Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.09.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլեւս անշրջելի են Հայաստանում

Վարչապետը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բրյուսելում, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախօրեին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին, որոնք վերաբերում էին մեր երկրում տեղի ունեցող քաղաքական եւ տնտեսական փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, դատական համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, Հայաստան—Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին եւ այլն։
Շնորհակալություն հայտնելով հանձնաժողովի անդամներին հնչեցված դրական գնահատականների համար՝ Հայաստանի վարչապետը նշել է. «Ցանկանում եմ առանձնացնել երեք հարց՝ կապված Հայաստանում ընթացող գործընթացների հետ։
Նախ, մեզ անհրաժեշտ է ստեղծել ուժեղ ժողովրդավարական ինստիտուտներ։ Անշուշտ, պետք է շարունակենք կատարելագործել ընտրական համակարգը, ուստի այդ ուղղությամբ մենք պետք է արդյունավետ համագործակցենք Եվրոպական միության հետ։
Մենք տեսնում ենք, որ մեր եվրոպական գործընկերները պատրաստ են աջակցել մեզ։ Այստեղ ես կուզենայի ընդգծել, որ մենք պատրաստ ենք ամբողջությամբ իրագործել Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, քանի որ համոզված ենք, որ այն լիովին համապատասխանում է մեր ներքին օրակարգին եւ նպատակներին։
Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, պետք է նշեմ, որ այն չափազանց կարեւոր է մեզ համար՝ երկրում օրենքի գերակայություն հաստատելու առումով։ Հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ։ Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, եւ դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը։ Այդ առումով չափազանց կարեւոր է ապահովել դատարանների անկախությունը։
Մեր կառավարությունն սկզբից եւեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին։ Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք՝ օլիգարխիան, այլեւս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից։ Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որեւէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ։
Պետությունից թալանված միջոցները պետք է վերադարձվեն, եւ մենք հուսով ենք, որ մեզ կհաջողվի արդյունավետ համագործակցություն ծավալել Եվրոպական միության հետ այդ նպատակին հասնելու համար։ Մեզ համար չափազանց կարեւոր է, որ ԵԱՀԿ—ն խոստացել է օգնել Հայաստանի կառավարությանը՝ հանրային միջոցները պետությանը վերադարձնելու հարցում»։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, եւ մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար։ Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան։
Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ազգաբնակչության շահերը։ Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում։
Կարեւոր է նաեւ բանակցությունների ձեւաչափի հարցը։ Միջազգայնորեն ընդունված է, որ ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի ժամանակ։ Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, եւ, ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության։ Այդպես է եղել թերեւս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին եւ համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը։
Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը։ Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին եւ չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից։ Հետեւաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձեւաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»։
Ի պատասխան Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ համագործակցության վերաբերյալ հարցադրումներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Եվրոպական միությունը Հայաստանի առաջ աշխարհաքաղաքական կողմնորոշման հարց չի դնում։ Եվրամիության հետ մեր համագործակցության օրակարգն ամբողջությամբ միտված է բարեփոխումների իրականացմանը։
Անշուշտ, Ռուսաստանի հետ մեր համագործակցությունը շատ կարեւոր է, քանի որ մենք շարունակում ենք մնալ ռազմավարական գործընկերներ, եւ ես կարծում եմ, որ հակասություններ չկան եւ չեն կարող լինել Ռուսաստանի եւ Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում։ Դրանք թափանցիկ են, եւ ես կարեւոր եմ համարում ընդծել, որ Եվրամիության հետ մեր մերձեցումը չի ենթադրում Ռուսաստանի նկատմամբ որեւէ դավադրություն, ճիշտ այնպես, ինչպես չկա դավադրություն Եվրոպական միության նկատմամբ՝ Ռուսաստանի հետ մեր շարունակական հարաբերություններում։
Մեզ համար չափազանց կարեւոր է համագործակցությունն էներգետիկայի բնագավառում, եւ մենք մտադիր ենք զարգացնել այն Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Օրեր առաջ ես այցելեցի Իրան, եւ մենք քննարկեցինք էներգետիկայի բնագավառում համագործակցության խորացման հնարավորությունները»։
Ինչ վերաբերում է հայաստանյան ներքաղաքական զարգացումներին եւ տնտեսական փոփոխություններին, Հայաստանի վարչապետն ընդգծել է՝ այս համատեքստում կառավարության գաղափարախոսությունը մնում է նույնը։ «Դրա հիմքում մարդկանց քաջալերելն է, որպեսզի նրանք կոնկրետ քայլեր կատարեն իրենց ապագան որոշելու ուղղությամբ։ Քաղաքական հեղափոխությունից հետո մենք հորդորում եւ խրախուսում ենք մարդկանց, որպեսզի նրանք տնտեսական ակտիվ գործունեություն ծավալեն։
Հեղափոխությունից առաջ մենք ունեինք մենաշնորհներ եւ օլիգարխիա, որոնք սահմանափակում էին տնտեսական գործունեության հնարավորությունները մեր երկրում։ Հիմա մենք բացում ենք դաշտը՝ հավասար պայմաններ ստեղծելով բոլոր խաղացողների համար։
Կարեւոր է, որ մենք բարեփոխում ենք մեր հարկային օրենսդրությունը ի նպաստ փոքր եւ միջին բիզնեսի։ Եվ մենք փորձելու ենք ստեղծել տնտեսական գործունեության նոր դաշտ՝ միկրոբիզնես, որտեղ մարդիկ ազատ կլինեն հարկերից։ Մենք պատրաստվում ենք նաեւ կատարել օրենսդրական փոփոխություններ ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով։ Դրան զուգահեռ զարգացնելու ենք ենթակառուցվածքները, ինչի համար մեզ անհրաժեշտ է տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն ստանալ նաեւ Եվրամիությունից։
Կրկին անհրաժեշտ եմ համարում ընդգծել, որ մենք պետք է էլ ավելի հզորացնենք ժողովրդավարական ինստիտուտները Հայաստանում։ Կցանկանայի հատուկ շեշտել, որ ժողովրդավարությունն ու օրենքի գերակայությունն այլեւս անշրջելի են Հայաստանում, եւ նախկին կոռումպացված համակարգը չի կարող վերադառնալ»,–եզրափակել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

06-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO