Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

12.11.2019
ՍՈՑԻՈՒՄ


Ժպիտների քաղաք ունենալու համար քայլ արել են

Աննա Հակոբյանն ամփոփեց «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» հիմնադրամների աշխատանքները

«Իմ քայլը» հիմնադրամի գործունեության առանցքն ու նպատակակետը կրթությունն է։ Երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ այդ մասին ընդգծեց ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ ընդգծելով, որ երբեք բարեգործություն որպես այդպիսին չեն անում։ Իրենց պատասխանատու են համարում ստեղծել համապատասխան պայմաններ, որպեսզի հիմնադրամի շահառուներն ինքնաբավ դառնան։
Իսկ հիմնադրամների գործունեությունն ամփոփելով՝ նշեց, որ 6 ամսվա ընթացքում «Իմ քայլի» հաշվեհամարին մուտք է արվել 859 մլն 55 հազար դրամ։ Այդ գումարից 236 մլն դրամը ծախսվել է։ Այս պահին ունեն ավելի քան 600 մլն դրամ մնացորդ։ Մանրամասնելով՝ Հակոբյանը նշեց, որ երկու գործուղում է եղել՝ նաեւ դրամահավաքի նպատակով։ Դրանցից մեկի վրա ծախսվել է 832 հազար դրամ, իսկ հավաքագրված գումարը եղել է շուրջ 97 մլն դրամ։ Երկրորդի համար էլ ծախսվել է 3 մլն 642 հազար դրամ, հավաքվել է 75 մլն դրամ։
«Իմ քայլը» հիմնադրամը 11 աշխատակից ունի։ Հիմնադրամն այդ ընթացքում վճարել է մոտավորապես 3 մլն դրամ հարկ։ Իսկ շրջանառվող խոսակցությունների վերաբերյալ, թե վերջին շրջանում պաշտոնյաներին տրված պարգեւավճարների մի մասը նվիրաբերվել է հիմնադրամին, Աննա Հակոբյանն ասաց. «Առաջին անգամ եմ լսում, բացարձակապես նման տեղեկություն չունեմ։ Հիմնադրամին չգիտեմ՝ ովքեր են նվիրատվություն արել, եթե անգամ որոշել են պարգեւավճարը նվիրաբերել, գուցե նման բան եղել է, բայց ես դրանից տեղյակ չեմ»։ Նա հերքեց նաեւ տեղեկությունները, թե հիմնադրամի համար կառավարական շենքերում են տարածքներ փնտրում։ «Հիմնադրամը տարածք չունի։ Այս պահին վարձակալված տարածքում են աշխատում։ Փորձում ենք հարմար տարածք գտնել, նաեւ մատչելի։ Հիմնադրամի համար կառավարական շենքերում տեղեր զբաղեցնելու հարցեր չեն քննարկվում»,—ընդգծեց նա՝ շարունակելով, որ նվիրատուների թիվը 114 է։ Ամենամեծ նվիրատվությունը 241 մլն դրամ է։ Այն նպատակային է՝ ուղղված է Մեղրու մանկապարտեզի հիմնանորոգմանը։ Ամենափոքր նվիրատվությունը կազմում է 1000 դրամ։ Գործառնական ծախսերը կազմել են շուրջ 24 մլն դրամ։
«Ժպիտների քաղաք» հիմնադրամի մասին էլ տեղեկացրեց, որ գործունեության 5 ամսվա ընթացքում 263 մլն դրամ է մուտք եղել։ Ամենախոշոր նվիրատվությունը կազմել է 51 մլն դրամ, ամենափոքրը՝ կրկին 1000 դրամ։ Նվիրատվություն ստացել են 85 անհատից ու կազմակերպությունից։ Հիմնադրամը 100—ից ավելի շահառու երեխա ունի։ «Ժպիտների քաղաքը» միայն քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման ծախսերն է ծածկում, եւ այս ընթացքում այդ նպատակով ծախսված գումարը 70 մլն դրամ է։ Աննա Հակոբյանը նկատեց, որ տարբեր դիմումներ մերժում են, որովհետեւ այս պահին չեն կարող հոգալ բոլոր տարիքային խմբերի քաղցկեղի բուժման ծախսերը. «Դա ֆիզիկապես դեռ հնարավոր չէ, բայց այդ ուղղությամբ կաշխատենք։ Ես ուզում եմ ներողություն խնդրելով մեր հայրենակիցներից՝ խնդրել, որ առողջապահական անհատական դիմումներով «Իմ քայլը» հիմնադրամին չդիմեն, որովհետեւ չունենք մեխանիզմ, չենք կարող բոլորին բավարարել։ Չափազանց ծանր կացության մեջ ենք հայտնվել»։
«Իմ քայլի» ծրագրերից խոսելով՝ նշեց, որ կրթաթոշակների ծրագրի համար ծախսվել է 284 մլն դրամ, որից միայն 44 մլն դրամն է հիմնադրամից ծախսվել։ Գործընկերներն են օգնել գումարները հավաքել։ Իսկ մշակույթի ոլորտում հիմնադրամն աջակցել է մի շարք ստեղծագործական խմբերի։ Ա. Հակոբյանը թվարկելով շահառուներին՝ ընդգծեց, որ 142 մլն դրամ է եղել հատկացված ընդհանուր գումարը։ «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնին հիմնադրամը տրամադրել է 20 մլն դրամ։ Դա շարունակական է լինելու։ Ժամանակավոր կացարանների տրամադրման նախաձեռնության շահառու ընտանիքները 15—ն են։ Վարչապետի տիկնոջ խոսքերով, նրանց մի մասն ապրում են բնակարաններում. «Դրանք տրամադրել են իմ կոչին հետեւելով։ Մյուս մասի համար գործընկերներ են գտնվել, որոնք վարձավճարն են տրամադրում»։

Հերթական ծրագրերը՝ շուտով

«Ոչ միայն հույս կա, այլեւ համզոված եմ, որ շուտով շատ արագ տեմպերով Հայաստանը ոտք է պարզելու Շվեյցարիայի պես երկրների հետ»,–դրանում համոզված է ՀՀ վարչապետի տիկինը։ Այդ գիտակցությամբ էլ աշխատում են Աննա Հակոբյանն ու իր թիմակիցները, մշակում ծրագրեր։
Այսպես, «Իմ քայլի» առաջիկա ծրագրերում դարձյալ ներառված է կրթաթոշակային ծրագիրը։ Բայց այս անգամ մոտեցումը փոքր—ինչ փոխված է։ Մանրամասների վերաբերյալ առաջիկայում հայտարարություն կլինի։ «Հիմնադրամը ներգրավված է նաեւ «Առանց պլաստիկի Հայաստան» ծրագրում։ Դա ՄԱԿ—ի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ բնապահպանության նախարարության գործընկերությամբ է արվում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 48 մլն դրամ, որից առկա է 6 մլն դրամը՝ ՄԱԿ—ի հայաստանյան գրասենյակից, 5 մլն դրամն էլ՝ «Իմ քայլից»։ Բայց մեծ բյուջե ենթադրող ծրագիր է, եւ դեռ աշխատանքներ են տարվում»,– բարձրաձայնեց հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ ավելացնելով, որ սոցիալական եւ առողջապահական ոլորտներում հիմնադրամը մտադիր է աշխատանքները շարունակել։ Կացարանով ապահովելու ծրագիրը մի փոքր վերափոխվել է։ Աննա Հակոբյանը նշում է. «Ուսումնասիրություն է արվում, եւ այդ ընտանիքներից յուրաքանչյուրում բացահայտում ենք մեկ հոգու, որն ունակ է փորձառություն, արհեստ սովորել եւ դրանով հոգալ տվյալ ընտանիքի ծախսերը։ Նախատեսում ենք, որ մեկուկես տարի հետո ընտանիքները կարող են բավարարել իրենց կարիքները, դուրս գալ կացարաններից, որտեղ կարող ենք նոր ընտանիքներ տեղավորել։ Ավարտական այդ ծրագրին մասնակցում է 25 ընտանիք։ Մեզ դիմում են ամենատարբեր ծրագրերով, եւ յուրաքանչյուր ընտանիք դիտարկում ենք որպես ավարտական ծրագրի պոտենցիալ մասնակից»։
Իսկ «Քայլ առ քայլ» հաղորդաշարի նպատակը, ասում է, հետեւյալն է՝ նվազագույն միջոցներով կամավորի ինստիտուտի օգտագործմամբ վերանորոգել խիստ ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքների տները։ Գաղափարը եղել է ֆրանսաբնակ ճարտարապետ Ժիրայրինը։
Հեռահար ծրագրերից է դժվարին կացության մեջ գտնվող երեխաներին աջակցությունը։ Դա ենթադրում է մանկալքության կանխարգելում, խնամատարի ինստիտուտի կայացում, շուրջօրյա խնամքի կենտրոնների բեռնաթափում։ «Պարզ ասած՝ մանկատների վերացում մեր երկրում»,–մեկնաբանեց Աննա Հակոբյանը՝ ավելացնելով, որ դա ամենաբարդ, բայցեւ ամենակարեւոր ծրագրերից է։ Հիմա ծրագիրը մշակման փուլում է։ Ենթադրվում է, որ թանկ ծրագիր է լինելու։ Վերարտադրողական աճին ուղղված ծրագիրը եւս նախնական հետազոտման եւ հայեցակարգի մշակման փուլում է։ Դա նույնպես բավականին մեծ գումարների հետ է կապված լինելու։ Նախկինում դա արվել է «Արագիլ» հիմնադրամի միջոցով։ Սակայն «Արագիլը» հիմա դադարեցրել է գործունեությունը։ «Այս պահին շուրջ 400 զույգից գոյացած հերթ կա։ Եվ մենք իսկապես շտապում ենք, որպեսզի կարողանանք արձագանքել»,–բարձրաձայնեց Ա. Հակոբյանը՝ ավելացնելով, որ «Արագիլ» հիմնադրամից շահառուներից բացի իրենց ոչինչ չի փոխանցվել։
Խոսելով նաեւ մշակութային եւ գյուղական համայնքներին ուղղված ծրագրերի մասին, տիկին Հակոբյանը բարձրաձայնեց, որ Հայաստանում ուզում են երազանքի գյուղ ստեղծել։
«ՀՀ»—ի խնդրանքով էլ անդրադառնալով «Կանայք հանուն խաղաղության» արշավին՝ տեղեկացրեց, որ ժամանակավոր դադար է տվել, որպեսզի հետագա քայլերը մանրակրկիտ մտածի։ Արշավը սպասվածից ավելի մեծ հետաքրքրություն է առաջացրել. «Արձագանքները դրական են ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Հայաստանի սահմաններից դուրս։ Եթե ամփոփեմ իրավիճակը՝ աշխարհի տարբեր երկրներում շատ տարբեր կազմակերպություններ պոտենցիալ գործընկեր են այդ արշավի շրջանակում, բայց թե կոնկրետ ինչպես կշարունակենք արշավը, դեռ քննարկման փուլում է, եւ լրացուցիչ հայտարարություն կլինի»։ Հակոբյանն ավելացրեց նաեւ, որ ադրբեջանցի կանանցից արձագանք չի լսել եւ առանձնապես չի էլ հետաքրքրվել այդ ուղղությամբ։
Հ. Գ. Աննա Հակոբյանը երբեմն նվիրատուներից նվերներ է ստանում։ Դրանց երկու տեսակ է առանձնացնում՝ խորհրդանշական եւ արժեքավոր։ Արժեքավորները հետ է ուղարկում նվիրատուին՝ երկտողով՝ «Շնորհակալ եմ, համարեք, որ ես դա ունեմ, Դուք դա ինձ նվիրել եք, բայց չեմ կարող ընդունել»։ Իսկ խորհրդանշական նվերները սիրով ընդունում է եւ կիրառում հայկական արտադրանքը ներկայացնելիս։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

22-02-2019





09-11-2019
Աշխարհին հետեւել կնոջ աչքերով
«ԿԻՆ» 16-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա ...


09-11-2019
Որ «ջրային պատերազմներում» տանուլ չտանք
Դրա համար պետք է պատրաստ լինել մարտահրավերներին

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




09-11-2019
Տարածաշրջանային հեռանկարները՝ մեր պետության տեսլականներում
Հայաստանը պետք է վստահության արժանանա հիմնական ուժերի հետ ...


09-11-2019
Համաշխարհային արվեստին համաքայլ
«Նկարիչն իրեն ընկալում է իբրեւ տիեզերական մի հոգի՝ ...


09-11-2019
Պարզը ցանկալի է, բարդը՝ հասկանալի
Ըստ լեզվաբան, փիլիսոփա Էդմոն Ավետյանի՝ առաջնայինը կամքն է, ...


09-11-2019
Վրձինն ու բահը՝ նարդու փոխարեն
Մաքսիմ Գիքինյանը նաեւ բնություն է «ստեղծագործում»

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Նկարներ՝ ...


09-11-2019
Ազգային փոքրամասնությունների կրթությունը Հայաստանում
Ի՞նչ խնդիրներ են լուծվում

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am

«Մեր բոլոր գործողություններում ...



09-11-2019
Սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի ծառայություններն ընդլայնվել են
Պետությունը կհամաֆինանսավորի նաեւ ...

09-11-2019
Ինչպիսի՞ն է հետհեղափոխական Հայաստանի պետական բյուջեն
Քննարկումներին պատգամավորների ավելի վաղ ...

09-11-2019
Դիվանագիտական ծառայությունը պետք է օգնի մեր պետությանը եւ ժողովրդին
Ավելի լավ հասկանալու աշխարհը


09-11-2019
Կարեւոր էր ոչ այնքան արդյունքը, որքան մասնակցության փաստը
Հայաստանի ծանրորդներն ընդհանուր առմամբ 12 մեդալով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO