Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.09.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Արարատյան հարթավայրի հողերին վտանգ է սպառնում

Ջրօգտագործման կառավարման ոլորտում պետք է իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն

Արարատյան հարթավայրը հանրապետության միակ տարածքն է, որն ունի կլիմյական լավագույն պայմաններ, կանոնավոր ոռոգման դեպքում ստացվում է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերք։ Սկսած խորհրդային տարիներից մինչեւ հողերի սեփականաշնորհումը կառավարության ուշադրության կենտրոնում են եղել Արարատյան հարթավայրի հողերի (Արարատի, Արմավիրի մարզեր) պահպանումը ճահճացումից, գերխոնավությունից, երկրորդային աղակալման երեւույթներից զերծ պահելու եւ գյուղատնտեսական մշակաբույսերի կայուն բերքատվությունն ապահովելու նպատակով։
Ըստ նախկին «Հայպետհողշիննախագիծ» ինստիտուտի ճշտված տվյալների (1997թ.) Արարատյան հարթավայրի մշակելի հողերը, որոնք ընկած են Արտաշատի, Հոկտեմբերյանի եւ Ստորին Հրազդանի ջրանցքների տակ, տնամերձ հողերի հետ միասին կազմել են 82 հազար հեկտար, որոնք ամբողջությամբ մշակվել են գյուղատնտեսական արժեքավոր մշակաբույսերի տակ, երբեւէ ոռոգման ջրի պակաս չեն ունեցել, եւ ստացվել է գյուղատնտեսական մշակաբույսերի բարձր բերք, երբեմն կրկնակի։ Արարատյան հարթավայրի հողերի ագրոտեխնիկան միշտ տարբերվել է հանրապետության լեռնային եւ նախալեռնային գոտու հողերի ագրոտեխնիկական միջոցառումներից։ Այստեղ եթե վարելահողերում խորքային ջրերը գտնվում են 3 մ խորությունից բարձր, եւ բույսն ունի ջրի պահանջ, անմիջապես անհրաժեշտ է ոռոգել սահմանված նորմաներով, որպեսզի ամռան կիզիչ ճառագայթների տակ (400—600) կանխվի խորքային ջրերի վեր բարձրանալը, որոնք իրենց հետ կարող են բերել բույսերի համար վնասակար լուծված աղեր եւ առաջացնել երկրորդային աղակալման երեւույթներ։ Եթե խորքային ջրերը խոր են 3 մետրից, այստեղ նույնպես պետք է ժամանակին ոռոգել, հակառակ դեպքում հողի մակերեսը կեղեւակալում է, բույսը չի կարող շնչել, թառամում եւ չորանում է։
Չպետք է կարծել, որ խորհրդային իշխանությունը իր ստեղծման օրից նշված հողերը պատրաստի նվեր ստացավ եւ դրեց խաղողի, ծիրանի եւ այլ մշակաբույսերի մշակման տակ։ Այդ տարիներին մեզ բաժին էին ընկել մի քանի հազար հեկտար հողերի հետ միասին ճահճացած գերխոնավացած, ջրերի տակ ընկած գերխոնավ հողեր, որտեղ մշակվում էին նաեւ բրինձ, ավել եւ այլ ջրադիմացկուն մշակաբույսեր։ Արարատյան հարթավայրի հողերի ընդարձակման եւ ինտենսիվ մշակման համար կառավարությունը որոշում ընդունեց արագությամբ զբաղվել հողերի չորացման, ճահիճների վերացման աշխատանքներով՝ հողերի մելիորատիվ վիճակը բարելավելու, հանրապետության աղքատ բնակչությանը գյուղատնտեսական մթերքով ապահովելու համար։ Հետագա տարիներին Արարատյան հարթավայրի հողերը կանոնավոր ոռոգելու եւ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը բարձրացնելու նպատակով կառուցվեցին վերը նշված Արտաշատի, Հոկտեմբերյանի եւ Ստորին Հրազդանի խոշոր ջրանցքները։ Կառավարության ուշադրության կենտրոնում է եղել նաեւ լավագույն հողերի երկրորդային աղակալման դեմ պայքարը։ Դրա վառ ապացույցն էր խորքային վնասակար ջրերի հեռացումը (Արարատի, Արմավիրի մարզեր), 3 մետր խորությամբ, փակ եւ բաց դրենաժային ցանցերի կառուցումը եւ ընդունող կոլեկտորի մաքրումը 3.5 մետր խորությամբ, որը ձգվում է վնասակար ջրերն ընդունող Արաքս գետը։ Նշված դրենաժային ցանցի (ցամաքեցուցիչների) ընդհանուր տարածությունը կազմել է 1200 հա, որոնք այսօր էլ գործում են մաքրված կամ կիսամաքրված վիճակում։
Արարատյան հարթավայրի լավագույն հողերի մեջ կային նաեւ աղուտ—ալկալի անմշակ հողեր շուրջ 25 000 հա, որոնք սկսվում են Վաղարշապատի տարածաշրջանի Գայի անվան տնտեսության սահմաններից, Արաքս գետի ձախ ափով ձգվում են Արմավիրի, Մասիսի, Արտաշատի տարածաշրջաններով մինչեւ Արազդայան, դրանք քարազուրկ են, հարթ միայն աղերի մեծ տոկոսն է խանգարում հողերի մշակմանը։
Աղուտ–ալկալի հողերի մեծ զանգվածների աղազերծումը եւ պայքարը հողերի երկրորդային աղակալման դեմ նույնպես եղել են կառավարությանը հուզող հարցերից։ 1958—1959 թթ. կառավարության կողմից հանձնարարվեց համապատասխան գիտահետազոտական ինստիտուտներին (հողագիտության եւ ագրոքիմիայի, անօրգանական քիմիայի, ջրային պրոբլեմների)՝ ուսումնասիրել եւ գտնել այն լավագույն մելիորանտը, որը կարճ ժամանակահատվածում աղազերծման ճանապարհով կարող է բարելավել աղուտ—ալկալի հողերի մելիորատիվ վիճակը՝ դրանք գյուղատնտեսական շրջանառության մեջ դնելու նպատակով։
Հողագիտության եւ ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը մի շարք թթուների փորձարկումից հետո կանգ առավ ծծմբական թթվի թափոնների 1.0%—անոց լուծույթի վրա։ Անօրգանական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտն առաջարկեց ծծմբային թթվի 0.7—1%—անոց լուծույթով աղազերծում, որը պետք է ստացվեր դաշտային պայմաններում ծծմբի այրումից։ Ջրային պրոբլեմների գիտահետազոտական ինստիտուտն առաջարկեց բույսերի համար վնասակար լուծված աղերի հեռացումը կազմակերպել ոռոգման ջրով լվալու միջոցով։ Արդյունքում լավագույնը հանդիսացավ ծծմբական թթվի 1 տոկոսանոց տարբերակը։
Ծծմբաթթվի 1 տոկոսանոց թափոններով հողերի աղազերծման աշխատանքներին զուգահեռ փորձարկվում է նաեւ հանքաարդյունաբերության թափոն հանդիսացող երկաթարջասպը։ Առաջարկված երկու մեթոդները հաստատվում են կառավարության կողմից, որի բազայի վրա ստեղծվում է մասնագիտական մելիորատիվ տրեստ, աղուտ—ալկալի հողերի աղազերծման աշխատանքները կատարելու համար։ 1960 թվականից սկսվում է դարերի ընթացքում չմշակվող աղուտ—ալկալի հողերի աղազերծման աշխատանքները, որը հավանության է արժանանում նաեւ արտասահմանյան երկրների մասնագետների կողմից։
Հետագա տարիներին հանրապետություն էին ժամանում արտասահմանյան մի շարք երկրներից տասնյակ մասնագետներ, նման փորձը ուսումնասիրելու, այն իրենց մոտ ներդնելու նպատակով։ Նման ժամանակահատվածում Արարատյան հարթավայրի հինգ նախկին շրջաններում աղազերծվեցին եւ տնտեսություններին հանձնվեցին 3663.1 հեկտար աղազերծված բարելավված հողեր, որոնք սկզբնական շրջանում դրվեցին հացահատիկի եւ առվույտի մշակության տակ, հողի ֆիզիկական հատկությունների բարելավման նպատակով։ Արմավիրի տարածաշրջանը ստացավ 2185.1 հեկտար, որտեղ ստեղծվեցին նաեւ Արտաշատի մելիորատոր եւ միջտնտեսային խորհուրդ տնտեսությունները, Վաղարշապատի շրջանում աղազերծվեց 614.0 հա, Մասիսի շրջանում՝ 296.0 հա, Արտաշատի շրջանում՝ 127.0 հա, Արարատի շրջանում՝ 441.0 հա։ Մեկ հեկտար հողի աղազերծման աշխատանքների վրա ծախսվել է 10—12 հազար դոլար։ 1987 թվականից դադարեցվեցին Արարատյան հարթավայրի հողերի աղազերծման աշխատանքները։
1991 թ. հողերի սեփականաշնորհումից հետո, Արարատյան հարթավայրի խոշոր (5—10 հա) հողակտորները մասնատվեցին եւ վերածվեցին 0.3—0.5 հեկտարանոց հողակտորների՝ յուրաքանչյուր ընտանիքին հատկացնելով 0.2—0.3 հա վարելահող, 0.1—0.2 հա բազմամյա տնկարկ։ Այսպիսով ամբողջ հարթավայրում ստացվեց 120—140 հազար սեփականատեր։ Եթե նույնիսկ սեփականատերերի 10—15 տոկոսը չմշակի, պատկերացրեք ինչպիսի վնաս է կրում մեր հանրապետությունը։ Այն դեպքում, երբ Արարատյան հարթավայրի մեկ հեկտար հողակտորը նորմալ մշակման եւ ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման դեպքում կարող է ապահովել 700—1000ց լոլիկի, 400—500 ցենտներ պղպեղի, սմբուկի, ձմերուկի կայուն բերք։ Հացահատիկի բերքը Արարատյան հարթավայրում կազմում է 60—80 ց մեկ հեկտարից, իսկ խաղողի բերքը՝ 180—200 ց։
Արժե՞ այս բոլորը անտեսել եւ վարելահողերի մի մասը դնել ձկնաբուծության տակ։ Պետք է նշել, որ Արարատյան հարթավայրը մեր հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերի ստացման շտեմարանն է։ Հանրապետության գինու, կոնյակի, պահածոների հումքի մեծ մասը (80%) ստացվում է միայն եւ միայն Արարատյան հարթավայրի հողերից։ Ըստ վիճակագրական վարչության վերջին տարիների տվյալների, այսօր Արարատյան հարթավայրի մշակելի հողերը տնամերձի հետ միասին կազմում են շուրջ 62 հազար հեկտար։ Ո՞ւր է մնացած 20000 հա—ն։ Մինչեւ հողերի սեփականաշնորհումը գյուղատնտեսության նախարարությունն ուներ հողաշինարարական գլխավոր վարչություն, եւ յուրաքանչյուր տարվա նոյեմբերին բոլոր շրջաններից պահանջվում էր ըստ համայնքների հողերի փոխակերպումը, որը պետք է համապատասխաներ կառավարության որոշումներին։ Այսօր ձկնաբուծական լճակները, բացի այն բանից, որ վատթարացնում են իրենց շրջակայքի վարելահողերի եւ այգիների ֆիզիկական հատկությունները, վերացնում են նաեւ դարերի ընթացքում կուտակված ստորերկրյա խմելու մաքուր եւ ոռոգման ջրերը, որոնք գտնվում են 80—120 մ խորության վրա։ Դրա արդյունքում չորացել է Այղր լճից սկիզբ առնող Սեւ ջուր գետը, որը ոռոգում էր իր շրջակայքի հողերը։ Չորացման եզրին է նաեւ Այղր լիճը։ Նշված խորքային ջրերը, որ մոտավոր հաշվարկներով կազմում են շուրջ 800 մլն խմ քաղցրահամ ջուր, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում ստորերկրյա ջրերի ավազանի մակարդակի եւ ճնշման վրա, Արաքս գետի միջոցով թափվում են Կասպից ծով՝ անապատի վերածելով ամբողջ հարթավայրը։ Եթե ձկնաբուծարանների առկայությունը այսպես շարունակվի, մենք կկորցնենք Արաքս գետի ափամերձ բոլոր վարելահողերը՝ այն վերածելով անօգտագործելի հողերի։
Հողերի սեփականաշնորհումից հետո կառավարության ուշադրությունից դուրս են մնացել ինչպես Արարատյան հարթավայրի, այնպես էլ լեռնային եւ նախալեռնային գոտու հողերի խնամքի աշխատանքները։ Մոռացվել է հողերի գույքագրումը, որով ճշտվում էին հողատեսքերը՝ ըստ գյուղատնտեսական նշանակության եւ ըստ կատեգորիաների։ Ժամանակն է, որ կառավարությանը կից կադաստրի պետական կոմիտեն Գեոդեզիայի եւ քարտեզագրման ընկերության հողաշինարարական բաժնին իջեցնի առաջադրանք ամբողջ հանրապետությունում կատարելու հողերի գույքագրում խոշոր մասշտաբով։
Հողերի գույքագրման եւ քարտեզագրման աշխատանքների կատարումից հետո մենք կունենանք ինչպես Արարատյան հարթավայրի, այնպես էլ հանրապետության բոլոր մարզերի հողային ֆոնդի, գյուղատնտեսական հողատեսքերի ճշտված պատկերը ըստ կատեգորիաների։
Ամփոփելով հանրապետության ջրային ռեսուրսների եւ գյուղատնտեսական նշանակության հողերի արդյունավետ կառավարման հիմնարար խնդիրները, կարծում ենք, որ հատկապես ոռոգման բնագավառում ծառացած հիմնահարցերը հնարավոր է լուծել մեր գիտակրթական ներուժի ճիշտ օգտագործմամբ։ Մասնավորապես ոռոգման խնդիրների բնագավառում անհրաժեշտ է ներգրավել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի բարձր որակավորում ունեցող մասնագետներին, որոնք ներկայումս էլ աշխատում են այս համակարգի հետագա արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Շատերին թվում է, թե ոռոգումը դա բույսերին ջուր տալու միայն ֆիզիկական գործընթաց է։ Սակայն իրականում այն բազմաֆուկցիոնալ, բազմաթիվ կապերով գործող հարաբերություններ է պետության, մասնավոր ընկերությունների, գյուղացիական տնտեսությունների եւ այլ ջրօգտագործողների միջեւ։ Միայն այն փաստը, որ ջուրը աղբյուրից ֆերմերային տնտեսություններին հասնելու համար անցնում է տասնյակ հազարավոր կիլոմետրեր եւ բաշխվում տնտեսությունների միջեւ, խոսում է այն մասին, որ անհրաժեշտ է ջրօգտագործման կառավարման ոլորտում իրականացնել տեխնոլոգիական հեղափոխություն, այն է՝ ոռոգելի երկրագործությունում ստեղծված նորագույն «ջրօգտագործման հարաբերությունները» թվայնացնել, եւ վիրտուալ հարթության մեջ իրականացնել ճշգրիտ եւ իրական կառավարում։ Այս դեպքում այեւս չեն լինի ոչ հիմնավոր այնպիսի հարցադրումներ, «թե ջուրը չի բավարարում» եւ այլն։
Կ. ՈՍԿԱՆՅԱՆ
Գ. գ. թ., դոցենտ
Գ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Գ. գ. դ., պրոֆեսոր

19-03-2019





21-09-2019
Ինքնիշխան պետության ձեռքբերումներն ու մարտահրավերները
Ինչ է սովորեցնում մեզ անկախության արդեն 28 տարվա ...


21-09-2019
Անկախության բանաձեւը
Ո՞րն է պետություն կառուցելու մեր տեսլականը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


1988-90 ...


 
21-09-2019
IPSE DIXIT
Ամբոխի հոգեբանության ուսումնասիրությունը ցանկալի է դիտվում գործնական առումով, բայց ...


21-09-2019
Տղամարդկանց հագուստ
Սմոքինգ
Բարձրաշխարհիկ պաշտոնական միջոցառումների ժամանակ (օրինակ՝ երեկոյան ընդունելությունների) նախընտրությունը ...


21-09-2019
Պատմության նոր էջ
Ժամանակին Մոսկվայում մի հայ ուսանողի քննությանը հարցրել էին. «Ի՞նչն ...


21-09-2019
Անկախության խորհուրդը պետության համար
Եվ անկախության՝ քաղաքացու ընկալումը

Յուրաքանչյուր դպրոցական գիտի, թե ...


21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե միաձայն քվեով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


«Անկախության ...



21-09-2019
Տնտեսական հեղափոխության ընկալումներն ու իրագործումը
Որքանով է այն պահանջված, եւ որոնք են դրա ...

21-09-2019
Ու եղավ այնպես, ինչպես չէր եղել արդեն քանի դար
Հայաստանն անկախացավ ժողովրդի գրեթե ...

21-09-2019
Իմ թանձրացական անկախությունը
Այն ինձ համար եթերային երազանք ...

21-09-2019
Անկախության սպորտը. անմոռանալի ապրումների պահեր
Հայաստանի անկախության 28 տարիներին ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO