Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.10.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հատուկ ուշադրություն նաեւ օտար լեզուներով ձեռագրերին

Մատենադարանը հավակնում է դառնալ միջազգային գիտական կենտրոն

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի գրադարանը սպասարկում է մեծ թվով հետազոտողների, առաջին հերթին հայագետների թե՛ Հայաստանից եւ թե՛ արտերկրից։ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր—Ղեւոնդյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ օտար հայագետների հետ կապը մշտական է։ Նրանք մասնակցում են Հայաստանում կազմակերպվող գիտաժողովներին, համատեղ տարբեր միջոցառումներին, հոդվածներ են հրապարակում հայաստանյան հանդեսներում։
Միջազգային ասպարեզում զուտ հայագիտությամբ զբաղվողները քիչ են, սակայն կան մասնագետներ, որոնք զուգակցում են հայագիտությունն այլ ոլորտի հետ, օրինակ՝ բյուզանդագետ—հայագետ են, արեւելագետ—հայագետ եւ այլն։ «Այդպիսի մասնագետները քիչ չեն, եւ նրանց մի մասը փայլուն տիրապետում է հայերենին, գրաբարին։ Նրանց հետ համագործակցությունը շատ լավ արդյունքներ է տալիս։ Առաջիկայում փորձելու ենք ընդլայնել Մատենադարանի հրատարակությամբ լույս տեսնող մատենաշարերի, օրինակ՝ «Մատենագիրք Հայոց» խմբագրակազմերը, այդ թվում՝ «Բանբեր Մատենադարանի» պարբերականի խմբագրակազմը՝ ընդգրկելով արտասահմանցի հայագետներին»,–ասաց տնօրենը։
Հայ մատենագրությունն աշխարհում ուսումնասիրվում է նաեւ համաքրիստոնեական տեսակետից. օրինակ՝ Աստվածաշնչի մասնագետների կողմից։ Բավական զարգացած գիտություն է բիբլեիստիկան (աստվածաշնչագիտությունը)։ Ինչպես հայտնի է, 5—րդ դարից սկսած՝ այլ լեզուներից հայերեն է թարգմանվել ոչ միայն Աստվածաշունչը, այլեւ մեկնողական հարուստ գրականություն, հատկապես այն դեպքերում, երբ բնագիրը մեզ չի հասել՝ հայերեն թարգմանությունը ձեռք է բերել բնագրի արժեք։ «Ընդհանրապես գրաբարով ստեղծված գրականությունն այնքան հարուստ է, որ համեմատություններ կատարելու, տեքստերի ճշտման, բնագրագիտական տարբեր ուսումնասիրությունների համար այն ձեռք է բերել կարեւոր նշանակություն։ Եթե անգամ գիտնականի հետազոտության առարկան Հայաստանը չէ, այլ զուտ Աստվածաշունչն է ուսումնասիրում, այնուամենայնիվ, չի կարող շրջանցել հայերենն ու հայերենով ստեղծված գրականությունը։ Արդյունքում՝ ասորերենին, լատիներենին, հունարենին եւ եբրայերենին տիրապետող գիտնականը ինչ—որ պահի գիտակցում է, որ հայերենը շրջանցել չի կարող, սովորում է նաեւ գրաբար եւ հաճախ հենց դրա շնորհիվ գիտական հայտնագործություններ կատարում»,–մեկնաբանեց Տեր—Ղեւոնդյանը։
Մատենադարանի գրահրատարակչական գործունեության մեջ բացի մենագրություններից, փորձում են ուշադրություն դարձնել նաեւ պատկերագրքերի հրատարակմանը։ Եթե առաջիններն ունեն գիտական նշանակություն, ապա երկրորդները՝ ե՛ւ գիտական, ե՛ւ ճանաչողական նշանակություն։ Սակայն պատկերագրքի տպագրությունը պահանջում է բարձր որակ, հետեւաբար նաեւ ֆինանսական ավելի շատ միջոցներ։ «Եթե մեկ շքեղ ալբոմի գումարով կարելի է 10 մենագրություն տպել, բնականաբար կնախընտրենք երկրորդը, քանի որ դա մեր աշխատողների գիտական գործունեության անմիջական արդյունքն է»,— ասաց Տեր—Ղեւոնդյանը։ Պատկերագրքերի տպագրությունը փորձում են կազմակերպել բարերարների միջոցով։ Անցած տարվա հաջողություններից մեկը զրուցակիցս համարում է Ֆրանկոֆոնիայի երեւանյան գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված միջոցառումներին մասնակցությունը, որի ժամանակ հրատարակել են «Հայկական մանրանկարչություն» ալբոմը տպագրական բարձր որակով (ֆինանսավորել է ՀԲԸՄ—ն, տպագրել՝ «Տիգրան Մեծ» հրատարակչությունը), նոր տեքստերով, նոր նկարներով, ամբողջովին ֆրանսերեն բացատրություններով։ Այդ ալբոմը որպես նվեր տրվել է Մատենադարան այցելած բոլոր պատվիրակություններին եւ բարձրաստիճան հյուրերին։
Անցած տարի Մատենադարանը 50—ից ավելի նոր ձեռագրեր է ստացել, որից 27—ը Լիբանանի «Համազգային մշակութային միության» կողմից։ Բացի հայերեն ձեռագրերից, Լոնդոնից ստացել ենեթովպերեն 4 ձեռագրեր, որոնց թիվը հնարավոր է ավելանա։ «Վերջին տարիներին Մատենադարանը սկսել է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ օտար լեզուներով ձեռագրերին, նույնիսկ եթե դրանք մեր պատմության եւ մշակույթի հետ ուղղակիորեն կապ չունեն»,–ասաց զրուցակիցս։
Կարող ենք փաստել, որ Մատենադարանը հայտ է ներկայացնում լինել միջազգային գիտական կենտրոն ոչ միայն հայագիտության, այլեւ ուրիշ գիտությունների համար։ Երեք—չորս տարվա ընթացքում հրատարակել են Մատենադարանում պահվող ղուրանների ձեռագրացուցակը երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն, արաբերեն (100—ից ավելի նման ձեռագրեր կան ինստիտուտում)։ Տպվել է պարսկերեն ձեռագրերի ամբողջական ձեռագրացուցակը 450 ձեռագրի նկարագրությամբ, նաեւ պարսկերեն ձեռագիր պատառիկների եւ եբրայերեն ձեռագրերի կատալոգը։ Ներկայումս ընթացքի մեջ են ձեռագրացուցակներ, որոնք ներկայացնում են Մատենադարանում պահվող վրացական, ասորական, արաբերեն քրիստոնյա մատյանները։ Նույնպիսի աշխատանքներ են ընթանում ասորատառ արաբերեն եւ հին սլավոներեն ձեռագրերի ուղղությամբ։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի հայատառ ղփչաղերեն (թյուրքական լեզվատեսակ) ձեռագրերը, որոնց թիվն աշխարհում շատ մեծ չէ։ «Ղփչաղերենը տարածված է եղել Ղրիմի խանության մեջ, եւ այն հայերը, որոնք ապրել են այդ միջավայրում, ժամանակի ընթացքում դարձել են երկլեզու։ Հետագայում նրանք գաղթել են Լեհական թագավորության մաս կազմող Լվովի շրջանը (ներկայիս՝ Արեւմտյան Ուկրաինա) եւ այնտեղ, արդեն 16—17—րդ դարերում, ստեղծել ձեռագրեր, որոնք գրված են ղփչաղերենով, բայց հայկական տառերով, նաեւ որոշ հայերեն բառերի գործածությամբ։ Կան նաեւ երկլեզու՝ հայերեն—ղփչաղերեն ձեռագրեր։ Հնում այդ լեզվով չի եղել գրականություն, հետեւաբար հայատառ ձեռագրերը տվյալ լեզվի մասին հնագույն գրավոր հիշատակություններն են։ Այդ ձեռագրերը բացառիկ նշանակություն են ձեռք բերել, քանի որ ներկայիս մի շարք թյուրքական ժողովուրդների լեզուներ (ղազախերեն, ղրղզերեն եւ այլն) համարվում է, որ ծագում են հենց վերոհիշյալ ղփչաղերենից։ Ահա թե ինչու Ղազախստանի կողմից շատ մեծ հետաքրքրություն կա այդ ձեռագրերի հանդեպ։ Ներկայումս մեր մասնագետները՝ հայագետ—թյուրքագետները, ուսումնասիրում են դրանք։ Դա մի հսկայական աշխարհ է, որը պետք է ուսումնասիրվի եւ հրատարակվի։ Այն նշանակալի դերակատարություն կարող է ունենալ թե՛ գիտական եւ թե՛ քաղաքական առումով»,–մանրամասնեց Մատենադարանի տնօրենը։
Չորս տարի առաջ Գանձասարում բացվեց Մաշտոցի անվան Մատենադարան—«Գանձասար» գիտամշակութային կենտրոնը, որը գործում է անմիջապես վանքի հարեւանությամբ։ Գանձասարի մասնաճյուղի ցուցադրության հիմնական շեշտադրումը Արցախ—Ուտիք աշխարհում ստեղծված ձեռագրերի վրա է։ Տեր—Ղեւոնդյանի խոսքով, աստիճանաբար փորձում են կենտրոնը համալրել՝ ստեղծելով հարուստ գրադարան, իսկ սրահը, որը հարմար է գիտաժողովներ, տարբեր միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ կազմակերպելու համար, լիարժեք օգտագործվելու է։ Այս տարի ՀՀ ԿԳՆ Գիտության կոմիտեի աջակցությամբ նախատեսվում է եվրոպացի հայագետների հետ համատեղ անցկացնել «Հայոց արեւելից կողմանք. պատմություն եւ մշակույթ» խորագրով միջազգային հայագիտական գիտաժողով։ «Արեւելից կողմանքը մեր երկու պատմական նահանգներն են՝ Արցախը եւ Ուտիքը։ Այս միջոցառումը մի կողմից կնպաստի Արցախում գիտական—հետազոտական կյանքի աշխուժացմանը, մյուս կողմից՝ այդ հայագետներին կկապի Արցախ աշխարհի հետ եւ կնպաստի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը»,–ընդգծեց տնօրենը։

Մատենադարանը որպես կրթական կենտրոն

Բոստոնաբնակ Մարիա եւ Բեատրիս Ղրդյանների կողմից հիմնադրված «Մաշտոց» հայ մշակույթի պահպանման եւ զարգացման հիմնադրամը», որը գործում է Մատենադարանին կից, մեկ տարի առաջ կազմակերպել էր մանրանկարչությանը նվիրված դասընթաց 7—12 տարեկան երեխաների համար։ Այս տարի ծրագիրն ընդլայնվել է, եւ «Ծաղկելու արվեստը» խորագիրը կրող ծրագիրն արդեն նախատեսված է 12—15 տարեկան նկարչական ձիրք ունեցող դպրոցականների համար։ Նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում բարձրացնել իրազեկվածությունը հայ միջնադարյան մշակույթի ամենակարեւոր եւ ինքնատիպ դրսեւորումներից մեկի՝ մանրանկարչական արվեստի նկատմամբ, մեծացնել նրանց հետաքրքրությունը Մատենադարանի եւ այնտեղ պահվող մշակութային ժառանգության հանդեպ, ունենալ մանրանկարչական արվեստի նրբություններին եւ առանձնահատկություններին քաջածանոթ պատանիներ, ինչպես նաեւ զարգացնել թանգարաններ այցելելու մշակույթը դպրոցականների շրջանում։ «Հետաքրքրությունը շատ մեծ է։ Երեխաների հետ աշխատելու են պրոֆեսիոնալ մանրանկարիչներ։ Գիտահետազոտական ինստիտուտ լինելուց բացի, Մատենադարանը նաեւ կրթական օջախ է»,–ասաց Տեր—Ղեւոնդյանը՝ հույս հայտնելով, որ ժամանակի ընթացքում ծրագիրն էլ ավելի կընդլայնվի։
«Ծաղկելու արվեստը» կրթական ծրագրերից միակը չէ։ Երկու տարի առաջ ծրագիր են իրականացրել գրաբար ուսումնասիրող աշակերտների համար։ Այսօր կան դպրոցներ, որտեղ ֆակուլտատիվ ձեւով գրաբար են ուսուցանում, նրանցից լավագույնների համար դասախոսությունների շարք է կազմակերպվել, ցուցադրվել է ֆիլմ, նաեւ շրջայցներ են եղել ցուցասրահներով։ «Մեր ժողովրդի մեջ չկա մեկը, որ չգիտակցի մեր մատենագրական ժառանգության կարեւորությունը, բայց դա կարծես հեռվից հեռու մի բան է, որի հանդեպ կա հարգանք, սրբացման պես վերաբերմունք։ Մենք կցանկանայինք, որ մեր մատենագրությունը յուրացվեր ժողովրդի կողմից, օրինակ՝ Ներսես Շնորհալին չլիներ դարակում դրված գրքերից մեկը, այլ նրա պոեմները, բանաստեղծությունները, հանելուկները յուրացվեին մեր հասարակության կողմից։ Այդ մարդիկ մեծություններ են մեզ համար, բայց այդ մեծություններին կամաց—կամաց պետք է մոտենալ»,–ասաց նա։
Անցած տարեվերջին Մատենադարանում անցկացվեց «Զբոսավարների, երիտասարդ գիտաշխատողների, ասպիրանտների եւ հայցորդների համար մասնագիտական զարգացման եւ գիտելիքների խորացման ծրագիրը», որի շրջանակներում շուրջ 54 դասախոսություններ, մի շարք թեմատիկ քննարկումներ, գործնական պարապմունքներ են կազմակերպվել։ Մատենադարանի տնօրենը նշեց, որ այդ դասախոսությունների հիման վրա նախատեսում են զբոսավարների համար հրատարակել դասագիրք—ձեռնարկ։ «Մինչեւ հիմա նոր ընդունված զբոսավարին տրվում էր գրականություն, վերջինս հետեւում էր մյուս զբոսավարների աշխատանքին, փորձաշրջան էր անցնում, որից հետո կարող էր ինքնուրույն աշխատել։ Սակայն դա բավարար չէ, զբոսավարների պատրաստումը պետք է համակարգված բնույթ կրի։ Իմ պատկերացմամբ՝ զբոսավարը տասնապատիկ ավելի շատ բան պետք է իմանա, քան ասում է ցուցանմուշները ներկայացնելիս։ Եթե ասում է այնքանը, որքան գիտի, ապա նա զբոսավար չէ, քանի որ նա պատրաստ պետք է լինի պատասխանելու ցանկացած հարցի։ Զբոսավարը Մատենադարանի դեմքն է, քանի որ այցելուները նրա միջոցով են ծանոթանում եւ կարծիք կազմում մեր մասին»,— շեշտեց Տեր—Ղեւոնդյանը։ Նշենք, որ ծրագիրն իրականացվել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի (IDEA FOUNDATION) աջակցությամբ։
Անցած տարի միջազգային հնչեղության համագործակցություն է եղել Մատենադարանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ—ի միջեւ, որի շրջանակներում Սիրիայից եւ Լիբանանից 9 մասնագետների՝ վերականգնողների համար կազմակերպվել են որակավորման բարձրացման եւ վարպետության դասեր Մատենադարանի վերականգնման բաժնի մասնագետների կողմից։ «Մեր բաժինը տասնամյակների փորձ ունի եւ տարածաշրջանային առումով աչքի է ընկնում պրոֆեսիոնալ մասնագետներով։ Ծրագիրը լավ արձագանք ունեցավ, բարձր գնահատվեց ՅՈՒՆԵՍԿՕ—ի կողմից, եւ ավելի մեծ ծրագրի առաջարկ ստացանք, որը վերջնական ձեւավորման ընթացքում է։ Իրաքի հյուսիսում (Մոսուլ) պատերազմական գործողությունների արդյունքում ծայրահեղականների կողմից բարբարոսաբար վնասված են ոչ միայն ճարտարապետական հուշարձանները, այլեւ մեծ թվով ձեռագրեր։ Նախատեսվում է, որ այդ ծրագրի շրջանակներում ձեռագրեր կբերվեն Երեւան՝ Մատենադարան, եւ վերականգնվելուց հետո կվերադարձվեն։ Այսպիսով, մենք կդառնանք վնասված ձեռագրերի վերականգնման տարաշրջանային կենտրոն, ինչը հավաստումն է համամարդկային ժառանգությանը տեր կանգնելու մեր առաքելության։ Այդ արժեքները պահպանելու եւ վերականգնելու ծրագիրը կունենա գիտամշակութային եւ քաղաքակրթական նշանակություն»,–ընդգծեց Մատենադարանի տնօրենը։
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

03-04-2019





12-10-2019
Արցախի բարեկամները՝ Ստեփանակերտում
Պետականաշինության տեսլականը եւ արտաքին քաղաքական հրամայականները

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ստեփանակերտում ...


12-10-2019
Պաշտպանե՛լ Սիրիան՝ հաջորդող պատերազմները կանխելու համար
Այլապես Թուրքիայի ախորժակը անհնար կլինի զսպել

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Մենք՝ ...


12-10-2019
Վարչապետի հանդիպումները Թուրքմենստանում
Մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Թուրքմենստան, հայտնում ...


12-10-2019
«Պետք է կարողանանք գտնել մեր ժողովուրդների միջեւ երկխոսության, փոխադարձ զիջման, վստահության եւ հարգանքի ուղիներ»
Վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի ...


12-10-2019
«Սեւան» ՄՀԿ
Աշտարակի մանկապատանեկան մարզադպրոցի գործունեությունը Արագածոտն մարզում

«Սեւան» գյուղական ...


12-10-2019
Արտասահմանյան երկրների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը
Արագածոտնի մարզպետարանը գործընկերային հարաբերություններ ունի տարբեր միջազգային կառույցների (ՄԱԿ, ...


12-10-2019
Պատմական ակնարկ
Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 ...



12-10-2019
Կարեւոր է հասկանալ՝ ինչ դասեր է քաղում Ադրբեջանը
Իսկ Փաշինյանի նվերը Պուտինին ...

12-10-2019
Կենսական պահանջ եւ ոչ թե նպատակ
Շմավոն Շմավոնյանը նկարի պատմություն չի ...

12-10-2019
Յուրաքանչյուր հայ պետք է կարողանա սեփական քրտինքով սեփական հացը վաստակել
Ճանաչված բարերար ու գործարար Հրաչյա ...

12-10-2019
Հաղթեցին, բայց չտպավորեցին
Մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների Հայաստանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +20... +22
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO