Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Արցախի վերադարձը բանակցային գործընթաց այլընտրանք չունի

Խորհրդարանական ուժերը համոզված են, որ առանց դրա համաձայնության հասնել անհնար է

ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչների երեկվա ճեպազրույցի գլխավոր թեման ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջիկա հանդիպմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունն էր։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանի խոսքով, հայտարարության մեջ կան մտահոգիչ կետեր, մասնավորապես, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները երկրորդ պլան են մղվում։ Թեեւ Հայաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, սակայն, հաշվի առնելով Ադրբեջանի հետեւողական ռազմաշունչ, ապակառուցողական հայտարարությունները, ուժի կիրառման դիրքերից հանդես գալը, կարիք կա մեկ անգամ եւս անդրադառնալ այդ հայտարարությանն արդեն «post factum»։ «Երկու կարծիք լինել չի կարող, Արցախի հակամարտության խաղաղ կարգավորման վերջնական հանգուցալուծումը Արցախի միջազգային ճանաչումն է։ Արցախի ճակատագրի հետ կապված որեւէ հարց չի կարող որոշվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության։ Մնացածը քաղաքական գործընթացներն են, որի հետ կապված ԲՀԿ—ն իր մոտեցումները բարձրաձայնել է, եւ առաջիկայում էլ, եթե լինեն զարգացումներ, ապա ավելի առարկայական կանդրադառնանք»,–ասաց Տոնոյանը։
Նույն խմբակցության անդամ Շաքե Իսայանն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական էլիտան, խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին, մշտապես շեշտադրել է, որ ուժի գործոնը շարունակում է մնալ իրենց օրակարգում։ «Դա մեզ համար անընդունելի է։ Ընդամենը երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարության մամուլի խոսնակը խոսեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, իսկ դրան հակառակ մենք ունենք մեր դիրքոշորումները, որոնք ավելի կառուցողական դաշտում են, ինչպես օրինակ՝ ՀՀ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար»,–նշեց Շ. Իսայանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, Մինսկի խմբի համանախագահները պարզապես փորձել են ամփոփել դեռեւս մինչեւ թավշյա հեղափոխությունը ձեւավորված օրակարգը՝ անդրադառնալով այն հիմնական հարցերին, որոնք բարձրացված են եղել այդ ժամանակահատվածում։ Հասկանալի է, որ թավշյա հեղափոխությունից հետո բանակցային որոշակի շեշտադրումներ պետք է փոփոխության ենթարկվեն։ Համանախագահների հայտարարությունը դրական է գնահատվում այն առումով, որ կողմերին եւս մեկ անգամ կոչ է արվում հակամարտությունը կարգավորել բացառապես խաղաղ միջոցներով։ Այդ կարգի հայտարարություններ արվել են նաեւ նախկինում, եւ Վարդանյանը ճիշտ չի համարում հայտարությունից կտրել ինչ—որ հատված՝ առանձնացնելով կոնտեքստից եւ ներկայացնել որպես հեղափոխական բնույթի հայտարարություն։
«Դա դիվանագիտական աշխարհին բնորոշ հայտարարություն է, կոչ հակամարտության կողմերին։ Հայտարարության որեւէ դրույթ չի խոչընդոտում Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Մտահոգիչն այն է, որ կարծես թե լրացուցիչ ներքաղաքական լարվածություն է ստեղծվել։ Մյուս կողմից՝ մտահոգիչ չէ, որովհետեւ շատ դրական է, որ Մինսկի խմբի համանախագահության կողմից աշխատանքները շարունակվում են»,–ասաց Վարդանյանը։
Պատգամավորը շեշտեց, որ գործ ունենք միջնորդական խմբի առաքելության հետ, որի հիմնական նպատակն է կողմերին առաջարկել հակամարտության կանոնակարգման փոխադարձաբար ընդունելի ձեւաչափ։ «Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը արտացոլում է համանախագահների կարծիքը։ Ընթանում է բանակցային գործընթաց, դրանում կարող են հնչել տարբեր առաջարկներ, մոտեցումներ։ Սակայն հայտնի է այդ հարցում ՀՀ վարչապետի պաշտոնական դիրքորոշումը, որ բանակցային գործընթացի եւ Արցախի հակամարտության կարգավորման հիմքում պետք է այնպիսի լուծումներ որոնել, որոնք ընդունելի կլինեն ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի, ե՛ւ Ադրբեջանի բնակչության համար»,–նշեց նա։
Վարդանյանը հիշեցրեց, որ դեռեւս 1990—ական թվականներին, երբ խոսվում էր Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի ներգրավվածության մասին, նշվում էր, որ լուծումն ընդունելի պետք է լինի ոչ միայն ՀՀ—ի, այլեւ նախեւառաջ Արցախի համար։ «Կցանկանայի Մինսկի խմբի համանախագահներին հարց ուղղել, թե հնարավո՞ր է արդյոք որեւէ սուբյեկտին վերաբերող հարց որոշել, որ այդ որոշումը լինի հարատեւ, կայուն, ընդունելի, եթե վերջինս չի մասնակցում այդ հարցի կարգավորմանը։ Բոլոր շահագրգիռ սուբյեկտները պետք է իրենց մասնակցությունն ունենան գործընթացին, հակառակ դեպքում կունենանք փաստաթուղթ, որը կյանքի չի կոչվի։ Իսկ թե ի՞նչ չափով եւ ի՞նչ եղանակով, ի՞նչ առանձնահատկություններով պետք է մասնակցի, դա արդեն առանձին հարց է, բայց միանշանակ է, որ Արցախի բնակչության ձայնը պետք է լսելի լինի բանակցային գործընթացում»,–ամփոփեց պատգամավորը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գնահատմամբ, համանախագահների հայտարարության ամենամտահոգիչ ձեւակերպումն այն է, որ խոսվում է Արցախի իրավական կարգավիճակի ապագա որոշակիացման անհրաժեշտության մասին իրավաբանորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով։ Դա, ըստ էության, հակասում է հայկական կողմի՝ նախկինում ունեցած սկզբունքային այն մոտեցմանը, որ Արցախի Հանրապետության քաղաքացիները 1991 թ. դեկտեմբերի 10—ի հանրաքվեով արդեն իսկ ինքնորոշվել են, ինչը պարտադիր իրավաբանական ուժ ունի։ «Հայկական կողմը միշտ պնդել է, որ դա տեղի ունեցած փաստ է, եւ այսօր խոսել նման հանրաքվե անցկացնելու մասին, նշանակում է՝ հաշվի չառնել այդ հանրաքվեն։ Ընդհանրապես անտեսել այդ եղելությունը՝ մտահոգիչ է եւ մեզ համար անընդունելի»,–ասաց Մարուքյանը։ Հայտարարությունը մի շարք այլ ձեւակերպումների մասով եւս մտահոգիչ է, առաջինը՝ որեւէ կերպ տեղ չի թողնվում Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությանը, հաջորդը՝ Արցախի անվտանգության գոտի հանդիսացող տարածքների հարցն է։ «Այս խոսակցություններն առաջին անգամ չէ, որ գնում են։ Սրանով, փաստորեն, առաջին հանդիպումից առաջ համանախագահները կողմերին հիշեցրել են, թե ինչի շուրջ են մինչեւ հիմա բանակցել։ Այլ բան է, որ մեր մոտեցումները մենք պետք է պահենք։ Մենք պահանջում ենք Արցախի վերադարձը բանակցային գործընթաց, ինչը եղել է նախկինում։ Այս հայտարարությունը չի նշանակում, որ մենք պետք է հետ կանգնենք մեր մոտեցումներից եւ դիրքորոշումներից»,–ասաց նա՝ վերահաստատելով, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը շարունակելու է աջակցել իշխանության բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են Արցախի ներկայացուցիչներին բանակցային գործընթաց վերադարձնելուն։
Հայտարարությունից չպետք է ենթադրել, որ բանակցային գործընթացում փակուղային իրավիճակ է ստեղծվում, որովհետեւ մենք բանակցելու ենք Հայաստանի Հանրապետության անունից՝ հանդիսանալով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, ինչը, ըստ Մարուքյանի, նշանակում է, որ բանակցությունները կարող են շարունակվել, բայց մեծ հաշվով արդյունք չեն տալու, քանի դեռ այնպիսի բանակցություններ չեն, որտեղ մասնակցում են շահագրգիռ բոլոր կողմերը։ «Ոչ դիվանագիտական եւ քաղաքական տերմիններով բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա։ Պարզ է, որ Ադրբեջանում էլ Արցախի անկախությունը դեռ ճանաչող չկա, հետեւաբար այս առումով պետք է շարունակել խոսել, բանակցել, քանի որ ցանկացած բանակցություն ավելի լավ է, քան իրար վրա կրակելը»,–շեշտեց նա։ Արդյունավետ բանակցությունների համար անհրաժեշտ է, որ տեւական խաղաղություն լինի, մինչդեռ ապրիլյան պատերազմը մեծ եւ թարմ վերք է բանակցություններն առաջ տանելու համար։ Այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը բարձրաձայնել է նաեւ Հարավային Կովկասի կոնֆլիկտներով զբաղվող ԵՄ ներկայացուցչի հետ հանդիպմանը։ «Մինչեւ տեւական խաղաղություն չլինի, հասարակություններին, ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոչերն անարդյունք են։ Խաղաղության պետք է նախապատրաստել Ադրբեջանի ժողովրդին»,–ընդգծեց պատգամավորը։ Այս համատեքստում մտահոգիչ է, որ համանախագահների կողմից որեւէ կերպ չի դատապարտվում հայատյացությունը, դրա քարոզչությունը եւ հռետորաբանությունը մանկապարտեզից մինչեւ ծերանոց։ Դա լուրջ խոչընդոտ է ցանկացած լուծման համար, քանի որ ի հայտ է գալիս Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգության հարցը։ «Մենք կանգնած ենք ցեղասպանության վտանգի առաջ, քանի որ քնած մարդու գլուխ են կտրում, հետո հերոսացվում են, եւ այդ ամենը չի դատապարտվում, հետո ապրիլյան պատերազմին հարձակվում են, կրկին զինվորի գլուխ են կտրում, ինչը նույնպես չի դատապարտվում»,–նկատեց նա։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

12-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO