Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Կրթական ոլորտում արհեստական որոշումներ չեն լինելու

Հարցազրույց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի հետ

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 2019 թվականին նախատեսում է մի շարք գերակա խնդիրներ լուծել եւ գնալ 2018 թվականին սկսված բարեփոխումների իրագործման։ Մեզ հետ զրույցում ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2019 թվականին գերատեսչության առջեւ դրված գերակա խնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերից, բարձրագույն, միջին մասնագիտական եւ մասնագիտական ոլորտներից եւ մի շարք այլ հարցերից։
—Ինչպիսի՞ գերակա խնդիրներ է դրել իր առջեւ նախարարությունը 2019 թվականին։ Ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում դրանք իրականացնել։ Ինչպիսի՞ մարտահրավերների է առնչվում գերատեսչությունը։
—Բոլոր ուղղություններով էլ անելիքներ ունենք։ Հանրակրթական համակարգում պետք է ավարտենք ոլորտի գույքագրումը եւ արդեն ավարտենք չափորոշիչների եւ ծրագրի մշակումը։ Կարծում եմ, որ ամենամեծ բողոքներն ու խնդիրները գալիս են հենց այստեղից։
Հանրակրթության ոլորտում եւս մեկ առաջնահերթություն ունենք՝ կառավարման մոդելների առաջարկն է։ Մշակել ենք մի մոդել, որը շրջանառության մեջ է եւ ենթադրում է դպրոցների խորհուրդների ձեւաչափի փոփոխություն եւ նոր մեթոդով տնօրենների ընտրության մրցույթի կազմակերպում։ 12—ամյա կրթության վերաբերյալ բողոքներ կան եւ հիմնականում վերաբերում են ավագ դպրոցներին։ Ներկայումս մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում բովանդակային առումով։ Խնդիրներ կան նաեւ ավագ դպրոցների ֆիզիկական պայմանների հետ կապված։ 2008 թվականից սկսած, երբ մենք անցում կատարեցինք 12—ամյա կրթության՝ ֆիզիկական պայմաններով ամենավատ հաստատությունները բաժին ընկան ավագ դպրոցներին։ Այժմ մենք իրականացնում ենք եւ շարունակում ենք դպրոցաշինության ծրագիրը։ Անցյալ տարի շահագործման է հանձնվել 5 ավագ դպրոց, այս տարի սկսվում է 7 ավագ դպրոցի հիմնակառուցում։ Կան դպրոցներ, որոնք զրոյից են կառուցվելու։ Առաջին հերթին ուշադրություն է դարձվում ֆիզիկական պայմաններին, լսարանին եւ սեյսմիկ անվտանգությանը։ Հայաստանի դպրոցների զգալի հատվածը սեյսմիկ առումով անվտանգ չէ, եւ կան տարբեր աստիճանի խնդիրներ։ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության ծրագրով հաստատվել է ավելի քան 40 դպրոցի ծրագիր։ Անցյալ տարի շահագործման հանձնված 5 ավագ դպրոցն էլ մարզերում են եղել, այս տարվա 7 դպրոցից 4—ը նույնպես կլինեն տարբեր մարզերում, իսկ մյուս 3—ը՝ Երեւանում։
Բովանդակության վրա ազդելու առումով այս տարի նախատեսում ենք ավագ դպրոցները հագեցնել ժամանակակից լաբորատորիաներով՝ շուրջ 100 ավագ դպրոց կստանա մոտ 300 լաբորատորիա՝ հիմնականում բնագիտական ոլորտից՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության եւ աշխարհագրության։ Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք։ Մասնավորապես, նոր նախակրթարանների բացում, նոր մոդելների առաջարկում մանկապարտեզներին եւ դրանց իրագործում, նախադպրոցական կրթության մասին օրենքի ընդունում։ Շուտով այդ օրենքի նախագիծը, որը կարգավորելու է նախադպրոցական կրթական հաստատությունների աշխատանքներն ու մեր քաղաքականությունն այդ ոլորտում, կդրվի շրջանառության մեջ եւ կքննարկվի։
Բարձրագույն կրթության ոլորտում ունենք մի օրենքի նախագիծ, որը միավորվել է գիտության մասին եւ գիտահետազոտական գործունեության մասին օրենքներին։ Սրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ ակնհայտ է դարձել, որ բուհերը եւ հետազոտությունը միմյանցից անջատ են, եւ դրա պատճառով գիտությունը դուրս է մնացել բուհական համակարգից։ Նման իրավիճակում մենք ունենում ենք խնդիրներ. այս համակարգում ընկնում է կրթական մակարդակը, որովհետեւ հետազոտական եւ նորարարական բաղադրիչն այնտեղ բացակայում է։ Ուսուցիչների վերապատրաստման համակարգը փոփոխություն կկրի։ Այժմ մի քանի մոդել ենք քննարկում։ Ներկա պահին վերապատրաստումները դադարեցված են, որպեսզի մենք նախորդ համակարգի անարդյունավետ վերապատրաստումների պրակտիկան չշարունակենք, եւ գումարները հատկացվեն ավելի նպատակային ու արդյունավետ ծրագրերի։ Մենք բավականին մեծ բյուջե ունենք՝ վերապատրաստումների միջոցով աշխատավարձերի բարձրացման համար։ Այս տարի, տարվա երկրորդ կեսին կսկսենք «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում հաջողությամբ վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը շուրջ 50 տոկոսով կբարձրանա։ Այստեղ շատ ուղիղ կապ է դրած որակ—վարձատրություն հասկացությունների միջեւ։ Կարծում ենք, որ սա հանրակրթության ոլորտում դրական առումով ազդեցություն կունենա կրթության որակի վրա։
—Կառավարության ծրագրում hանրակրթության ոլորտում մի քանի նպատակ կա, որոնք վերաբերում են փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներին, մարզերում տարրական դասարանների աշակերտների կայուն դպրոցական սննդին եւ այլն։ Ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու այս ամենն իրագործելու համար, եւ ի՞նչ ժամկետներում ավարտին կհասցվեն։
—Այժմ ՄԱԿ—ի պարենի համաշխարհային ծրագրից «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը փոխանցվում է ՀՀ կառավարությանը, այսինքն՝ անցում է կատարվում ազգային ծրագրի։ Գործադիրն ազգային ծրագիրն ամբողջությամբ իրականացնում է 5 մարզում՝ Սյունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Արարատի եւ Շիրակի. վերջինն ընդգրկվել է 2018 թվականին։ Այս տարի կներառվի նաեւ Արագածոտնի մարզը։ Մինչեւ 2023 թվականը ազգային ծրագիրն ամբողջությամբ կիրականացնի կառավարությունը՝ ողջ երկրի տարածքում։
Ներկայումս ՄԱԿ—ի Պարենի համաշխարհային ծրագիրը դեռեւս դպրոցական սնունդ է ապահովում Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի եւ Լոռու մարզերում։
Կարծում եմ սա ամենակարեւոր ծրագրերից է, որ իրականացվում է հանրակրթության ոլորտում։ Երեխաների ճիշտ եւ ժամանակին սնվելու ու կրթական որակի միջեւ անմիջական կապ կա։ Մենք այս ծրագիրը շարունակելու ենք եւ վերջերս էլ հանդիպում ենք ունեցել մեր գործընկերների՝ մասնավորապես Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների հետ, որոնք ֆինանսավորում եւ կազմակերպում են այս ծրագիրը։ Մեր գործընկերներն արձանագրում են, որ Հայաստանում այս ծրագիրը բավականին հաջող է իրականացվում, եւ մեր երկիրը կարող է դառնալ առաջինը, որտեղ ամբողջությամբ ներդրվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը։ Իրականացման ընթացքում կան խնդիրներ եւ բարդություններ, որոնք պետք է հաղթահարենք, մասնավորապես վերապատրասման, տեղում սննդի կազմակերպման, սննդի մատակարարման, ծնողական համայնքների ներգրավման հետ կապված։
Ինչ վերաբերում է մարզերում փոքրաթիվ աշակերտական կազմ ունեցող դպրոցներին, ասեմ, որ մի քանի օր առաջ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում, որտեղ հավաքվել էին ՀՀ բոլոր մարզպետները, քննարկել ենք կրթական ոլորտի տարբեր խնդիրներ, այդ թվում բարձրացրել ենք հենց այդ հարցը։ Մենք չենք փակելու այդ դպրոցները ու վերջ, այլ նպատակ ունենք դպրոցները վերածել կրթամշակութային կենտրոնների։ Պետությունը պետք է հնարավորություն ստեղծի նման կենտրոնների միջոցով կրթական մակարդակն ավելի բարձրացնելու ոչ միայն աշակերտների, այլեւ մեծահասակների շրջանում։
Քննարկում ենք շատ մոդելներ՝ բազմահամակազմ դասարաններից (բազմահամակազմ դասարանը տարբեր դասարանների առարկայական ծրագրեր յուրացնող սովորողներից բաղկացած ուսումնական խումբ է) խուսափելու համար, որպեսզի կրթական պրոցեսն ավելի արդյունավետ իրականացվի։ Այս պահին դպրոցների փակման հարց չի քննարկվում՝ բացառությամբ մեկի կամ երկուսի, որտեղ մեկ կամ երկու երեխա է սովորում։ Դպրոցների փակումը մեզ համար ամենեւին էլ ինքնանպատակ չէ, մենք հասկանում ենք, որ դպրոցի առկայությունը գյուղի կամ համայնքի գոյության կարեւոր գրավականներից մեկն է։ Եթե որոշ դպրոցներ փակվեն, գործողները բավականին մոտ կլինեն դրանց, եւ դժվարություն չի առաջանա կողքի դպրոց գնալու։ Այնուամենայնիվ, մենք նախատեսում ենք նաեւ լուծել տրանսպորտային հարցը։ Առաջիկայում մարզպետների հետ պետք է հանդիպում ունենանք միայն կրթական ծրագրերի վերաբերյալ, որը կլինի բովանդակային եւ հիմնարար։
—Դուք եղել եք Հայաստանի տարբեր մարզերում եւ մի շարք դպրոցներում, որտեղ բախվել եք շատ կարեւոր մի խնդրի ու բարձրացրել այդ հարցը։ Շատ համայնքներում հաշմանդամություն ունեցող աշակերտների համար կառուցված չեն համապատասխան թեքահարթակներ՝ ինքնուրույն դպրոց մուտք գործելու համար, կամ դրանք այնքան էլ հարմարավետ ու մատչելի չեն։ Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ խնդրին լուծում տալու համար։
—Այս տարի Երեւան քաղաքում եւ 2 մարզում մենք անցում ենք կատարում ներառական կրթության համակարգին։ Մատչելիության հետ կապված մի շարք խնդիրներ ունենք, եւ այս ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ Նորակառույց եւ վերանորոգվող ուսումնական հաստատություններում պարտադիր պայման է դրվում՝ ապահովել դպրոց մուտք գործելու եւ ներսում տեղաշարժվելու մատչելիությունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար։ Բացի այդ, այս պահին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ ծրագիր ենք իրականացնում Սյունիքի մարզում, եւ շարունակությունը կլինի եւս մեկ մարզում, որտեղ հիմնանորոգումներ են իրականացվում հենց դպրոցների մատչելիության ուղղությամբ։ Նախատեսում ենք նաեւ ռեսուրս կենտրոններ ունենալ այդ դպրոցներում ներառական կրթության համար։ Նոր ուսումնական հաստատություններին հիմնական պահանջը դրանց մատչելիության բարձրացումն է, եւ տարբեր ծրագրերի միջոցով վերանորոգման աշխատանքներն իրականացվում են հենց այս ուղղությամբ։ Այստեղ նաեւ լուրջ կրթական բաղադրիչ կա, որովհետեւ շատ հաճախ կրթական գործընթացը կազմակերպողները համապատասխան գիտելիք չունենալու պատճառով իրենց ուսումնական հաստատություններում չեն նկատում այդ խոչընդոտները։ Տարբեր վերապատրաստումների միջոցով պետք է սա իրականացնենք։
—Ինչի՞ն են միտված լինելու մասնագիտական, միջին մասնագիտական, ինչպես նաեւ բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները։
—Մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության վերաբերյալ ասեմ, որ նախորդ տարի մի շարք ընկերությունների հետ երկկողմ պայմանագրեր են կնքվել, որոնք, ըստ էության, այս ոլորտում ամրապնդում են բիզնեսը։ Մենք մեզ համար ֆիքսել ենք, որ ոլորտի առողջացման ամենակարեւոր գրավականներից մեկը գործատուների հետ համագործակցությունն է։ Այլ կերպ մենք չենք կարող հասկանալ ոլորտում մեր առաջնահերթությունները, հետեւաբար չենք կարող ապահովել այդ ոլորտի զարգացումը։
Նախորդ տարի 6 պայմանագիր արդեն ստորագրվել է, նմանատիպ 6 պայմանագիր նախատեսվում է ստորագրել նաեւ այս տարի։ Շուտով համագործակցության հուշագիր ենք ստորագրելու գերմանական «Knauf» ընկերության հետ։ Կարծում եմ, որ մասնագիտական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի հիմքում պետք է դրվի դուալ կրթությունը։ Այս առումով մենք համագործակցում ենք մեր եվրոպացի մի շարք գործընկերների հետ, որովհետեւ այնտեղ նրանք ունեն կայացած համակարգեր։ Նրանց լավագույն փորձը Հայաստանում ներդնելը շատ կարեւոր է։ Բարձրագույն կրթության ոլորտում մի շարք առաջնահերթություններ ունենք։
Մենք խնդիրներ ունենք տարբեր բուհերում կրկնվող մասնագիտությունների համար պետպատվերով հատկացվող գումարների հետ կապված։ Պետությունը լրացուցիչ մեծ ռեսուրսներ է ծախսում նմանատիպ կրթություն մատուցող տարբեր հաստատություններում, եւ անհրաժեշտություն կա լուծելու արդյունավետության խնդիրը։
Մի շարք կարգավորումների անհրաժեշտություն կա հատկապես մասնավոր բժշկական բուհերի հետ կապված։ Անցյալ տարի մեծ աղմուկ եղավ՝ կապված Իսրայելում հայտնաբերված կեղծ բժշկական դիպլոմների հետ։ Ցավոք սրտի, մեր օրենսդրությունն այս պահին հնարավորություն չի տալիս համարժեք արձագանք տալ նման գործունեություն իրականացնող բուհերին։ Օրենսդրական կարգավորումներով մենք կկարողանանք ավելի լուրջ գործիքներ ունենալ՝ ֆիքսելու այն ապօրինությունները, որոնք, հնարավոր է, կատարվում են մեր համալսարաններում։ Իսրայելցիներից մենք խնդրել ենք ուղարկել ապացույցներ, որպեսզի Հայաստանում կարողանանք ավելի հեշտ աշխատանք տանել այդ ուղղությամբ։
Բուհերի հոգաբարձուների խորհուրդները նոր են ձեւավորվել, եւ դրանց տրամաբանությունը փոխվել է, ու, ըստ էության, ամբողջությամբ կամ հիմնականում ապաքաղաքական են։ Խորհուրդների ղեկավարներ ընտրվել են մարդիկ, որոնք հասարակական տարբեր հատվածներում լուրջ աջակցություն ունեն եւ դրական առումով կարող են ազդեցություն ունենալ բուհերի հոգաբարձուների խորհուրդներում աշխատանքի կազմակերպման եւ որոշումների կայացման վրա։ Այս ուղղությամբ 2019 թվականին գնալու ենք 2018 թվականին սկսված բարեփոխումների իմպլեմենտացիայի։
—Տարբեր բուհերում կրկնվող մասնագիտությունների համար պետպատվերով հատկացվող գումարների հետ կապված խնդիրն ինչպե՞ս եք պատրաստվում լուծել։
—Մենք արհեստական այդ ամենը չենք հրահրելու եւ արհեստական որոշումներ չենք կայացնելու։ Քննարկելու ենք բուհերի միավորման հնարավորությունը, ապա ստեղծելու ենք մեխանիզմ։ Մի շարք զարգացած երկրներում, որտեղ փոքրաթիվ բնակչություն է, հետեւյալ պրակտիկան է գործում՝ գոյություն ունեն պետության կողմից հիմնադրված մեծ բուհեր՝ 5—6 հիմնական ուղղությամբ։ Կարծում եմ, որ սա այն օպտիմալ թիվն է, որ կարող է քննարկվել մեզանում։ Այս միավորումների արդյունքում այդ խնդիրը կլուծվի։ Բացի այդ, բուհերի միջեւ ցանց ենք ստեղծելու, որտեղ ուսանողը հնարավորություն կունենա սովորելով, օրինակ, պոլիտեխնիկական համալսարանում, հայոց լեզվի համար անհրաժեշտ կրեդիտները ստանալ Երեւանի պետական համալսարանից։ Այս ամենը կհանգեցնի մրցակցության, ինչն էլ իր հերթին կհանգեցնի նրան, որ ավելի ոչ արդյունավետ եւ կրթական առումով ցածր մակարդակ ունեցող բուհական ստորաբաժանումները կամ ստիպված կլինեն լուրջ քայլեր ձեռնարկել բարեփոխվելու համար, կամ այս մրցակցության ֆոնին կփակվեն։
—Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում կրթական ծրագրերի բովանդակության մեջ։ Դպրոցական դասագրքերի, ինչպես նաեւ առարկայացանկի փոփոխություն նախատեսվո՞ւմ է։ Խնդրում եմ դասագրքերի խնդրին անդրադառնալ նաեւ պայուսակների ծանրության թեմայի կտրվածքով։ Առարկայացանկի մասով էլ խնդրում եմ մանրամասնեք, թե ինչ ընթացք ունեցան «Շախմատ», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների շուրջ քննարկումները։
—Առանձին առարկաների մասին այս պահին չեմ խոսի, որովհետեւ դրանց քննարկումը կախված կլինի այն չափորոշիչներից եւ ծրագրերից, որոնք կմշակվեն, ու այն վերջնարդյունքներից, որ կցանկանանք ստանալ։ Միանշանակ ծրագրերը պետք է բեռնաթափել եւ առարկայացանկը փոփոխել։ Այս պահին մասնագետները քննարկում են եւ դեռեւս պատասխան չունեմ, թե որ առարկաները դուրս կմնան, ու որոնք ունեն բարեփոխման անհրաժեշտություն։ Ինչ վերաբերում է դասագրքերին, բովանդակային եւ կառուցվածքային առումով այստեղ նույնպես խնդիրներ կան։ Մեր ծնողները շատ են բողոքում պայուսակների ծանրությունից։ Մենք այժմ մի որոշում ունենք, համաձայն որի՝ մեկ դասագիրքը կդառնա երկու հատորով։ Տարվա մի հատվածում աշակերտը կսովորի առաջին հատորով, իսկ մյուս հատվածում՝ երկրորդ։ Այս դեպքում ըստ էության յուրաքանչյուր դասագիրք կթեթեւանա մոտ 2 անգամ։ Կան որոշ դասագրքեր, որոնք ծավալով փոքր են եւ բովանդակային առումով կիսելը նպատակահարմար չէ, բայց դասագրքերի հիմնական խմբաքանակը կփոփոխվի։ Սա ռադիկալ փոփոխություն կլինի պայուսակները թեթեւացնելու առումով, ինչն ուղղակի եւ անուղղակի ազդում է թե՛ կրթության որակի եւ թե՛ երեխաների առողջության վրա։
—Ներդրումային ինչպիսի՞ ծրագրեր են նախատեսվում իրականացնել։
—Ներդրումային ամենամեծ ծրագրերը, որոնք այս տարի նույնպես շարունակվելու են՝ «Քո արվեստը դպրոցում» եւ «ԴասA» նախագծերն են։ Դրանց մի մասն իրականացնում ենք մշակույթի նախարարության հետ, իհարկե, առաջիկայում միավորումից հետո մեկ գերատեսչության ներքո կլինի։ Կարծում եմ, որ սա ամենամեծ ձեռքբերումներից է ե՛ւ որակական, ե՛ւ բովանդակային, ե՛ւ մշակութային առումներով։
—Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակվելո՞ւ է («Սեյվ դը չիլդրեն», ՄԱԿ—ի պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակ, ԵՄ, Միջազգային զարգացման ընկերակցություն)։
—Մենք շատ սերտ համագործակցում ենք Եվրոպական միության հետ եւ «Եվրամիություն ինովացիայի համար» ծրագրի շրջանակներում այս տարի կսկսենք տարբեր ծրագրեր իրականացնել։ Հայաստանի Հանրապետություն—Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում (CEPA) նույնպես կրթական ոլորտին աջակցություն կլինի։ Նախատեսում եմ նաեւ այցեր կատարել մի շարք գործընկեր պետություններ։ Արդեն իսկ եղել եմ Բրյուսելում, որտեղ հանդիպել եմ ոլորտի պատասխանատուների հետ։ Պաշտոնական այց է լինելու Վրաստան, որտեղ մեր վրացի գործընկերների հետ քննարկելու ենք կրթական ոլորտում համագործակցությունը, մասնավորապես հայոց լեզվի դասավանդման խնդիրները։ Բացի այդ, պատրաստվում եմ մեկնել Ռուսաստան, որտեղ նույնպես այս ամիսներին կուտակվել են որոշ հարցեր, եւ մեր գործընկերների հետ կքննարկենք ու կփորձենք լուծումներ գտնել։
Տարվա ընթացքում մի շարք հրավերներ եմ ունեցել, եւ 2019—ին դրանք կիրականանան։ 2018 թվականից հրավեր ունեմ Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ, կարծում եմ, համագործակցության մեծ ներուժ ունենք։ Իրանում կրթական համակարգը բավականին լավ է զարգացած, եւ որոշ, օրինակ, նանոտեխնոլոգիայի, բժշկության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող ենք լուրջ համագործակցություն ունենալ։ Բացի այդ, մենք շատ լուրջ աշխատում ենք հայկական կրթական բրենդների հանրահռչակման եւ դրանց արտահանման ուղղությամբ։ Առաջիկայում պատրաստվում ենք հայկական կրթական բրենդների փաթեթ ստեղծել եւ ներկայացնել մեր միջազգային գործընկերներին։
—Գիտության ոլորտում ինչպիսի՞ բարեփոխումներ են նախատեսվում, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում գիտության ոլորտը միջազգայնորեն ավելի մրցունակ դարձնելու համար։
—Գիտության ոլորտում նույնպես փոփոխություններ են սպասվում։ Ստեղծվում է բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն, որն անմիջական պատվիրողն է լինելու գիտության ոլորտում։ Վերջերս մենք վարչապետի մոտ քննարկում ենք ունեցել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման եւ մեր տեխնոլոգիական ու գիտական ներուժի ներգրավման առումով։ Բացի այդ, մենք պատրաստվում ենք թեմատիկ ծրագրերի մեջ ներառել պետության շահերից բխող ծրագրերը։ Եթե պետությունը պետպատվեր է տալիս այս կամ այն հետազոտությունն իրականացնելու, ապա այն պետք է կիրառական նշանակություն ունենա տնտեսության համար։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչները եւ մեր նախարարությունը խոսում են տարբեր ոլորտներում ծրագրերի իրագործման ընթացքում բուհերի գիտական եւ գիտահետազոտական կենտրոնների ներգրավման անհրաժեշտության մասին։ Մենք պետք է այնպես անենք, որ փորձագիտական եզրակացությունները ստանալու համար ներգրավենք տեղի ռեսուրսները։ Այդպիսով, մենք կհասկանանք, թե ինչ ներուժ ունենք, եւ այն հսկայական գումարները, որոնք ծախսվում են արտասահմանյան փորձագիտական կարծիք ստանալու համար՝ ծախսվեն այստեղ եւ լրացուցիչ ֆինանսական հնարավորություններ ստեղծեն մեր գիտահետազոտական կենտրոնների համար։ Ներկայում մենք տարբեր գերատեսչությունների հետ աշխատում ենք ասպիրանտական եւ կիրառական թեմաների ներգրավման ուղղությամբ։ Այսինքն՝ ամբողջությամբ փոխվում է պետպատվեր տալու տրամաբանությունը։
Հարցազրույցը՝
Լիլիթ ԴԵՄՈՒՐՅԱՆԻ

08-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO