Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.03.2019
ԼՂՀ


Արցախի պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են

Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ Ստեփանակերտում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ Ստեփանակերտում կայացել է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը եւ համակարգված գործողությունների ուրվագծմանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը մինչ օրակարգային հարցերի քննարկումը հանդես են եկել ելույթներով։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան.
«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ,
Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք ողջունել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, որն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում։ Այս իրադարձությունն ունի շատ խորհրդանշական եւ մյուս կողմից՝ շատ կոնկրետ իմաստ։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության հարաբերությունները թեւակոխում են որակապես մի նոր փուլ։ Թե առաջիկայում ուրիշ ինչպիսի դրսեւորումներ կարող է ունենալ այդ փուլը, թերեւս մեր այսօրվա քննարկման կարեւորագույն թեմաներից է։
Հարգելի գործընկերներ,
2018 թ. դեկտեմբերի 9—ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա իմ առաջին այցն է Արցախի Հանրապետություն, եւ ուզում եմ ընդգծել, որ խորհրդարանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Հայաստանի ժողովրդից ուժեղ մանդատ է ստացել՝ Արցախի Հանրապետության սուբյեկտության մակարդակը բարձրացնելու եւ արցախյան հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի՝ որպես հակամարտության հիմնական կողմի ներգրավվածությանն ուղղված քայլեր անելու համար։ Սրանք կետեր են, որոնք առանցքային նշանակություն են ունեցել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը եւ ես՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացած վարչապետ, ըստ այդմ հետեւողական քայլեր ենք ձեռնարկելու այս ուղղությամբ, եւ այս հարցը եղել եւ շարունակելու է մնալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մեր քննարկումների կարեւորագույն կետերից մեկը։ Հարկ եմ համարում ընդգծել, որ Արցախի ներգրավվածությունը բանակցային գործընթացում մեզ համար քմահաճույք չէ, ոչ էլ առավել եւս նախապայման, այլ պարզ արձանագրումն այն բանի, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում առանցքային նշանակություն ունի Արցախի ներգրավվածությունը։
Այս դիրքորոշումն արտահայտում է մեր հարգանքը ոչ միայն Արցախի ժողովրդի եւ նրա իրավունքների, այլեւ բանակցային գործընթացի մասնակից մեր բոլոր գործընկերների նկատմամբ, որովհետեւ մենք իրապես շահագրգիռ ենք եւ ուզում ենք հասնել հարցի բացառապես խաղաղ կարգավորմանը եւ հավատում ենք բանակցային գործընթացին, որի արդյունավետությունը մեզ համար կարեւորագույն առաջնահերթություն է, իսկ բանակցային գործընթացի արդյունավետության առումով այս հարցը, ինչպես նշեցի, առանցքային նշանակություն ունի։
Բանակցությունների մինչեւ այժմ հայտնի շրջանակը, ըստ էության, ներառում է շահագրգիռ բոլոր կողմերին, բացի մեկից։ Այդ բանակցություններում ներկայացված է Ադրբեջանը՝ ի դեմս նախագահ Ալիեւի։ Վերջինս, ի դեպ, ներկայացնում է նաեւ, ինչպես ինքն է սիրում ասել, Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը, որովհետեւ այդ համայնքի ներկայացուցիչները, հանդիսանալով Ադրբեջանի քաղաքացի, մասնակցել են Ադրբեջանի նախագահական ընտրություններին եւ, հետեւաբար, Ադրբեջանի նախագահին տվել են նաեւ իրենց ներկայացնելու լիազորություն, հետեւաբար բանակցային սեղանի շուրջ Ադրբեջանի նախագահի ներկայությունն ապահովում է նաեւ ժամանակին Ղարաբաղում ապրած ադրբեջանցիների ներկայությունը։
Այդ բանակցություններում ներկայացված է նաեւ Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս երկրի վարչապետի, որը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից ընտրված ներկայացուցիչ։ Հետեւաբար, Հայաստանի ժողովուրդը նույնպես ներկայացված է բանակցային գործընթացում։
Ի դեմս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության՝ բանակցային գործընթացում ներկայացված է նաեւ միջազգային հանրությունը։ Այս ամենը, իհարկե, լավ է ու չափազանց կարեւոր, եւ մենք բարձր ենք գնահատում այն ջանքերը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ներդրել են եւ ներդնում են կարգավորման գործընթացում։ Բայց գլխավոր հարցը հետեւյալն է՝ իսկ բանակցային գործընթացում ո՞վ է ներկայացնում Արցախի ժողովրդին կամ, ինչպես որոշ դեպքերում ասվում է, Ղարաբաղի հայությանը։ Խնդիրն այն է, որ բանակցային գործընթացում այսօր Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն, լեգիտիմություն ունեցող որեւէ ներկայացուցիչ չկա, որովհետեւ բանակցային սեղանի շուրջ ներկա չէ Արցախի ժողովրդի կամ, ինչպես մեր որոշ գործընկերներ գերադասում են ասել, Ղարաբաղի հայության քվեն, լիազորությունն ստացած որեւէ սուբյեկտ։
Բազմիցս ասել եմ, որ Հայաստանի վարչապետը չի կարող նման լիազորություն կատարել՝ այն պարզ պատճառով, որ Արցախի ժողովուրդը Հայաստանի ընտրություններին չի մասնակցում, չի քվեարկում, եւ ուրեմն Հայաստանի վարչապետը չի մտնում Արցախի ժողովրդին ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց շրջանակի մեջ։ Եվ սա ոչ թե քմահաճույքի, նախապայմանի, այլ սովորական լեգիտիմության հարց է, իսկ լեգիտիմությունը ժամանակակից հարաբերությունների առանցքային գործոն է՝ ոչ միայն ներքաղաքական, այլեւ միջպետական եւ միջազգային հարաբերություններում։
Ի դեպ, անհեթեթ են բոլոր այն մեկնաբանությունները, թե Հայաստանի Հանրապետությունը կամ վարչապետը այս դիրքորոշմամբ իրենց ուսերից թոթափում են պատասխանատվությունը եւ այն դնում են Արցախի իշխանության կամ ժողովրդի վրա։ Որեւէ շահարկման տեղ չթողնելու համար հարկ եմ համարում ընդգծել՝ Հայաստանի Հանրապետությունը եղել է, կա եւ կմնա Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը եւ կշարունակի իր ներգրավվածությունը խաղաղության գործընթացում։
Հաջորդ կարեւորագույն հարցը, որին անհրաժեշտ է պատասխանել, հետեւյալն է՝ իսկ Հայաստանի կառավարությունն ընդունո՞ւմ է արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջ քաշվող 3 սկզբունքները եւ 6 տարրերը՝ որպես բանակցային գործընթացի հիմք։ Սա իսկապես կարեւորագույն հարց է, բայց այս հարցին ի պատասխան մենք կարիք ունենք կարեւոր պարզաբանումների։ Իսկ ի՞նչ կարող են նշանակել այդ սկզբունքները գործնականում, եւ ո՞ւմն է դրանք մեկնաբանելու իրավունքը։ Սա կարեւոր է, որովհետեւ այն, ինչպես այդ սկզբունքները մեկնաբանում է Ադրբեջանը, մեզ համար անընդունելի է։ Մենք, իհարկե, կարող ենք հանդես գալ այդ սկզբունքների սեփական մեկնաբանությամբ, բայց դա անիմաստ է, որովհետեւ մեր նպատակը ոչ թե լեզվակռիվն է, այլ արդյունավետ բանակցային գործընթացը։ Եվ հետեւաբար, բանակցային գործընթացի հիմք պետք է դառնան տարընթերցումների տեղիք չտվող արձանագրումները։ Բայց համանախագահների կողմից առաջարկված սկզբունքները, տարրերը, ինչպես արդեն նշեցի, վերջին 10 տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք են տվել, եւ, հետեւաբար, առաջիկա բանակցային գործընթացի կարեւորագույն նպատակը պետք է լինի այսպես ասած՝ հիմնական հասկացությունների՝ 3 սկզբունքների եւ 6 տարրերի պարզաբանումը, եւ մենք պատրաստ ենք նաեւ այսպիսի խոսակցության։
Հաջորդ կարեւորագույն խնդիրը ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելն է։ Հարկ եմ համարում ընդգծել, որ ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելը չի կարող լինել բանակցություններում ներգրավված կառավարություններից որեւէ մեկի առանձին խնդիրը, եւ դա համատեղ աշխատանք է։ Նկատի ունեմ, օրինակ, ադրբեջանական հանրությանը խաղաղության նախապատրաստելը ոչ միայն Ադրբեջանի, այլեւ Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ պետք է տեղի ունենա։ Հենց այս գիտակցումն էր, որ ինձ ստիպեց 2018թ. աշնանը Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հանդես գալ մեր իրականության համար, ըստ էության, աննախադեպ մի հայտարարությամբ՝ ասելով, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար։ Սա իմ ներդրումն էր ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլեւ Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու գործում։ Ցավոք, Ադրբեջանի նախագահի կողմից մենք համարժեք հայտարարություններ, քայլեր չենք տեսնում։ Չնայած սրան՝ պատրաստ եմ շարունակել երկխոսությունը ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլեւ Ադրբեջանի ժողովրդի հետ, որովհետեւ համոզված եմ՝ Ադրբեջանի ժողովուրդը խաղաղասեր է նույնքան, որքան Հայաստանի ժողովուրդը, որքան Արցախի ժողովուրդը։
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, այժմ կարող ենք անցնել մեր օրակարգային հարցերին»։

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյան.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,
Անվտանգության խորհրդի համատեղ նիստի հարգելի մասնակիցներ,
Մենք առաջին անգամ ենք այսօր անդրադառնալու մեր երկու հանրապետությունների, ասել է թե՝ մեր հայրենիքի համար կարեւորագույն եւ առաջնահերթ խնդիրների քննարկմանը։ Այս ընթացքում մենք միջանկյալ բազմաթիվ եւ բազմազան հանդիպումներ ենք ունեցել տարբեր մակարդակներով։ Մեր ոլորտների, մեր գերատեսչությունների, մեր նախարարությունների պատասխանատուները մի շարք հանդիպումներ են ունեցել, եւ այդ հանդիպումների ընթացքում ծնվել է այդ գաղափարը՝ հրավիրելու Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ։
Մենք նաեւ այս ընթացքում կարեւորել ենք, որ անհրաժեշտություն ունենք համազգային օրակարգ ունենալու, եւ ես ավելի քան համոզված եմ, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստելու է այդ ազգային օրակարգի ձեւավորմանը։ Ինչպես այս տարիների ընթացքում եղել է, անփոփոխ են մնացել նաեւ այդ ազգային օրակարգում դասակարգված մեր առաջադրանքները։ Եվ կարծում եմ՝ բոլորդ համամիտ կլինեք, որ եղել է, կա եւ վաղն էլ կմնա մեր հայրենիքի համար իբրեւ առաջնահերթ խնդիր Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը, եւ այսօրվա համատեղ նիստի ընթացքում մենք հնարավորություն կունենանք նաեւ անդրադառնալու, թե ներկայիս շրջանում տեղի ունեցող այդ ուղղությամբ քննարկումներն ինչպես են ընթանում։
Մենք գիտենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը մի շարք հանդիպումներ է ունեցել այս ընթացքում, եւ ես խնդրել եմ պարոն վարչապետին, որպեսզի մենք տեղեկանանք այդ հանդիպումների եւ քննարկումների մասին։ Ես կտամ լրացուցիչ տեղեկություններ, որ օր առաջ հանդիպել եմ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ Բնական է՝ խոսել ենք շփման գծում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ բանակցային գործընթացի մասին։ Եվ այսօրվա այս յուրահատուկ խորհրդի նիստը հնարավորություն կտա՝ անդրադառնալ մեր տնտեսության խնդիրներին, մեր հանրային կյանքում տեղ գտած զարգացումներին, եւ կնախանշենք հաջորդ մեր առաջադրանքները, որոնք, անկասկած, կբարձրացնեն մեր երկրի անվտանգության աստիճանը եւ կնպաստեն ընդհանրապես մեր հայրենիքի հզորացմանն ու շենացմանը։
Ողջունում եմ այս նախաձեռնությունը եւ համոզմունք եմ հայտնում, որ այսօրվա մեր համատեղ նիստը նպաստավոր պայմաններ է ստեղծելու այդ նշված ուղղություններով հաջողված աշխատանքներ կատարելու։
Շնորհակալություն»։
Քննարկումների արդյունքում Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների անդամների կողմից գնահատվել է Արցախի անվտանգության համակարգը, եւ վերահաստատվել է, որ պաշտպանության ապահովման կարողությունները երաշխավորված են եւ գտնվում են բարձր մակարդակի վրա։ Միեւնույն ժամանակ հայկական երկու կողմերը վերստին ընդգծել են իրենց աջակցությունը եւ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ հիմնված միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրագործման վրա։
Համատեղ նիստի շրջանակում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շրջանակում Արցախի անվտանգության ապահովումն ու կարգավիճակը հայկական կողմերի համար եղել եւ մնում են բացարձակ գերակայություններ։ Կարեւորվել է խաղաղության մթնոլորտի ձեւավորումը, ռիսկերի նվազեցման եւ միջադեպերի կանխարգելման մեխանիզմների եւ փոխվստահության ամրապնդման միջոցառումների ներդրումը, ինչպես դա ամրագրվել է Դուշանբեի, իսկ մինչ այդ նաեւ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների շրջանակում։

13-03-2019





20-03-2019
Ավելի թափանցիկ եւ արդյունավետ պետական գնման համակարգ
Խորհրդարանականները կողմ են վերահսկողության մեխանիզմների մեծացմանը

ԱԺ ֆինանսավարկային ...


20-03-2019
«Մոսկվայի պետական համալսարանն ինձ համար հարազատ կրթօջախ է»
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Մոսկվայի Միխայիլ ...


20-03-2019
Հյուրընկալել է Լեւոն Արոնյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի առաջատար ...


20-03-2019
Ավելի խորացնել երկկողմ հարաբերությունները
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Բունդեսթագի նախագահի հետ



20-03-2019
Ընդունել է ամերիկահայ գործարար եւ բարերար Ջեյմս Թուֆենկյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ամերիկահայ գործարար, բարերար ...


20-03-2019
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերմանական զարգացման բանկի (KfW) ...


20-03-2019
Տավուշի նորանշանակ մարզպետը՝ Մայր Աթոռում
Երեկ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց ...



20-03-2019
Ինը տասնյակ ներդրումային ծրագիր՝ քննարկման փուլում
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ ...

20-03-2019
Իրանը Թուրքիայի հետ համատեղ գործողություններին չի մասնակցել
Երեկ թուրքական ԶԼՄ—ները, այդ թվում՝ TRT լրատվական ...

20-03-2019
«Միշտ ձգտել եմ նոր մարտահրավերների»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում 14 ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO