Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հայաստանի քայլերն ուղղված են Արցախի հիմնախնդրի իրական լուծմանը

Կառավարության անդամները պատասխանել են պատգամավորների շուրջ հինգ տասնյակ հարցերի

Երեկ Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե հայկական կողմը ստացե՞լ է արդյոք որեւէ մեկնաբանություն կամ պարզաբանում Ստեփանակերտում մարտի 12–ին կայացած ՀՀ եւ ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում բարձրաձայնած խնդրի, այն է՝ վերջին տարիներին ամենատարբեր եւ ամենատարածական մեկնաբանությունների տեղիք տված մադրիդյան հիմնական հասկացությունների՝ երեք սկզբունքների եւ վեց տարրերի մեկնաբանման վերաբերյալ, որոնք ընդունելի կլինեն Հայաստանի համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ կարող են բազմաթիվ մեկնաբանություններ լինել, որոնք ընդունելի կլինեն հայկական կողմի համար, բայց քանի դեռ չենք լսել կոնկրետ հասցեատերերի մեկնաբանությունները, ճիշտ չէ խոսել ընդունելի լինելու կամ չլինելու մասին։ «Այս բանակցություններն ընթանում են, որպեսզի խնդիրը լուծվի՞, թե՞ չլուծվի։ Եթե բանակցում ենք, որ խնդիրը լուծվի, ապա պետք է այս գործընթացի հիմքում դնենք սկզբունքներ, որոնց մեկնաբանությունների շրջանակի վերաբերյալ գոյություն ունի կոնսեսուս, այսինքն՝ եթե մենք փոխադարձաբար լավ չենք հասկանում, թե ինչի մասին ենք խոսում, ապա այդ խոսակցությունը երբեք տեղ չի հասնի եւ անընդհատ կլինեն թյուրըմբռնումներ, տարընթերցումներ»,–մանրամասնեց վարչապետը՝ նշելով, որ այս ընթացքում շատ հաճախ գործընկերներից տեղեկատվություն է ուզում բանակցային գործընթացի պատմության վերաբերյալ, քանի որ բազմիցս ենք ականատես եղել մի իրավիճակի, երբ բանակցությունից հետո Հայաստանի, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ համանախագահների հայտարարությունները միմյանից խիստ տարբերվող են եղել։ «Այստեղ մեթոդաբանական խնդիր կա, երբ մարդիկ մեկ սենյակում նստած բանակցում են, իսկ հետո իրարից տարբերվող հայտարարություններով են հանդես գալիս։ Ի սկզբանե եկեք ճշտենք եւ հասկանանք, որ խոսում ենք նույն բանի, այլ ոչ թե տարբեր բաների մասին»,–շարունակեց Փաշինյանը։
Վարչապետը չցանկացավ մեկնաբանել մադրիդյան սկզբունքների շուրջ հայկական կողմի դիրքորոշումը, քանի որ երկու օրից բուն հանդիպումն է լինելու։ Իսկ այն մեկնաբանությունները, որոնք տալիս է Ադրբեջանը մադրիդյան սկզբունքներին, մեզ համար անընդունելի են։ «Այսօր այստեղ հարցադրումներ չեմ անի։ Ես հարցադրումները կանեմ տեղում, եւ հետո հաճույքով ձեզ կպատմեմ, թե ինչ հարցադրումներ են դրանք եւ ինչպիսին է իմ տպավորությունը դրանց վերաբերյալ»,–ասաց Փաշինյանը։
Ի դեպ, այսօր երկօրյա աշխատանքային այցով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ավստրիա։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ Վիեննայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Վրաստանի վարչապետների ոչ միայն պաշտոնական հանդիպումները, այլեւ ոչ պաշտոնական շփումները Բոլնիսում եւ Ենոքավանում, հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են երկու երկրներին հուզող եւ համատեղ խնդիրները, այդ թվում՝ ճանապարհաշինությունը։ Փաշինյանը պատասխանեց, որ Վրաստանի թե՛ նախկին, թե՛ գործող վարչապետների հետ հարցը քննարկել է եւ հավաստիացումներ է ստացել, որ ջավախահայության համար կարեւոր նշանակություն ունեցող Նինոծմինդա—Բավրա ճանապարհահատվածի շինարարությունը սկսելու գործընթացն ընթացքի մեջ է, սակայն ընդգծեց, որ Հայաստանն ու Վրաստանը ներկայումս հարցերի ավելի լայն շրջանակ են քննարկում տարածաշրջանային ծրագրերի իրականացման առումով։ «Վերջին տեղեկատվությունը, որ տվել են այն է, որ գործընթացը մրցույթի փուլում է, եւ դրա արդյունքում ճանապարհի շինարարությունը կսկսվի։ Բայց հիմա մենք այդ առումով հարցերի ավելի լայն շրջանակ ենք քննարկում, որովհետեւ մենք շատ կարեւոր ենք համարում տարածաշրջանային ծրագրերի իրականացումը։ Եվ տվյալ համատեքստում մեզ արդեն հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա—Բավրա հատվածը, այլ նաեւ Բաթումի—Բավրա հատվածը, որովհետեւ այս պարագայում արդեն 100 տոկոսով իր տրամաբանության մեջ տեղավորվում է մեր «Հյուսիս—հարավ» նախագիծը։ Մեր առաջարկած տրամաբանությունը հետեւյալն է, որ մենք կարողանանք հարցին մոտենալ Բաթումի—Բանդերաբաս գծի տրամաբանության մեջ»,–մեկնաբանեց Փաշինյանը։
ՀՀ վարչապետը կարեւորեց աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս հարաբերությունների կառուցումը, ինչը հաջողվում է երկկողմ ձեւաչափով, սակայն երբ կողմերը քննարկում են ավելի ընդլայնված ծրագրեր, բնականաբար աշխարհաքաղաքականությունը իր ներկայությունն ու դերը ավելի շոշափելի է ի ցույց դնում։ «Գիտեք, թե այս ծրագրերի իրականցման համատեսքում ինչ կարգի խնդիրների կարող ենք բախվել. ոչ մի գաղտնիք չկա՝ աշխարհաքաղաքական ինչ զգայունություններ ունենք Բաթումիից Բանդերաբաս ընկած այդ տարածաշրջանում։ Սրանք այնպիսի նախագծեր են, որոնք մի շաբաթում իրագործելի չեն, դրա համար մենք այս թեման միշտ պետք է մեր օրակարգում ունենանք, պատրաստ լինենք՝ առնվազն ընկալումների եւ հաշվարկների տրամաբանության մեջ դրած, եւ երբ միջազգային իրավիճակը ինչ—որ պահի առավել բարենպաստ կդառնա, ինչում մենք համոզված ենք, կիրականացնենք այդ ծրագիրը»,–մանրամասնեց վարչապետը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչպիսի լուծում է ի վերջո տրվելու տարադրամի փոխանակման կետերի եւ գրավատների պետական տուրքի բարձրացմանը, եւ որքանով է արդարացի մի կողմից այդ կազմակերպությունների, մյուս կողմից՝ ունիվերսալ վարկային կազմակերպությունների եւ բանկերի համար ստեղծվելիք պայմանները։ Հարցին ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ այդ կառույցները համեմատելի չեն, որովհետեւ ի տարբերություն գրավատների եւ փոխանակման կետերի, ֆինանսական մյուս կառույցները՝ վարկային կազմակերպություններն ու բանկերը, գործում են բացարձակապես այլ կարգավորման դաշտում եւ ունեն բազմաթիվ սահմանափակումներ, իսկ պետությունն ունի գործիքակազմ, որպեսզի այդ գործունեությունը կարգավորի։ «Բացարձակ այլ դաշտում են գործում գրավատները եւ փոխանակման կետերը։ Ֆինանսական հատվածի համար բավականին վտանգավոր երեւույթ է, որովհետեւ այս կամ այն իրավիճակներում որեւիցե գործիքակազմ չկա այդ կառույցների գործունեությունը կարգավորելու համար, հետեւաբար վարչարարության ծախսը բնականաբար պետք է փոխհատուցվի տուրքերի միջոցով։ Այո, նաեւ 60 անգամ ավելի տուրքով, որովհետեւ այսօրվա տուրքը, որը տարածվում է տվյալ կառուցների վրա ուղղակի անհամարժեք է այն խնդրին, որը իրենք կարող են առաջացնել»,–ասաց Մ. Գրիգորյանը։ Նա ընդգծեց, որ տուրքի չափը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ գրավատների ներկայացուցիչների ներկայացրած տարեկան շահույթից ելնելով՝ այդ տուրքի չափը կազմում էր իրենց ընդհանուր շահույթի 20—30 տոկոսը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը ճշտեց, որ այս տարվա համար Հայաստանի սպառողների համար սպասվում է արդյոք գազի սակագնի բարձրացում, ինչին ի պատասխան փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ 2019—ին նման հարց չի քննարկվելու։ «Հայաստանի կառավարության՝ թե՛ «Գազպրոմ Արմենիայի» եւ թե՛ «Գազպրոմ» ընկերության հետ գազի գնի շուրջ բանակցությունները, կարծում եմ՝ մշտական գործընթաց են եւ պետք է միշտ ընթանան։ Ընդ որում՝ ավանդական գազի գինը սահմանին ֆիքսվում է յուրաքանչյուր տարի։ Դա եւս հարց է, որը պետք է օրակարգային դարձնենք եւ բանակցությունների արդյունքում գանք մի իրավիճակի, որ մեկ տարվա գին ամրագրելու մշակույթը վերացնենք մեր տնտեսական հարաբերություններից»,–ասաց փոխվարչապետն ու հավելեց՝ սահմանին գազի գնի հարցը դառնալու է միջկառավարական հանձնաժողովի օրակարգային հարց։
Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությանն այն մասին, որ սահմանին գնի բարձրացման եւ «Գազպրոմ Արմենիայի» ենթակառուցվածքների պահպանման չափազանց բարձր ծախսերի պայմաններում ընկերությունը ֆինանսական դժվարություններ է ունենում, Գրիգորյանը մեկնաբանեց, որ տվյալ դեպքում ֆինանսական ճեղքվածքը վերաբերում է «Գազպրոմի» ու նրա դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» հարաբերություններին։ «Իհարկե, ցանկալի չէ, որ այդ ֆինանսական ճեղքն առաջանա, որովհետեւ «Գազպրոմ Արմենիան» այնուամենայնիվ մեր գործընկերն է եւ մեր տնտեսավարողը։ Բայց եթե նույնիսկ առաջանա, մենք կարծում ենք, որ ճիշտ կառավարման ու մարժայի հաշվին հնարավոր է լուծումներ գտնել»,–ասաց նա։
«ԼՀ»—ի անդամ Անի Սամսոնյանն անդրադարձավ մարտի 12—ին «Լիդիան ինթերնեյշնլ լիմիթեդ» ընկերության կողմից արբիտրաժային գործընթաց նախաձեռնելու հայտարարությանը, ինչի մասին ծանուցել էր կառավարությանը։ Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչ ընթացքում են գտնվում իրավաբանական ընկերություն ընտրելու կառավարության աշխատանքները։ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ գործընթաց իրականացվում է արդարադատության նախարարութունում, շարունակաբար ստանում են իրավաբանական խորհրդատվություն տարբեր հարցերի, ներառյալ «Լիդիան» ընկերության վերաբերյալ, բայց միաժամանակ հույս հայտնեց, որ հնարավոր կլինի այդ ընկերության հետ հարցերը կարգավորել առանց արբիտրաժի։ «Այս պահին Ամուլսարում տեղի է ունենում հիդրոերկրաբանական փորձաքննություն, որը պատվիրվել է հենց կառավարության կողմից, եւ դրա արդյունքներով կստանանք որոշ հարցերի պատասխաններ, որոնք բարձրաձայնվել են փորձագիտական շրջանակների կողմից։ Եթե ստանանք նույնանման պատասխաններ, ինչպիսին եղել են Լիդիանի կողմից ներկայացված ՇՄԱԳ-ում, եւ տեսնենք, որ ռիսկերը վերահսկվող են, պարզ է դատարան ոչ ոք չի դիմի։ Իսկ եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, համապատասխան որոշում կկայացնենք»,–ասաց Ավինյանը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

28-03-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO