Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.07.2019
ՄԱՐԶԵՐ


Վերեւում Խաչիկն է ու խաչիկցին

Այստեղ առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով

Սարն ի վեր բարձրացող ճանապարհի ցուցանակն է հուշում, որ այդ բարձրության վրա բնակավայր կա։ Հետո, երբ արդեն ոլորապտույտ լաբիրինթոսանման ճանապարհը հաղթահարում ես, տեսադաշտում հայտնվում է Հայաստանի «դարպասներից» մեկը՝ իր ողջ հմայքով, համուհոտով, յուրահատկություններով։ Վերեւում սահմանամերձ Խաչիկն է ու խաչիկցին՝ ամենքից հեռու, բայց «մոտ արեւին»։ Գուցե դրանից է, որ այդքան ջերմ են. գյուղի բարձր դիրքի շնորհիվ երեւի արեւի ջերմությունը «առաջինն իրենց է հասնում»։
Խաչիկում առավոտը սկսվում է նախաճաշի գնացող զինվորի երգով։ Խաչիկցու բարեւը ծանոթ—անծանոթ չի հարցնում։ Եթե այնտեղ ես, ուրեմն՝ ամենքի հյուրն ես։ Իսկ եթե իրենց խաղաղությունը հսկող զինվորի ես այցելել, ուրեմն՝ խաչիկցու «գլխի վրա տեղ ունես»։ Կհյուրընկալեն, կհյուրասիրեն ու դեռ մի բան էլ գյուղական բարիքներով կճանապարհեն։ Այդպես մեզ ընդունեցին Պետրոսյանները։
Ընտանիքի հայրը՝ Հայրապետը, երկար տարիներ գյուղի գրադարանի վարիչն է եղել՝ շուրջ 30 տարի։ Համայնքների խոշորացումից հետո, սակայն, հաստիքը կրճատվել է։ Կարոտով է հիշում, որ 1980—ականների վերջին գրքի համար գրադարանում հերթեր էին գոյանում։ Ասում է՝ հետաքրքրություն կար. «Հիմա ո՞ւմ է հետաքրքիր գիրքը։ Հիմա հեռախոսն է, ինտերնետը… Բայց դե հարուստ գրադարան կար, ամեն ինչ էլ կար»։
Համայնքների խոշորացումից գոհ չէ։ Կարծում է, որ այնպես ավելի լավ էր գյուղի համար, որովհետեւ իրենց խնդիրները տարբերվում են Արենիի, Չիվայի եւ մյուս գյուղերի խնդիրներից։ Բայց համընդհանուր խնդիր է համարում ծնելիության նվազումը։ Ու դեռ դա քիչ է, բնակիչներն էլ իրենց բնակավայրերից են հեռանում։ «Խաչիկից շատե՞րն են գնում» հարցին Հայրապետը պատասխանում է. «Ըհը»։ Հետո ընկնում է մտքերի մեջ, աչքերը խոնարհում, մտքում կարծես ինչ—որ հարց է կարգավորում ու էլի շարունակում. «Ով հնարավորություն ունի, գնում է էլի»։
Մնացողներն էլ հաճախ հավաքվում են գյուղամիջում։ Տարբեր թեմաներ են արծարծում։ Հատկապես ձմռանը, երբ աշխատանք չկա, ավելի հաճախ են հավաքվում, խաղեր են խաղում, զրուցում։ «Ամեն մեկն իր հերթին «քաղաքական մեկնաբան» է, ամեն մեկն իր մեկնաբանությունն ունի նաեւ նոր իշխանությունների վերաբերյալ։ Նրանց հավանողներ էլ կան, չհավանողներ էլ…»,—պատմում է գրադարանի նախկին վարիչն ու ավելացնում, որ հեղափոխությունից հետո մարդիկ շատ ավելի ոգեւորված էին։ Թեեւ փոփոխություններ կան, զգացվում են, բայց դե, ասում են, դանդաղ է։
Գյուղում ոռոգման ջրի խնդիր կա։ Դրա պատճառով ավելի քիչ հողեր են վարում, ցանում։ «Աշնանը ընդամենը 7—8 հա աշնանացան ցորեն ենք ցանել, բայց ավելի շատ ցանելու հնարավորություն կար։ Բնակչի սոցիալական վիճակն էլ որ բարելավվի, լավ կլինի։ Անասնապահությամբ, հողագործությամբ ենք զբաղվում։ Հիմնականում ցորեն, գարի ենք մշակում, խաղողի ու խնձորի այգիներ ունենք»,—նշում է Հայրապետը։ Բերքը մթերման էլ են հանձնում։ Ինքն, օրինակ, գներից գոհ է։ Եթե որակյալ է լինում, գնում են։
Հողագործությամբ են զբաղվում թշնամու տեսադաշտում։ «Ավելի շատ նրանց դիրքերի մոտ ենք աշխատում։ Վտանգավոր է, բայց դե աշխատում ենք, ինչ արած։ Քարից հաց ենք «քամում», այստեղ դժվար է աշխատելը, հաց ստեղծելը՝ սար ու քար է, բայց ստեղծում ենք»,–Պետրոսյանը փառք է տալիս Աստծուն, որ կրակոցներ չկան։
«Խաղաղ է»,–հաստատում է խաչիկցի տիկին Գայանեն։ Բայց դե ամեն դեպքում վախը կա։ Պատմում է, որ զբոսաշրջիկներն առաջին հարցը, որ տալիս են, հետեւյալն է՝ չե՞ք վախենում։ «Մենք էլ պատասխանում ենք՝ չէ»,–ասում է նա։
Նրանց ուժը նաեւ Աստծո հանդեպ հավատքն է տալիս։ Տիկին Գայանեն Խաչիկի Ս. Աստվածածին եկեղեցու մոմավաճառն է։ Հավատացնում է՝ իրենց հոգում հավատքը շատ ուժեղ է. «Մեր տեր հայրը մեր կյանքը լիովին փոխեց»։ Եկեղեցի գյուղացիները հաճախ են գնում, մոմ վառում, հաղորդվում։
ԶՈՒ գնդերեց, Խաչիկ համայնքի հոգեւոր սպասավոր տեր Հովհաննես քահանա Մաթեւոսյանը ընդգծում է, որ գյուղում ամենալավն արտացոլված է գյուղացու եւ եկեղեցու կապը. «Այստեղ կավելացնեմ նաեւ զորամասը, որովհետեւ համայնքը, եկեղեցին, զորամասը մեկ ամբողջություն են։ Շատ լավ շեշտված է բանակ—եկեղեցի—պետություն կապը»։
Տեր Հովհաննեսն ասում է, որ ամեն կիրակի զինվորները գնում են եկեղեցի, մասնակցում ժամերգության եւ աղոթքի, մոմ վառում իրենց, ընտանիքի, սիրելիի համար. «Դա իրենց ազատ կամքի ցանկությունն է եւ նպաստում է, որպեսզի շաբաթվա մեջ գոնե մեկ անգամ թոթափեն լարվածությունը եւ հաճախ իրենք են հետագայում խոստովանում, որ ենթադրենք, իրար հետ որեւէ խնդիր են ունեցել, բայց եկեղեցում լսելով հայրենասիրության, եղբայրասիրության մասին, խնդիրը փակել են։ Ամենահիանալի բանն է սա։ Զորամասի հոգեւոր սպասավոր լինելով, ճանաչում եմ բոլոր զինվորներին, գիտեմ իրենց ընտանեկան խնդիրները, վստահելով զրուցում են ինձ հետ, կարողանում եմ շատ արագ արձագանքել եւ որեւէ խնդրի դեպքում արագ լուծում տալ»։
Իսկ քաղաքացիական կյանքում քահանա Մաթեւոսյանը հեղափոխությունից հետո հոգեւոր խաղաղություն ու վախի մթնոլորտի թոթափում է նկատում։ Հոգեւոր հովվի խոսքերով, թեեւ տնտեսական իմաստով սահմանամերձ գյուղում լուրջ փոփոխություն չկա, բայց այն, որ մարդկանց միտքը սկսել է աշխատել, սկսել են մտածել՝ ինչ կարող են ձեռնարկել համայնքում կամ դրանից դուրս՝ միանշանակ ակնհայտ է։
Սահմանամերձ այս գյուղում եւս մարդիկ ապրում են լավ օրվա սպասումով։ Այդ լավ օրվան սպասում են հատկապես երիտասարդները, որ ստիպված չլինեն օրվա հացի համար հեռանալ հայրենի սահմաններից։
Հ. Գ. Տունդարձին, սարից այս անգամ արդեն իջնող ոլորապտույտ ճանապարհով հասնում ես Արենի ու հետհայացք գցում. հետեւում էլի «Խաչիկ» գրությամբ ցուցանակն է, իսկ դեպի ամպեր ձգվող սարի չերեւացող կողմում՝ Խաչիկը։ Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ այդտեղ բնակավայր կա, որտեղ այդ պահին Հայրապետենց տանը երեւի հյուրերի համար բացված սեղանն էին հավաքում, տեր Հովհաննեսը աղոթք էր կարդում, իսկ զինվորը, գուցե, նորից երգում էր՝ ընթրիքի գնալով։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
Խաչիկ-Երեւան

23-02-2019





20-07-2019
Շուշին լիովին կապահովվի խմելու ջրով
Բերդաքաղաքում լուծվում են կենսական խնդիրները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Կրթամշակութային կենտրոն ...


20-07-2019
Օդի ջերմաստիճանը կհասնի +42-ի
Առողջապահության նախարարությունը տապից պաշտպանվելու խորհուրդներ է տալիս

Իրաքի ...


20-07-2019
Ամերիկյան մոդել
Հատվածներ Ֆարիդ Զաքարիայի «Ազատության ապագան. ոչլիբերալ ժողովրդավարությունը ԱՄՆ-ում ...


20-07-2019
Սեւանի անձնագիր ստացած երկարաչանչը
Որ կարեւոր է ոչ միայն լճի ջրի որակի, ...


20-07-2019
Հյուրընկալել է նախագահը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ...


20-07-2019
«Սա այն բարեփոխումն է, որից մենք ակնկալում ենք կոնկրետ արդյունքներ»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ...



20-07-2019
«Ամեն բան մարդուն մատչելի է....»
1902 թ. մի նամակում Հովհաննես Թումանյանը, դրվատելով ...

20-07-2019
Թատրոն չեն հաճախում, բայց դերասան դառնալ են ուզում
Ինչո՞ւ են դիմում թատերական ...

20-07-2019
Թեհրան—Լոնդոն փոխհարաբերություններում լարվածությունը պահպանվում է
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



 
20-07-2019
Մերոնք՝ միջազգային առաջնություններում
Վերջին օրերը հագեցած են հայ մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO