորձաքննությունը ամբողջովին վստահված է միջազգային հանձնաժողովին, որի անդամներն են աշխարհահռչակ եւ միեւնույն ժամանակ խիստ անաչառ ու բծախնդիր գիտնականներ, որոնց որոշումից է կախված թե՛ տվյալ տարվա մրցանակակիրների ընտրությունը եւ թե՛ մրցանակի հեղինակության հետագա ամրապնդումը։ Բավական է ասել, որ հանձնաժողովի անդամների թվում են Նոբելյան մրցանակակիր, Միջազգային աստղագիտական միության նախորդ երկու նախագահները եւ մի շարք այլ ճանաչված աստղագետներ։
Վերջերս ռուսական մի մամուլում կարդացի այսպիսի մի հրապարակում, որը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակն անվանել էր աստղաֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակ։ Կարծում եմ, որ սա շատ կարեւոր եւ դիպուկ բնորոշում է։
Վիկտոր Համբարձումյանն իսկական գիտության նվիրյալ էր։ Նրա հանճարին գումարվում էր նրա անսպառ աշխատասիրությունը, եւ այդ երկուսի ներդաշնակ համակցության շնորհիվ էր, որ նրա կողմից ստեղծված Բյուրականի աստղադիտարանի փառքը կարճ ժամանակում տարածվեց ողջ աշխարհում, իսկ Հայաստանում կտրուկ վերելք ապրեցին աստղաֆիզիկան եւ ճշգրիտ գիտություններն ընդհանրապես։
Շատերը հարցնում են, թե այդ ինչպես է, որ փոքրիկ երկիր Հայաստանը սահմանել է այսպիսի խոշոր գիտական մրցանակ։ Լինելով նորանկախ պետություն՝ Հայաստանը ամենադժվարին տարիներին էլ, ներկայումս էլ, շարունակում է կարեւորել գիտության զարգացումը, շարունակում է իր տեղն ունենալ առաջատար երկրների թվում։ Այս ամենի հետ մեկտեղ մենք հասկանում ենք, որ դեռեւս շատ անելիքներ կան մեր երկրում գիտնականի արդյունավետ աշխատանքն ու արժանավայել կյանքն ապահովելու ուղղությամբ, գիտական հիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, երիտասարդ կադրերի ներհոսքն ապահովելու, ընդհանրապես գիտության զարգացման ուղղությամբ։ Որպես երկրի ղեկավար, պիտի փորձեմ բոլոր ջանքերս ներդնել գիտության եւ գիտության մշակների նկատմամբ հարգանքն ու գնահատանքը բարձրացնելու համար։ Որպես օրինակ կարելի է նշել, որ մրցանակի նկատմամբ վստահությունն ավելացնելու նպատակով այս տարվանից ՀՀ կառավարության որոշմամբ մրցանակի բոլոր ծախսերը ներառվել են ՀՀ պետական բյուջեի մեջ։
Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2018թ. դափնեկիրներն են պրոֆեսոր Էդվարդ վան դեն Հոյվելը (Նիդերլանդներ), պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովը (ՌԴ) եւ պրոֆեսոր Լեւ Յունգելսոնը (ՌԴ)։ Նրանք երեքն էլ աշխատում են ժամանակակից աստղագիտության ամենաառաջավոր ճակատում, երեքն էլ բազմաթիվ գիտական հայտնագործությունների հեղինակներ են։ Ներկայացված աշխատանքն անցել է ամենախիստ եւ բծախնդիր գիտական փորձաքննություն եւ բազմիցս քննարկվել է միջազգային հանձնաժողովի կողմից։ Հուսով ենք, որ մրցանակները ստանալուց հետո նրանք ավելի մեծ եռանդով կշարունակեն իրենց գիտական գործունեությունը, իսկ Հայաստանի գիտությունը, մասնավորապես աստղագիտությունը նույնպես նրանց մշտական հոգածության կենտրոնում կլինեն։
Մեծարգո գիտնականներ, հարգելի հյուրեր, թույլ տվեք մեր մրցանակակիրներին հանձնել Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը»։
Վարչապետ Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան մրցանակը հանձնել է Ամստերդամի համալսարանի Անտոն Պանեկուկի անվան աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Էդվարդ Վան Դեն Հոյվելին, ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Ալեքսանդր Տուտուկովին եւ ՌԴ ԳԱ աստղագիտության ինստիտուտի պրոֆեսոր Լեւ Յունգելսոնին։ Մրցանակը շնորհվել է «Զանգվածեղ կրկնակի աստղերի, հատկապես ռելատիվիստական կրկնակիների եւ գրավիտացիոն ալիքների աղբյուրների ձեւավորման ոլորտում առաջնային ուսումնասիրությունների համար» ուսումնասիրության համար։

***
Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության եւ աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների կարեւոր մրցանակներից է։ Այն շնորհվում է որեւէ երկրի եւ ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին։ Մրցանակը շնորհվում է 2010–ից ի վեր՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ. 2010—2016 թթ. ՀՀ կառավարության կողմից այն սահմանվել է 500.000 ԱՄՆ դոլար, 2018 թ. սկսած՝ 300.000 ԱՄՆ դոլար։ Մրցանակի համար շնորհվում են մրցանակի դափնեկրի դիպլոմ, պատվոնշան՝ այն հավաստող հավաստագրով, 200.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական պարգեւ եւ 100.000 ԱՄՆ դոլարի չափով դրամական միջոցներ, որոնք մրցանակը ստանալուն հաջորդող 2 տարում օգտագործվում են Հայաստանում աստղաֆիզիկայի, ֆիզիկայի եւ մաթեմատիկայի բնագավառների հետագա զարգացման համար։

14-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO