Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Վարորդական իրավունք՝ ավագ դպրոցի աշակերտին

Կրթությունը գրավիչ դարձնելու տարբերակներ են քննարկվում

ԱԺ պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը, որն օրերս միաձայն ընտրվեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «ՀՀ»—ի հետ զրույցում անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին։
–Կրթության ոլորտի պատասխանատուները բազմաթիվ խնդիրներ են մատնանշում գրեթե բոլոր ուղղություններում։ Բարձրաձայնվող հարցերից որո՞նք են Ձեզ համար օրակագային, եւ ի՞նչ լուծումներ եք առաջարկում։
–Նախադպրոցական կրթության ոլորտում չկարգավորված հարցեր կան։ Այս իմաստով ոլորտն ուղղակի բարձիթողի է։ Կան բազմաթիվ «ՍՊԸ»—ներ, որոնք զարգացման կենտրոնների եւ այլ անվանումների տակ իրականացնում են նախադպրոցական կրթություն, որոնց ծրագրերը չեն համապատասխանում պետության կողմից սահմանված չափորոշիչներին։ Բոլորը պետք է գան օրենքի դաշտ եւ լիցենզավորվեն։ Միայն այդ պարագայում արդեն կունենանք հստակ չափորոշիչ։ Երեխաները գնում են տարբեր հաստատություններ, հետո գալիս են դպրոց ու պետական ծրագիրը սովորելիս առնչվում են մի շարք խնդիրների։ Ուսուցիչներն էլ են դժվարություններ ունենում, որովհետեւ երեխաների մոտ տարբեր մակարդակներ են լինում։ Հանրակրթական դպրոցներում խնդիրներն ահռելի են՝ սկսած խորհուրդների ձեւավորումից։ Գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ կրթության եւ գիտության նախարարությունը որեւէ ազդեցություն խորհուրդների եւ դրանց ձեւավորման վրա չունի։ Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ նախորդ տնօրենն է որոշում, թե ով է լինելու իրեն հաջորդողը։ Արժանի թեկնածուները շատ հաճախ չեն անցնում, եւ այստեղ խնդիրը ե՛ւ մշակութային դաշտում է, ե՛ւ օրենսդրական։ Հանրակրթության հետ կապված խնդիրներից է նաեւ ավագ դպրոցների ռեֆորմի մինչեւ վերջ իրականացումը։ Միջին մասնագիտականի մասով կարծում եմ, որ պետք է ձեւավորվի վճարովի համակարգ, գործատուների հետ համաձայնագրերի ստորագրում։
—Ավագ դպրոցի այսօրվա մոդելը համապատասխանո՞ւմ է ծրագրի հիմնադրման ժամանակ եղած նախնական պատկերացումներին։
–Ավագ դպրոցը չպետք է գործի հիմնական դպրոցի նման՝ ֆիքսված դասագրքերով եւ դասաժամերով։ Այն պիտի լինի խաղարկային եւ գրավիչ, թիմային աշխատանքի վրա հիմնված։ Ազգային ժողովի իմ ելույթում ես նշել եմ, որ մենք կարող ենք նաեւ լավագույն փորձերը իրականացնել, օրինակ՝ վարորդական դասընթացներ ունենալ։ Սա գրավիչ դարձնելու մեթոդներից մեկն է, որի արդյունքում քննություն հանձնած լավագույն աշակերտները կստանան վարորդական իրավունքներ։ Հետագայում ավագ դպրոցը պետք է դառնա այնպիսի մի վայր, որի տված գնահատականներով, առանց քննությունների, երեխաները կարողանան ընդունվել բուհ։ Անտրամաբանական է, որ լինի ընդունելության քննություն, եթե դու ավարտել ես լավ ավագ դպրոց։
–Նշել եք, որ բուհական ոլորտում բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումն անհրաժեշտություն է եւ օրախնդիր։ Կմեկնաբանե՞ք՝ ինչո՞ւ։
–Բարձրագույն կրթության մասին օրենքի ընդունումը կկարգավորի ոլորտի բազմաթիվ խնդիրներ։ Բուհը պետք է ոչ միայն ուսուցանի, այլեւ հետազոտի, իսկ հետազոտելու համար բուհերը պետք է դառնան մեկ ամբողջություն եւ իրենց մեջ ընդգրկեն ինստիտուտներ։ Մենք այսօր շատ լավ հնարավորություններ ունենք դա անելու։ Կարծում եմ, որ ակադեմիայի ինստիտուտներից շատերը պետք է վերակազմավորվեն կամ միավորվեն բուհերին եւ հաղորդակից անոթներ դառնան նրանց հետ։ Հետազոտությունը գա նաեւ բուհ։ Ուզում եմ շեշտել, որ ակադեմիան քանդելու խոսակցությունները անհիմն են, որեւէ մեկը իրեն թույլ չի տա ակադեմիայի ժառանգությունը կամ ավանդույթը կասկածի տակ դնել ու ասել, որ այն մեզ պետք չէ։ Այն, իհարկե, պետք է, բայց հարկավոր է հասկանալ, թե ինչպես է պետք։
–Պարոն Հովհաննիսյան, Դուք առաջարկում եք բուհերի եւ ակադեմիայի միջեւ համագործակցությո՞ւն, թե՞ միավորում։
–Որոշ ինստիտուտների դեպքում՝ նույնիսկ միավորում։ Նրանք դառնան անկախ, առանձին մարմին, բայց նպատակ ունենան հետազոտությունը բերել լսարան։ Այս իմաստով շատ լավ օրինակ ունենք պոլիտեխնիկական համալսարանում, որտեղ առանձին, ինստիտուտային կառուցվածք է։ Հետաքրքիր ռեֆորմ է տեղի ունեցել, եւ ինքնավարության որոշակի ստատուսով ինստիտուտներ են ձեւավորվել։ Սա է այդ ընդունելի մոդելը, որին պետք է հասնենք, իհարկե՝ էլ ավելի զարգացնելով։
–Ի՞նչ խնդիրներ եք տեսնում դասագրքերի առումով։
–Դասագրքերի մասին խոսելիս խորքային ուսումնասիրությամբ պետք է գանք։ Կրթությունն այն ոլորտն է, որտեղ մեկ օրում փոփոխություններ հնարավոր չէ անել։ Անհրաժեշտ է հիմքերը ճիշտ գցել, որպեսզի արդյունքները տեսնենք մի քանի տարի անց։ Հասկանալու համար, թե ինչպես պետք է դասագրքերը փոխել, հարկավոր է ուսումնասիրել այդ փոփոխության մեխանիզմը, օրինակ, թե ինչպիսի՞ պահանջ պետք է դրվի դասագրքերը ներկայացնող հրատարակիչների առջեւ։
–Իսկ այդ պահանջներն ո՞վ է ձեւակերպում։
–Ձեւակերպել եւ ձեւակերպում է կրթության ազգային ինստիտուտը, որի բարեփոխումն ու վերափոխումը օրակարգային խնդիր է այսօր։ Մարդիկ մոտիվացված չեն այնտեղ աշխատելու։ Պետք է լինի մոբիլ կառույց՝ բարձր աշխատավարձով, որպեսզի պատասխանատուները ձեւակերպեն եւ մատնանշեն նոր խնդիրներ ու պահանջներ, սա իր իր հերթին կբերի դասագրքերի փոփոխության։
–Փոփոխություն ասելիս ի՞նչ նկատի ունեք։
–Բազմաթիվ խնդիրներ կան, սկսած բովանդակությունից, քաշից եւ այլն։ Այսօր ունենք ընտրովի երկու դասագիրք։ Ժամանակին հետազոտություն եմ արել այս թեմայով եւ հայտնաբերել եմ, օրինակ, որ կար մարզ, որ ընտրում էր մեկ դասագիրք, նման բան ուղղակի հնարավոր չէ։ Այստեղ լուրջ կոռուպցիոն վտանգներ կային, հիմա «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը»՝ իմ աջակցությամբ, անցնելով պատվերի ձեւակերպման էլեկտրոնային մեթոդին, բավականին կրճատել է կոռուպցիոն ռիսկերը։ Աշխարհի տարբեր երկրներում, որտեղ բազմաթիվ դասագրքեր կան, ուսուցիչն ինքն է որոշում, թե որ դասագրքով պետք է դասավանդի։ Այս իմաստով ուսուցչին հարկավոր է ազատություն տալ եւ պահանջել վերջնարդյունք։ Նրան չպետք է դնել սահմանափակումների մեջ։ Նույնը վերաբերում է նաեւ բուհերին։
–Մենք գիտենք, որ այսօր շատ դպրոցներում անգլերեն են անցնում ռուս հեղինակների գրքերով, սակայն օրերս խոսվեց այն մասին, որ ռուս հեղինակների անգլերեն դասագրքերը երաշխավորված չեն։
–Ոլորտը կարգավորված չէ։ Սա նույնպես խնդիր է, որոնք պետք է հետագայում քննարկվեն։ Մենք ունենք շատ օրինակներ, երբ ուսուցիչները սովետական դասագրքերը պահում են սեղանի տակ եւ դասավանդում են դրանցով։ Եթե նրանք ապացուցում են, որ այդ դասագիրքն ավելի լավն է, ինչո՞ւ չթարմացնել, վերազինել եւ այդ գրքով ուսուցանել։ Սրանք հարցեր են, որ դեռ պետք է քննարկվեն։ Բայց այս հարցերի մի ստվար մասն ուղղակի դուրս է Ազգային ժողովի լիազորությունների շրջանակից, սակայն օգտագործելով ԱԺ—ի վերահսկողական ֆունկցիաները, կկարողանանք արդյունքներ ապահովել։
–Ինչպե՞ս կգնահատեք դպրոցներում կիրառվող աշխատանքային տետրերի արդյունավետությունը։ Արդյո՞ք այն բացասաբար չի անդրադառնում վերլուծական մտքի վրա։
–Այդ տետրերը որոշ մարդկանց կողմից ժամանակին բիզնես հետաքրքրությունների շրջանակում ձեւավորված պրակտիկա են եղել, բայց, եթե ճիշտ ուղու վրա դրվի, վատ պրակտիկա չէ։ Ես նայել եմ գերմանական փորձը, որտեղ այդ աշխատանքային տետրերով են երեխաները հիմնականում սովորում։ Գերմանիայում շատ հրատարակիչներ դասագիրքն անվճար են տպում եւ հիմնական գումարն աշխատում այդ տետրերից, որովհետեւ դասագիրքն ամեն տարի չէ, որ հրատարակվում է, իսկ աշխատանքային տետրերն անընդհատ պետք է հրատարակվեն եւ գնվեն։ Հետաքրքիր մոդելներ կան, որ պիտի ուսումնասիրենք եւ հասկականք, թե ո՞րն է մեզ առավել մոտիկ, հոգեհարազատ եւ ձեռնտու։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

14-02-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO