Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ԱՇԽԱՐՀ


Զարիֆի այցը՝ տարածաշրջանում նոր զարգացումների համապատկերում

Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը մեկօրյա այցով ժամանել էր Սիրիա, որտեղից էլ ուղեւորվել է Անկարա։ Զարիֆի այցը տեղի ունեցավ տարածաշրջանում նոր զարգացումների պայմաններում, երբ ԱՄՆ—ն Իրանի զինված ուժերի մաս կազմող Հեղափոխության պահապան գվարդիան ընդգրկել է այդ երկրի ահաբեկչական կազմակերպությունների ցանկում։ Մինչդեռ նշյալ կազմակերպության «Երուսաղեմ» ստորաբաժանումը՝ «Ղոդս»—ը, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ, զգալի աջակցություն է ցուցաբերել Սիրիայի իշխանական ուժերին՝ իսլամ—ծայրահեղական, ահաբեկչական խմբերի դեմ պայքարում։ Իրանի ԱԳ նախարարը Դամասկոսում հանդիպումներ է ունեցել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի, վարչապետ Ահմադ Խամիսի եւ ԱԳ նախարար Վալիդ Մուալեմի հետ, որոնց ընթացքում քննարկվել են հրատապ հարցերը եւ, ինչպես իրանական ԶԼՄ—ներն են նշում, նաեւ հակաիրանական ու հակասիրիական այդօրինակ քայլերը չեզոքացնելու ուղիների հարցը։ Հաշվի առնելով, որ Սիրիայում սպառնալից բախումների խնդիրը հիմնականում լուծվել է, ուստի վրա է հասել երկրի վերակառուցման, երկկողմ փոխհարաբերությունների զարգացման եւ ընդլայնման շուրջ բանակցելու ժամանակը։ Երկկողմ բանակցությունների շեշտը դրվել է նաեւ Սիրիայի հիմնախնդրի՝ դիվանագիտական ճանապարհով լուծելու վրա։ Զարիֆը լուրջ մտահոգություն է հայտնել Իդլիբի հարցում, շեշտելով, որ այստեղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը շոշափելի չէ, ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ «Ալ Նոսրայի» զինաթափում տեղի չի ունենում։
Բանակցություններում կարեւորել է նաեւ ապրիլի 25—26—ը Աստանայում (այժմ՝ Նուրսուլթան) տեղի ունենալիք Սիրիայի հիմնահարցին նվիրված Աստանայի գործընթացի հերթական նիստը, որին մասնակցելու է նաեւ Սիրիայի հարցով ՄԱԿ—ի հատուկ բանագնաց Պետերսոնը։ Բացի այդ, քննարկվել են նաեւ Թեհրանում նախագահ Ասադի եւ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների իրականացման եւ Իրան—Իրաք—Սիրիա տարանցիկ ճանապարհի հարցերը, ինչն Իրանը խիստ կարեւորում է, մանավանդ որ այդ երկրի երկաթգիծը շուտով միանալու է Իրաքի երկաթուղուն։
Անդրադառնալով Իրան—Սիրիա փոխհարաբերություններին, նշենք, որ դրանք Իրանի Իսլմական Հանրապետության պատմության ընթացքում միշտ էլ բարիդրացիական են եղել, ավելին՝ իրան—իրաքյան 8—ամյա պատերազմի ընթացքում Սիրիան արաբական աշխարհի միակ երկիրն էր, որը չկանգնեց Իրաքի կողքին։ Հետագայում դրանք ամրապնդվել են նաեւ կողմերի միջեւ ռազմավարական բնույթի համաձայնագրերով։ Այսօր արդեն քաղաքական, տնտեսական, զինվորական ու անվտանգության ոլորտներում փոխհարաբերությունները համարվում են ռազմավարական։ Իրանը Սիրիայի 9—ամյա ներքին բախումների ընթացքում ի սկզբանե հովանավորել եւ բազմակողմանիորեն աջակցել է Ասադին՝ ահաբեկչական ուժերի դեմ պայքարում, ինչպեսեւ, նրան համարելով այդ երկրի օրինական նախագահը, մշտապես դեմ է եղել նրա իշխանանկությանը։ Հանգամանք, ինչը թերեւս պայմանավորված է տարածաշրջանում Իրանի համար Սիրիայի քաղաքական ու աշխարհաքաղաքական նշանակությամբ։ Այս առնչությամբ իրանցի վերլուծաբան Բիժան Զնգյանեն նշում է, թե Սիրիան վերջին տարիներին Իրանի համար աշխարհաքաղաքական նշանակություն է ունեցել՝ ընդդեմ ԱՄՆ ճնշումների, հանդիսացել է տարածաշրջանում ներկա լինելու, դերակատարություն ունենալու ասպարեզ։
Անկարայում Զարիֆը հանդիպել է նախագահ Էրդողանի, ԱԳ նախարար Չաուշօղլուի եւ խորհրդարանի խոսնակի հետ։ Անկարայում Իրանի դեսպան Մոհամեդ Ֆարազմանդը հայտարարել է, թե բանակցությունները տեղի են ունեցել երկկողմ փոխհարաբերությունների ընդլայնման եւ խորացման շուրջ, ինչի համար առկա է քաղաքական լուրջ կամք։ Բացի այդ, ըստ ամենայնի, լուրջ քննարկման առարկա են եղել նաեւ Աստանայի առաջիկա բանակցությունները՝ դիրքորոշումների մերձեցման տեսանկյունից։ Թեեւ Աստանայի գործընթացում Ռուսաստան—Իրան—Թուրքիա համագործակցությունը շոշափելի արդյունքներ է արձանագրել Սիրիայում բախումներին վերջ դնելու առնչությամբ, սակայն Թուրքիայի եւ Իրանի տեսակետներն այս հարցում, ինչպես նշել ենք այս թեմայով մեր նախորդ հոդվածներում, ավելի շատ հակասական են, քան՝ համընթաց։ Իրանը ոչ միայն դատապարտել է Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում, այլեւ խիստ դեմ է նաեւ Անկարայի պնդումներին Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու առնչությամբ։ Այլ կերպ ասած՝ եթե Սիրիան Իրանի ռազմավարական դաշնակիցն է, ապա Թուրքիան գլխավորապես Իրանի համար կարեւորվում է տնտեսական փոխառնչություններում, մասնավորապես ներկա սահմանափակումների պայմաններում։ Ահա թե ինչու, Անակարան հայտարարում է, որ ԱՄՆ—ն պետք է Իրանի հետ համաձայնության գա եւ հրաժարվի սահմանափակումներից, իսկ Իրանին կոչ է անում հավատարիմ մնալ Իրան—5+1—ի համաձայնությանը։

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

18-04-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO