Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.06.2019
ՆԱԽԱԳԱՀ


21-րդ դարում ամենաթանկ արժեքը լինելու է ստեղծագործ մարդը

Հորդանանում տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումը։ Համաշխարհային տնտեսական համաժողովի տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմի եւ թագուհի Ռանիա Ալ—Աբդալլահի աջակցությամբ եւ նրանց բարձր հովանու ներքո, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։ Աշխատանքային այցով այդ երկրում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է բացման արարողությանը։
Ֆորումի բացմանը ներկա են եղել երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, ՄԱԿ—ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ։
Մասնակիցներին ողջունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմը։ Ելույթ ունեցողներն անդրադարձել են այն խնդիրներին ու մարտարհրավերներ, որոնց առերեսվում են տարածաշրջանն ու աշխարհը՝ մասնավորապես խոսելով էներգետիկ անվտանգության, մաքուր եւ վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կլիմայական համակարգի փոփոխությունների եւ մի շարք այլ հարցերի շուրջ։
Արմեն Սարգսյանը մասնակցել է քննարկումներից մեկին, որը կրում էր «Նոր էներգիա Մերձավոր Արեւելքի համար» խորագիրը։
Նախագահը խոսել է ժամանակակից աշխարհում առկա էներգիայի աղբյուրների մասին՝ այս համատեքստում կարեւորելով բնական միջավայրը չվնասելու սկզբունքը։ Որպես էներգիայի աղբյուր՝ խոսելով ածուխի, նավթի ու գազի մասին՝ նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորել է վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը։ Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ պետք է օգտագործել միջուկային էներգետիկան։
«Միջուկային էներգիան կարեւոր է։ Մեր անցյալը սեւ էր, քանի որ մենք այրում էինք ածուխը, օրգանական հանածո վառելիքները, այսօրվա մեր մոխրագույն ներկայությանը մենք փորձում ենք վերականգնվող էներգիայի միջոցով կանաչ գույն ավելացնել, որպեսզի ունենանք բացարձակ կանաչ եւ հիասքանչ ապագա։ Հարցն այն է, թե արդյո՞ք միջուկային էներգիան լինելու է դրա մասը, թե ոչ։ Իմ անձնական կարծիքով այն պետք է լինի, քանի որ դա կարագացնի այդ գործընթացը։ Ոչ ոք մաթեմատիկական հաշվարկ չի արել, թե ինչ վնասներ ենք հասցնում մոլորակին, շրջակա միջավայրին ու կլիմային վառելիք ու ածուխ այրելով։ Կլիմային հասցվող վնասները հսկայական ազդեցություն են գործելու մոլորակի վրա»,–նշել է Արմեն Սարգսյանը։ Նրա համոզմամբ՝ միջուկային էներգիան ունի ապագա։
«Հայաստանը շատ երկրների նման ունի խիստ հավասարակշռված էներգետիկ պորտֆոլիո՝ սկսած ատոմային էլեկտրակայանից։ Սա Խորհրդային Միության ժամանակներում կառուցված կայան է, որն այս ամբողջ տարիների ընթացքում նորմալ աշխատել է, կանգուն է մնացել երկու մեծ երկրաշարժերից հետո։
Մենք Հայաստանում եւս առաջ ենք մղում վերականգնվող էներգիան։ Հայաստանն արտահանում է էլեկտրականություն»,–ներկայացրել է Արմեն Սարգսյանը։
Որպես էներգետիկայի աղբյուր՝ նա խոսել է ջրի մասին։ «Ուզում եմ խոսել ջրի մասին՝ որպես բնական ռեսուրս։ Այն շատ կարեւոր է։ Բոլոր երկրները, որոնք խոսում էին հարուստ բնական պաշարներ ունենալու մասին, հարուստ էին արեւով, քամիով, նավթով, սակայն ոչ ջրով։ Մինչդեռ ջուրը խիստ կարեւոր է, քանի որ 50—100 տարի անց այն լինելու է էներգիայի աղբյուր։ Այն օգտագործելու ենք ոչ միայն խմելու, այլեւ էներգիա ստեղծելու համար։
Ես Հայաստանը համարում եմ Մերձավոր Արեւելքի մի մաս։ Թեպետ Հայաստանը չունի նավթ եւ գազ, սակայն այն ունի ջրի հսկայական ռեսուրսներ։ Ցավոք սրտի, մենք հավանաբար օգտագործում ենք ջրի մեր պաշարների 10—20 տոկոսը, իսկ մնացած մասը վատնվում է։ Ջուրը կարեւոր է»,–ասել է հանրապետության նախագահը։
Նա հայտարարել է, որ եթե դրամատիկ փոփոխություններ կամ քայլեր չանենք, ճանապարհը ածուխից հրաժարվելու եւ վերականգնվող էներգիային անցնելու շատ երկար կլինի, եւ այդ ընթացքում մենք կվնասենք միջավայրն ու կլիման։ «Իսկ կլիմային հասցվող վնասները պասիվ վնասներ չեն լինելու, դրանք դրամատիկ են լինելու՝ առաջացնելով երաշտներ, խնդիրներ սննդի հետ կապված, կպակասի ջուրը, ավելի շատ անապատներ ու ցունամիներ կլինեն։
Մենք պետք է փորձենք գտնել այլ լուծումներ եւ այդ լուծումները կարող են ավելի շատ հիմնված լինել հիդրոէներգիայի, նոր տեխնոլոգիաների վրա։ Պետք է օգտագործվեն նոր տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը։ Սրանք փոքր դետալներ են, որոնք վաղը՝ 21—րդ դարում կարեւոր են լինելու։ Մենք չենք կարող ուղղակի անտեսել միջուկային էներգիան միայն այն պատճառով, որ վախենում ենք դրանից։ Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ մենք չունենք շատ ժամանակ։ Մենք պետք է զուգահեռ գործընթացներ իրականացնենք՝ ոչ միայն պայքարենք ածուխի օգտագործման դեմ, այլեւ ավելի ճիշտ օգտագործենք նավթն ու գազը, օգտագործենք վերականգնվող էներգիան, հիդրոէներգիան, միջուկային էներգիան ու առավելագույնս օգտագործենք նոր տեխնոլոգիաները, տվյալների կառավարումը, քանի որ մենք շատ ժամանակ չունենք»,–ասել է Արմեն Սարգսյանը։
Այնուհետեւ Արմեն Սարգսյանը մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արեւելքին եւ Հյուսիսային Աֆրիկային նվիրված ֆորումի մասնակից հյուրերի ոչ պաշտոնական հանդիպմանը։
Հանդիպմանը մասնակցել են Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյնը, Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահ Բյորգե Բրենդեն, Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, Բահրեյնի, Լատվիայի, Ղազախստանի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ նախագահի օգնական եւ միջազգային բանակցությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյսըն Գրինբալթը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է մեր երկրի զարգացման հեռանկարների ու ապագայի մասին։ Արմեն Սարգսյանը Հայաստանը ներկայացրել է որպես տեխնոլոգիաների, նորարարությունների երկիր՝ նշելով, որ երկրի զարգացման հիմնական լոկոմոտիվը բարձր տեխնոլոգիաներն են, գիտությունը, կրթությունը, նորարարություններն ու ստարտափները։
Նա խոսել է Հայաստանի ներդրումային հնարավորությունների եւ գործարարությամբ զբաղվելու առավելությունների մասին։ Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հարուստ չէ բնական ռեսուրսներով, սակայն ունի մեկ շատ կարեւոր ռեսուրս տարբեր բաղադրիչներով, եւ դա մարդկային ռեսուրսն է։ Հայաստանի նախագահն ընդգծել է, որ երկիրն ունի բոլոր հնարավորությունները դառնալու շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։
Կարեւորելով ՄԱԿ—ի հետ մեր երկրի համագործակցությունը՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ Հայաստանն ակտիվորեն ներգրավված է կազմակերպության եւ դրա կառույցների աշխատանքներում։ «Ունենք բավականին ընդգրկուն եւ արդյունավետ համագործակցություն, նաեւ մեծ ցանկություն այն ավելի ինտենսիվ դարձնելու հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ—ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ—ի շրջանակներում»,—նշել է նախագահը։
Արմեն Սարգսյանն ընդգծել է նաեւ Անտոնիո Գուտերեշի մեծ ներդրումը «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի գործունեության մեջ, որի հոգաբարձուների խորհրդի անդամ է եղել երկար տարիներ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՄԱԿ—ում եւ դրա կառույցների շրջանակներում փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ։
Հանրապետության նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ—ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում միակ միջազգային մանդատ ունեցող ձեւաչափ։Հանրապետության նախագահը եւ ՄԱԿ—ի գլխավոր քարտուղարը ողջունել են Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի վերջերս կայացած հանդիպումը եւ ընդգծել, որ ԼՂ հակամարտության խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի։
Արմեն Սարգսյանի մյուս հանդիպումը Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ էր։
Շնորհակալություն հայտնելով համաժողովին մասնակցելու հրավերի համար՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Համաշխարհային տնտեսական համաժողովին իր երկարամյա մասնակցությունից դրական փորձառություն եւ տպավորություններ ունի։
Զրուցակիցները խոսել են նորարարությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին։ Նշելով «Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոն» կազմակերպության հետ համագործակցություն սկսելու մտադրության մասին՝ զրուցակիցներն ասել են, որ հաջող մեկնարկը փոխգործակցության նոր հնարավորություններ կբացի։
«Չորրորդ արդյունաբերական հեղափոխության կենտրոնը» գլոբալ, բազմակողմ համագործակցության հանգույց է, որի նպատակն է զարգացնել եւ առաջ մղել գիտության եւ տեխնոլոգիաների առավելությունների վրա հիմնված գործակցությունը։
Արմեն Սարգսյանը Հորդանանում հանդիպել է նաեւ Ղազախստանի արտաքին գործերի նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ—ղազախական բարեկամական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, կարեւորել տարբեր ոլորտներում առկա ներուժի լիարժեք օգտագործումը։
Նույն օրը Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմիի հետ։
Թագավոր Աբդալլահ Երկրորդը, ողջունելով Հայաստանի նախագահին, մեծագույն հարգանքով է խոսել հայ ժողովրդի մասին եւ նշել, որ երկու երկրների ու բարեկամ ժողովուրդների միջեւ եղել են շատ խորը կապեր եւ պատմականորեն ձեւավորված բարեկամություն։ Աբդալլահ Երկրորդը հատկապես ընդգծել է Հորդանանի հայկական համայնքի կարեւոր դերը երկրի կյանքում։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Ընդգծելով թագավոր Աբդալլահ Երկրորդի, ինչպես նաեւ նրա հոր ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը հայերի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ—հորդանանյան բարեկամության լավագույն վկայությունը Հորդանան գետի ափին վեր խոյացող հայկական եկեղեցին է։
Հայաստանի նախագահը եւ Հորդանանի թագավորը ջերմ ու բարեկամական մթնոլորտում անդրադարձել են երկու երկրների հարաբերությունների զարգացման եւ փոխշահավետ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Նախագահ Սարգսյանի խոսքով՝ երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը եւ Հորդանանը կարեւորում ու գնահատում են մարդկային ռեսուրսները։
Հայաստանի նախագահը եւ Հորդանանի թագավորը համակարծիք են եղել, որ երկկողմ հարաբերություններում առկա է փոխգործակցության մեծ ներուժ, եւ երկու երկրները կարող են հաջողությամբ համագործակցել տեխնոլոգիաների, կրթության, գիտության, առողջապահության ոլորտներում։
Հորդանանի թագավորն ասել է, որ առաջիկայում Հայաստան կգործուղի պատվիրակություն՝ տեղում փոխգործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով։
Հայաստանի նախագահը հրավիրել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմիին այցելել Հայաստան։
ՀՀ նախագահը «Մաջիդ Ալ Ֆութաիմ հոլդինգի» գլխավոր գործադիր տնօրեն Ալայն Բեջանիի հետ (ընկերությունների այս խմբի մեջ է մտնում նաեւ «Carrefour Armenia» ընկերությունը), քննարկել է Հայաստանում ընկերության ներկայությունն էլ ավելի ընդլայնելու ծրագիրն ու ներդրումային հնարավորությունները, ինչպես նաեւ խոսել, թե ինչպես կարելի է ընկերության համաշխարհային ցանցն օգտագործելով արտահանել եւ վաճառել Հայաստանում արտադրված ապրանքները։ Քննարկվել է նաեւ ապագայում տարածաշրջանային երկրներ մուտք գործելու համար Հայաստանը որպես գործընկեր դիտարկելու հնարավորությունը։
Երեկոյան Արմեն Սարգսյանը հետաքրքիր հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Դիմելով տեղի հայերին՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Այն փաստը, որ մենք ապրում ենք աշխարհի տարբեր երկրներում, սփռված ենք աշխարհի տարբեր մասերում, գուցե ոչ թե թերություն է, այլ ընդհակառակը՝ առավելություն, որովհետեւ մենք աշխարհի այն քիչ ժողովուրդներից ենք, որոնք կարող են շատ հստակ ասել՝ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ»։
Նախագահի խոսքով՝ «մենք բոլորս հայ ենք եւ ունենք պարտականություն՝ ծառայելու մեր հայրենիքին»։ Հպարտությամբ նշելով, որ Հորդանանի հայ համայնքը լիովին ինտեգրված է երկրի կյանքում՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Սա շատ էական է։ Մեր բոլոր համայնքներում մեր հայրենակիցները պետք է հետեւեն մեծ պոետ, երգիչ եւ երգահան Շառլ Ազնավուրի օրինակին, որը միշտ ասում էր՝ ես հարյուր տոկոսով հայ եմ եւ հարյուր տոկոսով ֆրանսիացի։ Սա այն մոդելն է, որով մեզնից յուրաքանչյուրը պետք է ապրի սփյուռքում։ Լինել հարյուր տոկոսով հորդանանցի՝ լիովին ներգրավված այս երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքին, եւ միաժամանակ՝ հարյուր տոկոսով հայ։ Սա է հաջողության բանաձեւը»։
Նշելով, որ Հորդանանի թագավորական ընտանիքը պատմականորեն միշտ էլ աջակից է եղել եւ ջերմ վերաբերմունք ունեցել հայ ժողովրդի նկատմամբ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ դրա վկայությունն է նաեւ Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմիի հետ իր հանդիպումը։ «Մենք ունեցանք շատ ջերմ զրույց։ Քննարկեցինք մեր երկու ժողովուրդների պատմությունն ու երկու պետությունների հարաբերությունները՝ նկատելով, որ հսկայական ներուժ ունենք տարբեր ոլորտներում։ Մեր երկու երկրներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ, հարուստ չլինելով բնական ռեսուրսներով՝ Հայաստանը եւ Հորդանանը կարեւորում ու գնահատում են մարդկային ռեսուրսը»,–ասել է Արմեն Սարգսյանը եւ հավելել. «Մեր լավագույն բնական հարստությունը դուք եք՝ հայ ժողովուրդը»։
Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ 21—րդ դարում ամենաթանկ արժեքը լինելու է ստեղծագործ մարդը։ «Ես վստահ եմ, որ 21—րդ դարը մեր՝ հայերի դարն է լինելու, որովհետեւ մենք ստեղծագործ ժողովուրդ ենք, մեր ճանապարհը մտքի հզորության, մտքի արժեքի ճանապարհն է»,–ասել է նա։
Նախագահ Սարգսյանը հորդանանահայերին նաեւ տեղեկացրել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ—Հուսեյն Ալ—Հաշիմիին հրավիրել է այցելել Հայաստան։

09-04-2019





26-06-2019
Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքը պիտի դառնա գործնականում
Հարցազրույց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ



26-06-2019
Պոլսո հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ
Թեկնածուն թուրքական իշխանությունների համար ընդունելի պետք է լինի

Թամարա ...


26-06-2019
Վիճակը նետված է վաղուց
Ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Մեկ-մեկ ...


26-06-2019
Այսուհետ գործելու ենք փոփոխված հարկային օրենսգրքով
Մինչեւ աշնանային նստաշրջան օրենսդիրը կներկայացնի նոր փոփոխություններ

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




26-06-2019
Դիվանագիտական խողովակներով կհստակեցվեն Մակրոնի՝ Հայաստան պետական այցի ժամկետները
Հարցազրույց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ

Ֆրանսիայի ...


26-06-2019
Հենրիկ Բաբախանյան
Կար ժամանակ, երբ ես տարիքով կրտսեր էի իրենցից. հիմա ...


26-06-2019
Հայերը գնահատում են գիտությունն ու կրթությունը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել է գիտության ու ...



26-06-2019
«Խաղաղության ամենամեծ բրդուճը» կպատրաստվի Ենոքավանում
Տեղի կունենա ամենամյա «ՀայԲույս» ...

26-06-2019
Պարտադիր չէ՝ բոլորը երաժիշտ դառնան
Մայրաքաղաքի ու մարզերի երաժշտական ու ...

26-06-2019
Նոր սահմանափակումները՝ ընդդեմ կառավարման ողջ համակարգի
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am



26-06-2019
Հայաստանի ֆուտբոլի ընտրանու հաղթաթուղթը
Հարձակվող Գեւորգ Ղազարյանի կարծիքով, դա ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +17... +19
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO