Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ԵՐԵՎԱՆ


Շինբարեկարգման աշխատանքների սկիզբը հեռու չէ

Ուշադրության կենտրոնում լինելու են հատկապես մանկապարտեզները

Երեւանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության այս տարվա ծրագիրն արդեն հաստատվել է։ Համաձայն ծրագրի՝ փոխվել է փողոցային եւ բակային տարածքներում արվելիք ասֆալտապատման աշխատանքների բաժինների համամասնությունը։ Վարչությունն իր անելիքների 80 տոկոսը կիրականացնի փողոցներում, այգիներում, մայթերին, իսկ 20 տոկոսը կկատարի բակային տարածքներում։ Նախկինում բակային տարածքների բաժինը կազմում էր 40—50 տոկոս։ Փոխարենը վարչական շրջանները ասֆալտապատման աշխատանք կկատարեն միայն բակային տարածքներում։ Անցյալ տարի նախատեսված էր ասֆալտապատել 71 000 քմ տարածք, իսկ այս տարի առնվազն տասնհինգ տոկոսով ավելացել է այդ թիվը՝ դառնալով 85 000—90 000 քմ։ «Այս տարի ավելի շատ ուշադրություն ենք դարձնելու երկրորդական փողոցներին,–ասում է քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի տեղակալ Էդվարդ Շաքարյանը։–Քաղաքի գլխավոր փողոցներում վերջին տարիներին զգալի աշխատանք է կատարվել, դրանք բավականին լավ վիճակում են։ Մանավանդ վերջին երկու մեղմ ձմեռները շատ նպաստեցին փողոցների պահպանմանը։ Բայց երկրորդական փողոցներում շատ անելիք ունենք։ Ցանկանում ենք ուշադրությունն ուղղել դրանց եւ մեծ հատվածներով ասֆալտածածկույթի նորոգում կատարել, որպեսզի որակը էապես բարելավվի։ Այժմ ընթանում է այդ փողոցների վիճակի գույքագրում։ Նորոգման կենթարկվեն այն փողոցները, որոնցում վերջին 3—4 տարում նորոգման որեւէ աշխատանք չի կատարվել։ Գլխավոր փողոցներում եղած թերությունները կվերացվեն տեղային (փոսային) նորոգումներով եւ ճաքալցումներով։ Ի դեպ, նախատեսվում է մոտ 402 000 գծմ ճաքալցում կատարել»։
Ինչպես ամեն տարի, այս տարի էլ բարեկարգման ծրագրի մաս են կազմում եզրաքարերի նորացումը, հենապատերի ամրացումը, մետաղական ճաղավանդակների վերականգնումը, մայթերի բարեկարգումը։ Այս աշխատանքների ծավալը 5—10 տոկոսով ավելացել է նախորդ տարվա համեմատ։ Նախորդ տարվա համեմատ 4—5 տոկոսով աճել է նաեւ ծրագրով նախատեսված ընդհանուր անելիքների ծավալը։ «Աճը մեծ չէ, սակայն ձգտել ենք, որ այն լինի,–ասում է Էդվարդ Շաքարյանը։–Աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ անցած տարիներին մենք հիմնականում ավարտել ենք քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող օբյեկտների (գրադարաններ, մշակույթի տներ, երաժշտական դպրոցներ, մարզադպրոցներ եւ այլն) հիմնանորոգման ծրագրերը, մնացել են մի քանի օբյեկտ, եւ հնարավորություն կա որոշ գումարներ ուղղել այս աշխատանքներին»։ Վարչության պետի տեղակալի նշած «մի քանի օբյեկտի» շարքում է նաեւ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շենքը։ Այս մարզադպրոցի համար նախագիծ եւ նախահաշիվ է կազմվել դեռեւս 2013 թ.։ Ըստ նախահաշվի, ծախսը կազմում է 140 մլն դրամ, սակայն վերահաշվարկի կարիք է առաջացել, քանի որ որոշվել է հիմնանորոգման ծրագրում ներառել նաեւ էներգախնայողությանն ուղղված աշխատանքներ։ Այս հարցում հնարավոր է, որ ստացվի նաեւ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի աջակցությունը։

Մանկապարտեզների հիմնանորոգումը՝  առաջնային

Այս տարվա ամենամեծ ծրագիրը մանկապարտեզների հիմնանորոգումն է։ ՄԱԿ—ի զարգացման ծրագրի մասնակցությամբ արդեն քսան մանկապարտեզի շենքի հիմնանորոգման նախագիծ է պատվիրվել, եւս տասի վերաբերյալ ընթանում են քննարկումներ, քանի որ ժամանակին դրանց մասնաշենքերի մի մասի վարձակալությամբ տալու իրողությունը խոչընդոտում է գործընթացը։ Դրանց վերադարձի խնդիր է դրված։ Երեւանի ավագանին ներկայումս քննարկում է եւս տասնութ մանկապարտեզի շենքերի հիմնանորոգման հարցը։ Այս մոտեցումը հիմնավորված է այն իրողությամբ, որ Երեւանում մանկապարտեզների մեծ պահանջարկ կա, միաժամանակ դրանց շենքային պայմանները բարելավման կարիք ունեն։ Քաղաքապետարանի ենթակայության ներքո այսօր գործում է 157 նախադպրոցական հիմնարկություն, որոնցից միայն երեք տասնյակն է հիմնանորոգված։ «Մանկապարտեզների շենքերի հիմնանորոգումը լուրջ խնդիր է, դրանց նկատմամբ պահանջարկը շատ մեծ է, դրա համար էլ աշխատում ենք 4—5 տարում լուծել հարցը։ Ավելին, շենքերի հիմնանորոգման հետ մեկտեղ հիմա կատարում ենք դրանց բակային տարածքների բարեկարգում։ Բանն այն է, որ հիմա այս ծրագրին աջակցում է ՄԱԿ—ը, ֆինանսավորումը կատարվում է վարկային ծրագրով։ Անցյալ տարի հիմնանորոգել ենք քսանմեկ մանկապարտեզի շենք, որոնցից յոթը՝ բակային տարածքի բարեկարգմամբ։ Մանկապարտեզներում նորոգման լուրջ խնդիրներ կան, ինչից ելնելով էլ քաղաքապետարանը ցանկանում է այս տարի ծրագրում ընդգրկել 48 մանկապարտեզ։ Քանի որ նախագծերի պատրաստման համար զգալի ժամանակ կպահանջվի, դրանց ծրագիր մտնելու դեպքում աշխատանքների մի մասը կանցնի հաջորդ տարի։ Թե նշածից քանիսը կավարտվի, քանիսը կանցնի 2020 թվական, պարզ կդառնա նախագծերի պատրաստ լինելու դեպքում»,–ասում է Էդվարդ Շաքարյանը։

Վերգետնյա կամրջային անցումներ, թեքահարթակներ

Արդեն չորս տարի Երեւանում վերգետնյա անցում չի կառուցվել, մինչդեռ այդ կառույցների կարիքը քաղաքը զգում է։ Չկառուցվելու պատճառը առաջարկության բացակայությունն է։ Ինչպես գիտենք, դրանք կառուցվում են քաղաքապետարան—մասնավոր տնտեսավարող համագործակցության արդյունքում։ Տնտեսավարողը կառուցում է եւ պայմանագրի համաձայն տնօրինում անցումի ճակատային մակերեսներին գովազդային վահանակներ տեղադրելու իրավունքը։ Անցած չորս տարում նոր առաջարկություն չի ստացվել։ Եվ քանի որ երեւանցիներից նոր անցումների պահանջարկ կա, քաղաքապետարանն իր նախաձեռնությամբ երկու կամրջային անցման նախագիծ է պատվիրել։ Մեկը կկառուցվի Հասրաթյան փողոցում, դեպի Շահումյանի գերեզմանատուն ճյուղավորվող ճանապարհի հատվածում, երկրորդը՝ Թբիլիսյան խճուղում, Շամպայն—գինիների գործարանի հարեւանությամբ։ Առաջինի համար քաղաքապետարանն արդեն մրցույթ հայտարարել է։ Երկրորդի համար մրցույթը հավանաբար կհայտարարվի մեկ ամսից։ Էդվարդ Շաքարյանը հույս հայտնեց, որ երկու անցումն էլ կյանքի կկոչվեն մինչեւ տարեվերջ։
Դժվար չէ նկատել, որ վերջին տարիներին մայրաքաղաքի փողոցներում կտրուկ շատացել են թեքահարթակները։ 2013 թվականից մինչեւ օրս քաղաքապետարանը փողոցներում, այգիներում, հանգստի գոտիներում կառուցել է 2540 թեքահարթակ սայլակով տեղաշարժվող քաղաքացիների համար։ Այլ է վիճակը մանկապարտեզների, դպրոցների շենքերում։ Կարելի է ասել՝ այնտեղ այդ հարմարությունները բացակայում են։ Իմ զրուցակիցը դա բացատրում է այդ շենքերում նորմատիվային պայմանների բացակայությամբ. չկան համապատասխան տարածքներ։ Նույնն է նաեւ ստորգետնյա անցումներում։ «Կարող ենք կառուցել, բայց նորմատիվին համապատասխան ձեւով չենք կարող, ֆիզիկապես հնարավոր չէ»,–ասում է նա։ Սա նշանակում է, որ գործ ունենք մեր ցանկությունից անկախ հիմնախնդրի հետ։ Այդուհանդերձ, կա խնդիրը, պետք է նաեւ լինի ինչ—որ լուծում։
Այս տարվա բարեկարգման ծրագրով նախատեսվել է եւս 175 թեքահարթակի կառուցում։ Վարչական շրջաններից ստացված հայտը քիչ ավելին է՝ 180։ Ուստի կրկին գույքագրման անհրաժեշտություն կա։ Գույքագրումից հետո կսկսվի վնասված թեքահարթակների նորոգումը եւ նորերի կառուցումը։ Ի դեպ, թեքահարթակների՝ որտեղ կառուցելը որոշվում է ՃՈ—ի եւ հաշմանդամների հասարակական կազմակերպության հետ համաձայնեցնելով։

Առողջապահական օբյեկտներ

Անցյալ տարի քաղաքապետարանը նորոգել է տասը պոլիկլինիկայի տանիքներ։ Այս տարի նախատեսվում է հիմնանորոգել եւս հինգը։ Նորոգման մրցույթներն արդեն կայացել են։ Սրանով կավարտվի պոլիկլինիկաների տանիքների հիմնանորոգման ծրագիրը։ Էդվարդ Շաքարյանի տեղեկացմամբ, անցկացված մրցույթի արդյունքով ստացվել է որոշակի տնտեսում, որը տրամադրվելու է Երեւանի շտապօգնության յոթ ենթակայաններից չորսի շենքերի հիմնանորոգմանը։ Այժմ պատրաստվում են համապատասխան փաստաթղթերը, որից հետո կպատվիրվեն նախագծեր։ Քաղաքապետարանում հույս ունեն, որ տարվա ընթացքում կհասցնեն ավարտել շինաշխատանքները։ Մրցույթով շինարար ընտրելն, անշուշտ, դրական երեւույթ է. որոշակի տնտեսում է ապահովվում։ Սակայն հարկ է նկատել, որ մրցույթը ցածր գնով շահած շինկազմակերպությունը հաճախ թերի է կատարում աշխատանքը, ինչը զրոյացնում է մրցույթի շահավետությունը։ Էդվարդ Շաքարյանի հավաստմամբ, իրենք դա հաշվի են առնում, հետեւաբար հետամուտ են պրոցեսին, որ շինաշխատանքները կատարվեն անհրաժեշտ որակով։

Հանգստի գոտի, ոռոգման ցանցեր

Այս տարի բարեկարգվելու է Օղակաձեւ զբոսայգու 3—րդ հատվածը՝ Աբովյան եւ Նալբանդյան փողոցներով պարփակված տարածքը։ Թե դա ինչ կարեւոր նշանակություն ունեցող ձեռնարկ է՝ բացատրելն ավելորդ է։ Ասենք միայն, որ վեց հատվածի բաժանվող օղակաձեւ զբոսայգու ամբողջական բարեկարգման համար «Երեւաննախագիծը» դեռեւս երկու տարի առաջ է մշակել նախագիծը, համաձայն որի՝ բարեկարգման աշխատանքները կարժենան 1 մլրդ 101 մլն դրամ։ Փաստորեն շանաշխատանքները սկսվում են 3—րդ հատվածից, ամենափոքրից, որի համար նախատեսված է 41 մլն դրամ։ Ամենամեծը 6—րդ հատվածն է՝ 170 մլն դրամ։ Պիտի մտածենք, որ սկսված աշխատանքը առանց ընդմիջման հաջորդաբար կշարունակվի նաեւ մյուս հատվածներում։
Քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությունն այս տարի կիրականացնի նաեւ 7700 գծմ ոռոգման ցանց մայրաքաղաքի յոթ վարչական շրջաններում։
Թվարկված ծրագրերը հաստատված են, սակայն դրանց բյուջեն դեռեւս վերջնականորեն հաստատված չէ։ Այդ պատճառով չենք նշում, թե ինչպիսին է վարչության ընդհանուր ծրագրի գումարային պատկերը։ Համենայն դեպս, սպասվում է, որ հատկացվող գումարը գերազանցելու է անցյալ տարվա արդյունքը։ Հնարավոր է, որ ծրագիր մտնեն եւս մի քանի առաջարկներ, որոնք շատ կարեւոր նշանակություն ունեն քաղաքի համար։ Դրանց կանդրադառնանք առանձին, երբ արդեն հաստատված կլինեն։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

27-02-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO