Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ԶԱՆԱԶԱՆ


«Սա ապագային միտված քայլ է»

Երեւանում անցկացվեց ղազախական կուրես ազգային ըմբշամարտի Հայաստանի անդրանիկ առաջնությունը, որին մասնակցեցին մենապայքարային տարբեր մարզաձեւերով զբաղվող մեր մարզիկները։ Նման անսովոր մտահղացման իրականացման նպատակների եւ հեռանկարների մասին զրուցեցինք այդ մարզատեսակի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Խիթարյանի հետ։
—Ինչո՞ւ որոշեցիք մեր երկրում սերմանել այս մարզաձեւը։
—Այն մեծ տարածում է գտնում աշխարհում. ձեւավորվել են անգամ տարբեր աշխարհամասերի ֆեդերացիաներ։ Երկու տարի առաջ ինձ, որպես ձյուդոյի մասնագետի, հրավիրել էին մասնակցելու կուրեսի ֆեդերացիայի համաժողովին, որից հետո առաջարկեցին Հայաստանում եւս ստեղծել ազգային ֆեդերացիա ու փորձել զարգացնել իրենց մարզաձեւը։ Դրանից հետո կազմեցինք կանոնակարգ եւ սկսեցինք աշխատել։
Անկեղծ ասած, մտահղացումը միանշանակ չընդունվեց մեր երկրում՝ եղան ողջունողներ, նաեւ քննադատներ։ Բայց նույն տրամաբանությամբ կարող ենք քննադատաբար մոտենալ նաեւ ըմբշամարտի մյուս տեսակների տարածմանը Հայաստանում, քանի որ բոլորն էլ օտարերկրյա ծագում ունեն՝ ձյուդոն ճապոնական է, ուշուն՝ չինական, թաեքվոնդոն՝ կորեական, սամբոն՝ ռուսական, հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտներն էլ՝ համապատասխանաբար հունական եւ հռոմեական։ Մերը կոխն է, որն աշխարհում տարածելու ուղղությամբ այսօր, ցավոք, որեւէ միջազգային ծրագիր չի իրականացվում։
Մինչդեռ ղազախները մտադիր են հեռանկարում իրենց մարզաձեւին օլիմպիական կարգավիճակ շնորհելու հայտ ներկայացնել։ Ահա եւ ձեր հարցի պատասխանը։ Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ ժամանակին Հայաստանում փորձ է արվել զարգացնելու նաեւ ուզբեկական կուրաշ մարզաձեւը, որից 2001 թվականին նույնիսկ աշխարհի առաջնություն անցկացվեց Երեւանում։ Այնպես որ, այսօրվա քայլերը ապագայում կարող են շատ օգտակար լինել մեր մարզիկներին՝ անհրաժեշտության դեպքում արդեն առաջխաղացման որոշակի հենք կունենանք։
—Մարզիկների համազգեստը նկատելի նմանություն ունի սամբոյի հանդերձանքին։ Իսկ կանոններում նմանություն կա՞։
—Ավելի շատ նմանություն կա ձյուդոյի հին կանոններին։ Նախկինում ձյուդոյում կային կոկա, յուկո, վազարի, իպոն գնահատման միավորներ, իսկ հիմա մնացել են վերջին երկուսը։ Կուրեսում կիրառվում են թվարկածս բոլոր 4 գնահատականները։ Մյուս տարբերությունն այն է, որ եթե ձյուդոյում կոկաները (3 միավորանոց հնարքները) միմյանց չէին գումարվում, ապա կուրեսում գումարվում են։ Այսինքն, 3 կոկան 1 յուկո է, 3 յուկոն՝ 1 վազարի է, իսկ 2 վազարին՝ մաքուր հաղթանակ։ Իսկ հնարքների տեխնիկան շատ նման է ըմբշամարտի, ձյուդոյի եւ սամբոյի տարրերին։ Թույլատրվում է գոտեմարտել միայն կանգնած դիրքում՝ չորեքթաթ դրություն չկա։ Արգելված է նաեւ ձեռքերով բռնել մրցակցի ոտքերը, հնարքներ կիրառվում են միայն ստորին վերջույթներով։ Ձյուդոյիստների համար բավականին հեշտ մարզաձեւ է։
Դեռ անցյալ տարի էի դիմել միջազգային ֆեդերացիային՝ միջոցառում անցկացնելու համար աջակցելու հայտով, քանի որ տեղում մեզ հաջողվել էր բավականին ծավալուն աշխատանք կատարել։ Ավելին՝ արդեն ունենք միջազգային պաշտոնական մրցումների մեդալակիրներ։ Այսպես, 2018—ին մեր մարզիկներից մեկն արծաթե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում, իսկ եվրոպական անդրանիկ ստուգատեսում մեր երկրի հաշվին գրանցվեց 2—ական արծաթե եւ բրոնզե պարգեւ։ Պատրաստվում ենք 5 ըմբիշ ներկայացնել հունիսին Լեհաստանի Վրոցլավ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի հերթական առաջնությանը։ Հիմա անցկացնում ենք Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են ավելի քան 90 մարզիկներ։ Բոլոր մարզիկների մասնակցության ծախսերը միջազգային ֆեդերացիայի աջակցությամբ ստանձնել է Հայաստանի զազախ կուրեսի ֆեդերացիան։ Մինչ այդ կազմակերպել էինք մարզիչների եւ մրցավարների երկօրյա սեմինար, որպեսզի պարզաբանեինք մարզաձեւի բոլոր կանոնները։ Սեմինարին մասնակցեցին 50—ից ավելի մարզիչներ եւ մրցավարներ, որոնցից այն լավագույնները, որոնք սամբոյում եւ ձյուդոյում մեծ փորձ ունեն, ներգրավված են մրցաշարը սպասարկելուն։
—Ինչպիսի՞ն է մասնակիցների մարզական պատրաստականությունը։
—Մասնակցում են ձյուդոյի եւ սամբոյի պատանիների եւ երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրներ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոններ եւ Եվրոպայի առաջնության մասնակիցներ։ Ականատես եղանք բավականին գեղեցիկ գոտեմարտերի։
—Ի՞նչ է պետք անել հայկական կոխը աշխարհին նույնքան ներկայանալի դարձնելու համար։
—Կարծում եմ, միայն ֆինանսավորել այդ նախագծի իրականացումը։ Սակայն չեմ կարծում, թե հիմա մեր երկիրն ի վիճակի է դա անելու, քանզի ընդհանրապես հայկական սպորտում ֆինանսական խնդիրը շատ սուր է։ Իսկ Ղազախստանում այդ խնդիրը չկա. միայն կուրասը աշխարհում տարածելու համար երկիրը տրամադրել է մեր ողջ սպորտի տարեկան բյուջեն մոտ 10 անգամ գերազանցող գումար։ Ղազախստանը ստանձնել է ամբողջ աշխարհում այդ մարզաձեւի զարգացման ողջ ֆինանսավորումը։ Հայաստանը գոնե առայժմ չունի կոխն աշխարհում նույն չափերով ներկայացնելու հնարավորություն։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

04-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO