Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Կոշիկներից մինչեւ գրքեր

Թումանյանի անձնական իրերը հետաքրքիր պատմություններ ունեն

Հովհաննես Թումանյանի Երեւանի թանգարանում պահվում են հեղինակի սիրելի եւ նվիրական իրերը. դրանցից շատերը մեծ նշանակություն են ունեցել հանճարեղ գրողի համար եւ իրենց հետքն են թողել նրա ստեղծագործական եւ անձնական կյանքում։
Մեզ հետ զրույցում թանգարանի ավագ գիտաշխատող Անահիտ Նալբանդյանը ներկայացրել է հետաքրքրաշարժ պատմություններ Թումանյանի համար թանկ իրերի մասին։

Ինչպես Հովհաննես Թումանյանի կոշիկներով խաղացին Համլետի դերը

«Վերնատանը հաճախ էր լինում երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանը եւ խաղում էր իր դերերը։ Օհաննեսը նրան օգնում էր, ոգեւորում, պաշտպանում մամուլի էջերում։ Երբ Գալֆայանն արտասահման էր մեկնել սովորելու, Օհաննեսը նրա համար դրամ հավաքեց եւ ուղարկեց»,—Նալբանդյանը մեջբերեց Թումանյանի կնոջ՝ Օլգա Թումանյանի հուշերից մի հատված՝ ընդգծելով, որ Թումանյանի համար անչափ հետաքրքրական մարդ է եղել Գալֆայանը, որին գրողը մշտապես աջակցել է։
«Մեծ գրողներից ամենից շատ սիրում էր Շեքսպիրին։ Շեքսպիրի դրամաներից ամենաշատը սիրում էր «Համլետը» եւ Համլետի համար պահանջում էր լավ խաղ։ Ամեն անգամ վրդովվում էր, երբ դերասանները վատ էին խաղում Համլետի դերը։ Նա ամենից շատ Ադամյանին էր հավանում՝ նրան համարելով իսկական Համլետ։ Առհասարակ Ադամյանին շատ էր սիրում։ Սիրանուշի Համլետը չէր սիրում, Կարապետ Գալֆայանի խաղից հավանում էր որոշ կտորներ եւ տեսարաններ»,—իր հուշերում գրել է Թումանյանի դուստր՝ Նվարդը։
Անահիտ Նալբանդյանը պատմեց, որ Կարապետ Գալֆայանը Համլետի դերը խաղալու համար բեմական կոշիկներ չի ունենում եւ Թումանյանին խնդրում է ժամանակավորապես տրամադրել իր տնային հատուկ կոշիկները, որոնք գրողը միմիայն տանն էր հագնում, քանի որ շատ հյուրեր էր ունենում եւ հողաթափերով անհարմար էր դիմավորել նրանց։ Հարմարավետ ու գեղեցիկ կոշիկներով Գալֆայանն ի վերջո խաղում է Համլետի դերը։
«Այդ ժամանակ Թումանյանը մոտ քառասուն տարեկան էր. ստեղծագործական բուռն շրջանը։ Թումանյանը սերտ եւ ջերմ հարաբերություններ ուներ ոչ միայն դերասանների, այլեւ բազմաթիվ նկարիչների, գրականագետների, գրողների հետ»,—նշեց Նալբանդյանը։

Ղազարոս Աղայանի նվիրած ինքնատիպ բաժակները

«Հովհաննես Թումանյանը գրական ասպարեզ է մուտք գործել շատ երիտասարդ տարիքում եւ անմիջապես ձեռք է բերել ոչ միայն հայտնի գրողների, գրականագետների, այլեւ քննադատների բարեհաճ վերաբերմունքը։ Նրանք հասկացել են, որ տաղանդավոր ու խոստումնալից երիտասարդ է գալիս գրական ասպարեզ։ Թումանյանի համար շատ կարեւոր էր այդ մարդկանց հետ ընկերությունը, մտերմությունը, բայց Թումանյանն անգնահատելի էր համարում Ղազարոս Աղայանի ընկերությունը։ Աղայանը Թումանյանից մեծ էր մոտ երեսուն տարի։ Նա անտեսեց տարիքային տարբերությունը, իր ճանաչումն ու սիրված լինելը եւ մտերմացավ Թումանյանի հետ՝ դառնալով նրա ընտանիքի լավ բարեկամը»,—ներկայացրեց ավագ գիտաշխատողը եւ հավելեց, որ Թումանյանի հոր աշխարհիկ անունն Ասլան էր, եւ Աղայանը Թումանյանին դիմում էր «Ասլան բալա»—ով, իսկ Թումանյանն Աղայանին նրա հեքիաթի հերոսներից մեկի՝ Ասլանի անունով կոչում էր Ասլան ապեր։
Գրողները մտերիմ էին նաեւ ընտանիքներով եւ հաճախ էին միմյանց նվերներ տալիս։ «Այս երկու հետաքրքիր բաժակներն Աղայանի եւ իր կնոջ՝ Նատալյայի նվերն են Թումանյանին եւ Օլգային»,—ասաց Նալբանդյանը՝ ընթերցելով Օլգայի հուշերից մեկը նվերի մասին. «Սովորաբար երեկոները երեխաներին տանում էի Արծրունու այգի զբոսանքի։ Երեկոներն այդ նույն այգում զրույցի էին հավաքվում, գարեջուր խմում Օհաննեսը, Աղայանը, Պռոշյանը, Շիրվանը։ Այս այգում 1902 թվականին՝ իր քառասունամյա գործունեության հոբելյանի օրը, Աղայանն ընթրիք տվեց իր ընտանիքի հետ։ Այդ օրը նա ինձ նվիրեց արծաթե գավաթ իր ափսեով ու գդալով, իսկ Օհաննեսին՝ արծաթե բաժակակալ ու գդալ»։

Թումանյանի սիրելի գրապահարանը

Թումանյանի աշխատասենյակում դրված է մի շատ հետաքրքիր գրապահարան, որը ձեւով, ոճով տարբերվում է նրա ունեցած այլ պահարաններից, եւ դրա մասին շատ հետաքրքիր հուշ ունի Նվարդ Թումանյանը։ Նա գրել է. «Հայրիկի գրադարանն ու աշխատասենյակը հարստանում էին։ Օրինակ՝ մի անգամ նա մի լավ ու գեղեցիկ գրապահարան էր տեսել ու շատ էր ուզում գնել այն, որը ութսուն ռուբլի արժեր, բայց փող չկար։ Եթե հայրիկը մի բան հավանում էր ու ցանկանում էր գնել, ուրեմն հասնում էր իր նպատակին։ Նա նստեց ու սկսեց թարգմանել «Իլյա Մուրոմեցը»։ Երկու օրից ավարտեց, տարավ խմբագրություն, գումարը ստացավ եւ գնեց գրապահարանը։ Այդ պահարանը մինչ օրս «Իլյա Մուրոմեց» ենք անվանում»։

Մեծ գրողի գրադարանը

«Թումանյանն ավարտուն կրթություն չի ստացել։ Նա ընդունվել է երեք տարբեր դպրոցներ, որոնցում տարբեր պատճառներով կրթությունն ընդհատվել է։ Բոլորս Թումանյանին ճանաչում ենք որպես շատ խելացի, գրագետ եւ բազմակողմանի զարգացած մարդու։ Այդ ամենին նա հասել է իր ընթերցասիրության եւ գրքի նկատմամբ ունեցած մեծ պաշտամունքի շնորհիվ։ Նա միշտ գրքեր էր գնում, կարդում դրանք, ուսումնասիրում։ Թումանյանն իր տանը ստեղծեց մի հսկայական գրադարան, որտեղ կար տասը հազար կտոր գիրք տարբեր լեզուներով, տարբեր թեմաներով։ Գրքերը պահում էր 13 գրապահարանում։ Պահպանվել է 8000 գիրք։ Դրանք գտնվում են թանգարանում կառուցված գրադարանում եւ պահվում են հատուկ խնամքով եւ ուշադրությամբ»,—պատմեց ավագ գիտաշխատողը։
Նա շեշտեց, որ Թումանյանի գրադարանի հայագիտության պահարանում բացառիկ, հազվագյուտ ու հնատիպ գրքեր կան։ Կան 1641, 1660 եւ 1668 թվականների տպագրություններ։ «Դրանք գրատպության ամենաառաջին գրքերից են։ 1641 թվականինը Խաչատուր Կեսարացու «Հարանց վարք» գիրքն է։ Արտասահմանյան գրականությունից ունի Բայրոն, Շեքսպիր եւ այլ մեծությունների գործեր։ Բարձրարժեք գրքեր կան նաեւ ռուս գրականությունից։ Թումանյանը չէր տիրապետում օտար լեզուների եւ օտարալեզու գրականությունը կարդում էր բառարանների օգնությամբ։ Մի առանձին պահարան բառարաններ ու հանրագիտարաններ ուներ, որոնց օգնությամբ ոչ միայն ընթերցում էր, այլեւ թարգմանում»,—ներկայացրեց Նալբանդյանը։

Արկղիկ, որում տարիներ շարունակ պահվել է բանաստեղծի սիրտը

Հովհաննես Թումանյանը շատ ծանր եւ դաժան հիվանդությունից է մահացել։ Երբ հայտնաբերվել է այն, որոշվել է գրողին Բեռլին տեղափոխել, վիրահատել, բժշկել։ Անահիտ Նալբանդյանի խոսքով՝ ճանապարհին՝ Մոսկվայում, նրա վիճակը սաստիկ վատանում է։ Թումանյանին պառկեցնում են հիվանդանոց, որտեղ նա կնքում է մահկանացուն։ Թումանյանի որդին՝ Արեգը, խնդրում է տեղի բժիշկներին, որոնք հատուկ քիմիական մշակման են ենթարկում Թումանյանի սիրտը, այն հանձնել իրեն։ Սիրտը դնում են ֆորմալինի լուծույթի մեջ, եւ Արեգը հոր սիրտն իր հետ տանում է Թիֆլիսի իրենց տուն։ Թումանյանի սիրտը 17 տարի գեղեցիկ արկղի մեջ պահվում է նրա տան աշխատասենյակում։ 1940 թվականին Երեւանի բժշկական համալսարանի նամակ—խնդրանքով սիրտը բերվում է Երեւան ու ցուցադրվում է բժշկական համալսարանի նորաբաց թանգարանում։ Այնտեղ սիրտը մնացել է մինչեւ 1994 թվականը։ «Այդ տարի լրանում էր Թումանյանի ծննդյան 125—ամյակը։ Հայաստանի կառավարության որոշմամբ՝ բանաստեղծի սիրտը տանում են Դսեղ ու թաղում են գրողի հայրական տան բակում։ Հետագայում բանաստեղծի թաղված սրտի վրա մատուռ է կառուցվում»,—ասաց Նալբանդյանը։
1953 թվականին Երեւանում բացված Հովհաննես Թումանյանի թանգարանում պահվող բոլոր ցուցանմուշները Թբիլիսիից են, որտեղ նա հանգրվանել էր երիտասարդ տարիքից։ Առաջին հերթին թանգարան են բերվել միայն Թումանյանի աշխատասենյակի իրերը։ Հետագայում ամեն տարի մի քանի իր, առարկա, կահույքի մաս համալրել են թանգարանի հավաքածուն։
Ա. Հ.

19-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO