Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Վարպետի գործը հեռվից երեւում է

Մարտին Երիցյանը հպարտ է երաժշտական գործիքներ պատրաստող իր գերադաստանով

Վինագործ-վարպետների ընտանիքից սերած Մարտին Երիցյանը 60 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում 600—ից ավելի երաժշտական գործիք է պատրաստել։ Նրա ջութակները, թավջութակները, ալտերը իրենց մաքուր ու գեղեցիկ հնչողությամբ գրավել են ոչ միայն Խորհրդային Միության երկրների, այլեւ ԱՄՆ—ի եւ Եվրոպայի երաժշտասերներին։ Մեր թղթակցի հետ զրույցում Մարտին Երիցյանը պատմել է ստեղծագործական գործունեության, լարային երաժշտական գործիքների առանձնահատկությունների մասին։
–Պարոն Երիցյան, Ձեր հայրը՝ Շահեն Երիցյանը, երաժշտական գործիքներ պատրաստող հայտնի վարպետ էր. նա՞ է Ձեզ ոգեշնչել շարունակելու իր գործը։
–Հայրս 1925 թվականին Հունաստանից եկավ Հայաստան։ Նա Աթենքում երաժշտական գործիքներ՝ հիմնականում ջութակներ էր պատրաստում։ Հայրենիք գալուց հետո տեղի ժողովրդական գործիքներ պատրաստող այլ վարպետների եւ իր աշակերտների հետ հիմնադրեց արհեստանոց, որտեղ պատրաստում էին կիթառներ, ժողովրդական գործիքներ՝ թառ, քամանչա եւ այլն։ Հայրս հիմնականում եվրոպական գործիքներ էր պատրաստում՝ ջութակ, ալտ, թավջութակ եւ այլն։ Արհեստանոցը բավականին երկար տարիներ արտադրեց բազմաթիվ գործիքներ, որոնք նպաստեցին Հայաստանում երաժշտական կատարողական արվեստի զարգացմանը։ Հորս վարպետ լինելը հնարավորություն էր, որ ես դառնամ նրա գործի շարունակողը։
–Դուք նաեւ ջութակահար եք։ Գործիքին տիրապետելն օգնո՞ւմ է ավելի լավ պատրաստել այն։
–Հիշում եմ, երբ սովորում էի, եկավ շրջան, որ շատ զայրացած էի ու չէի ցանկանում շարունակել նվագել, այդ ժամանակ հայրս ասաց, որ առաջին հերթին պետք է լավ ջութակահար դառնալ, նոր՝ ջութակի լավ վարպետ։ Ավարտեցի Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետեւ՝ ասպիրանտուրան։ Ավարտելուց անմիջապես հետո ընդգրկվեցի Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար։ Կվարտետը 1969 թվականին Բրյուսելում մասնակցեց թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական միջազգային մրցույթին՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Դա մեծ առաջընթաց էր մեզ համար։ Այնուհետեւ համերգային շրջագայություններ ունեցանք Ռուսաստանում, Լեհաստանում, Ֆրանսիայում։ Հայ եւ եվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործությունները հնչեցրել ենք նաեւ Իտալիայի գրեթե բոլոր քաղաքներում։ Այդ շրջագայությունների շնորհիվ տարբեր երկրներում հաղորդակցվեցի տեղի ջութակի վարպետների հետ, ծանոթացա երաժշտական գործիքների պատրաստման նոր մեթոդներին, մոտեցումներին ու շատ բան սովորեցի։ Ես շատ կապված եմ իմ գործիքներին ու կյանքս եմ նվիրել դրանց պատրաստմանը։ Նվագելն ինձ համար պարզապես հոբի էր։ Ըստ իս՝ մարդու կյանքի նպատակը պետք է լինի ստեղծագործելը, կատարելագործվելը։ Մինչ օրս մեծ բավականություն եմ ստանում իմ գործից։
–Առաջին գործիքը, որը պատրաստել եք, ջութա՞կն էր։
–Այո։ Մեկնել էինք Ռուսաստան շրջագայության, ու ես այն վերցրել էի ինձ հետ. կարողացա վաճառել։ Հետո սկսեցի նորանոր գործիքներ պատրաստել։ Դրանց թիվը հետզհետե աճեց։ Խորհրդային տարիներին Մոսկվայի պետական հավաքածուհի համար ամեն տարի 12 գործիք էի պատրաստում։ Ընդհանուր առմամբ մոտ 600 գործիք եմ ստեղծել՝ ջութակներ, ալտեր, թավջութակներ, կիթառներ, քանոններ, երկու վիոլա պոմպոզա եւ այլն։ Երաժիշտները տեսնում էին, որ իմ գործիքները շատ լավ են հնչում, որակյալ են, եւ պատվերները չէին դադարում։
–Ի՞նչ փայտից, լարից պետք է պատրաստված լինի երաժշտական գործիքը լավ հնչելու համար։
–Առաջին հերթին կարեւոր է վարպետի մոտեցումը. չէ՞ որ նա է ընտրում փայտը։ Հիմնականում օգտագործում ենք եղեւնու փայտը։ Եղեւնիները բազմատեսակ են, վարպետն է կողմնորոշվում, թե դրանցից որն է լավագույնը։
Լինելով երաժիշտ՝ առաջին հերթին ես եմ ստուգում գործիքը։ Իմ պատրաստած երաժշտական գործիքներով նվագել են ջութակահարներ Ժան Տեր—Մերկերյանը, Արտաշես Մկրտչյանը, որոնց կարծիքը լսելով՝ հասկանում էի, թե տվյալ գործիքն ի՞նչ թերություններ ունի եւ ինչպե՞ս է պետք ավելի լավացնել դրա ձայնը։
–Որակյալ գործիքը լավ պահելու դեպքում քանի՞ տարի կարող է ապրել։
–Իտալական դասական գործիքները 300—350 տարվա գործիքներ են։ Ճիշտ պատրաստված ժամանակակից գործիքները տարիների ընթացքում ավելի լավն են դառնում, եթե սխալ են պատրաստված, առաջին իսկ օրվանից վատ են հնչելու ու չեն հնչի, եթե լավ վարպետը չմիջամտի։
–Աշխատելիս երաժշտություն լսո՞ւմ եք։ Եթե այո, ի՞նչ ստեղծագործություններ եք նախընտրում։
–Սիրում եմ Բախի, Մոցարտի, Բեթհովենի, Հայդնի ստեղծագործությունները։ Երբեմն նաեւ ժամանակակիցների գործերն եմ լսում։ Նրանք ինձ հոգեպես բավարարում են։
–Կա՞ մի երաժիշտ, որի համար կցանկանայիք գործիք պատրաստել։
— Անգլիացի ալտահար Սայմոն Ջոնսը Բախի երաժշտությունը կատարելու համար խնդրեց, որ ես իր համար հինգ լարանի ալտ պատրաստեմ։ Ամեն համերգի ժամանակ նա հանդիսատեսին ցույց է տալիս գործիքն ու նշում, որ այն Մարտին Երիցյանն է պատրաստել, նա ներկայացնում է չորս լարանի ալտի համեմատ հինգ լարանի ալտի առավելությունները։ Բախի գործերի ձայնապնակը թողարկելուց հետո Ջոնսը երկու օրինակ ուղարկել էր ինձ։ Դրանց վրա գրված է. «Նվագում եմ Մարտին Երիցյանի պատրաստած վիոլա պոմպոզա անունով գործիք՝ հինգ լարանի ալտ»։
–Ձեր գործիքները տարբերանշան ունե՞ն։
–Իտալացիների օրինակով եմ առաջնորդվում եւ գործիքի վրա գրում եմ. «Մարտին Երիցյան՝ որդին Շահենի։ Պատրաստված է Երեւանում, այսինչ թվականին»։ Դա գրում եմ լատիներեն։ Տարբերանշանը գործիքը ճանաչելու հիմնական միջոցն է, բայց կան փորձագետներ, որոնք անգամ հեռավորությունից տեսնելով գործիքը, հասկանում են, թե այն որ վարպետի աշխատանքն է։ Դա տարիների փորձի արգասիքն է։
–Մեր օրերում պատվերները շա՞տ են։
–Վերջերս 39—րդ թավջութակը պատրաստեցի։ Մեր հրաշալի երաժիշտ Վահրամ Սարաջյանն այդ գործիքով Երեւանում համերգ նվագեց։ Ամբողջ դահլիճը հիացած էր ոչ միայն նրա կատարմամբ, այլեւ գործիքի հնչողությամբ։ Սարաջյանը թավջութակը տարավ ԱՄՆ։ Հիմա կան պատվերներ, բայց ինտենսիվ աշխատելու հնարավորություն այս պահին չկա. մի քիչ հոգնածություն, նյութի պակաս եւ այլն, բայց կարծում եմ, որ ամռանը կավարտեմ պատվերները։ Ինձ օգնում է փոքր տղաս՝ Կարենը, որը մանրակրկիտ աշխատանք է տանում, մեծ որդիս՝ Տիգրան Երիցյանը, նույնպես գործիքներ է պատրաստում։ Նա հիմա Իսպանիայում է։
Գիտե՞ք ինչն է ամենալավը, որ հորիցս ժառանգելով երաժշտական գործիքներ պատրաստելու արհեստը, կարողացել եմ շարունակել նրա գործը։ Հայաստանում հազարավոր նկարիչներ, քանդակագործներ, երաժիշտներ կան, իսկ երաժշտական գործիքներ պատրաստող վարպետները շատ քիչ են։ Վերջերս Մերուժան Սիմոնյանը հրատարակեց Երիցյան ընտանիքի չորս վարպետներ Շահենի, Հակոբի, Սամվելի եւ իմ մասին պատմող գիրքը։ Իսկապես հաճելի է։
Զրուցեց Անժելա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

01-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO