Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

22.05.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական լոլիկի ամերիկյան ցեցը

Փորձնական տարածքում պայքարի միջոցառումներ կարվեն

Հիմա առաջվանը չէ, եւ ամեն ինչ չէ, որ միայն սեզոնին է աճում։ Հիմա սպառողը, եթե, իհարկե, կարող է շռայլություն թույլ տալ իրեն, տարին բոլոր կարող է ուտել ձմերուկ, լոլիկ, վարունգ եւն։ Լոլիկ հատկապես շատ ենք սիրում. ամռանը այն մեր սեղաններին մրգին հավասար տեղ ունի։ Ձմռանն էլ եթե ճաշակել չենք կարողանում, արտահանելը կա ու կա։ Այո, Հայաստանը լոլիկ արտահանող երկիր է, բայց 2012թ.—ից հարավամերիկյան ցեցը կպել է մեր լոլիկին ու պոկ չի գալիս՝ ժամանակ առ ժամանակ մեզ խնդիրներ բերելով։ Կառավարությունն էլ որոշել է այս տարի փորձնական տարածքում (Արարատի եւ Արմավիրի մարզեր) պայքարել այդ ցեցի դեմ։
Շատերը կհիշեն 2016թ. հայկական լոլիկի տանել—հետ բերելու պատմությունը. երբ Ռուսաստանը 22 տոննա ապրանքը հետ ուղարկեց Հայաստան։ ՌԴ անասնաբուժության եւ բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») Կրասնոդարի երկրամասի տարածքային կառույցը հայտարարություն էր տարածել, թե հայկական լոլիկի խմբաքանակը հետ է ուղարկվել, որովհետեւ լոլիկի մեջ կարանտին վնասատու՝ հարավամերիկայն ցեց է հայտնաբերվել։ Հետո պարզվեց, որ հայկական կողմը լոլիկի խմբաքանակի վերադարձման դեպք չէր արձանագրել։ Եվ հայկական կողմը ճիշտ էր, քանզի ռուսական նույն ծառայությունը հերքեց իր հայտարարությունը՝ ասելով, թե կասկածում է, որ լոլիկի խմբաքանակը այլ երկրից է ուղարկված եւ որ լրացուցիչ հանդես կգա փաստաթղթերի հավաստիության ստուգումից հետո։ Հետո… ներողություն խնդրեց, քանզի լոլիկի խմբաքանակը Հայաստանից չէր, այլ Ռուսաստան էր տարված այլ երկրից՝ կեղծ փաստաթղթերով, ինչն էլ թյուրիմացության տեղիք էր տվել։
Նմանատիպ մի պատմություն էլ 2018թ. եղավ՝ մի քիչ ավելի բարդ իրավիճակով իհարկե։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր նույնիսկ, թե Հայաստանից Ռուսաստան առաքվող բանջարեղենի վրա կարող են ժամանակավոր սահմանափակումներ դրվել։ Բայց սա էլ թյուրիմացության հետեւանք էր, կամ՝ անփութության, երբ շուկան լիարժեքորեն չէր վերահսկվում (հիմա էլ), եւ Հայաստանի տարածքից արտահանվում էր թուրքական լոլիկ (տվյալ դեպքով։ Թեեւ հիշում ենք, երբ մեր շուկայում հայտնվել էր ադրբեջանական խնձոր, կոնֆետ եւն)։ Ինչեւէ, այդ ժամանակ (նույն տարվա մայիսին) Լարսի անցակետից հետ ուղարկվեց 100 տոննա լոլիկ եւ 40 տոննա վարունգ։ «Ռոսսելխոզնադզորը» պարզաբանեց. Հայաստանից ներկրվող բուսասանիտարական հսկման ենթակա բեռներում հայտնաբերվել է կարանտին համարվող 2 օբյեկտ. լոլիկում գտել են հարավամերիկյան ցեց, իսկ վարունգում՝ արեւմտյան (կալիֆորնիական) ծաղկային թրիփս։ Մեր՝ լոլիկի արտադրությամբ զբաղվողները ձայն էին բարձրացրել՝ իրենց ապրանքը ցեցոտված չէ, այդ ցեցոտվածը թուրքականն է։ ՍԱՊԾ—ից (2018—ին այդպես էր կոչվում) բացառեցին թուրքական լոլիկի արտահանումը Հայաստանից։ Դեպքերի ընթացքը չենք շարունակի, քանզի արդեն ասացինք՝ շուկան լիարժեքորեն վերահսկելի չէ, եւ… դրսի ցեցերը կարող էին Հայաստանով գնալ Ռուսաստան։
Այնուամենայնիվ, Հայաստանում կա այդ ամերիկյան ցեցը։ Դեռ 2016թ. ՍԱՊԾ—ն հրատարակել էր կարտոֆիլի ցեցի եւ լոլիկի հարավամերիկյան ցեցի դեմ պայքարի միջոցառումների ուղեցույց։ Նշվում էր, որ ՍԱՊԾ—ի առաջնային խնդիրներից է գյուղատնտեսական ապրանքների ներմուծման ժամանակ վնասակար օրգանիզմների ներթափանցման կանխումը, ինչպես նաեւ հանրապետության տարածքում դրանց ժամանակին հայտնաբերումը, օջախների տեղայնացման եւ պայքարի միջոցառումների կազմակերպումը։ Մի շարք մշակաբույսեր, ինչպիսին են կարտոֆիլը, լոլիկը, սմբուկը, պղպեղը, մեր հանրապետությունում ունեն առաջնային կարեւորություն՝ բնակչությանը պարենով ապահովելու եւ արտահանում իրականացնելու տեսանկյունից։ Այս մշակաբույսերի մշակման ավելացումը հանգեցրել է հատկապես կարտոֆիլի ու լոլիկի վնասակար օրգանիզմների տարածմանը, որոնցից առավել վտանգավորների շարքին են դասվում կարտոֆլի ցեցը եւ լոլիկի հարավամերիկյան ցեցը։ Այս համատեքստում ոչ պակաս կարեւորություն ունի բնագավառի մասնագետների ու ֆերմերների շրջանում իրազեկության բարձրացումը, ինչի նպատակով ծառայությունը կազմել եւ 500 օրինակով տպագրել է Հայաստանի տարածքում մորմազգի մշակաբույսերի համար վտանգ ներկայացնող կարտոֆիլի ցեցի եւ լոլիկի հարավամերիկյան ցեցի տարածվածության, դրանց վնասակարության բնույթի, կենսաբանական առանձնահատկությունների եւ այս վնասատուների դեմ պայքարի միջոցառումների մասին գրքույկը։ Այն անվճար տրամադրվել էր Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի մարզերի համայնքներին, որպեսզի ջերմոցային տնտեսություններն իրազեկվեն ու ճիշտ կազմակերպեն իրենց աշխատանքը ջերմատներում։
Գանք այդ ցեցի դեմ մեր պայքարին։ Միջոցառումների ի՞նչ ծրագիր է նախատեսում գործադիրը։ Մինչ սրան անցնելը հասկանանք՝ ինչ է իրենից ներկայացնում այդ ցեցը, ինչ վնասներ կարող է տալ։
Առաջին երկու լուսանկարներում այդ ցեցն է (թրթուրն ու ցեցը), հաջորդ երկու լուսանկարներում՝ ցեցոտած լոլիկը։
Մասնագիտական կայքերը հուշում են, որ այդ ցեցը շատ վնասարար է, կարող է ոչնչացնել բերքն ամբողջությամբ։ Այդ ցեցի ձվերը կարելի է հայտնաբերել մշակաբույսի վերին հատվածի տերեւների ստորին հատվածում։ Մի քանի օրից հայտնվում է թրթուրը։ Պետք է զգոն լինել, վնասարարը կարող է երկրորդային ինֆեկցիաների փոխանցող լինել։ Այս ցեցը բավականին լավ է հարմարվում կլիմայական տարբեր գոտիներին։ Հարավային Ամերիկայից ճանապարհորդեց եւ Եվրոպայում հայտնվեց առաջինը Իսպանիայում 2006թ.։ 2010թ. արդեն Բուլղարիայում էր, Գերմանիայում, Իսրայելում, Թուրքիայում։ 2012թ. արդեն՝ մեզ մոտ։ Այս ցեցը առաջինը լոլիկին է հոշոտում, հետո կպչում է սմբուկին, կարտոֆիլին, տաքդեղին։ Դրա համար պայքարը պետք է համալիր տանել։ Մասնագետները տարեցտարի փորձում են պայքարի ավելի արդյուանվետ ձեւեր գտնել։ Բանն այն է, որ այս ցեցը տարեկան 10—12 սերունդ է տալիս։ Եվ նրա տված վնասը նման է դաշտերի վրա մորեխների հարձակմանը։
Ցեցը վնասում է ինչպես բաց գրունտում, այնպես էլ ջերմատներում։ Մասնագետները նշում են, որ վնասված բույսերի տերեւների վրա նկատվում են ականներ, որոնք մյուս ականող ճանճերի հասցրած վնասից տարբերվում են մուտքի մոտ եղած արտաթորանքի առկայությամբ։ Լոլիկի պտուղների վրա եւ պտղամսում առաջացրած վնասվածքները լոլիկը դարձնում են ոչ պիտանի սննդի մեջ օգտագործելու համար։
Մասնագետները զգուշացնում են նաեւ, որ բույսերի պաշտպանության նույն միջոցների կիրառման դեպքում վնասատուն կարող է հարմարվել, ինչի հետեւանքով նվազում է կիրառվող նյութի արդյունավետությունը։
Քանի որ հարավամերիկյան ցեցն արդեն հավակնում է համաշխարհային ցեց դառնալ, հետաքրքիր է, թե ինչպես են պայքարում դրա դեմ։ Պարզվում է՝ կարտոֆիլի ցեցի դեմ տարվող պայքարի միջոցառումներն արդյունավետ են նաեւ լոլիկի ցեցի դեպքում։ Վեգետացիայի ընթացքում ֆերոմոնային թակարդների միջոցով իրականացվում է լոլիկի ցանքերի հետազոտում։ Թակարդների միջոցով անցկացված ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ճիշտ որոշել պայքարի միջոցառումների ժամկետները։ Ֆերոմոնները տեղադրվում են սածիլանոցներում, ջերմատներում, բաց գրունտում։ Տեղադրվում են նաեւ դեղին ու սեւ (լոլիկի ցեցի դեպքում առավել արդյունավետ են սեւ թակարդները) կպչուն թակարդներ։ Ջերմատներում լոլիկի ցեցի առկայության դեպքում կենսաբանական պայքարի նպատակով բաց են թողնվում գիշատիչ միջատներ (տեղեկությունը Հայաստանում առկա կարանտին եւ ակնկալվող վնասակար օրգանիզմների ու թունավոր մոլախոտային բույսերի մասին ձեռնարկից է)։
Ի դեպ, երբ կառավարության վերջին նիստերից մեկում գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գեւորգյանը (այժմ՝ ՏՄՊՊՀ նախագահ) լոլիկի հարավամերիկյան ցեց վնասատուի դեմ պայքարի միջոցառումների իրականացման պիլոտային ծրագրի ներկայացումից առաջ նշեց. «Սա այն վնասատուն է, որն անցյալ տարի լոլիկի…», վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ճանաչում ենք, հիշում ենք»։
Դե եթե ճանաչում ենք, ապա հաստատ կարող ենք պայքարել։ Ինչ քայլեր ենք անելու եւ ինչքան գումար է պահանջվելու։ Սրա մասին հաջորդիվ կխոսենք։
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

08-05-2019





22-05-2019
Փաստաթղթերն ընդունել ամեն օր
Հորդորել է ՀՀ ԿԳ նախարարը դպրոցների տնօրեններին

Երեւանի ...


22-05-2019
Հայաստանն ու բամբակի մշակումը. օգո՞ւտ, թե՞ անհեռատես շռայլություն
Մոտ կես դար հետո կրկին աճեցնում ենք այս ...


22-05-2019
Կառավարությունում քննարկվել են ընտանիքի ապահովության գնահատման համակարգի բարեփոխման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ քննարկվել են ընտանիքների ապահովության ...



22-05-2019
Հարեւան երկրում ատելության քարոզը շարունակվում է
Հայաստանը կողմ է մարդասիրական ...

22-05-2019
Սպառնո՞ւմ է գույքի օտարումը ազգային ակադեմիային
Պատգամավորը հանդես է եկել օրենսդրական ...

22-05-2019
Մխիթարյանը չի մեկնի Բաքու
Լոնդոնի «Արսենալը» պաշտոնական հայտարարությամբ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO