Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Թումանյանը հայ ժողովրդի դեռեւս չգրված սահմանադրությունն է»

Հոբելյան, որը պետք է վերածվի համազգային տոնախմբության

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150—ամյա հոբելյանի առիթով երեկ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Թումանյանագիտության արդի հիմնախնդիրները» թեմայով գիտագործնական համաժողով՝ նվիրված մեծանուն գրողին կյանքի եւ ստեղծագործությանը։ ՀՀ գիտաուսումնական տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ելույթներն ուղղված էին Թումանյանի գրական—հասարակական գործունեության պատմագիտական նշանակությանը, արվեստի բնագավառում նրա կերպարի եւ ստեղծագործության արտացոլմանը, եւ Թումանյանի՝ համաշխարհային գրականության հետ ունեցած կապին։
Բանաստեղծի հոբելյանին նվիրված կառավարական հանձնաժողովի անունից ողջույնի խոսք ասաց կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Երբ 10 օր առաջ նշանակվեցի այս հանձնաժողովի նախագահ, միայն միջոցառումների ծրագիրը թերթելիս հասկացա, թե ինչ մեծ հայրենակից ենք ունեցել։ Պատահական չէ, որ շատ գիտնականներ, հասարակական գործիչներ նրան համարում են հայ ազգի հզոր բանաստեղծներից մեկը, որն ազգի ձեւավորման մեջ շատ մեծ դերակատարում է ունեցել։ Երբ նայում ես ծրագիրը, տեսնում ես, որ նա երեխային, պատանուն, մեծահասակին ասելիք է ունեցել եւ ունի, որովհետեւ, կարդալով նրա հրապարակախոսական նյութերը, տպավորություն է ստեղծվում, թե մի քանի օր առաջ է դրանք գրել։ Բացի այն բանից, որ գրել է, խնդիրը վեր հանել, նաեւ լուծումներ է առաջարկել։ Նրա հուշատուն—թանգարանում, երբ տեսա «Աստղերի խաղը», որտեղ աստղերի պատկերները երկնաքարերի պատկերներ են, հասկացա, որ նա ամբողջությամբ 21—րդ դարի քաղաքացի է։ Ես զարմացա, թե նա ինչպես է ստեղծել այդ խաղը՝ չլինելով այդ ոլորտի մասնագետ։ Հիմա մենք մեծ պատվով մտնում ենք այս միջոցառումների փուլը»,–ասաց նախարարը՝ հավելելով, որ ամեն բան անելու են, որ այս տոնակատարությունները վերածվեն համազգային տոնախմբության։ Նրա խոսքով՝ քաղաքի թումանյանական տեսքը արդեն վկայում է այն մասին, որ պետությունն այս իրադարձությանը շատ մեծ կարեւորություն է տալիս։ «Ես նաեւ ողջունում եմ այս քննարկումը, որովհետեւ վստահ եմ, որ գիտնականները Թումանյանի վերաբերյալ իրենց ուրույն ասելիքն ունեն»,—նշեց Հարությունյանը։
ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը միջոցառմանը ներկայացրեց ինստիտուտի կողմից վերջին մեկ տարում հրատարակված Հովհաննես Թումանյանի կյանքին ու գործունեությանը նվիրված գիտական աշխատությունները (այս մասին «ՀՀ»—ն անդրադարձել է նախկին հրապարակումներում) եւ շեշտեց, որ Թումանյանը պարզապես գրական հետազոտությունների հեղինակ չէ, նա ամբողջությամբ «շաղախված» է մեր ժողովրդի կյանքին։
Բանասիրական գիտությունների դոկտոր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Թումանյանն ավելի շատ փառաբանված է, քան ուսումնասիրված։ Նրա խոսքով՝ թումանյանագիտությունը վիթխարի խնդիրներ ունի։ Խորհրդային տարիներին անհնար է եղել ուսումնասիրել Թումանյանի կյանքը, դա նշանակել է՝ հայ ժողովրդի պատմությունը ուսումնասիրել այնպես, ինչպես որ եղել է, առանց սրբագրումների, որովհետեւ, ինչպես նշում է Հովհաննիսյանը՝ Թումանյանի կյանքը հայ ժողովրդի տարեգրության մի մասն է, հետեւաբար, չէր կարելի ճիշտը գրել դաշնակցականների գործունեության, Առաջին հանրապետության եւ այլ տարիների մասին։ Այս իմաստով Թումանյանի կյանքը բազմաթիվ գաղտնիքներ ունի, որոնք, ըստ նրա, դեռեւս թաքնված են, եւ անհրաժեշտ է, որ հասնեն մեր ժողովրդին։ «Ուշագրավ է, որ բանաստեղծի մասին առաջինը օտարներն են ասել՝ Թումանյանը հայ ժողովրդի խիղճն է՝ նկատի ունենալով 1905 թ. նրա գործունեությունը, երբ դեռ չէր եղել 1915—ը, երբ նա չէր դարձել որբերի հայրիկ, երբ դեռ չէր քայլել Արեւմտյան Հայաստանով Եղեռնի տարիներին եւ իր աչքերով դարձել ականատեսն ու վավերագիրը։ Թումանյանը վիթխարի մեծություն է, նա մեր ամեն ինչն է, հայ ժողովուրդն է, անհատականացված ազգ է, այդ իսկ պատճառով նրան պետք է ոչ միայն մեծարենք, այլ կարողանանք հանրահռչակել, դա է այս սերնդի խնդիրը։
Թումանյանը մեր ազնվականության վկայականն է, նա մեր ազգի եւ ոչ միայն մեր ազգի այլ համամարդկային, ամենամարդկային մարդու լավագույն տեսակն է, որով մենք կարող ենք ներկայանալ աշխարհին։ Ինչպես Սոս Սարգսյանն էր ասում՝ «Թումանյանը հայ ժողովրդի դեռեւս չգրված սահմանադրությունն է»։ Թումանյանի հոբելյանը պետք է տոնենք այնպես, ինչպես հայ ժողովուրդը կտոնի իր հոբելյանը։ Մեծարել Թումանյանին, նշանակում է մեծարել հայ ժողովրդին»,—շեշտեց Հովհաննիսյանը։
Ուշագրավ կապ է եղել Թումանյանի եւ Մարտիրոս Սարյանի միջեւ։ Սարյանի տուն—թանգարանի տնօրեն, նկարչի թոռնուհի՝ Ռուզան Սարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց, որ Սարյան—Թումանյան աղերսները շատ բազմազան են, հարուստ, հետարքիր ու ընդգրկուն մեր մշակույթի պատմության համար։ Նա տեղեկացրեց, որ այս տարի լրանում է Սարյանի ձեւավորմամբ «Ալմաստ» օպերայի 90—ամյակը։ Այս օպերայի հիմքում ընկած է Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմը եւ Ալեքսանդր Սպենդիարյանի երաժշտությունը։ «Սա մի հրաշք է, ազգի երեք հանճարներ՝ կոմպոզիտոր, բանաստեղծ եւ նկարիչ, ստեղծել են միահամուռ կերպով ազգային օպերա։ Ես միշտ ցավ եմ հայտնում, որ օպերայում երաժշտությունն ու խոսքը հնչում են, բայց սարյանական ձեւավորումները պահվում են արխիվում եւ չեն վերականգնվել։ Սարյանի ձեւավորման մեջ ներկայացված էր ամբողջ մեր միջնադարյան բարձրագույն մշակույթը»,—ասաց Ռուզան Սարյանը՝ հավելելով, որ Սարյանը ձեւավորել է նաեւ Թումանյանի հայտնի հեքիաթներ, ինչպես նաեւ «Հին օրհնությունը», եւ դա, նրա խոսքով, այնքան վառ է արտահայտում մեր ժողովրդի էությունը, որ երբ 2006թ. Լոնդոնում մի հատոր է լույս տեսնում՝ «Հայ ինքնություն» վերնագրով, կազմի վրա դրված է Սարյանի այս ձեւավորումը՝ որպես հայ ինքնության լավագույն արտահատություն։ Ռուզան Սարյանը պատմեց բանաստեղծի եւ նկարչի առաջին ծանոթության մասին, որը տեղի է ունեցել 1912թ. Մոսկվայում։ Թումանյանն այցելել է Սարյանի արվեստանոց, եւ նկարիչը տեսնելով բանաստեղծին՝ շատ է ցանկացել կերտել նրա դիմանկարը։ «Բայց Թումանյանը Սարյանի այդ մոդեռն արվեստը այնքան էլ պատրաստ չէր ընկալել եւ հրաժարվեց։ Սարյանը հետագայում ինչքան նկարեց Թումանյանին, օգտվեց լուսանկարներից։ Քչերը գիտեն, որ երբ 1923թ. Թիֆլիսում կատարվեց Թումանյանի թաղման արարողությունը, թափորի առջեւից տարվում էր Սարյանի ձեռքով արված մեծադիր դիմանկարը»,—պատմեց Ռ. Սարյանը։ Այս կտավը այժմ պահպանվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի ֆոնդերում։
Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ

19-02-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO