Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.04.2019
ՆԱԽԱԳԱՀ


Նոր աշխարհում անհատների ձայները լսելի եւ որոշիչ են լինելու

Արմեն Սարգսյանը Պորտուգալիայում մասնակցել է «Horasis»-—ի ամենամյա գլոբալ հանդիպմանը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով ապրիլի 7-9-ը գտնվում է Պորտուգալիայի Հանրապետությունում, հայտնում են ՀՀ նախագահի մամլո գրասենյակից։
Արմեն Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել այդ երկրի վարչապետ Անտոնիու Կոշտայի հետ։
Անդրադառնալով երկու երկրների ու ժողովուրդների միջեւ առկա ջերմ պատմական կապերին ու հարուստ մշակութային ժառանգությանը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայ ժողովրդի պանծալի զավակներից մեկի՝ Գալուստ Գուլբենկյանի անունը յուրաքանչյուր հայ հպարտությամբ է հիշում։
Պորտուգալիայի վարչապետն իր հերթին ընդգծել է Գալուստ Գյուլբենկյանի գործունեության ու նրա թողած ժառանգության, Գալուստ Գյուլբենկյան բարեգործական ու գիտամշակութային հիմնադրամի դերը Պորտուգալիայի համար։
Հայաստանի նախագահը եւ Պորտուգալիայի վարչապետը մտքեր են փոխանակել գործակցության հնարավոր ուղղությունների շուրջ։ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրները գործակցության մեծ ներուժ ունեն կրթության եւ գիտության ոլորտներում՝ այդ համատեքստում առաջարկելով իրականացնել ուսանողների ու գիտնականների փոխանակման, ինչպես նաեւ գիտահետազոտական համատեղ ծրագրեր։
Նշելով, որ տեղյակ է Պորտուգալիայի կողմից տիեզերք արբանյակներ արձակելու կայանի կառուցման մասին՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստակամ է կիսվել այս ոլորտում իր գիտական ներուժով ու փորձառությամբ, որը հայտնի է դեռեւս խորհրդային տարիներից։
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանն ու Պորտուգալիան փոխգործակցության մեծ ներուժ ունեն տեղեկատվական տեխնոլոգիաների, բնական գիտությունների, արհեստական բանականության ոլորտներում։
Նախագահ Սարգսյանը հավելել է, որ հայ—պորտուգալական համագործակցության առավել արդյունավետ ոլորտներից մեկը կարող է դառնալ զբոսաշրջությունը։ «Հայաստանը եւ Պորտուգալիան հրաշալի երկրներ են եւ միմյանց բացահայտելու կարիք ունեն»,–նշել է նախագահը։
Զրուցակիցները խոսել են նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ օդային կապի հաստատման հնարավորության մասին՝ պայմանավորվելով ուսումնասիրել հարցը։
Մինչ այդ հանրապետության նախագահը հանդիպել է հանրահայտ «Հինդուջա գրուպ» ընկերության եվրոպական տարածաշրջանի նախագահ Պրակաշ Հինդուջայի հետ։
Նախագահ Սարգսյանը եւ գործարարը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ տնտեսական համագործակցության հնարավորությունների եւ առկա ներուժի արդյունավետ իրացման վերաբերյալ։
Պրակաշ Հինդուջան ասել է, որ «Հինդուջա գրուպ» ընկերությունը հետաքրքրված է տեխնոլոգիաների, գիտության ոլորտներում փոխգործակցությամբ եւ համատեղ տարբեր ծրագրերի իրականացմամբ։
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Պրակաշ Հինդուջային՝ մասնակցելու հունիսին Հայաստանում անցկացվող «Armenian Summit of Minds» միջոցառմանը։
Այնուհետեւ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Horasis» միջազգային կենտրոնի հիմնադիր նախագահ Ֆրանկ—Յուրգեն Ռիխտերի հետ։
Զրուցակիցները, խոսելով համագործակցության հնարավոր ուղիների մասին, ընդգծել են կենտրոնի ապագա ծրագրերից մեկը Հայաստանում կազմակերպելու մտադրությունը։ Նշվել է, որ կդիտարկվի «Horasis China 2020» հանդիպումը Հայաստանում անցկացնելու հնարավորությունը։
«Horasis»—ն անկախ վերլուծական կենտրոն է, որը կազմակերպում է հանդիպումներ՝ առաջարկելու ռազմավարական լուծումներ այն մարտահրավերների համար, որոնց մեր օրերում առերեսվում են աշխարհը եւ կորպորացիաները։
Նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Horasis» վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը, որը կենտրոնի տարեկան խոշորագույն միջոցառումն է։
Նախագահ Արմեն Սարգսյանը որպես բանախոս ելույթ է ունեցել «Ձեւավորելով ապագան» խորագիրը կրող քննարկման շրջանակում։
Քննարկման մասնակիցները խոսել են ժամանակակից աշխարհի մարտահրավերների ու դրանց լուծման տարբերակների մասին։ Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ ցանկացած երկիր տարբեր կերպ է մոտենում ի հայտ եկող խնդիրների լուծմանը. «Հայաստանի դեպքում բանաձեւը շատ պարզ է։ Փոքրը գեղեցիկ է։ Եվ փոքրը կարող է շատ հաջողակ լինել՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում»։
Հանրապետության նախագահն անդրադարձել է չորրորդ ինդուստրիալ հեղափոխությանը՝ նշելով, որ գործ ունենք մշտական հեղափոխության ու էվոլյուցիոն զարգացման երկարատեւ գործընթացի հետ։ «Գիտական նորույթների եւ տեխնոլոգիական նվաճումների հսկայական քանակը, համատեղած մարդկանց այն մեծ թվի հետ, որոնք ներգրավված են ստարտափների ու նորարարական այլ գործընթացների մեջ, խոսում են այն մասին, որ այս գործընթացները լինելու են շատ դինամիկ եւ դրամատիկ։ Մենք առաջիկայում ականատեսն ենք լինելու, թե ինչպես են աճելու քվանտային մոդելավորման, նոր տեխնոլոգիաների ու մեծ տեղեկատվության կառավարման ծավալները, եւ, իհարկե, այս ամենի գագաթնակետում լինելու է արհեստական բանականությունը, որը, կարծում եմ, կիրառություն է գտնելու ամեն տեղ»,–նշել է Սարգսյանը։
Նախագահը համոզված է՝ չպետք է վախենալ արհեստական բանականությունից։ «Սա նույն պատմությունն է, ինչ 30—40 տարի առաջ, երբ մարդիկ վախենում էին տեղեկատվական տեխնոլոգիաներից, մտածում էին, թե համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն աշխատանքը։ Բայց ոչ, արհեստական բանականության շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այն, ինչը փոխվելու է, լինելու է մարդկանց գործունեության որակը եւ տեսակը։ Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ»,–ընդգծել է նա։
Արմեն Սարգսյանը նշել է, որ այս հեղափոխությունը տեղի է ունենում ոչ միայն տնտեսության ու տեխնոլոգիաների մեջ, այլեւ մեր մարդկային վարքագծում. «Սա բացարձակ նոր աշխարհ է, որը ես անվանում եմ քվանտային աշխարհ»։
Քննարկման կարեւոր թեմաներից մեկը կլիմայական փոփոխություններն ու մարդու գործունեության հետեւանքով շրջակա միջավայրին հասցվող վնասներն էին։ «Մենք պետք է խոսենք ոչ թե կլիմայական փոփոխությունների, այլ այն վնասի մասին, որը հասցնում ենք բնությանը։ Իրականությունն այն է, որ աշխարհը շատ քայլեր է ձեռնարկում այս իրավիճակի դեմ պայքարելու համար։ Առաջ գնալու ճանապարհը կանաչ տեխնոլոգիաներն են, վերականգնվող էներգետիկան՝ հիդրոէներգիան, քամին, արեւային էներգիան։ Սակայն անգամ լավագույն սցենարի դեպքում մեզնից պահանջվելու են տասնամյակներ, որպեսզի մեր անցյալից, որը բացարձակ սեւ էր, քանի որ այրում էինք ածուխը, անցում կատարենք կանաչ ապագայի»,–ասել է նախագահ Սարգսյանը։ Նա նշել է, որ այս խնդրի կարգավորման համար անհրաժեշտ են ճիշտ տեխնոլոգիաներ, քաղաքական կամք ու ներդրումներ, միաժամանակ նաեւ հավաքական պատասխանատվություն։ «Պետք է լրջորեն նայենք այն իրականությանը, որն ունենք, պետք է հսկայական, բազմազգ ջանքեր գործադրենք ողջ աշխարհով մեկ՝ ունենալու կանաչ ապագա»,— նշել է նա։
Խոսքի ավարտին՝ նախագահ Սարգսյանն անդրադարձել է տեխնոլոգիական նվաճումների՝ մեր կյանքում ունեցած դերին ու նշանակությանը։ Նա համոզմունք է հայտնել, որ դրանք դրամատիկորեն փոխելու են մեր սոցիալական ու քաղաքական վարքագիծը։ «Մեծ թվով մարդիկ քաղաքականության մեջ ազդեցություն են ունենալու՝ պարզապես օգտագործելով իրենց էլեկտրոնային սարքավորումները, գրառումներ անելով «Թվիթերում», «Ֆեյսբուքում»։ Սա է քաղաքականությամբ զբաղվելու նոր ճանապարհը։ Մենք առերեսվում ենք բացարձակապես նոր մի աշխարհի հետ, որտեղ անհատների ձայները շատ բարձր են լսվելու, եւ նրանք լուրջ ազդեցություն են ունենալու որոշումների կայացման վրա»,— հայտարարել է Արմեն Սարգսյանը։

09-04-2019





19-04-2019
Միավորողը նույն պատմական անցյալն է
Մի օր Սերբիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը

Հայ-սերբական ...


19-04-2019
Հայաստանին պայմանների թելադրումն անընդունելի է
Ադրբեջանի պահվածքը չի նպաստում փոխվստահության մթնոլորտին

Ադրբեջանի ԱԳ ...


19-04-2019
Ում է խանգարում ՊՎԾ պետը
Դավիթ Սանասարյանը կասկածների մասին չի հնչեցնում

Պետական վերահսկողական ...


19-04-2019
Կնախաձեռնվեն սահմանադրական փոփոխություններ
«Լուսավոր Հայաստանը» եւ «Բարգավաճ Հայաստանը» եւս պատրաստակամ են ...


19-04-2019
Կարգավորումը կարող է լինել միայն քաղաքական
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ֆրանսիական «Լը Ֆիգարո» ...


19-04-2019
Հանդիպումներ նախագահի նստավայրում
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության ...


19-04-2019
Վարչապետն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը, ...



19-04-2019
Կառուցվածքային փոփոխություններից ոչ բոլորն են գոհ
Մտահոգությունները վերաբերում են ...

19-04-2019
«Խելոք» կովերի համար՝ «խելացի» անասնաշենքեր
Գոմատիրոջը մնում է քաղել ...

19-04-2019
Որ Երեւանը կրիտիկական Նեապոլ չդառնա
Ինչ առաջարկեց Երեւանի քաղաքապետն ու ինչ ...

19-04-2019
Մարզադպրոցներում կան լուծման սպասող շատ հարցեր
Մեր թերթում ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Գրիգորյանի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +4... +6
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO