Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.06.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


«Վերնատան» նշանավորներից եւս մեկը

Այսօր լրանում է Լեւոն Շանթի ծննդյան 150-ամյակը

Պարույր Սեւակը «Անլռելի զանգակատան» սկզբի հանրահայտ տողերում նախ հռետորական հարց է տալիս, թե 1869 թ. հայոց այգիներն ինչ պտուղ տվեցին, եւ հայ արտերը՝ ինչ բերք, այնուհետեւ ասում է.
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն։
1869 թ. զարմանալիորեն հարուստ հունձքը իրենում ընդգրկում է նաեւ Լեւոն Շանթին ու Երվանդ Օտյանին։
Այսօր լրանում է Լեւոն Շանթի ծննդյան 150—ամյակը։ Ճակատագիրը որքան շռայլ եղավ նրան ստեղծագործական շնորհ պարգեւելիս, նույնքան ժլատ եղավ՝ դժվարին կյանք տալով։
Ծնվել է 1869 թ. ապրիլի 6—ին Կ. Պոլսում։ Կոմիտասի նման նա եւս գալու էր ուսանելու ժամանակի արեւելահայ միջավայրի կրթամշակութային կենտրոնը եղող Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանում։ Ճեմարանական կրթությունը ոչ միայն իր անջնջելի դրոշմն էր թողնելու Շանթի գեղարվեստական մտածողության եւ աշխարհայացքի վրա, այլեւ ունենալու էր եւս մի կարեւոր դեր, ինչպես որ ունենալու էր նաեւ Կոմիտաս վարդապետի կյանքում։ Շնորհիվ արեւելահայ միջավայրում անցկացրած տարիների՝ Շանթը իր ստեղծագործություններում միաձուլելու էր արեւելահայ ու արեւմտահայ գրական լեզուները, գրական թեմաներով Հայ Կիլիկիո բարձունքների պատմական հերոսական ավանդությունները եւ պոլսահայ միջավայրը մի կողմից եւ արեւելահայ բնաշխարհն ու գեղջկական պարզությունը մյուս կողմից։
Էդ. Ջրբաշյանը եւ մեր մի շարք գրականագետներ համոզիչ ձեւով ցույց են տվել, թե ինչպես է Շանթի ստեղծած գրականությունը զուգահեռ գծում Թումանյանի, Իսահակյանի եւ Ահարոնյանի գործերի հետ՝ դառնալով ժամանակի ոգորումների, ազգային իդեալների եւ համամարդկային գաղափարների արտահայտությունը, թե միեւնույն թեման գաղափարաբովանդակային ինչ դրսեւորումներով է արտահայտվում ժամանակի հայ դասական գրականության մեջ։
Քաղաքական հանգամանքների բերումով Շանթը իր արժանի տեղը չունեցավ խորհրդային շրջանում։ Թեեւ ինչպես որ «Հին Աստվածները» 1910—ական թթ. չէին իջնում հայ բեմից, այնպես եւ այն մի քանի հրատարակություն ունեցավ խորհրդային շրջանում, այդ թվում՝ նաեւ ռուսերեն։ Տպագրվեց Շանթի «Ընտիր երկեր» (1968 թ.) ժողովածուն։
Հարկադրված լռությունը իր եւ իր բախտակից մտավորականների հանդեպ առավել ցայտուն արտահայտվեց գրականության բնագավառում։ Հայ գրականության պատմության էջերում նույն պատճառով նրանք չգրավեցին իրենց արժանի տեղը, թեեւ ինչ որ գրվեց, կարելի է համարել մեր գրականագետների սխրանքը։
Սկսված Արցախյան շարժմամբ, ապա եւ Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամբ ազդարարվեց նաեւ Լեւոն Շանթի հանդեպ պարտքերը մարելու ժամանակը։
Առաջին ազդակը եղավ Սերգեյ Սարինյանի «Լեւոն Շանթ» (Երեւան, 1992 թ.) մենագրությունը, որին հաջորդեցին Ս. Փանոսյանի «Լեւոն Շանթ» (Երեւան, 1992 թ.), Վ. Գրիգորյանի «Շանթի դրամատուրգիան» (Երեւան, 2002 թ.) եւ Վ. Փիլոյանի «XX դարասկզբի գեղարվեստական մտածողությունը եւ Լեւոն Շանթի ստեղծագործությունը» (Երեւան, 2007) մենագրությունները։
Շանթի գրական ժառանգության գրականագիտական արժեւորմանը եւ իմաստավորմանը զուգահեռ՝ հաջորդ կարեւոր քայլը դարձավ նրա ստեղծագործական ժառանգությունը ընթերցողներին ներկայացնելը, որը ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը իրականացրեց 2005—2017 թթ. ինը հատորով։
Շանթը այն քիչ մտավորականներից է, եթե ոչ միակը, որը միաժամանակ թե՛ գրող է, թե՛ գրականագետ եւ թե՛ հասարակագետ մտածող ու մանկավարժության եւ հոգեբանության տեսաբան։ Հաջորդ յուրահատկությունն այն է, որ նրա գեղարվեստական ժառանգությունը ընդգրկում է չափածոն, արձակը եւ դրամատուրգիան, որը եւս բավականին քիչ է հանդիպում մեր գրականության մեջ։
Ասվածին եթե գումարենք նրա հանրագիտակ գիտելիքները եւ Գերմանիայում ստացած կրթությունը՝ ուղեղի անատոմիայի դասընթացից մինչեւ գրական եւ հասարակագիտական առարկաները, ապա պարզ կդառնա, թե գրական, թեմատիկ, աշխարհայացքային եւ գիտական հարցերի ինչ լայն շրջանակի պետք է անդրադառնար տարաբնույթ եւ տարասեռ այս գործերի ծանոթագրողը։ Այս աշխատանքը պատվով իրականացրել է գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բ.գ.թ. Արմեն Մանուկյանը՝ նշելով յուրաքանչյուր ստեղծագործության գրության հանգամանքները, բացատրելով տարբեր տողերի եւ մտքերի իմաստը, ինչպես նաեւ անհրաժեշտ տեղեկություններ հաղորդելով Շանթի գործերում հիշված ստեղծագործությունների, անձնանունների եւ տեղեկությունների մասին։ Հատկապես գիտահասարակական գործերի հատորներից յուրաքանչյուրի ծանոթագրությունները կազմում են 100—150 էջ եւ ըստ էության մի—մի մենագրություն ուսումնասիրություններ են։
Պատկերացում կազմելու համար Շանթի երկերի ընդգրկման եւ թեմատիկ բազմազանության մասին՝ համառոտ թվարկմամբ ներկայացնենք յուրաքանչյուր հատորում տեղ գտած գործերն ըստ իրենց բնույթի.
Հատոր առաջին՝ չափածո ստեղծագործություններ, արձակ եւ թարգմանություններ։
Երկրորդ եւ երրորդ հատորներ՝ գեղարվեստական արձակ։
Չորրորդ հատոր՝ դրամատուրգիա։
Հինգերորդ հատոր՝ մանկավարժական գործեր։
Վեցերորդ հատոր՝ գրականագիտական աշխատություններ։
Յոթերորդ հատոր՝ ընդհանուր ակնարկ մը հայ բանահյուսության վրա։
Ութերորդ հատոր՝ հասարակական, քաղաքական բնույթի գործեր։
Իններորդ հատոր՝ նամակներ։
Շանթ հետազոտողը պատմությունը, մարդկային փորձը եւ հասարակական զարգացման ընթացքը ուսումնասիրում է ապագային վերաբերող ընդհանրացումներ կատարելու համար։ Պատահական չէ, որ պատմական բնույթ ունեցող եւ անցյալի հետ կապված նրա ստեղծագործություններում բոլորից շատ գործածվում է «վաղվան» բառը, որովհետեւ բոլոր այդ ստեղծագործությունները գրվել են 1915 թ. սոսկալի արհավիրքը վերապրած հայության «վաղվան օրվա» մտահոգությամբ։
Շանթի ստեղծագործությունների քննությունը շարունակվում է ոչ միայն գրողի երկերի ուսումնասիրությամբ, այլեւ ընդհանրապես այս շրջանի հայ դասական գրականության ուսումնասիրմամբ՝ սկսած «Վերնատնից»։ Շանթը մշտապես «ներկա» է Թումանյանին, Իսահակյանին, Աղբալյանին, Ահարոնյանին ու մի շարք այլ հեղինակներին նվիրված ուսումնասիրություններում։
Շանթի ստեղծագործությունները ավելի լայն համատեքստում ուսումնասիրելու համար կարեւոր քայլ կհանդիսանա գրականության ինստիտուտի կողմից մայիսի վերջին կազմակերպվող գիտական նստաշրջանը, որի նյութերը կհրապարակվեն առանձին ծավալուն ժողովածուով, իսկ այս տարվա սեպտեմբերի 19—ին, դարձյալ գրականության ինստիտուտում, տեղի կունենա գիտաժողով՝ նվիրված 1869 թ. հունձքի չորրորդ նշանավոր դեմքին՝ Երվանդ Օտյանին, որից հետո տարեվերջին կազդարարենք Խրիմյան Հայրիկի եւ Ղեւոնդ Ալիշանի ծննդյան 200—ամյակներին նվիրված 2020 թ. հանդիսությունների սկիզբը գրականագիտության բնագավառում։
Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան
գրականության ինստիտուտի տնօրեն, բ. գ. դ.

06-04-2019





22-06-2019
Ակնկալվում էր առավել սուր հայտարարություն
ԼՂ խնդիրը տարածաշրջանային զարգացումների համատեքստում է

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հունիսի ...


22-06-2019
Անկայունության դրսեւորումներ հարեւան երկրում
Հայաստանը՝ արագ փոփոխվող միջազգային օրակարգի դեմ հանդիման

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




22-06-2019
Պետություն
Մի այլ տարբերակ էլ հուշում է Քսենոփոնը

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am




22-06-2019
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր
Ֆրիդրիխ Գուստավ Էմիլ Մարտին Նիեմոլլեր (1892—1984)՝ գերմանացի աստվածաբան եւ ...


22-06-2019
Ինչ—որ մի թշվառական բեմադրություն կար Սունդուկյանի թատրոնում
(Լեւոն Ներսիսյան. Դասախոսություններ)

...Մի փոքրիկ բան պատմեմ ձեզ, ...


 
22-06-2019
Նրանք
Դարավերջի «այցելուներս»՝ ինձ քուն թե արթմնի հանգիստ չտվող մտավորականների ...


22-06-2019
Բացարձակ օբյեկտիվիզմ անհնար է
Գրականագետ, գեղագետ, դերասան, դասախոս Լեւոն Ներսիսյանի (1931-1999) դասախոսություններից




22-06-2019
Բռնություն ընտանիքում ու կանանց հանդեպ
Համապատասխան մարմինների գործառույթներն ...

22-06-2019
«Ոսկե ծիրանի» քաղաքականությունը փոխվել է
Նաեւ թուրքական ու ադրբեջանական ֆիլմեր՝ ...

22-06-2019
«Բրուտ արտ» սիմպոզիումը՝ Շուշիում
Ամառային տարաբնույթ մշակութային միջոցառումների ...

22-06-2019
Մարզավիճակը հաջողության հույս է ներշնչում
Հայաստանի մարմնամարզիկներն ավարտելով թբիլիսյան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO