Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ինչպես հաղթահարել «զոհի բարդույթը»

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն առաջարկում է վերաբանաձեւել ապրիլի 24-ի խորհուրդը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կոչված է պահել անցյալի մասին հիշողությունը եւ փոխանցել այն ներկա սերունդներին։ Սակայն հասունացել է Հայոց ցեղասպանության հիշողության մեջ վերագնահատումներ իրականացնելու պահը։
Շուրջ 30 տարի զբաղվելով «հիշողության մշակույթով», թանգարան—ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը կարեւորում է մարդկանց ընկալումներում եւ թեմայի ներկայացման հարցում նոր շեշտադրումներ մտցնելը։
«Հիշողության մշակույթը չես կարող կարճ ժամանակում ձեւավորել, այն ներարկվում է կաթիլ առ կաթիլ, բայց պետք է իրականացվի հետեւողականորեն եւ ինստիտուցիոնալ մակարդակով»,–«ՀՀ»—ի հետ զրույցում ասաց Մարությանը։
Ամենակարեւոր շեշտադրումներից մեկը վերաբերում է ցեղասպանության տարիներին հայերի ցուցաբերած ինքնապաշտպանության ներկայացմանը։ Որպես ազգագրագետ նա գտնում է, որ առաջին հերթին դա շատ կարեւոր է հայ ժողովրդի, հատկապես մեր նոր սերնդի համար։ Առօրյայում քիչ չի հանդիպում, երբ կրթված երիտասարդները կամ անգամ տարիքով մարդիկ խոստովանում են, որ չեն ուզում ապրիլի 24—ին գնալ Ծիծեռնակաբերդ, որպեսզի իրենց չզգան զոհի ժառանգ։ «Դրան նպաստում է այն հանգամանքը, որ շուրջ մեկ դար մենք օգտագործում ենք «Եղեռնի զոհերի» կամ «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր» ձեւակերպումը, որտեղ բանալի բառը «զոհ»—ն է։ Մարդկանց պատկերացմամբ «զոհը» մորթվածն է, բռնաբարվածը, խեղդվածը, աքսորվածը, այսինքն՝ թույլ կերպար, որը տանջանքներ է կրել, հայրենիք կորցրել եւ այլն։ Մինչդեռ ցեղասպանության տարիներին շուրջ մեկ տասնյակ դիմադրություններ են եղել մեծ ու փոքր քաղաքներում, ինչպես օրինակ՝ Վանում, որտեղ մարդիկ դիմելով ինքնապաշտպանության, փրկել են իրենց եւ հարազատների կյանքը, այսինքն՝ չեն hամակերպվել մորթվելու հեռանկարին»,–նկատեց Մարությանը։ Նա հիշեցրեց, որ թեեւ ինքնապաշտպանությունները հիմնականում ավարտվել են պարտությամբ (բացառությամբ Վան քաղաքի եւ Թաղի ինքնապաշտպանության), բայց դրանց շնորհիվ նաեւ հազարավոր մարդիկ են փրկվել, եւ հայերն էլ ցույց են տվել իրենց պայքարող, մարտնչող լինելը։
Մյուս կարեւոր հանգամանքը բարոյական դիմադրությունն է, որին մեր պատմագրության մեջ շատ քիչ ուշադրություն է դարձված։ Դրսում ընդունված է «հումանիտար դիմադրություն» տերմինը։ «Դա նշանակում է, որ մենք ծավալել ենք նաեւ որբախնամ գործունեություն, համայնքներն օգնել են տեղահանվածներին, ուտելիք են տվել, գումար։ Այն, որ մարդիկ փախել են, մնացել թաքստոցներում, նույնպես բարոյական դիմադրություն է, քանի որ, ի վերջո, չեն հանձնվել, չեն զոհվել, չեն վերացել, կենդանի են մնացել, հետեւաբար եւ հաղթել են. դա ցուցիչ է, որ մարդիկ բարոյապես չեն ընկճվել, պայքարել են ամենատարբեր ձեւերով։ Հենց դա էլ հումանիտար դիմադրությունն է, եւ այս ամենը պետք է մանրակրկիտ վերհանել։ Ցավոք, «բարոյական հաղթանակ», «բարոյական դիմադրություն» ձեւակերպումները մի քիչ արժեզրկվել են մեր իրականության մեջ, բայց դրանք իրապես կարեւոր են։ Մենք դիմադրությունը միշտ ընկալում ենք միայն զենքը ձեռքին, բայց դա այնքան էլ միանշանակ չէ»,–մանրամասնեց Մարությանը։ Ազգագրագետը զուգահեռներ անցկացրեց հայերի եւ հրեաների մոտեցումների միջեւ, նշելով, որ հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմում ունեցել են ընդամենը մեկ զինված դիմադրություն, այն է՝ 1943 թվականի Վարշավայի գետտոյի ապստամբությունը, որը դարձրել են իրենց հիշողության հիմնաքարերից մեկը։ Երբ 1953 թվականին Իսրայելի Կնեսետը երեք օր քննարկում էր, թե ինչպես հիշել Հոլոքոստը, որոշվեց նշել որպես «Հոլոքոստի զոհերի եւ հերոսների հիշատակի օր»։ Իսկ օրն ընտրվել է այն պատճառով, որ միջանկյալ տեղ է զբաղեցնում Վարշավայի գետտոյի ապստամբության սկզբի եւ Իսրայելի անկախության օրվա միջեւ, դրանով փաստորեն դիմադրության փաստը՝ որպես կենսահաստատ, ապագային ուղղված եւ դիմադրական ոգին բարձրացնող հանգամանք, միացվել է զոհերի հիշատակի օրվան։ «Արդեն 65 տարի է նրանք իրենց ժողովրդին դա են սովորեցնում։ Մենք, որ ունեցել ենք բազմաթիվ զինված դիմադրություններ, բայց, ցավոք, պետականություն չենք ունեցել, մեզ մոտ տասնամյակներ շարունակ ներկայացվում, խոսվում է միայն մեր մարդկային, նյութական եւ մյուս կորուստների մասին։ Երեսուն տարի է անկախ պետականություն ենք կերտում եւ ժամանակն է, որ պետականորեն, ոչ թե զգացմունքային ձեւով մոտենանք հարցին»,–շարունակեց նա։ Արդեն մի քանի տարի շարունակ Մարությանն առաջարկում է վերաբանաձեւել ապրիլի 24—ի խորհուրդը եւ նշել այն որպես «Հայոց ցեղասպանության զոհերի եւ ինքնապաշտպանական մարտերի հերոսների հիշատակի օր»։ Շեշտն այս պարագայում դրվում է ոչ թե անհատ ֆիդայիների, այլ յուրաքանչյուրի վրա, որն ինչ—որ ձեւով դիմել է ինքնապաշտպանության։ Այստեղ կարեւոր է նաեւ հարցի իրավական կողմը. եթե մարդու կյանքին վտանգ է սպառնում, ապա նա իրավունք ունի դիմելու ինքնապաշտպանության, այսինքն՝ խոսքը ոչ թե հայերի զինված պայքարի, այլ ինքնապաշտպանական մարտերի մասին է։ «Ապստամբությունը եւ ինքնապաշտպանությունը տարբեր գաղափարներ եւ երեւույթներ են։ Մեր պատմաբաններն ու իրավաբաններն այստեղ անելիք ունեն, քանի որ մասնագիտական նրբություններ կան, որոնք իրավական որոշումներով փոփոխություններ կատարելիս պետք է հաշվի առնել»,– ընդգծեց մասնագետը։
Թանգարանի այսօրվա հիմնական ցուցադրությունը ստեղծվել է 2015 թվականին, որի վրա աշխատել են մեկ տարուց ավելի՝ ներկայացնելով որոշակի գաղափարախոսություն եւ մոտեցումներ։ Մարությանը ճիշտ չի համարում արմատապես փոխել ցուցադրությունը եւ փորձում է խնդրին մոտենալ հետազոտողի դիրքերից։ Առայժմ նոր շեշտադրումներ մտցնելու աշխատանքները զարգանում են գաղափարների եւ մոտեցումների մշակման ճանապարհով։ «Հիմնական ցուցադրությունը բաղկացած է 50—51 խորագրերից եւ դրանց մեջ շեշտադրումների փոփոխությունները միանգամից դժվար է, բայց կան դրան ուղղված քայլեր, որոնք կարելի է անել»,–շեշտեց տնօրենը, առանձնացնելով դրանցից մի քանիսը։ Մասնավորապես՝ հուշահամալիրում են հուղարկավորված հայ—ադրբեջանական ընդհարումների եւ արցախյան պատերազմի զոհերից հինգը. անցել է 30 տարի եւ այսօրվա երիտասարդներից շատերը տեղյակ չեն՝ ովքեր են նրանք, ինչու են այդտեղ թաղված եւ այլն։ Մարությանն առաջարկում է գերեզմանների մոտ տեղեկատվական ցուցանակներ տեղադրել այդ մասին, բայց այնպես, որ չխաթարվի գոյություն ունեցող փառահեղ ճարտարապետական ամբողջությունը։ Հաջորդ «փոքրիկ» քայլերից կարող է լինել այն, որ ապրիլի 24—ին, երբ հարյուրհազարավոր մարդիկ են գալիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ոչ միայն երաժշտություն հնչի, այլեւ տեքստային տարբերակով որոշակի ուղերձներ փոխանցվեն մարդկանց։ Մեկ այլ կարեւոր շեշտադրում կարող է լինել այն, որ ապրիլի 24—ին հուշահամալիր բարձրանանք ցեղասպանության զոհ եւ վերապրող մեր տատիկ—պապիկների նկարներով։ Դա կստիպի յուրաքանչյուրին հետաքրքրվել նրանց կյանքի պատմությամբ՝ որտեղից են եղել, ուր են գնացել, ինչպես են փրկվել եւ այլն։ Տնօրենն առաջիկայում նախատեսում է պոտենցիալ բարերարների հետ քննարկել այդ միջոցառումը կազմակերպելու հնարավորությունները, քանի որ իրենց ունեցած ֆինանսական միջոցները սուղ են։
Խնդիր են դրել նաեւ աշխատանքային պլաններում ամրագրել, որ յուրաքանչյուր գիտաշխատող պատասխանատու պետք է դառնա մի քանի խորագրերի համար։ Յուրաքանչյուրին հանձնարարվելու է լավ իմանալ այդտեղ ներկայացված տեղեկատվությունը, պարզելու՝ ինչ բացթողումներ, վրիպակներ, սխալներ կան, հստակեցումներ առաջարկելու եւ նոր տեղեկատվություն տրամադրելու։ Մարությանի կարծիքով, եղած տեքստերը միշտ չէ, որ խորքային են, եւ անհրաժեշտություն կա ավելի խորքային, բովանդակալից տեքստեր կազմելու, որոնք հնարավոր կլինի կարդալ QR կոդով։ «Հիշողության մշակույթի մեջ շեշտադրումների փոփոխության արդյունքները միգուցե այսօր չզգացվեն, սակայն 5—10 տարի հետո դրանք անպայման նկատելի եւ շոշափելի կլինեն։ Միայն զոհի կերպարով հանդես գալը բացասաբար է անդրադառնում հատկապես մեր մատաղ սերնդի հոգեբանության վրա»,–շեշտեց զրուցակիցս։

Հուշարձա՞ն, թե՞ թանգարան

Հայոց ցեղասպանությանը նվիրված գործում է ընդամենը մեկ թանգարան—ինստիտուտ, մեկ բաժին՝ Հայաստանի պատմության թանգարանում, ավելի փոքր հատվածներ այլ թանգարաններում եւ վերջ։ Փոխարենը ունենք հարյուրավոր հուշարձաններ, հիմնականում խաչքարեր, որոնք չեն կարող իրականացնել ճանաչողական, կրթական այն գործառույթները, ինչ թանգարանը։ Մինչդեռ 2013 թվականի տվյալներով աշխարհի տարբեր երկրներում գործում է Հոլոքոստի 66 թանգարան եւ ցուցադրություն։ «Թանգարանը մի կառույց է, որն աշխատում է տարվա մեջ ամենաքիչը 300 օր, այսինքն՝ այդքան օր մարդկանց ներկայացնում ես սեփական պատմության այդ դրվագը։ Խաչքարի մոտ մարդիկ գնում են հիմնականում ապրիլի 24—ին կամ էլ որոշ հիշատակման օրերի։ Ինչպիսի տեղեկատվություն էլ տեղադրես խաչքարի վրա, միեւնույնն է՝ այն օտարների համար մնում է այլ քաղաքակրթության քարեղեն վկայություն, եւ քչերն են հետաքրքրվում, թե ինչ նպատակով է այն տեղադրված»,–բացատրեց թանգարան—ինստիտուտի տնօրենը։ Սփյուռքի պարագայում, ըստ նրա, խաչքարը տեղադրվում է միայն հայ համայնքի համար՝ լուծելով համայնքային խնդիրներ, սակայն օտարների հետ աշխատանք խաչքար—հուշարձանը չի կատարում։
Այլ երկրներում Հայոց ցեղասպանության թեմայով թանգարան է Բեյրութի «Թռչնոց բույնը», որը նվիրված է հիմնականում որբանոցի որբերին եւ նրանցից մեկի որդու ֆինանսավորմամբ էլ վերջերս բացվել է որպես թանգարան։ Ծայրահեղականների կողմից պայթեցվելու հետեւանքով չկա այլեւս Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու միջի ցուցադրությունը, ժամանակավոր գործեց Մոսկվայում բացված ցուցադրությունը։ Արգենտինայում, Ուրուգվայում հող է հատկացվել իշխանությունների կողմից, Գլենդելի քաղաքապետարանն անգամ 1 մլն դոլար է տվել, բայց թանգարանները դեռ չկան։ «Մի բան պետք է հստակ արձանագրենք. այն երկրի քաղաքացիներին, որտեղ ապրում են հայերը, պետք է փորձեն ցույց տալ, թե ինչու եւ ինչպես են այդտեղ հայտնվել, թե ինչ գործ ունեն հայերը Ֆրանսիայում, Ռումինիայում կամ Միացյալ Նահանգներում։ Հենց «ինչու» հարցն էլ կբարձրաձայնի ցեղասպանության մասին, որը համամարդկային ողբերգություն է, մինչդեռ ոչ քիչ դեպքերում մենք շարունակում ենք ներկայացնել որպես զուտ հայկական ողբերգություն»,–նկատեց ազգագրագետը։

Այս տարի նախատեսված է

Ֆրանսահայ գեղանկարիչ Ժանսեմը դեռեւս 2001—ին Հայոց ցեղասպանության թանգարան—ինստիտուտին նվիրեց իր 34 կտավներից բաղկացած «Եղեռն» շարքը։ Թանգարանի նոր ցուցադրության մեջ այդ կտավներն իրենց թեմատիկայով հարմար չէին եւ արդեն տարիներ շարունակ պահվում են ֆոնդերում։ Մարությանը նշեց, որ այս տարի նախատեսում են վերացուցադրել Ժանսեմի կտավները թանգարանի վարչական հատվածի միջանցքում եւ գիտաժողովների նախասրահում։ Համապատասխան ցուցադրական մակերեսի առկայության պարագայում նույն տարածքում կցուցադրեն նաեւ այլ գեղարվեստական թեմատիկ գործեր, ինչը վարչական մասի այդ հատվածը կդարձնի փոքր պատկերասրահ։
Նախնական պայմանավորածություն կա Վրեժ Քասունու հետ՝ կազմակերպելու «Հայոց ցեղասպանության թեման 20—րդ դարի ցուցապաստառներում» Տիգրան Քասունու եւ Հայոց ցեղասպանության թանգարանի հավաքածուի ցուցադրությունը։ Մերձավոր Արեւելքի նպաստամատույց կառույցին նվիրված պաստառներ կան թանգարանի ֆոնդերում, մի մասն էլ Քասունու Միացյալ Նահանգներում գտնվող մասնավոր հավաքածուի մասն են կազմում։
«Հայ ռազմագերիները Ավստրիայում Առաջին աշխարհամարտի տարիներին. համեմատական դիտարկում» նախնական խորագրով մեծ ցուցահանդես է նախատեսված օգոստոսի վերջին–սեպտեմբերի սկզբին։ Հայագետ, լեզվաբան Ժասմին Դում–Թրագութն Ավստրիայի արխիվում հանդիպել է հետաքրքիր նյութի։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ավստրիացիները մարդաբանական չափումներ են կատարել Արեւմտյան ռազմաճակատում ռուսական ռազմագերիների հետ պահվող մեծաթիվ հայերի շրջանում, նրանց մանրամասն նկարագրել են, խոսեցրել եւ այդ ձայնագրությունները՝ արտասանություն, երգերը, պահպանվել են։ «Այսօր այն հարուստ ազգագրական նյութ է, թեեւ այդ տարիներին այլ դիտանկյունից էին արվել։ Ժասմինն ուզում է ցույց տալ Ավստրիայում այդ տարիներին ստեղծված համակենտրոնացման ճամբարները եւ հայկական թեման։ Մենք էլ ներկայացնելու ենք, թե ինչպիսին էր օսմանյան բանակում հայ զինվորների նկատմամբ վերաբերմունքը, որոնց հետո դարձրեցին աշխատանքային գումարտակներ, զենքը ձեռքներից վերցրեցին, իսկ հետո ոչնչացրեցին։ Այս նյութի ցուցադրությունը շատ հետաքրքիր կարող է լինել։ Մի քանի տարի առաջ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի իմ գործընկերների հետ Ժասմինն այցելել էր մի քանի գյուղեր՝ այդ մարդկանց ժառանգների հետքերով եւ գտել էր նրանց։ Բոլոր ռազմագերիները հարյուր տարի առաջ վերադարձել էին գերությունից»,–ասաց Մարությանը։ Նշենք, որ 2009—ին Ժասմին Դում—Թրագութին շնորհվել է ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի կոչում։
Առաջիկայում ինստիտուտը ձեռնամուխ է լինելու Հայոց ցեղասպանության զոհերի եւ վերապրողների տվյալների շտեմարանի ստեղծման դժվարին աշխատանքին, որը ենթադրում է համացանցային հենքով համապատասխան ծրագրաշար։ Այն հնարավորություն կընձեռի կամավորներին տվյալներ մուտքագրել, որոնք կստուգվեն ինստիտուտի գիտաշխատողների կամ հատուկ ադմինիստրատորների խմբի կողմից։ Նախատեսվում է ծրագիրն իրականացնել Հայաստանի ազգային արխիվի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին։ Ժամանակին Լավրենտի Բարսեղյանը երեք ժողովածու է հրատարակել առանձին վիլայեթներում զոհված հայերի տվյալներով։ Այսօր խնդիր է դրվել ընդլայնելու տեղեկատվական բազան։ «Այս մարդիկ չունեցան գերեզման, գոնե նրանց մասին հիշողությունն այսպես պահպանվի։ Բարոյականից զատ, սա նաեւ հետազոտական խնդիր է»,–նկատեց տնօրենը։ Հրեաները Հոլոքստին զոհ գնացած 6 մլն—ից ունեն 4.7 մլն—ի տվյալները։ «Դա տասնամյակների գործ է։ Մենք պետք է այդ աշխատանքը գոնե սկսենք։ Մի բան է, երբ նշում ենք «1.5 մլն զոհ», այլ բան է, երբ այդ թիվն անձնավորվում է, եւ իրական պատմություններ ու ճակատագրեր են ներկայացվում»,–շարունակեց նա։
Հաջորդ նախագիծը Հայոց ցեղասպանությունը վերապրողների տեսավկայությունների համացանցային բազայի ստեղծումն է։ Թանգարան—ինստիտուտի տնօրենի խոսքով, այն հզոր փաստագրական նյութ է, որը լայնորեն կարող է օգտագործվել ինչպես թանգարանային ցուցադրության, այնպես էլ կրթական նպատակներով։ Այսօր թանգարանում կա ընդամենը 150 տեսաձայնագրություն, բայց կան անհատներ եւ սփյուռքի որոշ կազմակերպություններ, որոնք ունեն մի քանի հարյուրը։ «Տեսավկայությունների մեկտեղումը, պատմության վերծանումը հնարավորություն կընձեռի ցեղասպանության իրողությունը ներկայացնեու վերապրողների անհատական ճակատագրերի միջոցով՝ այդ կերպ ավելի մատչելի դարձնելով ժամանակակիցներին։ Հոլոքոստին նվիրված թանգարաններում կան վահանակներ, որոնց միջոցով մարդիկ՝ վերապրողները խոսում են, եւ այցելուները կարող են դիտել եւ լսել այդ պատմությունները։ Նրանք կարողանում են անհատական ճակատագրերով ցույց տալ ազգային ողբերգությունը եւ դնել համամարդկային հարթության մեջ»,–ասաց Մարությանը՝ համոզմունք հայտնելով, որ ցեղասպանության հիշողությունը հարստություն է եւ պետք է կարողանալ հավուր պատշաճի այն օգտագործել։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

12-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO