Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Փակ շղթա, որից պետք է որ դուրս գանք

Դրա համար նախ վարկերի տոկոսադրույքները կսուբսիդավորվեն

Գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերությունը, պաշտոնական տվյալների համաձայն, մեր երկրի արդյունաբերության առաջատար ճյուղերից է։ Վերջինիս տեսակարար կշիռն ամբողջ արդյունաբերության համախառն արտադրանքի մեջ 2017թ. տվյալներով կազմել է 34.7 տոկոս, իսկ մշակող արդյունաբերությունում՝ 55.5 տոկոս։ Եվ սա այն դեպքում, երբ գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտում լիքը խնդիրներ կան՝ հզորությունների լիարժեք օգտագործման, մթերումների կազմակերպման, մթերված հումքի դիմաց ժամանակին վճարման, տեխնիկական վերազինման, մրցունակության, շուկայահանման, գյուղատնտեսական հումք արտադրողների հետ պայմանագրային հարաբերությունների հաստատման հետ կապված։
Վերջին տարիներին պետությունը որոշ քայլեր փորձել է ձեռնարկել վիճակը շտկելու համար։ Օրինակ՝ 2017թ. գործադիրը հավանության է արժանացրել գյուղհումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման ծրագիրը։ Սկսվում է փորձնական փուլը, որով մեկնարկում է պտուղբանջարեղենի եւ խաղողի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման գործընթացը։ 2018թ. էլ այն շարունակվում է ընդլայնված ծավալներով։ Կառավարությունը որոշել է՝ այս տարի եւս կշարունակվի։ Եվ, ի դեպ, կրկին ընդլայնված։ Եթե ավելի պարզ՝ ոչ միայն պտուղբանջարեղենի ու խաղողի մթերման, այլեւ՝ կաթի համար։
Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը վստահ է, որ հումքի մթերման նպատակով մատչելի վարկավորումը պայմաններ է ստեղծելու ամբողջական արժեշղթաների կայացման ու զարգացման համար։
Բանն այն է, որ, ըստ նրա, հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունները վերազինման եւ շրջանառու միջոցների համալրման կարիքները միշտ ապահովում են վարկային միջոցների հաշվին, որովհետեւ ազատ միջոցներ չունեն։ Իսկ վարկային միջոցներն էլ այդքան ձեռնտու չեն. նախ, որ վարկը վերադարձնել է պետք, այսինքն՝ լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, եւ բացի այդ՝ մատչելի էլ չէ։ Դրանք սովորաբար լինում են միջնաժամկետ (3—5 տարի), երբեմն՝ երկարաժամկետ, դրամով ու արտարժույթով, իսկ դրանց տոկոսադրույքները տատանվում են 8.8—14.2 տոկոսի սահմաններում։
Սրանից զատ՝ կազմակերպությունների գրավի առարկան սահմանափակ է։ Լինում են դեպքեր, երբ վարկավորման համար կազմակերպությունն իր ամբողջ գույքն է գրավադրում։ Ու հետո, երբ շրջանառու միջոցները համալրել է ուզում, գրավի առարկա արդեն չի ունենում. հետեւաբար՝ չի կարողանում նաեւ օգտվել նոր համեմատաբար մատչելի վարկերից։ Բայց քանի որ արտադրության համար հումք է պետք, նույն արտադրությունը վերազինել է անհրաժեշտ, վերամշակող ընկերությունը ստիպված օգտվում է սեղմ ժամկետով վարկերից (ոչ արտոնյալ)։ Ըստ էության, վարկի սպասարկման ծախսը հետո ավելացնում է արտադրանքի ինքնարժեքը։ Ու, բնականաբար, շուկայում արտադրանքը գնային առումով մրցունակ չի լինում։
Մի գործոն էլ կա, որ բացասաբար է ազդում մրցունակությանը՝ հումքի համեմատաբար թանկությունը։ Բայց գյուղացին էլ այն էժանացնել չի կարող (պատճառներն այստեղ չենք քննարկում)։ Փակ ու խնդրաշատ շղթա է ստացվում։ Ու այս պայմաններում պետք է մտածել շահութաբեր արտադրություն ունենալու մասին։ Ինչպե՞ս դա անել։
Ելքեր կան, իհարկե։ Մենք կտեսնենք, թե ինչ է որոշել գործադիրը։ Գեղամ Գեւորգյանի խոսքերով, «գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական հումքի վերամշակման ոլորտի առանձնահատկությունների պայմաններում (գյուղատնտեսական հումքի արտադրության բարձր ռիսկ, իրացման բարդություններ, արտահանման տրանսպորտային մեծ ծախսեր, գինեգործական արտադրանքի դեպքում արտադրական տեխնոլոգիայով պայմանավորված պատրաստի արտադրանքի ստացման համար անհրաժեշտ երկար ժամկետներ եւ այլն) շահութաբեր արտադրության վարումը հնարավոր է միայն տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմների կիրառման միջոցով, անհրաժեշտության դեպքում նաեւ գրավով՝ պարտավորության կատարման մասնակի ապահովմամբ»։

Ըստ պատկերը  ցուցանող թվերի

Փորձեցինք հասկանալ՝ ինչ կարգի ծրագիր է սա, ինչ է արժենալու եւ ինչ կտա իրագործումից հետո։
Կան նախորդ երկու տարիների ծրագրերի գնահատման արդյունքները։ Ըստ այդմ, 2017—2018թթ. պտուղբանջարեղեն վերամշակող շուրջ 35 ընկերությունների եւ խաղող վերամշակող շուրջ 50 ընկերությունների գնած 180.7 եւ 188.7 հազար տոննա պտուղբանջարեղենի եւ խաղողի արժեքը կազմել է շուրջ 23.3 եւ 28.0 մլրդ դրամ։
Իսկ կաթնամթերքի արտադրության ոլորտում գործում են ավելի քան 150 տնտեսավարող սուբյեկտներ, որոնք տարեկան մթերում են շուրջ 250.0 հազ. տոննա կաթ, որի արժեքը ավելի քան 35 մլրդ դրամ է։ Կաթի արտադրությունն ու մթերումը խիստ սեզոնային բնույթ ունեն, դրա ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում արոտային սեզոնին։ Այդ ընթացքում մթերված կաթը ուղղվում է հիմնականում պանրի ու չոր կաթի արտադրությանը, որոնց իրացումը կատարվում է շուրջ մեկ տարվա ընթացքում։ Այդ պատճառով կաթ վերամշակող տնտեսավարողները մայիսից մինչեւ սեպտեմբեր շրջանառու միջոցների խիստ պահանջարկ են ունենում՝ մթերված կաթի արժեքը վճարելու համար։ Քանի որ, ըստ Գեղամ Գեւորգյանի, գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության կազմակերպությունների շրջանառու միջոցների համալրման կարիքները հիմնականում ապահովվում են վարկային միջոցների հաշվին՝ պտուղբանջարեղեն, խաղող եւ կաթ վերամշակող շուրջ 235 ընկերության միայն մթերումների համար անհրաժեշտ շրջանառու միջոցների պահանջարկը կազմում է ավելի քան 55 մլրդ դրամ։
Դարձյալ ըստ նույն բանախոսի, պտուղբանջարեղեն, խաղող եւ կաթ վերամշակող ընկերությունների առանձնահատկություններով պայմանավորված մթերումների կազմակերպման նպատակով անհրաժեշտ է տրամադրել առնվազն 1 տարի ժամկետով նպատակային վարկեր։ Իսկ սուբսիդավորման 9 տոկոսային կետը Գեղամ Գեւորգյանը հիմնավորում է այն հանգամանքով, որ ծրագրով առաջարկվող պայմաններով շուրջ 18 մլրդ դրամ վարկավորման դեպքում հնարավորություն կստեղծվի յուրաքանչյուր տարի շուրջ 1,5 մլրդ դրամով նվազեցնելու մոտ 50 վարկառու ընկերությունների կողմից արտադրության վրա կատարվող ծախսերը։ Արդյունքում առկա ռեսուրսները կուղղվեն լրացուցիչ ծավալներով մթերումների իրականացմանը կամ առավել բարձրորակ հումք ձեռք բերելուն։
Թե որ բանկերն են տալու վարկերը, ովքեր կարող են լինել շահառուները, ինչպես է սուբսիդավորվելու վարկը, որ մարմինն է հսկելու գործընթացը, երբ գյուղնախարարություն, որպես այդպիսին, չի լինելու եւ, ի վերջո, ի՞նչ է տալու դա ընդհանրական առումով։ Այս եւ այլ հարցերին առնչվող պարզաբանումները հաջորդիվ կներկայացնենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

12-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO