Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.07.2019
ԵՐԵՎԱՆ


Հայաստանի շենքերը կունենան անձնագրեր

Քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է

Հայաստանում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն։ Նախատեսվում է իրականացնել բազմաբնակարան եւ հասարակական շենքերի անձնագրավորման գործընթաց։ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից ծրագրի մեկնարկը տրված է, ներկայում իրավական կարգավորումների փուլն է։ Գործընթացի մանրամասները մեզ հետ զրույցում ներկայացրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման եւ կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը։
—Տիկին Արզումանյան, բազմաբնակարան եւ հասարակական շենքերի անձնագրավորման ծրագիրն ի՞նչ նպատակ ունի, եւ գործընթացն իրականացնելուց հետո մենք ի՞նչ ինֆորմացիայի ենք տիրապետելու։
—Նախ ասեմ, թե ինչու է այս գործընթացը պետք։ Շենքերի անձնագրավորումը մեզ օդի ու ջրի նման անհրաժեշտ է։ Այսօր հանրապետությունում առկա է կես միլիոնից ավելի շենք ու շինություն։ Ի՞նչ վիճակում են դրանք, ի՞նչ մաշվածության են, ինչպիսի՞ ընթացիկ նորոգումներ են կատարվել, կյանքի տեւողության ի՞նչ փուլում են գտնվում եւ այլն։ Նման հարցերի պատասխանը չունենք։ Այսինքն՝ շենքերի վերաբերյալ ընդհանուր, համալիր մեկ պատկեր չունենք։ Փոխարենն ունենք ահազանգեր, որ այս կամ այն շենքը քանդման եզրին է, սողանքային իրավիճակ է, հարակից շենքերը վնասվել են եւ այլն։ Սարի թաղի տների օրինակը։ Բնակիչներն ահազանգեցին, ու պարզվեց, որ այդ տեղանքի համար մենք ամբողջական պատկեր չունենք։ Չգիտենք, թե ընդհանուր այդ թաղամասում ինչ վիճակ է։ Եթե չկա ընդհանուր պատկեր, հետեւաբար բարդանում են նաեւ հասցեական լուծումները։ Այսինքն՝ այսօր կարող ենք ասել, որ խնդիրներին իրավիճակային լուծում է տրվում, այնինչ՝ պետական քաղաքականությունն ահազանգային չպետք է լինի։ Պետք է ունենանք շենքերի վիճակի համալիր պատկեր, որ, ըստ անվտանգության առաջնահերթությունների, ծրագրեր մշակվեն։
—Ասացիք, որ շենքերի վիճակի վերաբերյալ չունենք ընդհանուր պատկեր։ Իսկ ինչո՞ւ չունենք։ Արդյո՞ք այս ընթացքում որեւէ աշխատանք չի տարվել։
—Իհարկե, աշխատանքներ տարվել են։ Անձնագրավորման մեթոդական ցուցումները դեռ տարիներ առաջ եղել են, իրավական որոշ կարգավորումներ կան։ Ինչո՞ւ գործընթացն առաջ չի գնացել։ Անձնագրավորման հիմնական բաղադրիչը, որից բխում են մնացածները, շենքի տեխնիկական վիճակն է։ Շենքի տեխնիկական զննությունը լիցենզավորված գործունեություն է եւ իրականացնում է լիցենզավորված կազմակերպության կողմից, պայմանագրային հիմունքներով, այսինքն՝ վճարովի։ Այդ աշխատանքները պետք է անեն շենքերի սեփականատերերը, առնվազն տասը տարին մեկ անգամ, որպեսզի արձանագրվի շենքի դինամիկան։ Քանի որ դա վճարովի է, իսկ շենքերի սեփականատերերը՝ բնակիչները, իրենց իրավունքների ու պարտականությունների իրացման առումով բավական պասիվ են, հետեւաբար գործն առաջ չի գնացել։ Ի դեպ, ասեմ, որ շենքի տեխնիկական զննությունը մեծ ծախս չէ, եթե բաժանում ես շենքի բնակիչների միջեւ, ու դա արվում է 10 տարին մեկ, ապա կարող ենք տեսնել, որ խոսքը մեծ գումարի մասին չէ։
—Փաստորեն շենքերի անձնագրավորման գործընթացին նոր շունչ է հաղորդվում։ Ներկայումս ի՞նչ է արվում, եւ արդյո՞ք իրավակարգավորման գործընթացում նոր բաղադրիչներ են ավելացել։
—Մենք գիտենք, որ մեր շենքերը հին են, մեծ մասը մինչեւ Սպիտակի երկրաշարժն է կառուցվել, իսկ չունենք համալիր ինֆորմացիա, թե որտեղ կան հրատապ լուծումներ պահանջող շենքեր։ Իհարկե, որոշակի ունենք, բայց հստակ, համապարփակ, համալիր տեղեկություն չունենք։ Հիմա ՄԱԿ—ի զարգացման ծրագրի աջակցությամբ մշակվել են բազմաբնակարան եւ հասարակական շենքերի անձնագրերի օրինակելի ձեւերի նախագծեր։ Դրանք ներկայացրել ենք շահագրգիռ կողմերի քննարկմանը։ Ասեմ, որ ուսումնասիրել ենք աշխարհի փորձը, եւ մենք շենքերի անձնագրավորումը պատկերացնում ենք հետեւյալ կերպ. շենքի անձնագիրը չի ունենալու տեղեկություն միայն տեխնիկական վիճակի մասին, շենքն ունենալու է անձնագիր իր ներդիրներով՝ սեյսմիկ հարցեր, էներգետիկ ցուցանիշներ, տեխնիկական հարցեր, սանիտարական վիճակ, վերելակների հետ կապված տվյալներ։ Այդ ամենը պետք է հավաքագրվի տեխնիկական բազայում, որը կլինի էլեկտրոնային, եւ պարբերաբար թարմացնելու հնարավորություն կունենա։ Եթե առաջին օղակում ինֆորմացիան մուտքագրվի, ապա ավտոմատ կերպով մյուս բոլոր օղակների համար այն տեսանելի կլինի։ Ի՞նչ կտա անձնագրավորումը։ Այն մեզ կտա համալիր պատկեր հանրապետության շենքերի մասին։ Դա էլ իր հերթին հնարավորություն կտա պետական միջոցները ծախսել արդյունավետ, հասցեական՝ թիրախները ճիշտ ընտրելով։
—Նախագծերի՝ հավանության արժանանալուց հետո ի՞նչ գործընթաց է սպասում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը։
—Նախ ասեմ, որ նախագծերը դեռ կխմբագրվեն, տարբեր շահագրգիռ կողմերից հետաքրքիր առաջարկություններ ենք ստացել։ Վերջնական տեսքի բերելուց հետո մենք այն արդեն պաշտոնապես կշրջանառենք։ Դրա հիման վրա հետագայում կմշակվի անձնագրավորման կարգը։ Ի դեպ, ուզում եմ նշել, որ շենքերի վերաբերյալ ստացված տվյալները միայն քաղաքաշինական խնդիրներ չեն լուծելու։ Օրինակ, ես տուն եմ ցանկանում գնել, կարող եմ ծանոթանալ շենքի անձնագրին, առկա վիճակին, էներգախնայողության հարցերին եւ այլն։
—Այսինքն՝ շենքերի վերաբերյալ տեղեկությունները հավաքագրած էլեկտրոնային բազան հասանելի կլինի նաեւ քաղաքացիների համար։
—Մասնակի այո։ Քանի որ անվտանգության խնդիր կա, հասկանալի պատճառներով տվյալներն ամբողջությամբ բաց չեն դրվի։
—Փաստորեն ծրագիրն իրավակարգավորման առումով արդեն սկսված է, իսկ անձնագրավորման գործնական փուլը ե՞րբ կլինի, եւ ինչպե՞ս է այն արվելու։
—Շենքերի անձնագրավորման գործողությունը համատարած չի կարող սկսվել։ Կարծում ենք՝ կներդրվի փուլային տարբերակով։ Սկզբում նորակառույցների դեպքում կլինի պարտադիր, եւ տվյալները կմուտքագրվեն բազա։ Մնացածի դեպքում փուլային կլինի։ Անձնագրավորման գործընթացը պատվիրողը, կազմակերպողը պետք է լինի շենքի կառավարման մարմինը։
—Շենքերի կառավարման մարմինները հիմնականում համատիրություններն են։ Որքանո՞վ են այս մարմինները պատրաստ նման գործընթացի։
—Անձնագրավորման աշխատանքները կազմակերպելու համար մենք ունենք կառավարման մարմինների ունակությունների զգալի բաց, եթե չասեմ՝ բացակայություն։ Այսօր ունենք օրինակելի համատիրություններ, բայց ունենք դրա հակառակը։ Այնպես որ, կարող է լինել դեպք, երբ կառավարման մարմինն ի վիճակի չլինի կազմակերպել անձնագրավորման գործընթացը։ Ստացվում է՝ շենքի մասին տվյալներ ստանալը դեռ քիչ է։ Պետք է ունենանք պատշաճ կառավարման մարմիններ, որ այդ տվյալները ճիշտ օգտագործեն։ Այսօր մենք պատվիրել ենք շենքերի պահպանման կանոնների մշակում, որպեսզի պարզ լինի, թե որն է համարվում շենքի պատշաճ վիճակ։ Պետք է իրականացվի նաեւ շենքի կառավարիչների վերապատրաստման գործընթաց։ Վերապատրաստելու ենք համատիրությունների անձնակազմին, նոր գիտելիքներ ենք հաղորդելու, որ կարողանան ճիշտ կառավարել, ինֆորմացիային ճիշտ տիրապետել։ Այն մարդկանց աշխատանքի որակը պետք է բարձրացնել, որոնք շենքերի կառավարման գործընթացում են։
—Շենքերի անձնագրավորման գործընթացի ֆինանսավորումն ինչպե՞ս է կատարվելու։ Միայն սեփականատերե՞րն են անելու։
—Ոչ, միայն շենքերի սեփականատերերը չեն կարող դա անել կամ գոնե պատրաստ չեն լինի։ Անպայման այստեղ խնդիր կառաջանա պետական միջամտության, կամ այլ ֆինանսական միջոցներ ներգրավելու անհրաժեշտություն կլինի։ Եթե թողնենք միայն բնակիչների վրա, ապա գործընթացը առաջ չի գնա։ Ֆինանսականը հենց այն պատճառներից է, որ գնում ենք գործընթացի փուլ առ փուլ իրականացման։
Աննա ԳԶԻՐՅԱՆ

19-03-2019





18-07-2019
Եվրամիության դռները փակվում են Թուրքիայի առջեւ
Այդ երկրի գործողությունները սպառնում են Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը

Լուսինե ...


18-07-2019
Դադիվանքում 100 մետր երկայնքով հենապատ է կառուցվում
Վերականգնման ի՞նչ աշխատանքներ են ընթանում վանական համալիրում

Լիանա ...


18-07-2019
Առաջնորդ եւ կառավարիչ
Կառավարումը գործունեության այն տեսակն է, երբ կառավարողի նպատակադրումը իրականացվում ...


18-07-2019
Պոլ Վալերին եւ «Ինտելեկտի մաթեմատիկան»
Շեքսպիրի առիթով. «Ինքնին նա ոչինչ էր»

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


«Ի՞նչն ...


18-07-2019
Նպատակը պետական գնումների համակարգը ճկուն դարձնելն է
Այն կպահպանի արդար մրցակցության սկզբունքը եւ զերծ կլինի ...


18-07-2019
Քննարկել են Հայաստան-Վատիկան կապերի զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Հայաստանում Սուրբ աթոռի ...



18-07-2019
Զգեստը՝ տեղական բրենդի
Աննա Հակոբյանը հայկականը ներկայացնում է ...

18-07-2019
Ինչ պատկեր է նկարել սեյսմիկ խոցելիության գնահատումը
Մեր դպրոցների ֆիզիկական վիճակը՝ ըստ ...

18-07-2019
Ըմբիշները մոտենում են որոշիչ հանգրվանի
Աշնանը կայանալիք աշխարհի առաջնությանը Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO