Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Սպարապետի 60-րդ գարունը

Վազգեն Սարգսյանը երբեւէ չսիրեց իր ծնունդը նշել

«Ես երջանիկ մարդ եմ, որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք»,—ասաց, բայց եւ անկատար թողնելով բազմաթիվ այլ մեծ երազանքներ, հեռացավ։
Եթե չլիներ «հոկտեմբերի 27—ը», ՀՀ ազգային հերոս, նախկին վարչապետ, սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր մեզ հետ կնշեր ծննդյան 60—ամյակը, թեեւ մտերիմներն ասում են, որ իր ծննդյան օրը նշել չէր սիրում։ «Մենք հավաքվում, նշում էինք՝ ինքը տանը չէր լինում։ Գալիս էր այն ժամանակ, երբ արդեն ամեն ինչ հավաքում ու հենց այնպես նստում էինք։ Մենք ուտում էինք, մենք խմում էինք, մենք էլ մոմերը փչում էինք, շնորհավորում առանց իր ներկայության։ Երբեւէ չսիրեց իր ծնունդը նշել»,–«ՀՀ»—ին պատմեց սպարապետի զարմուհին, նրա թանգարանի աշխատակից Երանուհի Մուսիկյանը։
Փոխարենը գարնանամուտն էր տոնում։ «Վազգենի հետ մարտի 1—ին 5—6 ընկերներով իջնում էինք Աշտարակի ձոր՝ գարնանամուտ նշելու՝ լավաշով, պանրով, կանաչիով։ Եվ այդ սեղանին արգելված էր միս ուտել»,—հիշում է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ու ավելացնում, որ Վազգենը նաեւ դրանով էր բնության մարդ։
Սիրում էր բնությունը, հատկապես իր հայրենի գյուղի բնությունը։ Իրենց կողմերի ամեն ինչն էր սիրում՝ հողը, ջուրը, իրենց փողոցը, երեխաներին։ Տիկին Երանուհին ասում է, որ մի անգամ սպարապետին հարցրել են, թե իրենց գյուղից հատկապես ի՞նչն է կարոտում։ Պատասխանել է, որ նույնիսկ գյուղի մոծակներին է կարոտում։
Կապվածությունն այնքան մեծ է եղել, որ «Գարուն» ամսագրում աշխատելու տարիներին երեկոյան տուն էր գնում, առավոտյան Երեւան գալիս, եւ դա այն դեպքում, երբ Երեւանում մնալու հնարավորություն կար՝ բարեկամներ ուներ։ Իսկ պատասխանատվության զգացումն այնքան մեծ է եղել, որ Երեւանում բնակվողները, պատահում էր՝ ուշանում էին, ինքը՝ ոչ։ Մտերիմները փաստում են, որ պատասխանատվության բարձր զգացում ուներ դեռ փոքր տարիքից։ Երանուհի Մուսիկյանն ընդգծում է. «Դեռ մանկությունից պարտություն չսիրեց։ Խաղում էլ իր թիմը պետք է հաղթեր, հետո նոր տուն գնային, կապ չուներ՝ գիշերվա որ ժամն է։ Իսկ ֆուտբոլն իր տարերքն էր։ Շատ—շատ էր խաղում ու միաժամանակ դպրոցում բացարձակ գերազանց էր սովորում։ Գրետա մայրիկի հետ նույն դպրոցում լինելուց նեղվում էր, ասում էր՝ ինձ ուրիշ դպրոց տեղափոխեք։ Կմտածեն՝ ուսուցչի տղա եմ, դրա համար եմ հինգեր ստանում»։
Վազգեն Սարգսյանը Ծովինար տատի առաջին թոռն է եղել։ Խաղացնելիս տատը թոռանը հաճախ է ասել՝ «իմ Նապոլեոն բալեն»։ Եվ Ծովինար տատի ներքին զգացողությունն իրեն չխաբեց։
«Դժվար է տարանջատել գրող Վազգեն Սարգսյանին, ընկեր Վազգեն Սարգսյանին, քաղաքական գործիչ Վազգեն Սարգսյանին։ Վազգենի ամենակարեւոր հատկանիշը նրա հայրենասիրությունն էր։ Նա անսահման սիրում էր մեր երկիրը, սիրում էր ինքնազոհաբար։ Վազգեն Սարգսյանը զոհվել է հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն ինքնիշխան եւ ուժեղ Հայաստանի Հանրապետության։ Եթե ինքը չլիներ այդ գաղափարի կրողը եւ իրեն անմնացորդ չնվիրեր Հայաստանի անկախացմանն ու հզորացմանը, գուցե այդ հոկտեմբերի 27—ը չլիներ»,–նկատում է Ջհանգիրյանն ու ընդգծում, որ սպարապետը նաեւ հրաշալի ընկեր էր։ Ու որքան էլ բարկացած լիներ ընկերոջ վրա, նեղացած լիներ նրանից, ինչպես ժողովուրդն է ասում՝ «միսը կուտեր, բայց ոսկորը չէր նետի»։ Ընկերոջը երբեք մենակ ու անելանելի վիճակում չէր թողնի։ «Ցավոք, նա չկա, եթե նա լիներ, մենք բոլորովին այլ իրավիճակում կլինեինք՝ թե՛ մեր երկիրը, թե՛ ՀՀ զինված ուժերը, եւ ընդհանրապես ժողովրդի ոգին, քաղաքացու իքնազգացողությունը, սոցիալական, նյութական վիճակը… Դժվար է Վազգենին բնութագրելը, ծայրահեղ դժվար է»,—հավատացնում է Գ. Ջհանգիրյանը։
Վազգեն Սարգսյանը սիրում էր կյանքը, երգը, ընկերությունը։ Այդպես է ասում Վահան Շիրխանյանն ու ավելացնում՝ նա շատ լավ գիտեր, որ ժողովուրդն իրեն սիրում, ընդունում, հարգում է. «Ինքը դա շատ լավ գիտեր, եւ շատ հանգիստ էր իր անվտանգության համար։ Երբեք չէր կարող նույնիսկ ենթադրել, որ ժողովրդի միջից ինչ—որ մեկն իր դեմ դուրս կգա եւ նման բան կանի»։
«Մեր ամենօրյա աշխատանքով պետք է կերտենք այն հզոր Հայաստանը, որի մասին Վազգենն էր երազում։ Երեւի լավագույն նվերը դա կլինի եւ դա ինչ—որ չափով պարտավորեցնող պետք է լինի, որ այդ ճանապարհն ամեն օր ինչ—որ չափով անցնենք։ 60—ամյակի խորհրդանիշը պետք է լինի այն, որ Վազգեն Սարգսյան անունը հիշվի ոչ միայն 60 տարվա, 600 տարվա մեջ, այլեւ 6000 տարվա մեջ ու դրանից հետո՝ հավերժ»,–ընդգծում է ՀՀ նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանն ու բարձրաձայնում՝ այնքան ուրախ կլիներ, որ առիթ լիներ մարտի 5—ին Վազգեն Սարգսյանի հետ բաժակ բարձրացնելու ու նրա կենացը խմելու։
Ի դեպ՝ Վազգեն Սարգսյանի համար էլ բաժակ բարձրացնելու առիթներից էր ղաուրմա պատրաստելու գործընթացը։ Տիկին Երանուհին պատմում է, որ ձմռան համար նախատեսված ճաշատեսակներ պատրաստելու ավանդույթ են ունեցել, որը Գրետա մայրիկը պահպանել է. «Եվ եթե ղաուրմա էինք պատրաստում, Վազգենն անպայման պետք է ներկա լիներ, որպեսզի համտեսեինք թթվով, գինիով, լավաշով։ Բոլոր արարողություններն ինքը սիրում էր»։ Հայկականն էր սիրում՝ ամեն ինչի հայկականը։ Բանան այդպես էլ սկզբունքորեն չկերավ։ Զարմուհին մեջբերում է սպարապետի խոսքերը. «Ծիրան ունեցող ժողովուրդը բանա՞ն կուտի»։ Վազգեն Սարգսյանի սիրելիներից էր նաեւ Կառլենը՝ եղբորորդին։ «Արմենին ասում էր՝ գնացեք, ձեզ համար տղա բերեք, Կառլենն իմ տղան է»,–տիկին Երանուհին է պատմում։
Իսկ տատից իրեն հասած ամուսնական մատանին այդպես էլ առանց տիրուհու մնաց ու դարձավ թանգարանային նմուշ՝ իր տուն—թանգարանում։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

05-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO