Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.08.2019
ՍՈՑԻՈՒՄ


Լավ ապրելու ճանապարհը լավ աշխատելն է

Աշխատող, ստեղծող ու պրպտող մարդը երբեք ուրիշի հույսին չի մնա

Հողի հետ գործ ունենալն այսօր, ցավոք, հարգի ու պատվաբեր չէ։ Մի քիչ «աշխարհ տեսածներն» ու բարձրագույն կրթության տեր անձինք (իհարկե, ոչ բոլորը) խորշում են հողագործությունից ու անասնապահությունից։ Որոշներն անգամ գյուղի անունը լսել չեն ուզում։ Սակայն առավել մտահոգողն ու դատապարտելին հենց բուն գյուղացու, գյուղաբնակի արհամարհական ու անտարբեր վերաբերմունքն է իր բախտի ու ճակատագրի, աստվածապարգեւ իր գոյավիճակի հանդեպ։ Ցավալի ու տագնապահարույց իրավիճակ, որը, թող չափազանցված չթվա, լուրջ սպառնալիք է հայոց պետության, Հայաստանի ազգային անվտանգության եւ, առհասարակ, մեր երկրի ապագայի համար…
Գյուղում, ի տարբերություն քաղաքային բնակավայրի, աշխատատեղ ասվածը մի փոքր այլ է։ Նույնը եւ՝ զբաղվածության առումով։ Թեեւ քաղաքում աշխատելու, աշխատանք գտնելու եւ ծավալվելու դաշտը համեմատաբար մեծ է, սակայն դա, այդուհանդերձ, հատկապես մեր օրերում պայմանավորված է բազմապիսի դժվարություններով, մարդու ցանկության ու կամքի հետ հաշվի չնստող ինչ—ինչ հանգամանքներով ու գործոններով։ Չնայած, ընդհանուր հաշվով, թե՛ գյուղը եւ թե՛ քաղաքն իրենց առավելություններն ու թերություններն ունեն, իրենց, այսպես ասած, յուրահատուկ համն ու հոտը։
Այնուամենայնիվ, գյուղում ազատորեն գործելու, ինքնադրսեւորվելու լավ հնարավորություններ միշտ էլ, թեկուզ եւ՝ փոքրիշատե, եղել են ու այսօր առավել եւս կան։ Չէ՞ որ գյուղացին արդեն մի քանի տասնամյակ անձնական սեփականություն ունի, հողի սեփականատեր է։ Ի վերջո, ճակատագրով իրեն պարգեւված հայրենի բնաշխարհի, իր ծննդավայրի, հարազատ եզերքի տերն ու տիրականն է, ինչը եւ ենթադրաբար նշանակում է, որ իր գլխի ճարն ինքն էլ առաջին հերթին պետք է տեսնի…
Ահա այս առումով առնվազն տարօրինակ է երբեմն գյուղաբնակ մարդկանց դժգոհությունների հանդիպել իրենց ծանր, անմխիթար վիճակի, առավել եւս՝ բողոքանման տրտունջներ լսել աշխատանք չունենալու վերաբերյալ։ Բայց… Ինչպես հասկանալ կամ բացատրել, երբ հողատերը, գյուղատնտեսության արտադրության միջոցների տեր լինելով, նման պահանջներ է ներկայացնում։ Արդարացի՞ է, արդյոք, տեղին չէ՞ նրան ուղղված հետեւյալ հարցադրումը՝ հողը քո ձեռքին, դու տեր ու տիրական, ումից կամ ինչ աշխատանք ես ուզում, առավել եւս, ինչու ես վատ ապրում… Քանզի միամտություն է կարծել, թե աննախանձելի վիճակում հայտնված մեր պետությունն այսօր կարող է աշխատատեղ, արտադրություն բացել գյուղում, գյուղաբնակին իր ուզած կամ երազած աշխատանքը տալ։
Ես, քավ լիցի, երկու ձեռքով կողմ եմ, որ գյուղացին իր հիմնական զբաղվածությանը զուգահեռ, հատկապես՝ ձմռան ամիսներին, հավելյալ աշխատանք՝ հետեւաբար, վաստակի այլ միջոց կամ հնարավորություն եւս ունենա։ Շատ լավ կլինի՝ գյուղացին չի «խրվի» պարտքերի ու վարկերի մեջ, գյուղը նոր թափով կզարգանա եւ, հավատացած եմ, հողի մշակության, ընդհանրապես, գյուղատնտեսության ճյուղի զարգացումն առավել քան արդյունավետ ու շահեկան կդառնա։ Սակայն…
«Հայաստանում չօգտագործվող հողատարածքների 90 տոկոսը սեփականաշնորհված է։ Դա նշանակում է, որ մարդիկ սեփականաշնորհել են հողատարածքները ու չեն մշակում։ Սեփականատերերից շատերը նույնիսկ Հայաստանում էլ չեն…».–սա նախորդ տարի լրագրողական լսարաններից մեկում ՀՀ գյուղփոխնախարար Գառնիկ Պետրոսյանի մտահոգիչ խոսքից ընդամենը փոքրիկ մեջբերում է։
Այն փոփոխությունները, որոնց բոլորս սպասում ենք, հնարավոր են միայն աշխատանքով, միմիայն նորին մեծություն աշխատանքով։ Ընդ որում, բոլորիս մասնակցության ապահովմամբ եւ մեր քրտնաջան աշխատանքով։ Կառավարության խնդիրն ավելի շատ այդ աշխատանքը խրախուսելը պետք է լինի։ Պետք է յուրաքանչյուր անհատի տալ հնարավորություններ՝ արտահայտելու, ցուցադրելու իր աշխատասիրությունը, տաղանդը։ Այո, չխանգարել, տալ հնարավորություն եւ պահանջել։ Ասել՝ քեզ տրված են այսպիսի հնարավորություններ, ինչո՞ւ ես ձեռքերդ ծալած նստել ու ասում՝ ե՞րբ պիտի բոլորի գողացած փողերը վերցնեք ու բաժանեք մեր միջեւ։ Եվ հիմնականում դա պահանջում են նրանք, ովքեր մատը մատին չխփելով, հոխորտում են՝ ո՞ւր են մեր փողերը…
Միանշանակ է, որ անօրինական վաստակած գումարը պետք է վերադարձվի։ Նրանք, ովքեր օրենք են խախտել, պետք է պատժվեն, բայց մինչեւ մենք չաշխատենք, մինչեւ յուրաքանչյուրս չցուցադրի իր ունակությունները եւ բացեիբաց չասի՝ այ, ես ուզում եմ այս բանն անել, բայց ինձ խանգարում են, այդ ժամանակ, թերեւս, կարելի է հասկանալ։ Այո՛, կա ցանկություն, բայց այդ ցանկությունը իր հետ պետք է բերի գիտելիք եւ դա անելու ունակություն, միայն ցանկությունը քիչ է։
Չի կարող, անշուշտ, լինել այնպես, որ տանը հանգիստ նստենք, եւ ցանկալի փոփոխությունը գա մեր դուռը բախի, մեր կյանքը բարելավի։ Այդպես չի լինում… Արդյունք կլինի միայն այն ժամանակ, երբ յուրաքանչյուրն անի իր գործը, երբ մարդն աշխատի։ Լավ ապրելու միակ ճանապարհն աշխատելն է։ Խոսքն, իհարկե, վերաբերում է առողջ, աշխատունակ մարդկանց։ Այո՛, աշխատել, ոչ թե սպասել հրաշքների կամ, ասենք, երկնքից թափվող մանանաների։ Այնպես որ, իմ խորին համոզմամբ, աշխատող, ստեղծող ու պրպտող մարդը երբեք որեւէ մեկի, անգամ հարազատ պետության հույսին չի մնա եւ այսուայնտեղ անհարկի պահանջներ չի ներկայացնի։
Կրկին անդրադառնալով գյուղին ու գյուղացուն, հարկ է, մասնավորաբար, առաջին հերթին կարեւորել օրվա այն հրամայականը, որ գյուղացին պետք է տիրոջ զգացումով ու պատասխանատվությամբ մոտենա իր հողին, հարազատ բնաշխարհի պարգեւած բազում հնարավորություններն առավելագույնս օգտագործելու վճռական կամք ու ցանկություն դրսեւորի։ Ամենակարեւորը՝ ճիշտ, նպատակին օգտագործի հողը, խնայի ջուրը եւ բոլոր այն բարիքները, որոնք բնությունը պարգեւել է իրեն։ Այո՛, տիրոջ զգացում, տեր լինելու արժանապատվություն ու պատվախնդրություն է հարկավոր։
…Վերջերս Արագածոտնի մարզի Փարպիի գյուղապետը թերթերից մեկին տված հարցազրույցում մասնավորապես նշել էր, որ նոր գյուղտեխնիկա են ձեռք բերելու գյուղի համար՝ միաժամանակ ափսոսանք հայտնելով, որ այդ տեխնիկան աշխատեցնող համապատասխան մասնագետներ արդեն չունեն։ Բոլորն էլ գյուղից բացակայում են։ Անգամ բանվորական ուժ չունեն… Նման իրավիճակ, կարծում եմ, չնչին տարբերություններով, ներկայումս մեր գրեթե բոլոր գյուղական բնակավայրերում է։
Բացառություն չէ նաեւ իմ հայրենի՝ Վարդենուտ գյուղը (Արագածոտնի մարզ)։ Իմ համագյուղացիներից նրանք, ովքեր օրնիբուն աշխատում, պրպտում ու նախաձեռնում են, կարող եմ առանց վարանելու ասել՝ մարդավայել ապրում են, արժանապատվորեն հոգում իրենց ապրուստի կարիքները։ Աննախանձելի վիճակում են այն ընտանիքները, որոնք խելամիտ չեն տնօրինում սեփական տնտեսությունները եւ իրենց, այսպես ասած, աշխատելու նեղություն չեն տալիս։ Չեն ուզում, պարզապես, չարչարվել եւ հույսները դրել են դրսի օգնության, նպաստի կամ շրջապատի մարդկանց ողորմածության վրա։ Նմանների հողերն էլ պարապ են մնացել կամ իմիջիայլոց են մշակվում, գյուղում ապրելով՝ անասուն չեն պահում, չեն ուզում որեւէ օգտակար գործ անել եւ այլն։
Ի վերջո, հստակ է մի բան՝ այն, ինչ կատարվեց 2018—ի ապրիլ—մայիս ամիսներին, բոլորիս համար ազատագրում էր։ Պետք է ազատագրվենք, մտքո՛վ ազատագրվենք, հոգո՛վ ազատագրվենք՝ սկսած իշխանավորից եւ վերջացրած հասարակ, շարքային քաղաքացիով։ Նոր մոտեցում, նորովի վերաբերմունք է հարկավոր, առկա իրողությունները նոր հայացքով «չափելու» ու գնահատելու պարզ, հասարակ ցանկություն։
Այդուհանդերձ, պետք է հստակ գիտակցել, որ հասարակությունը մեկ կամ երկու ամսում չի փոխվում, առավել եւս՝ հասարակությունը չի փոխվում, եթե հասարակությանն ասում ես՝ դու փոխված ես։ Հասարակությունը, վերջիվերջո, յուրաքանչյուրս ենք։ Եկեք մարդկանց հարցնենք՝ ո՞րն է քո փոփոխությունը վերջին ութ ամսվա ընթացքում։ Շատ շատերը կասեն՝ թող ուրիշները փոխվեն, ես փոխվելու բան չունեմ։
Երկիրը մենք ենք, յուրաքանչյուր անհատ, եւ յուրաքանչյուրս պետք է փոխվի, փոխվի ներսից… Ի վերջո, աշխատի, քրտնի… Հենց որ մենք մարդու վրայից հանում ենք փոխվելու, զարգանալու, ավելի քաղաքակիրթ դառնալու խնդիրը եւ փորձում ենք դա տեղափոխել ուրիշ դաշտ, ամեն ինչ մնում է թղթի վրա, մնում է որպես… կարգախոս։
Միով բանիվ, չի կարելի սպասել, չի կարելի շարունակ դժգոհել ու բողոքել։ Պետք է գործել։ Սպասելը լավ բան չէ, պետք է մեր շուրջը ծավալվող գործընթացների մասնակիցը, զարգացումների աջակիցը լինել։ Սպասելու փոխարեն՝ գործել, աշխատել ու առաջ շարժվել։
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

21-02-2019





01-08-2019
Ինչպե՞ս դառնալ ներդրող
Բնակելի շենքի կառուցապատման գործընթացից կարելի է շահույթ ստանալ ...


01-08-2019
«Աշխարհս առանց իշխանութեան չի կառավարուիր»
Մկրտիչ Ա Վանեցի Ամենայն հայոց կաթողիկոսը (1820–1907) համոզված էր, ...


01-08-2019
Հնարավոր չէ առանց պատժվելու այլասերել բառերը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Կամյուին կարելի է համարել 20-րդ դարի ...


01-08-2019
Արեւայրուք ստանալ բակում «բուրդ չփխելո՞վ», թե՞ լողափին
Հանգստի ամեն տեսակ էլ կարող է լավագույնը լինել

Թամարա ...


01-08-2019
Թավշյա հեղափոխությունը բացառապես ներքին խնդիր էր
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Մարշալի հիմնադրամին



01-08-2019
Թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջ՝ այսօրվանից
Տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսում հանրային սննդի կետերում

Արմենուհի ...


01-08-2019
Ժամանակ ու սերունդներ կապող մարդ-մշակույթ էր
ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանի վախճանը մեծ ...



01-08-2019
Եղիշե Չարենցը պաշտում էր Արեւելքը
Վաղը բանաստեղծի տուն-թանգարանում կբացվի ...

01-08-2019
Այվազովսկուց մինչեւ Սալվադոր Դալի
Ի՞նչ են սովորում ՀԱՊ-ի ամառային ...

01-08-2019
Արոտների ջրարբիացումից՝ ճանապարհների վերակառուցում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում Ամասիա ...

01-08-2019
Մեդալներն արդեն նշմարվում են
Եվրոպայի երիտասարդական առաջնությանը ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +37... +39

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO