Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հեղափոխություն՝ ինչո՞ւ եւ ինչպե՞ս

Մեկնարկել է «Հայաստանը՝ փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովը

«Հայաստանը՝ փոփոխությունների շեմին» միջազգային համաժողովի ընթացքում երեկ քննարկվեցին ներքաղաքական մի շարք հարցեր, որոնք արդիական են համարվում մեր երկրի համար։ Հայաստանցի եւ արտասահմանից հրավիրված փորձագետները խոսեցին թավշյա հեղափոխության պատճառների, նախադրյալների եւ ընդհանուր արձագանքների մասին, քննարկվեցին երկրում տիրող ներկա իրավիճակը, ինչպես նաեւ զարգացման հեռանկարներն ու մարտահրավերները։
«Օրբելի» վերլուծական—հետազոտական կենտրոնի նախաձեռնած քննարկման ժամանակ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ սխալ կլինի ասել՝ այն ինչ եղավ, կանխատեսում էին։ «Բայց, որ ունեինք որոշակի նպատակներ, որոշակի խնդիրներ պետք է լուծեինք՝ ակնհայտ էր»,—ասաց նախարարը՝ պատմելով, որ օրերս մարտի 31—ի իր հարցազրույցը նայելիս, արձանագրել է՝ ինչ արել են այս ընթացքում, կետ առ կետ նկարագրել է հարցազրույցում։ Նա բարձրաձայնում է, որ, ըստ էության, իրենց նպատակներն իրականացրել են, թեեւ ԶԼՄ—ների կանխատեսումներով, հաջողության չէին հասնելու։
Այդ ամենը հեշտ չի եղել։ Նրա խոսքերով, քաղաքական դաշտում փոքր աջակցություն ունեին։ Բայց հիմնական խնդիրը ներկայացրել են քաղաքացիական հասարակությանն ու նրանց աջակցությունը ստացել։ «Գլխավոր մեսիջը կարողացանք հասցնել մարդկանց եւ երբ հասանք Երեւան, հասկացանք, որ սառույցը կոտրվել է։ ԶԼՄ—ների աջակցություն չենք ստացել։ Սոցիալական մեդիան է մեծ դեր խաղացել»,—ասաց Հարությունյանը։
Ըստ նրա՝ 2016թ. եւս իշխանափոխության հնարավորություն եղել է, բայց հասարակությունը մեսիջն այնպես չընկալեց, ինչպես 2018—ի ապրիլ—մայիս ամիսներին։ Նախկին քաղաքական համակարգը վերջին տարիներին այնպես էր զարգանում, որ ապրիլ—մայիս ամիսների իրադարձությունները, ըստ Հարությունյանի, անխուսափելի էին։ Եվ 2018թ., նրա խոսքերով, հաջողվեց կոտրել մտայնությունը, թե առանց բռնության հնարավոր չէր հասնել փոփոխությունների։ Նախորդ տարվա հաջողության հիմքում բանախոսը տեսնում է նաեւ քաղաքական թիմի միատարրությունը։
«Օրբելի» կենտրոնի փորձագետ Հրանտ Տեր—Աբրահամյանն անկեղծացավ, որ երբ սկսվում էր քայլարշավը, Հայաստանում շատ քչերն էին հավատում, որ հնարավոր էր փոփոխության հասնել. «Շատ ուրախ եմ, որ ես էլ սխալվեցի»։ Նշելով, որ ժամանակն է ամփոփելու անցած ժամանակահատվածը՝ նկատեց, որ դեպքերի ֆունդամենտալ վերլուծություն գուցե կա, բայց ինքը չի տեսել։ Ըստ փորձագետի՝ կանխատեսումները որոշակի վերլուծական հիմք պետք է ունենան։ Երկու՝ միմյանց հակադիր մեծ խնդրի մասին բարձրաձայնելով՝ պատահական չի համարում, որ այս պահին մեծ վերլուծություն չկա։ Ասում է. «Սեփական փորձը տեսության վերածելու մեխանիզմ չունենք։ Թեեւ Հայաստանը հետաքրքիր քաղաքական զարգացումներով, պատմությամբ երկիր է, բայց տեսությունն ու մեր տեսածը, ապրածը տարբեր ոլորտներում են։ Մյուս խնդիրը հետեւյալն է՝ մեր ներքին գործընթացները դիտում ենք համաշխարհային գործընթացներից մեկուսացված։ Կարծես երկրագնդի վրա չենք ապրում, իսկ այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, տեղի է ունենում ինքնըստինքյան, ներքին խնդիրների պատճառով»։
Տեր—Աբրահամյանը քննարկման թեման ավելի շատ գրքի թեմա է որակում ու ավելացնում՝ եթե գիրք գրելու լիներ՝ ներածական մասում հիշատակում կաներ, որ Հայաստանի նորագույն պատմությունը հեղափոխական ցիկլերի պատմություն է։
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Կոնստանտին Տասիցի խոսքերով՝ ինքը Հայաստանում տեղի ունեցած գործողությունները չի գնահատում որպես գունավոր հեղափոխություն։ Արձանագրված փոփոխությունները նա պայմանավորեց նաեւ այն հանգամանքով, որ Հայաստանի էլիտայի զգալի մասը դեռեւս 1990—ականներից է իշխանության, բայց Հայաստանն ուներ մի շարք լուրջ խնդիրներ։
Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատողը միաժամանակ շեշտեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության հարցում արտաքին որեւէ միջամտություն չի եղել. «Արտաքին կողմերը որեւէ կողմի չեն աջակցել, պարզապես խոսել են իրավիճակի խաղաղ լուծման մասին»։
«Ամերիկան եւ Ռուսաստանը այդ իրադարձությունները չվերածեցին աշխարհաքաղաքական խնդրի»,—նկատում է «Քարնեգի հիմնադրամի» ավագ գիտաշխատող Պոլ Ստրոնսկին՝ ավելացնելով, որ 2018թ. իրադարձությունները զարմանքի տեղիք տվեցին։ Բայց երբ հետ է նայում՝ հասկանում է, որ զարմանալ պետք չէ։ Կարծում է, որ վերջին 10 տարում Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ավելի մեծ ժողովրդավարական ուղեծրով էր շարժվում, քան մարդիկ ենթադրում էին. «Եվ, իհարկե, նախորդ կառավարությունն ուներ մի շարք լուրջ սխալ քայլեր»։ Ստրոնսկին շեշտում է նաեւ, որ չնայած շատ դժվար միջավայրին, քաղհասարակությունն ապացուցեց, որ կայուն է եւ ուժեղ։
ԱՄՆ—ի հարաբերությունները Հայաստանի հետ նա բավականին դրական է գնահատում. «Հայաստանը կարող է ռազմավարական հարաբերություններ ունենալ մի երկրի հետ եւ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել մեկ այլ երկրի հետ։ Դա մեկն էր այն բաներից, որը շատ լավ էին անում նախկին իշխանությունները, եւ այս իշխանությունները նույնպես փորձում են պահպանել այդ հավասարակշռությունը»։
Ըստ փորձագետի. «Չեմ կարծում թե ԱՄՆ—ն ակնկալում է, որ Հայաստանը ներքաղաքական փոփոխություններից հետո մեծ տեղաշարժ կունենա իր ուղղվածության հարցում»։

Հեղափոխությունն ու Հայաստանի տնտեսությունը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսեց Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների մասին, որոնց հիմքում ընկած է քաղաքացու եւ անհատի բարեկեցության տեսլականը։
Նրա խոսքով, հասարակական հարաբերությունների կարգավորման եւ հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետության վարած քաղաքականության հիմքը հանրային օգուտի մաքսիմալացումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունը իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ կտրվածքով երկրի զարգացման ու կայունության համար ամուր սյուներ ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ «քաղաքական» ճշմարտությունը, որ կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։
Փոխվարչապետը շեշտեց, որ զարգացման չափորոշիչը ոչ թե համախառն ներքին արդյունքի աճն է, այլ անհատի ու հասարակության բարեկեցությունը։ Այս գաղափարը ձգվում է տնտեսական բարեկեցության, կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության, ենթակառուցվածքային հարմարավետության կատեգորիաներից մինչեւ հասարակական, էներգետիկ ու բնապահպանական անվտանգություն, մշակութային ինքնաբավություն եւ պարզապես սեփական կյանքից բավարարվածություն։ Այս ընկալման վրա էլ կառավարությունը ձեւակերպել է Հայաստանի ներառական զարգացման տեսլականը։
Ներառական զարգացման համատեքստում Տիգրան Ավինյանը մանրամասն ներկայացրեց կրթության, գիտության, առողջապահության եւ ենթակառուցվածքների զարգացման առանցքային դերը։ Առանձին անդրադարձ եղավ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների ունեցած դերին եւ ստեղծվելիք բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը։
Փոխվարչապետը ներկայացրեց նաեւ գործարար միջավայրի բարելավման, վարչարարության նվազեցման, թվայնացման ու պետական կառավարման արդիականացման հարցերում կառավարության մոտեցումները։
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը նշում է, որ աշխարհում առկա հնարավորությունները դեռեւս լավագույն եղանակով չեն օգտագործվում Հայաստանում՝ համեմատելով Հայաստանում մարդու մեկ ժամում աշխատած գումարի ցուցանիշը աշխարհի միջին ցուցանիշի հետ։ Նախարարի խոսքով՝ էական տարբերության պատճառը հմտությունների եւ գիտելիքների ոչ բավարար մակարդակն է եւ տեխնոլոգիաների ոչ բավարար կիրառությունը տնտեսության մեջ։ «Եթե մենք առաջիկայում ցանկանում ենք լինել մրցունակ երկիր, պետք է հավասարապես ուշադրություն դարձնենք այդ երկուսի կիրառության խթանմանը»,—նշեց նախարարը։
Իսկ արտահանումը, ըստ նրա, պետք է լինի Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական շարժիչը։ Նշում է, որ անհրաժեշտ է հատկապես մեծ ուշադրություն դարձնել արտահանման հնարավորությունների եւ առավելագույն նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հարեւան շուկաներում առաջխաղացում արձանագրելու համար։ Նախարարի խոսքերով՝ պետք է հասկանալ, թե ինչ կարող է արտադրվել Հայաստանում՝ ինտեգրվելու համաշխարհային արժեշղթաներում, եւ պետական քաղաքականությունն ուղղել մշակող այնպիսի ճյուղերի խթանմանը, որոնք ունեն արտահանման ներուժ եւ դրսի շուկաներում հաստատված մրցունակություն։
Այս համատեքստում գերատեսչության ղեկավարը կարեւորել է արտադրանքի որակը. «Փակ սահմաններով, լոգիստիկ բարդ պայմաններով, եթե որակով չարտադրենք ու չկարողանանք մեր ծախսերը տեղավորել այդ արժեքի մեջ, դժվար կարողանանք մրցել»։
Բիզնես կարգավորումների մասով էլ Խաչատրյանը նկատում է, որ պետք է լինեն առավելագույնս պարզեցված. «Բոլոր թերի կարգավորումները արագ պետք է հստակեցվեն։ Պետք է լինի այնքան հստակ եւ պարզ միջավայր, որ արտահանող բիզնեսը, խոշոր ներդրողը որեւէ խոչընդոտի չհանդիպի։ Կառավարությունը պետք է օգնի, որ Հայաստանում գործող բիզնեսը լինի քիչ ծախսատար, որակյալ եւ մրցունակ։ Մենք արդեն լուծել ենք ազատ մրցակցության հարցը, կոռուպցիայի հարցը։ Համակարգային կոռուպցիա չկա այն եղանակով, որ բիզնեսին խոչընդոտ հանդիսանա։ Մեկ այլ բան է, որ կառավարության տվյալ առաջադրանքը ներքեւի օղակներում չի կատարվում այնպես, ինչպես տրվել է առաջադրանքը»։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

29-03-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO