Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.05.2019
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


«Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»

Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ մասնակցել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովի բացմանը։ Մարտի 15—ը Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով համաժողովի անցկացումը՝ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ինչի՞ մասին է, ի վերջո, սպառողների իրավունքը։ Ես դա պատկերացնում եմ այսպես. երբ, օրինակ, քաղաքացին բենզալցակայանում տեսնում է չափիչ սարքի վրա, որ ինքը գնել է 15 լիտր բենզին, իրականում այդ գնված բենզինը պետք է լինի 15 լիտր եւ համապատասխանի այն ստանդարտին, որը հայտարարված է։ Երբ մեր խանութներում վաճառվում են խաղալիքներ մեր երեխաների համար, քաղաքացին պետք է վստահ լինի, որ պետությունը բավարար չափով ջանք է գործադրել, որ այդ խաղալիքները մեր երեխաների առողջությանը չվնասեն։ Երբ խանութում քաղաքացին գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ իր գնածն իսկապես կաթնամթերք է, եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ՝ մենք չպետք է մոռանանք, թե այս տարիներին ինչ է տեղի ունեցել մեզ հետ։ Երբ մեր երկիրն անկախություն ստացավ, հանրային առեւտրի ամբողջ համակարգը փոխվեց. մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առեւտրային մի նոր ֆենոմեն էին։ Կային ժամանակներ, երբ մեր երկրում առեւտրի հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին։ Դա ժամանակի կամ ավելի ճիշտ այն ցնցումների, այն պրոցեսների հետեւանքներն էին, որոնք մեր երկիրը վերապրեց, եւ ոչ միայն մեր երկիրը։
Բայց, կարծում եմ, հիմա ժամանակն է, որ մենք այս իրավիճակին ցուցաբերենք բոլորովին այլ մոտեցում, որովհետեւ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնահերթություն է մեզ համար, եւ մենք չպետք է առեւտրային այս գործընթացները դիտարկենք կամ փոխկապակցենք սոցիալական ապահովության եւ սոցիալական պաշտպանության խնդրի հետ։ Նաեւ այս օրերին այդ թեման շատ է շոշափվում, որովհետեւ եթե մենք, այսպես ասած, փողոցներում, մայթերին, օրինակ, մսի առեւտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ մենք դրանով սոցիալական խնդիր ենք լուծում, նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության, այլ նաեւ սոցիալական պաշտպանության առումով, որովհետեւ եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն առեւտուր անելն է, նշանակում է՝ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար, քեզ համար։ Սա, իհարկե, բացարձակապես հարիր չէ մեր երկրին, առավել եւս այսօր, առավել եւս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո»։
Վարչապետն ընդգծել է՝ կառավարության առաջիկա կարեւորագույն խնդիրը չափանիշների բարձրացումն է, դրանց համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին, եւ այս համատեքստում կարեւորել համագործակցությունը նաեւ Եվրոպական միության հետ, մասնավորապես՝ Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մեր արտադրանքի համար ստանդարտների բարձրացումը հնարավորություն կտա իրագործել կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որն ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում։ «Մենք ասել ենք, որ Հայաստանի տնտեսությունը պատկերացնում ենք որպես արտահանմանը միտված։ Մինչդեռ եթե այսօր ուշադիր նայենք մեր իրավապայմանագրային դաշտին, կտեսնենք, որ մենք արտահանման ներուժն ուղղակի չենք կարողանում օգտագործել մի պարզ պատճառով, որովհետեւ մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն չափանիշներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության երկրների այլ տարածքներում։ Հետեւաբար, նաեւ այս նկատի ունեմ, երբ ասում եմ, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր։ Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարեւոր է, ունի բազմակի նշանակություն։ Դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով եւ ընդհանրապես բոլոր հնարավոր առումներով։
Մեզ համար այս թեման իրականում ոչ թե տեղային, այլ, ըստ էության, համապարփակ թեմա է, որը կապված է մեր երկրի միջազգային հեղինակության, մեր քաղաքացիների առողջության եւ իրավունքների պաշտպանության հետ։ Սա նաեւ քաղաքական նշանակություն ունի, որովհետեւ սպառողների իրավունքների պաշտպանության մասին խոսելիս մենք ընդամենը ասում ենք հետեւյալը. սպառողների եւ նրանց հետ առնչություն ունեցող ընկերությունների, բիզնեսմենների, գործարար միջավայրի հարաբերությունները պետք է հենված լինեն ճշմարտության, բարձր, փոխադարձ հարգանքի վրա, որովհետեւ սա ամենակարեւոր հենակետն է, որի վրա հնարավոր է կառուցել նոր իրականություն։ Այնպես որ, ես շատ կարեւորում եմ այս միջոցառումը, այն ամբողջ բովանդակությունը, որը կապված է այսօրվա միջոցառման հետ եւ մեր բոլոր պետական մարմիններին, հասարակական կազմակերպություններին հաջողություններ եմ մաղթում այս գործունեության դաշտում»,–նշել է կառավարության ղեկավարը։
Վարչապետի խոսքով՝ վերջին տասնամյակում սպառողների իրավունքների պաշտպանության դաշտում բավական ակտիվ աշխատող հասարակական կազմակերպություններ են ձեւավորվել, որոնց աշխատանքը միանշանակ պետք է դրական համարել, եւ կառավարությունը պատրաստ է համագործակցել այդ կազմակերպությունների հետ։ «Մենք նաեւ միտված ենք էականորեն բարձրացնել պետական այն մարմինների աշխատանքի որակը, որոնք առնչություն ունեն սպառողների իրավունքների պաշտպանության հետ։ Իհարկե, մեծ հաշվով բոլոր պետական մարմինների գործունեությունը կապ ունի սպառողների իրավունքների պաշտպանության հետ, ինչը նշանակում է, որ պատրաստվում ենք բոլոր պետական մարմինների աշխատանքի որակը բարձրացնել»,–եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետ Փաշինյանը նաեւ դիտել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների վերաբերյալ պատրաստված ֆիլմը։

***
Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովը Երեւանում անցկացվում է արդեն 3—րդ անգամ, միջոցառման այս տարվա կարգախոսն է «Իրազեկ սպառող՝ առողջ հասարակություն»։ Համաժողովի նպատակն է ամրացնել սպառողի դիրքերը՝ իր իրավունքների մասին իրազեկելով եւ կրթելով նրան, մասնավորապես՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում։
Համաժողովի ընթացքում քննարկվելու են սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրային վերահսկողությունը մեխանիզմների մեծացման, սննդի շղթայում գործող տնտեսավարողների գործունեության բարելավման, միջազգային եւ տեղական կազմակերպությունների հետ համագործակցության եւ այլ հարցեր։ Անցկացվելու է նաեւ մրցանակաբաշխություն՝ «Ակտիվ եւ իրազեկ սպառող», «Սննդամթերքի անվտանգության ոլորտը լավագույնս լուսաբանած լրագրող», «Ամենաակտիվ հասարակական կազմակերպություն՝ ըստ «Max Monitor»—ի վերլուծության» անվանակարգերում։

16-03-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO