Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Հիմնարկները կկրճատվեն, գիտաշխատողները՝ ոչ

Սպասվում է անարդյունավետ աշխատող գիտական հիմնարկների օպտիմալացում

Գիտության ոլորտի նորությունների, խնդիրների ու անելիքների մասին «ՀՀ»—ն զրուցել է ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի հետ։
—Պարո՛ն Հարությունյան, վերջին շրջանում գիտության ոլորտում ի՞նչ նորություններ, զարգացումներ կան։
—Գիտության ոլորտի ծրագրերը մինչեւ հեղափոխությունն էլ ինտենսիվորեն իրականացվում էին։ Ըստ մեր կանխատեսած ծրագրերի՝ մեր գործողություններն իրականացնում ենք։ Իսկ թե ի՞նչ նոր բան կա հիմա՝ ավելի ճիշտ կլինի ասել՝ «հին նոր» բան կա, որովհետեւ վաղուց էինք ուզում ներդնել։ Խոսքը բազային ծրագրերի ֆինանսավորման նոր մոդելի կիրառման մասին է։ Եկող տարվանից ուզում ենք անցնել ռեյտինգային ֆինանսավորման։ Ո՞րն է դրա իմաստը. բյուջետային ֆինանսավորման շրջանակում հիմնարկները կֆինանսավորվեն ոչ թե ըստ աշխատակիցների թվաքանակի, այլ գիտական արդյունքով։ Յոթ տարբեր չափանիշ կա, որոնցով հաշվելու են տվյալ հիմնարկի միավորները։ Հետո, ըստ հավաքած միավորների, կստանան իրենց բազային ֆինանսավորումը։ Ֆինանսավորման այս տարբերակն ավելի ազնիվ ու նպատակային է։ Նախորդ ձեւերը, կարելի է ասել, ժամանակի ընթացքում իրենց չարդարացրին, որովհետեւ հիմնարկները ըստ աշխատողների թվի ֆինանսավորելն այդքան էլ ճիշտ չէ։
Հաջորդ փուլը կլինի ոչ արդյունավետ աշխատող հիմնարկների օպտիմալացումը։ Հիմնարկներ կան, որոնք, մեղմ ասած, վատ են աշխատում, կամ ֆինանսավորման շրջանակներում բավարար քանակությամբ գիտական արդյունք չեն տալիս։ Դա կհանգեցնի հիմնարկների, այլ ոչ թե գիտաշխատողների կրճատման, որովհետեւ ռեյտինգային ֆինանսավորման սխեմայի կիրառումը չի ենթադրում աշխատողների կրճատում, ընդհակառակը, ակտիվ գիտաշխատողների աշխատավարձի բարձրացում է ենթադրում, ինչու ոչ՝ նաեւ ավելացած գումարների շրջանակում ավելի ակտիվ երիտասարդների ընդգրկման սխեմաներ է ենթադրում։ Հիմնարկների թվաքանակի փոքրացում պետք է սպասել հաջորդ տարվանից։
—Գիտնականների երիտասարդացման խնդիրը դեռեւս արդիակա՞ն է։
—Իհարկե, երիտասարդացման խնդիրը կա։ Երիտասարդներին միտված բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնք 2012—2013 թվականներից իրականացնում ենք։ Այդ առումով ԱՊՀ տարածաշրջանում ամենաշատ ծրագրերը երեւի մենք ենք իրականացնում։ Դրանցից է «Երիտասարդ գիտնականների թիմային ծրագրերի աջակցության» ծրագիրը։ Երեք—չորս հոգանոց թիմերին տալիս ենք տարեկան մինչեւ 10—15 հազար դոլարի չափ գումար։ Երկու տարվա ծրագիր է։ Այսինքն՝ 20—30 հազար դոլարի շրջանակներում ծրագրեր ենք իրականացնում։ Իսկ «Ասպիրանտուրաների հայցորդների աջակցության» ծրագիրը շահողները ստանում են 1.5 մլն դրամ։ Մեր բոլոր դրամաշնորհային ծրագրերում պարտադիր մեկ երիտասարդ պետք է լինի։ Անկախ հանգամանքից՝ որ տարիքի ներկայացուցիչներին են ուղղված, բոլոր ծրագրերում պարտադիր մինչեւ 35 տարեկան գոնե մեկ երիտասարդ պետք է լինի։ Ունենք նաեւ առավել ակտիվ աշխատող երիտասարդների բոնուսային ծրագիր, որը շատ երկրներում չկա։ Դրա շրջանակում ամեն տարի երիտասարդ գիտնականների գիտաչափական արդյունքների ամփոփում ենք իրականացնում, եւ առավել ակտիվ աշխատողներին, աշխատավարձից բացի, նաեւ բոնուս ենք տալիս։ Մինչեւ 75 հազար դրամի շրջանակում բոնուս է ստանում մեկ տարի շարունակ։
—Երիտասարդների աշխատանքը, ակտիվությունը գոհացնո՞ղ է։
—Ակտիվությունը գոհացնում է, բայց երիտասարդական ծրագրերի իրականացումը ինչ—որ իմաստով պետք է վերանայել, որովհետեւ, այնուամենայնիվ, մենք ուղեղների «հոսք» ունենք։ Ակտիվ աշխատող երիտասարդներն ինչ—որ ժամանակ անց դրսից ավելի բարձր աշխատավարձով հրավերներ են ստանում ու հեռանում են Հայաստանից։ Երիտասարդական ծրագրերը շատ լավն են, բայց դեռ բավարար չեն, որպեսզի կարողանանք արդեն իսկ կայացած երիտասարդների պահել մեր երկրում։ Պետությունը, կարծում եմ, պետք է մտածի նաեւ ինչ—որ ձեւով սխեմաներ, մեխանիզմներ գտնելու ուղղությամբ, որպեսզի կայացած երիտասարդներին կարողանանք պահել մեր երկրում։ Դա համարում եմ ամենակարեւոր խնդիրներից։
Եթե գիտնականների տարիքային բաշխումը նայենք՝ 35—55 տարեկանների ինտերվալում բավականին խոր մինիմում ունենք։ Վտանգավոր միտում է դա, որովհետեւ 35—55—ը ուսուցիչների ինտերվալն է։ Ծրագրերի գիտական ղեկավարները հիմնականում տարիքային այդ հատվածում են։ Պետք է այնպես անել, որ այդ տիրույթը լցվի։ Տարբերակներ կան։ Իհարկե, ամենամեծ խնդիրներից է գիտության բյուջեի ոչ բավարար լինելը։ Հույս ունենք, որ ռեյտինգային ֆինանսավորման անցնելուց հետո գումարներն ավելի ճիշտ կբաշխվեն, եւ պետությունն էլ արդեն, կարելի է ասել, գիտության բյուջեն ավելի կշատացնի, եւ դա հիմնականում կուղղենք երիտասարդներին։
—Գիտության ֆինանսավորման մասին ՀՀ վարչապետը ԳԱԱ—ում վերջերս ասաց, որ առաջարկել է հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետեւ եթե որեւէ խոսակցություն սկսվում է փողից, արագ մտնում ենք փակուղի։ Ի՞նչ կասեք։
—Փաշինյանը խոսում էր այն մասին, որ գիտատար ծրագրերի համար, որոնք կարող են ապահովել տնտեսական արդյունք, միշտ էլ գումար կգտնվի։ Նմանատիպ մի ծրագիր մոտակա ժամանակներում կֆինանսավորվի։ Խոսքը «Հայի գենոմ» ծրագրի մասին է։ Դա կարելի է համարել ոչ միայն կարեւոր հետազոտական, այլեւ կառուցվածքաստեղծ ծրագիր։ Մենք ենթադրում ենք, որ «Հայի գենոմ» ծրագիրը պետք է որոշ ոլորտներ իր հետեւից ուժեղացնի։ Այն կզարգացնի մոլեկուլային կենսաբանության, մոլեկուլային դեղաբանության եւ ֆիզիկայի որոշ ոլորտներ, նաեւ քիմիայի, մաթեմատիկայի ու ինֆորմատիկայի ոլորտները։ Առաջիկա 3—4 տարվա համար ծրագրի մասով նախատեսված է 10 մլն դոլարի ներդրում։ Հույս ունենք, որ հետագայում, պետական ներդրումներից բացի, կգտնվեն նաեւ մասնավոր ներդրողներ, որովհետեւ թեեւ անվանումը «Հայի գենոմ» է, բայց միտված է ոչ միայն մեր երկրի համապատասխան խնդիրների լուծմանը, այլեւ համաշխարհային ծրագիր է։ «Հայի գենոմը» շարունակությունն է «Մարդու գենոմ» ծրագրի, որը համաշխարհային ծրագիր է, հիմնադրվել է 1980—ականներին։ Այդ ծրագրի վրա արդեն շուրջ 50 մլրդ դոլար գումար է ծախսվել։
—Գուցե հարցս սխալ եմ ձեւակերպում, բայց վերջին ժամանակներում գյուտեր ունե՞նք։
—Գյուտեր միշտ էլ եղել են։ Հայտնագործություններն են ավելի հազվադեպ լինում։ Մեկ դարի ընթացքում հնարավոր է՝ մի քանի խոշոր հայտնագործություն լինի համաշխարհային մասշտաբներով։ Հայաստանում, ցավոք, անկախության տարիներին խոշոր հայտնագործություններ դեռ չեն եղել։ Բայց մեր երկրում ունենք գիտնական, որը հայտնագործության հեղինակ է՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լեւոն Թավադյանը։
—Հայաստանի գիտական ներուժն ամբողջությամբ օգտագործվո՞ւմ է, թե՞, ամեն դեպքում, չօգտագործված ներուժ ունենք։
—Ամեն ինչ համեմատության մեջ է։ Ես ամենեւին չեմ ուզում վիրավորել այլ ազգերի, ասել, թե ավելի թույլ են, մենք ավելի ուժեղ ենք։ Բայց պետք է ասեմ, որ գիտական կարողություններ ունեցող մարդկանց թվաքանակն իրոք հայերի շրջանում ավելի մեծ է, քան այլ ազգերի։ Լինելով փոքր ազգ, մենք աշխարհին ավելի շատ բան ենք տվել, քան շատ մեծ ազգեր (թվարկում է դրանք)։ Մենք ավելի ունակ ենք։ Բայց գիտական կարողություններն ամբողջությամբ օգտագործելու համար պայմանները դեռ այն չեն։ Գիտության վրա այսօր մեր ծախսած գումարների շրջանակում բավականին լուրջ գիտական արդյունք ենք տալիս։ Եվ եթե գիտաչափական տվյալները համեմատենք նախկին խորհրդային երկրների հետ՝ մեր հանրապետությունը բավականին առաջատար դիրքեր է զբաղեցնում։ Եթե ավելի շատ գումար տրամադրվեր գիտությանը, կարծում եմ, ավելի շատ ի վիճակի կլինեինք անելու։ Բավականին լուրջ գիտական ներուժ ունի մեր երկիրը։ Եվ այդ ներուժն օգտագործելու համար նաեւ տնտեսությունը պետք է պատվեր տա։ Եթե գիտնականին պատվեր չես տալիս, գիտնականն անում է այն, ինչ կարողանում է։ Դրա համար մեր գիտական հիմնարկների զգալի մասը դարձել են հիմնարար հետազոտություններ իրականացնող հիմնարկներ, բայց ժամանակին կիրառական գործերով էին զբաղվում։ Ռեալ արդյունք ստանալու համար, գիտնականին հստակ ձեւակերպված պատկեր պետք է տալ։ Համոզված եմ՝ հայ գիտնականը ցանկացած պատվեր ի վիճակի է իրականացնելու։ Օրինակ, ռազմական ոլորտում մենք տպավորիչ արդյունք ենք գրանցել վերջին տարիների ընթացքում, որովհետեւ հստակ պատվերը տրվում է։ Մեզ մոտ պետության կողմից պատվեր տալու մշակույթը դեռեւս լավ մշակված չէ։ Այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել։ Գիտնականի ու պետության միջեւ կապը պետք է լինի հստակ։
—Կառավարության ծրագրի գիտական հատվածը խնդիրներին լուծում տալի՞ս է։
—Գիտական մասը մի քանի կետերով է ձեւակերպված։ Եթե ուշադիր նայենք՝ իմ ասած բոլոր խնդիրներն այդ կետերում ներառվում են։ Իսկ թե ինչպես դա կիրականացվի՝ դժվարանում եմ ասել, որովհետեւ կետերը՝ կետեր, բայց կետերի իրականացման փուլերն ու մեխանիզմներն էլ խիստ անհրաժեշտ են, որոնք ինչ—որ փաստաթղթերում ժամանակի ընթացքում կամրագրվեն։
ՀՀ վարչապետի հետ զրույցի ժամանակ նա մի գաղափար հնչեցրեց, որն ինձ շատ դուր եկավ։ Ըստ այդմ, մեր ռազմավարական թիվ մեկ խնդիրը պետության անվտանգության ապահովման խնդիրն է։ Տնտեսության մյուս բոլոր ոլորտների ռազմավարական ծրագրերն այնպես պետք է կառուցել, որ առավելագույնը կարողանանք պետության անվտանգության խնդիրը լուծել։ Եթե նախանշված է՝ ինչ վերջնական խնդիր ես լուծում, ապա այդ փուլերը կարելի է գեղեցիկ ձեւակերպել ու հասնել վերջնական նպատակին։ Կրթության եւ գիտության ոլորտում ես պատկերացնում եմ՝ դա ինչպես պետք է անել։ Եթե անվտանգության խնդիրը մեզ մոտ թիվ մեկ խնդիրն է, ուրեմն՝ բուհը պետք է միտված լինի ֆիզիկատեխնիկական, ինժեներատեխնիկական ոլորտների, գյուղոլորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների պատրաստմանը։ Եվ որպեսզի կարողանանք պատրաստել խելացի ուսանողներ, որոնք մեր գերակա խնդիրներով են զբաղվելու, դպրոցն էլ համապատասխան աշխատանքներ պետք է տանի։ Ես ենթադրում եմ, որ եթե ֆիզիկատեխնիկական, ինժեներատեխնիկական ոլորտները ապագայում պետք է դարձնենք մեր գերակա ուղղությունները, ուրեմն դպրոցում կարեւոր ոլորտների հանդեպ ուշադրությունը պետք է ընդգծվի։ Ֆիզիկամաթեմատիկական թեքումով դպրոցների թիվը պետք է շատացնել, վերականգնել խմբակները, օրինակ, ավիամոդելիզմի, ռոբոտիկայի։
Բուհից հետո էլ գիտությունն է։ Եթե անվտանգությանն են միտված մեր ամբողջ ջանքերը, նշանակում է, որ գիտության մեջ էլ պետք է ուշադրություն դարձնենք մեր պետության անվտանգությունն առավելագույնն ապահովող ոլորտներին՝ ռազմարդյունաբերություն, տեղեկատվական, նորագույն տեխնոլոգիաներ, բժշկություն եւ այլն։
Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ

06-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO