Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.05.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Բացառիկ աշխարհագրական դիրք, արարող ազգ. հաջողությունն այլընտրանք չունի

Հարցազրույց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ

–Բարեւ Ձեզ, պարոն նախարար։ Մեր զրույցը սկսելուց առաջ Ձեզ կխնդրեմ թվեր գրեթե չհնչեցնել։ Դրանք բազմիցս հնչեցվել են, ինչն էլ չի հնչել, կարող ենք վիճծառայության համակարգում գտնել։ Փորձենք ասելիքը հասկանալ շարքային վիճակագրական ընթերցողի տեսանկյունից։ Նրա հետ նաեւ ես, որպես տնտեսական թեմաներով գրող լրագրող, ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է ի վերջո այսօր Հայաստանի տնտեսական քաղաքականության կուրսը։
–Բարեւ Ձեզ։ Այսպես ասեմ։ Ամենակարեւոր առանձնահատկությունը պետք է լինի ներառականությունը։ Բազմաթիվ պարզաբանումներ կան այդ առնչությամբ, թե ի վերջո, երբ խոսում ենք ներառականության մասին, ինչն ենք առանձնացնում։ Գիտենք, որ ներառականության մասին խոսվում է ոչ միայն տնտեսական կյանքում քաղաքացիների ներառված լինելու մասով, այլեւ այդ հարցը շատ հաճախ նաեւ սոցիալական ենթատեքստ ունի։ Համաշխարհային տնտեսական ֆորումը 2017թ.—ից զեկույց է հրապարակում, թե ի վերջո ինչ ձեւով պետք է որոշել կառավարությունների վարած քաղաքականության ներառականության աստիճանը։ Այսինքն՝ մենք կարող ենք խոսել այն մասին, որ մեզ մոտ ներառական է տնտեսական զարգացումը, բայց դա պետք է ճիշտ կոչվի նաեւ միջազգային համեմատականների տեսանկյունից։ Եվ անդրադառնանք բազմաթիվ խնդիրների՝ ենթակառուցվածքների հասանելիությունից մինչեւ սոցծառայությունների հասցեականություն, կրթական, առողջապահական ծառայությունների մատչելիություն… վերջնահաշվում սրանք տնտեսական ցուցանիշներ են։ Երբ հասնում ենք այդ տնտեսական ցուցանիշներին, երկու կարեւոր հարց է առանձնացվում։ Առաջինը զբաղվածության աստիճանն է։ Իսկ այսօր մենք գործազուրկների մեծ թիվ ունենք։ 1 մլն 100 հազար մարդ է գնահատվում զբաղվածների թիվը ֆորմալ եւ ոչ ֆորմալ հատվածում, ընդ որում՝ ներառած նաեւ գյուղատնտեսության բնագավառը, եւ դրա նկատմամբ 270 հազար մարդ համարվում է գործազուրկ։ Այսինքն՝ որպես ցուցանիշ գործազրկությունը ամենամտահոգող հարցերից մեկն է։ Հիմա, երբ մենք ունենք 270 հազար գործազուրկ, իրակա՞ն է ակնկալել, որ կարճ ժամանակում նրանք աշխատանք կունենան։ Երկրորդ կարեւոր հարցը արդեն զբաղվածների մասով է՝ ունի՞ արդյոք աշխատող մարդը բավարար եկամուտ եւ ապրո՞ւմ է բարեկեցիկ կյանքով՝ աշխատանք ունեցող մարդ համարվելու համար։ Համապատասխանաբար եկամուտները ըստ աշխատատեղի կարեւոր երկրորդ ցուցանիշն է, որ մեզ համեմատում է աշխարհի հետ։ Այլ կերպ՝ 1 ժամ 1 աշխատող հաշվով 12 անգամ ավելի ցածր ցուցանիշ ունենք, քան եվրոպական առաջադեմ զարգացած տնտեսություններում…
–Ներողություն եմ խնդրում ընդհատելու համար։ Ներառականության մասին շատ է խոսվել, հասկանալի է արդեն։ Եկեք խոսենք մի քիչ ավելի պարզ։ Տնտեսական ո՞ր ուղղությունն է բռնելու մեր երկիրը։ Վարչապետն ասում էր՝ հանքարդյունաբերական երկիր չի լինելու, գյուղատնտեսական երկիր չի լինելու։ Ինձ հետաքրքրում է, եթե ոչ հանքարդյունաբերություն ու գյուղատնտեսություն, հապա ի՞նչն ենք զարգացնելու։
–Գիտե՞ք՝ վարչապետն ինչու այդպես ասաց։ Փորձեմ պարզաբանել՝ ինչպես ես եմ հասկանում։ Տեսեք, ընդերքի բնական պաշարները սահմանափակ են, եւ սահմանափակ են նաեւ այն իրավունքները, որոնք տրված են հանքարդյունաբերական կազմակերպություններին։ Ասել է՝ շատ ընդլայնվել եւ աշխատատեղեր ապահովել չեն կարող։ Բացի այդ՝ պետք է բարձրացվեն այն բնապահպանական պահանջները, որոնք ներկայացվում են ընդերքօգտագործողին։ Տնտեսական օգուտ ստանալը երբեք չպետք է լինի ի հաշիվ հանքին հարակից տարածքների բնակիչների առողջության։ Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը. Հայաստանում գյուղատնտեսության մեջ զբաղված է 330 հազար մարդ։ Այս թիվը փոքր—ինչ նվազել է վերջին տարվա ընթացքում, բայց 2018թ. վերջնական արդյունքով կարող է լինել 320 հազար։ Ունենք ցածր արտադրողականություն՝ արդյունաբերության եւ ծառայությունների բնագավառի համեմատ։ Այստեղ էլ են պաշարները սահմանափակ՝ հողը, ջուրը։ Բացի այդ՝ գյուղատնտեսությունում ինչքան ինտենսիվությունը բարձրանա, այնքան քիչ մարդ է պահանջվելու նույն արդյունքը ստանալու համար…
–Թվարկենք՝ ինչն ենք զարգացնելու։ Օրինակ…
–Զարգացնելու ենք արդյունաբերության ճյուղերը։ Բայց չեմ ուզում օրինակներով թվարկենք։ Եթե ասեմ տեքստիլը, դա լավ, արագ ճանապարհ է, բայց երկարաժամկետ հատվածում ունի իր ռիսկերը։ Օրերս խոսում էի մասնավոր հատվածից մի գործընկերոջ հետ, որը հայազգի կին գործարար է եւ ՌԴ—ում մեծ հաջողությունների է հասել խորհրդատվական բնագավառում, որի ծառայությունից օգտվել են բազմաթիվ ընկերություններ, ասենք՝ «Ռուսական երկաթուղիները»։ Փորձառություն ունի նաեւ տեքստիլ ոլորտում՝ արտադրողին եւ վաճառողին միմյանց կապելու առումով։ Վերջին տարիներին նա օգնում էր մեր տեքստիլ ոլորտին ռուսաստանյան շուկայում հայտնվելու գործում։ Վերջերս էլ փորձեց ինքը հիմնել փոքր արտադրություն։ Այն Չարենցավանում է, բացումը շուտով կհայտարարվի։ Արդեն 50 աշխատող ունի։ Նա այդ բնագավառում խորը գիտելիքներ ունի եւ գիտի՝ ինչ է կատարվում այդ բնագավառում Չինաստանում, Վիետնամում։ Երբ խոսում էինք ռիսկերի մասին, ասաց, որ ԱՄՆ—ում առաջին անգամ մեկնարկեց կարի արտադրություն՝ ամբողջովին ռոբոտացված։ Տեսեք՝ ինչ է կատարվում։ Չինաստանը այսօր համարվում է տեքստիլի զարգացման տեսանկյունից թանկ երկիր։ Մինչդեռ նախկինում էժան աշխատուժի երկիր էր համարվում։
–Դե դա քաղաքական պատճառ էլ ունի. այս երկիրը, որ ձգտում է արդեն 3—րդ բեւեռ դառնալ, արդեն շատ բան կփոխի…
–Ինչեւէ։ Հիմա Ուզբեկստանի տեքստիլն է էժան։ Բայց եթե Ուզբեկստանը դառնա ԵԱՏՄ երկիր, ու նրա էժան տեքստիլը լցվի ռուսական շուկա, հայկական արտադրողների համար խնդիր կծագի։ Երկարաժամկետ առումով ռիսկերին եկանք…
–Ռիսկը ո՞րն է։ Կարծում եք՝ ռոբոտացումը հիմա մեր շեմքին կանգնա՞ծ է։
–Հեռու չէ, ամեն ինչ շատ արագ է զարգանում աշխարհում։
–Զարգացած աշխարհը մեքենայացմանը զուգահեռ այլ կողմ էլ ունի։ Շվեդիան էլ է զարգացած աշխարհի մաս, բայց երբ իր առջեւ խնդիր դրեց, որ մարդկանց պետք է ամեն գնով ապահովի աշխատանքով, մեկ ծառը տնկելու համար 3 աշխատատեղ բացեց՝ փոս փորողը, տնկողը եւ ջրողը։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ խնդիր ենք մեր առջեւ դնում։ Սովետակա՞ն մտածելակերպ է, թող որ։ Բայց գուցե չեզոքացնելու է այն խնդիրը, ինչ զարգացած շատ երկրներ են ունենալու։
–Ճիշտ եք ասում, Եվրոպան էլ է խնդիրներ ունենում։ Եթե մեքենայացումը բերելու է զանգվածային կրճատումների, այնուամենայնիվ, քաղաքացիներին աշխատանքով ապահովել է պետք։ Կան այդպիսի քննարկումներ։ Մենք դեռեւս այնքան թանկ չենք աշխատում, որ արդյունաբերական տարբեր ճյուղերի համար լինենք ոչ գրավիչ։ Հավանական է, որ առաջիկայում շատերն իրենց հայացքը կուղղեն դեպի Հայաստան։ Տեքստիլում այսօր կա դրա հնարավորությունը։ Նախորդ տարի մենք արտադրության եւ արտահանման 60 տոկոս աճ ենք ունեցել այս ոլորտում։
–Տեքստիլը թողնենք, ուրի՞շ։
–Վերամշակող արդյունաբերությունը։ Թեեւ այսօր աշխարհը գալիս է նրան, որ լոգիստիկայի հաշվին չվերամշակված գյուղատնտեսական արտադրանքը՝ թարմը, նույնպես կարողանում են արագ հասցնել իրացման շուկաներ։ Մենք պետք է մտածենք նաեւ այդ մասին։ Ուզում եմ ասել, մենք մեզ չպետք է սահմանափակենք։ Վաղվա աշխարհի տեսանկյունից պետք է մտածենք, հետեւենք, թե ինչ է կատարվում աշխարհում, որ հետ չմնանք։ Եվ գիտեք, գործարար այդ կինը, ում մասին խոսում էի քիչ առաջ, Հայաստանի աշխարհագրական դիրքը, որ մենք միշտ համարել ենք անբարենպաստ, ճիշտ հակառակը, ուժեղ կողմ է համարում։
–Այո, ես էլ եմ այդ մասին գրել՝ դեպի իրացման շուկաների հեռավորությամբ պայմանավորված։ Նույն «Մետաքսի ճանապարհի» ժամանակ քննարկվում էր այդ հարցը։ Ի վերջո, հենց այնպես չէ, որ առեւտրական խաչմերուկ ու կապուղի է եղել մեր երկիրը։
–Դուք ճիշտ եք։ Հայաստանից եվրոպական իրացման շուկաներ 6 ժամ է ընդամենը։ Հայաստանը բացառիկ աշխարհագրական դիրք ունի ե՛ւ Հյուսիսի, ե՛ւ Ասիայի, ե՛ւ Արեւելքի, ե՛ւ Արեւմուտքի նկատմամբ։ Սա պետք է մենք հասկանանք ու գնահատենք եւ ուժեղացնենք դա։ Բայց մեզ մոտ դեռ վատ են լոգիստիկ ենթակառուցվածքի հետ կապված խնդիրները։
–ԵԱՏՄ—ում անցումային շրջանի մեր առավելություններն ավարտին են մոտենում։ Ի՞նչ խնդիրներ կծագեն։
–Ես առիթ ունեցել եմ խոսելու, որ ԵԱՏՄ—ն ինչքան ունի սահմանափակումներ, այնքան էլ ունի առավելություններ ու հնարավորություններ։ Մենք անցումային շրջանն ենք դիտում իբրեւ առավելություն։ Ես էլ ասում եմ՝ առավելությունները կերեւան, երբ անցումային շրջանը կավարտվի։
–Երբ անցումային շրջանն ավարտվի, թռչնամսի ներկրումը 80 տոկոսով թանկանալու է։ Դրա առավելությունը ո՞րն է, սպառողների մեծ մասը հենց գնային գործոնով պայմանավորված է ներկրվածն ուտում։
–Առավելությունը գիտե՞ք որն է, որ տեղական արտադրողները հնարավորություն կստանան արտադրելու։ Էն սառն ու էժան թռչնամիսը շատ հաճախ թույլ չի տալիս տեղականին շնչելու։
–Բայց տեղական արտադրողը հիմա էլ չի կարողանում շնչել, արտադրող կա, որ փակում է ֆաբրիկան։
–Դեմ եմ մասնավոր օրինակով երեւույթի մասին խոսել։
–Այո, բայց այդ մասնավորը ծավալ ունի տեղական շուկայում։ Լավ, տեղականը ինչպե՞ս է շնչելու, չէ՞ որ այդ տեղական ասվածն էլ հարաբերական է, որովհետեւ ամբողջական ցիկլով չի աշխատում. ասենք թռչնակերի բաղադրիչները ներմուծվում են, ինչը նաեւ գնի վրա է ազդում։
–Ճիշտ դիտարկում եք անում։ Բայց մենք ունեցել ենք չէ՞ տարիներ, երբ ձվով ու թռչնամսով բավարարել ենք ներքին պահանջարկը։ Տեղական արտադրողա էլի կարող է ոտքի կանգնել. նա կսկսի եւ էժան կերի մասին մտածել, եւ շատ այլ հարցերի մասին էլ։
–Ֆիքսեցինք եւս մեկ ճյուղ՝ սննդարդյունաբերությունը։ Ուրի՞շ։
–Ոսկեգործություն, ադամանդագործություն։ Քայլեր ենք անում։ Ընդհանրապես, բոլոր ոլորտներում կան փոքրիկ օղակներ, որ խնդիրներ ունեն, ու մենք դրանց մեծապես ենք ուշադրություն դարձնում, որ գուցե առաջին հայացքից չհասկացվի, բայց հենց դրանք պարզեցնելով ենք բարելավում ընդհանուր շղթան։
–Պարո՛ն Խաչատրյան, փորձը ցույց է տալիս, որ չկա զուտ տնտեսություն, եւ արտաքին շուկաներում քայլ անելու համար պետք է քաղաքական գործոնն աշխատեցնել։ Տարիներ առաջ, երբ ռուսական շուկաներ արգելվեց վրացական գինիների մուտքը, հայկական գինին չկարողացավ ոտքի տեղ անել այնտեղ։ Ինչպե՞ս ենք մի շղթայում աշխատեցնելու քաղաքականությունն ու տնտեսությունը։
–Շատ պարզ. Ռուսաստանի հետ մեր քաղաքական հարաբերությունների լավ որակը պետք է ծառայեցնենք տնտեսական հարաբերությունների զարգացմանը։ Մենք, ցավոք, կաղում ենք տնտեսական հատվածում, մեր քաղաքականը երկկողմ հրաշալի հիմքերի վրա է։ Այն, ինչ պետք է անի բիզնեսը, մեզ թվում է՝ դա պիտի անի պետության աջակցությամբ։ Գինու օրինակն եք բերում չէ՞, ասեմ։ Ցանկացած մեր գինեարտադրող չի կարողանում առաջարկ ձեւավորել, ծավալ ապահովել։ Դա է խնդիրը։
–Եթե ի մի բերենք, ՀՀ—ն զարգացնելու է թեթեւ արդյունաբերությունը միայն։ Ծանրից խոսո՞ւմ ենք, թե՞ մոռանում այս ոլորտը։
–Խոսելու մեկ եղանակ եմ տեսնում՝ եթե աշխարհի խոշոր արտադրողները հետաքրքրված լինեն Հայաստանում զարգացնել մեքենաշինությունը կամ սարքաշինությունը։ Որովհետեւ մենք այլեւս շատ հեռու ենք նրանից, որ կարողանանք ինքնուրույնաբար որոշել աշխարհի պահանջը։ Ի՞նչ անենք, հին սարքերի՞ց արտադրենք։ Ուրիշ ճանապարհ կա։ Առիթը օգտագործեմ՝ մի բան ասելու։ Աշխարհի շատ հայտնի ընկերություններից մեկը (այս պահին անունը չեմ նշում) աշխարհում ընդամենը երկու տեղ ունի, որտեղ զբաղվում է իր հետազոտական եւ զարգացման պրոյեկտներով։ Երրորդ տեղը, որտեղ որոշել է, որ կարող է դրանով զբաղվել, Հայաստանն է։ Այսինքն՝ սկզբում գալիս է հետազոտական կենտրոնով, երկրորդ աստիճանը պրոտոտիպային արտադրությունը կարող է լինել, հաջորդ աստիճանը՝ սարքի արտադրությունը։ Թե չէ, հիմա ասենք՝ զարգացնում ենք ծանր արդյունաբերությունը, չենք կարող։
–Ո՞րն է Հայաստանի տնտեսության ամենախոցելի տեղը։
–Արտադրողականությունը։ Էլի օրինակով խոսեմ։ Տեքստիլի ոլորտում ի՞նչ են պատմում։ Առավոտյան աշխատակիցները գալիս են եւ մի կես ժամ հարցնում են՝ ում երեխան ոնց է, հայրը, մայրը։ Տեքստիլ ձեռնարկություններից մեկի ղեկավարը ասում է՝ խնդրել եմ՝ աշխատանքի ժամը չօգտագործել ընտանիքի հարցերը քննարկելու համար։ Դա ազդում է արտադրողականության վրա։ Գերմանիայում պրակտիկա անցածը ասում է՝ իրավունք չունենք մեր արտադրական սեղանի մոտից այլ սեղանի մոտենալու։ Պետք է փոխենք մտածելակերպը։
–Իսկ ինչո՞ւ մտածելակերպը։ Գուցե մեր արտադրողականությունը ցածր է, որովհետեւ օրենքը, պահանջը բերում ու մտածելակերպն ենք փոխել ուզում, ոչ թե տեղայնացնում, հարմարեցնում մեր մտածելակերպին։ Աշխատանքը կարող են 10 րոպե շուտ սկսել կամ վերջացնել, բայց մեր պարագայում չշփվելն անհնար է։
–Էդպիսի բան էլ կա։ Ամեն դեպքում մեր հիմնական խնդիրը՝ արտադրողականությունն է ցածր։ Մենք ստեղծարար, արարող, հոգատար որակներ ունենք, որոնք կարող են շատ մեծ դրական ազդեցություն ունենալ, բայց պետք է այնպես անենք, ոչ չվնասենք մեր արտադրողականությանը։
–Պարո՛ն նախարար, այլ տարբերակ կա՝ ըստ իս. մենք արտադրողականության խնդիր ունենք, որովհետեւ տեղական արտադրությունը ամբողջական շղթայով չէ։ Տեքստիլ արտադրանքը հայկական է, բայց թելը, ասեղը, գործվածքը դրսից են բերվում, մենք տեքստիլին սպասարկող, ասենք, ներկատուն չունենք։
–Այո, որովհետեւ չունենք մասշտաբ։ Հայաստանում պետք է կլաստեր ձեւավորվի։ Իսկ դա կլինի այն ժամանակ, երբ լինեն ոչ թե 15 տեքստիլի ձեռնարկություններ, այլ՝ 115։ Բայց կգա այդ օրը։
–Պե՞տք է սպասել՝ ամեն ինչ թողնելով գործարարների մտքի ճկունության հույսին։ Պետությունը ինչո՞ւ չի խառնվում։ Զարգացած երկրների փորձը վկայում է, որ ազատական տնտեսահարաբերություններն ամենեւին էլ աչքաթող վիճակ չեն ենթադրում։
–Մտածում ենք այդ ուղղությամբ։ Պետությունն անելիք ունի՝ հատկապես փոքր արտադրողների համար՝ հուշելու ուղղությունը, օգնելու շրջանառու միջոցներով եւ այլն։ Մենք մեր մասնավոր հատվածին երբեք չենք անտեսում։
–Որպես տնտեսության ոլորտի քաղաքականությունը մշակող պետական կառույցի ղեկավար ի՞նչ ձեռագիր եք թողնելու։
–Գործով եմ թողնելու (ժպտում է,—Ա.Մ.)։ Թումանյանը վաղուց տվել է հարցի պատասխանը։
–Եվ վերջում՝ պարոն նախարար, կա՞ր մի բան, որ կուզեիք շեշտադրել, բայց ես դրան չբերեցի հարցերով։
–Ես կուզեի, որ հանրությունը հավատա, որ ինքը կկարողանա իրականացնել այն, ինչ կցանկանա։ Երբ այդ հավատն ուժեղացավ, ձեւը կգտնի։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

07-03-2019





18-05-2019
Շինարարության վերելքն անխուսափելի է
Մեկնարկեց ամենամյա միջազգային մասնագիտացված տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդեսը

Քանի ...


18-05-2019
Միասնականները կմեկնարկեն հունիսի 4-ին
Դիմորդների թիվը նախորդ տարվա համեմատ կրկնակի աճել է



18-05-2019
Գինու ակցիզային հարկի նվազեցումից մինչեւ այլ հարկերի կրճատում
Պատգամավորներն օրենսգրքի վերաբերյալ ներկայացնում են առաջարկներ

Հարկային օրենսգրքում ...


18-05-2019
21-րդ դարը հայերի դարն է
Արմեն Սարգսյանը մասնակցել է «Համագործակցության գլոբալ համակարգի փլուզման ...


18-05-2019
«Մինչեւ ընկալումը չփոխվի, ոչ մի բան չի փոխվի»
Կառավարությունում քննարկվել են գերակա ոլորտում ներդրումային ծրագրերին տրվող ...


18-05-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



18-05-2019
Մխիթարյանի շուրջ կրքերը թեժանում են
Հենրիկ Մխիթարյանը, ամենայն ...

18-05-2019
Շուրջ մեկ տարի ընդմիջումից հետո բախումները վերսկսվել են
Երեկ Գերմանիայի, Բելգիայի եւ Քուվեյթի պահանջով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO