Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.06.2020
ՄԱՐԶԵՐ


«Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց եւ քայլիր»

Նիկոլ Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150—ամյակի առթիվ այցելել է Դսեղ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եւ դստեր հետ, երեկ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150–ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր՝ Դսեղ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել հայ մեծանուն բանաստեղծի կիսանդրու առաջ եւ շրջայց կատարել տուն—թանգարանի տարածքում, ծանոթացել գրողի կյանքն ու գործունեությունը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշին։
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Կա Մեծարենց, կա Տերյան եւ բազում այլ պոետներ, բայց Թումանյանն է անհաս՝ Արարատը՝ մեր նոր քերթության։ Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է եղել։ Հաճախ չի պատահում, որ պոետը պոետի մասին գովասանքի խոսքեր ասի, բայց սա գովասանքի խոսք չէ, սա խոնարհումի խոսք է եւ վկայությունն է այն բանի, որ մեր ունեցած Արարատը մեկը չէ։ Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես տեսնում եք, ինչպես Չարենցն է վկայում, Արաքսի այս կողմում էլ ունենք Արարատ, եւ այդ Արարատը Հովհաննես Թումանյանն է, եւ այդ Արարատը Լոռվա մարզում է, եւ այդ Արարատը Դսեղում է։
Սրանով Թումանյան պոտեի եւ հանճարի մասին, ըստ էության, ամեն ինչ ասված է, եւ ես չեմ ուզում խոսել Թումանյան մտավորականի, Թումանյան հանճարի, Թումանյան պետական գործչի մասին պետականության բացակայության պայմաններում։ Ես ուզում եմ խոսել Թումանյան մարդու մասին, ոչ թե Թումանյան մարդու՝ որպես ընկեր, որպես ընտանիքի անդամ, որպես հայր, այլ որպես առանձին վերցրած մարդ, որովհետեւ Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին, որովհետեւ մենք տեսնում ենք ահա սրբապատկեր դարձած այս նկարը, երեխաներն իրենց դասագրքերում տեսնում են սրբապատկերի արժեք ստացած Թումանյանին, բայց ո՞վ էր այդ մարդը եւ ինչպե՞ս դարձավ Արարատը մեր նոր քերթության, ինչպե՞ս դարձավ Արարատ։ Նա գյուղացի մի պատանի էր, մի երիտասարդ, միջին, նույնիսկ կարելի է ասել՝ աղքատ մի ընտանիքից, նա մի մարդ էր, որ ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որեւէ ժամկետ։
Թումանյանին մենք այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն, բայց նա մի մարդ էր, ով իր ծնված առաջին օրից կրել է մարդկային բոլոր տառապանքները՝ աղքատություն, սով, անփողություն, ապրելու անհնարինություն, ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան եւ ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, կոպեկի մեջ, մի կտոր հացի մեջ։
Եվ ի՞նչ է արել Թումանյանը, ինչպես է հասել դրան։ Միայն մի բանով, միայն ինքն իրեն հավատալով, միայն կրթության հետեւելով։ Նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել, կիսատ է թողել կրթությունը եւ գնացել աշխատելու, չարքաշ աշխատանքով է ապրել, չարքաշ կյանքով է ապրել։ Չի ունեցել ոչ մի օգնություն, հակառակը, ուրիշներն են իրենից օգնություն հայցել, եւ նույնիսկ շատ դեպքերում դսեղցիներն էլ են նեղացել, ասել են չի օգնում մեզ, մտածելով՝ Թումանյանը, որ Թումանյան է՝ աշխարհի բոլոր–բոլոր հնարավորությունները նրա ձեռքում են։
Եվ ահա այս ամենը ծանրացել էր մարդու ուսերին, եւ ինչո՞ւ նա չի կոտրվել, որովհետեւ նա հավատացել է իր ուժին։ Այն ժամանակ, որ թվում է՝ պետք է ծնկեր, ինչպես Հիսուս Քրիստոսն անդամալույծին ասել է՝ վեր կաց եւ քայլիր, Թումանյանն ինքն իրեն ասել է՝ վեր կաց եւ քայլիր, եւ նա վեր է կացել եւ քայլել։ Նա քայլել է այնտեղ, որտեղ չկար ճանապարհ, նա ապրել է այնտեղ, որտեղ չկար հաց, նա հաղթել է այնտեղ, որտեղ չկար հնարավորություն, որովհետեւ նա ասելիք է ունեցել իր ժողովրդին, եւ իր ժողովրդին իր ասելիքը եղել է մեկը՝ վեր կաց եւ քայլիր, մի՛ ծնկիր, մի՛ խեղճացիր, մի՛ նվաստացիր, մի՛ չարացիր, մի՛ կասկածիր դու քեզ, քո ուժին, քո հայրենիքին, քո անցյալին եւ ապագային, վեր կաց եւ քայլիր։
Սա է Թումանյանի ուղերձը ժողովրդին, Հայաստանին, պետությանը, եւ ես այսօր ինձ իրավունք եմ վերապահում՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, որպես ժողովրդի ազատ կամքով ընտրված վարչապետ, Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց եւ քայլիր, դու անդամալույծ չես, դու պարտվող չես, դու մուրացիկ չես, վեր կաց եւ քայլիր, վեր կաց եւ քայլիր։
Թումանյանն ասում էր՝ ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած։ Եկել է այդ հանուր կյանքի արշալույսը, այսօրվա Հայաստանն է այդ հանուր կյանքի արշալույսը, դուք եք բերել այդ հանուր կյանքի արշալույսը, դուք պարտավոր եք տեր կանգնել ձեր բերած արշալույսին, ձեր բերած երկրին, ձեր հաղթանակին, ձեր հայրենիքին։ Եվ ուրեմն՝ վեր կաց եւ քայլիր։ Վեր կացեք եւ քայլեք, վեր կացեք եւ հաղթեք եւ չխեղճանաք, երբեք ու երբեք չխեղճանաք, որովհետեւ դուք Թումանյանի սերունդն եք, դուք Թումանյանի ժողովուրդն եք, դուք Թումանյանի հայրենիքն եք, եւ դուք Թումանյանի գիտակցությունն եք եւ ապագան։ Եվ ուրեմն՝ կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք եւ մեր երեխաները, որ ապրում են եւ ապրելու են ազատ եւ երջանիկ Թումանյանի Հայաստանում, Թումանյանի երազած Հայաստանում։
Եվ վերջում՝ ուզում եմ արտասանել Թումանյանի՝ իմ ամենասիրելի քառատողը, ու ես նոր էքսկուրսիայի ժամանակ էլ ասացի, որ շատ հետաքրքիր է՝ կա՞ արդյոք գիտական բնորոշում, թե ինչի մասին է նա գրել։ Ես համոզված եմ՝ այստեղ ինչ—որ ուղերձ կա, եւ ինձ թվում է, որ այս ուղերձն ուղղված է բոլորիս, ուղղված է մարդուն, քաղաքացուն, հային, ով կարող է կարդալ այս տողերը։ Որպես այսօրվա խորհրդանիշ՝ թանգարանի մատյանում հենց այս քառատողը գրառեցի.
«Հոգիս՝ տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել»։
Դուք տիեզերքի տերն եք, ժողովուրդ, տեր կանգնեք ձեր տիեզերքին։ Շնորհավոր Թումանյանի 150—ամյակը»։

***
Հովհաննես Թումանյանի՝ Լոռու մարզի Դսեղ գյուղում գտնվող տուն—թանգարանն Ամենայն հայոց բանաստեղծի հայրական տունն է, որը թանգարանի է վերածվել 1939 թվականին՝ գրողի ծննդյան 70—ամյակի առթիվ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին, եւ կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է՝ բաղկացած 6 սենյակից։ Առաջին հարկում են գտնվում հացատունը, մեծ օթախը եւ 2 ցուցասրահ։ Ցուցասրահներում ներկայացված ցուցանմուշները պատմում են Թումանյանի տոհմաբանության, ծնողների, Թիֆլիսում եւ Ջալալօղլիում ուսումնառության տարիների, գրական—հասարակական գործունեության մասին։ Երկրորդ հարկում գտնվող երկու սրահում ցուցադրված են բանաստեղծի մահճակալը, գրասեղանը, հագուստը եւ անձնական իրերը։

20-02-2019





04-06-2020
Ծաղկուն այգի, բերք ու բարիք պարգեւող հայրենի կենարար հող
Նորաշենցիները հարազատ բնօրրանում իրենց ապահով ու վստահ են ...


04-06-2020
Մշակույթ. պատմական անցյա՞լ, թե՞ ներկա
Թույլ չտալ, որ համաշխարհային մշակույթի զինանոցում այսօր մեր ...


04-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 697, մահվան 6 նոր դեպք
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 697 նոր դեպք: Այս ...


04-06-2020
Պատուիր քո հօրը եւ մօրը
Սա է առաջին պատուիրանքը խոստմունքով։ Որ քեզ լաւ ...


04-06-2020
Որեւէ մեկը չի կարող կանխատեսումներ անել
Թե մեկ շաբաթ հետո վարակակիրների ինչ թիվ ենք ...


04-06-2020
Հայագիտական կենտրոնների հիմնումը
Կխթանի աշխարհում հայկականության տարածումը

Ռուսաստանի հայ համայնքի խնդիրների ...


04-06-2020
Հեղափոխությունը դարձնել ինստիտուցիոնալ, ձեռքբերումները՝ անշրջելի
«ՀՀ» օրաթերթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ...



04-06-2020
Այլընտրանքային էներգետիկա
Կամ՝ երբ հայացքդ ձգտում է դեպի ...

04-06-2020
Ոստիկանության բարեփոխումների գործընթացը թափ է հավաքում
Կփոխվի Հայաստանը ներկայացնող պարեկային ...

04-06-2020
Ինչու է վարակի տարածումն աճում
Պետք է ուժեղացնել երկրի սոցիալական ...

04-06-2020
ՀՖՖ-ն շարունակելու է ֆուտբոլային աջակցությունն Արցախին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շարունակելու է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO