Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2019
ԼՂՀ


Մայիսյան եռատոնի խորհուրդը

Շուշիի ազատագրումը կանխորոշեց մեր մյուս հաղթանակները

1992 թ. փետրվարի 23-ից սկսած Շուշիի բարձունքից ավելի հաճախակի էր հրթիռակոծվում մայրաքաղաք Ստեփանակերտը։ Եվ խաղաղ բնակչության շրջանում ամեն օր ստվարանում էր զոհերի թիվը։ Գերակշռող մասը, բնականաբար, կանայք էին, ծերերն ու երեխաները։ Ազերիները Ղազանչեցոց եկեղեցին վերածել էին տարբեր զինատեսակների՝ «Գրադ» կայանքի ու հրանոթների, հրթիռների ու արկերի պահեստ—զինանոցի։ Թշնամուն հաջողվել էր Աղդամում տեղակայված խորհրդային բանակի օկրուգային զինապահեստից առանց դիմադրության զավթել 728 վագոն հրետանային եւ 245 վագոն հրթիռային արկեր, ավելի քան 130 վագոն հրաձգային զենք ու զինամթերք եւ առավել ակտիվացնել Արցախի մայրաքաղաքի հրետակոծությունը։ Հայկական ինքնապաշտպանական ջոկատներին, որոնք Շուշիի ռազմագործողությանը մասնակցելու իրավունք էին նվաճել, այլ բան չէր մնում, քան համարժեք քայլեր ձեռնարկել ազերի մեծաթիվ զինյալների ռազմական որջը ոչնչացնելու համար։
Հարձակումից առաջ, մայիսի 7—ի երեկոյան տեղի ունեցավ Արցախի Գերագույն խորհրդի նախագահության արտահերթ նիստը, որտեղ քննության առնվեց հանրապետությունում ստեղծված ծանր կացությունը։ Գերագույն խորհրդի նախագահության առաջարկությամբ կեսգիշերին կայացավ ԼՂՀ պաշտպանության խորհրդի արտահերթ նիստը։ Միաձայն ընդունված որոշմամբ պաշտպանական ուժերին իրավունք վերապահվեց ոչնչացնել Ստեփանակերտի հարակից գյուղերի ազերիների բոլոր կրակակետերը։ Շուշիի ազատագրման, մարտական գործողությունների մշակման եւ իրականացման դժվարին պարտականությունը վերապահված էր Արկադի Տեր—Թադեւոսյանին (Կոմանդոս)։ Նա էլ մայիսի 4—ին ստորագրեց բերդաքաղաքի ռազմագործողության մարտական հրամանը։ Եղանակի պատճառով հարձակումը մի քանի օրով ձգձգվեց։ Իսկ մայիսի 7—ը վճռորոշ հանդիսացավ հայ ազատամարտիկների համար։ Այդ օրը մեր պաշտպանական ուժերը չորս ուղղություններով ձեռնամուխ եղան Շուշիի ռազմագործողությանը։
Թշնամու ավելի քան 20 կրակակետերի ուղղությամբ Վալերի Չիթչյանի գլխավորությամբ հետախուզական ջոկատների իրականացրած տեւական զննումներից եւ ուսումնասիրություններից հետո հայկական ինքնապաշտպանական ուժերը չորս ուղղություններով գրոհի անցան։ Ժամը 2—ն անց 30 րոպեին՝ կեսգիշերին, հրամանատարական խրամատում հրահանգվեց Շուշիի ազատագրման գործողության մեկնարկի մասին, ու սկսվեց հրետակոծությունը։ Մեր հետեւակայիններն անվարան առաջ շարժվեցին։ Հակառակորդը ջանքեր չէր խնայում գրոհին հակազդելու համար եւ միանգամից «Գրադ» կայանքից մեկ համազարկով 40 հրթիռ ուղղեց Ստեփանակերտի վրա։ Կոմանդոսը գազազած թշնամու «ընդվզումն» աննկատ չթողեց եւ, որպես պատասխան, հրամայեց հրթիռային մի քանի համազարկ ուղարկել Բազարի (Արկադի Տեր—Թադեւոսյանն ի նկատի ուներ Աղդամը) վրա։ Կապի պետ Արթուր Փափազյանը նորանոր լուրեր էր հաղորդում՝ տարբեր ուղղություններով հայկական ինքնապաշտպանական ուժերի առաջխաղացման մասին՝ ընդգծելով, թե իր «տեղեկություններով «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը հաջողությամբ է ընթանում»։
«26»—ի Հյուսիսային ճակատը Շուշիի ազատագրման մարտական գործողությունների գլխավոր ուղղություններից էր համարվում։ Հանձնարարված էր գրավել մի շարք կարեւոր բարձունքներ եւ ամրանալ դիտակետերում, պահեստային ուժերի աջակցությամբ հսկողության տակ առնել բերդաքաղաքի ծայրամասային թաղամասերը։ Առավել պատասխանատու առաջադրանք էր դրված արեւելյան ուղղության մարտիկների առաջ, որոնք պիտի ճեղքեին թշնամու անառիկ թվացող բնագծերը եւ պաշարեին քաղաքը։ Հակառակորդին հանկարծակիի բերելու եւ բերդաքաղաքը նվաճելու համար գրոհի էին նախապատրաստվում Շոշի ինքնապաշտպանական ջոկատները՝ Արգամ Հարությունյանի, իսկ բանտի ուղղությամբ՝ Աշոտ Ղուլյանի գլխավորած վաշտի անդամները։ Աջ թեւում մարտական հանձնառություն ստանձնել էր Ռուսլան Իսրայելյանի ղեկավարած հետախույզների հատուկ ջոկատը։
Հայ ռազմիկների առջեւ խնդիր էր դրված՝ Լաչինից գրոհային մարտեր մղելով շարժվել դեպի փոքր Քիրս, Նաբիրլար—Զարուսլու եւ Լիսագոր ուղղություններով ու վնասազերծել թուրքերի կրակակետերը, որտեղից տեղակայված գրադները հրետակոծում էին մայրաքաղաք Ստեփանակերտը եւ շրջակա մյուս հայկական բնակավայրերը։ Սղնախի անտառներում լայնածավալ մարտերի էին նախապատրաստվում եւ Ժ. Սեֆիլյանի հրամատարությամբ ձեւավորված վաշտերը՝ իրենց առջեւ խնդիր դնելով գրոհել Զառիսլու—Լիսագոր ռազմավարական նշանակություն ունեցող հենակետերը, ուր թշնամու կողմից մեծաթիվ ուժեր եւ զինտեխնիկա էր կենտրոնացվել։
Կոմանդոսի գլխավորությամբ հրամանատարության նպատակն էր ազերիների ուշադրությունը շեղել Շուշիի ռազմագործողությունից եւ, հարձակման դեպքում, հյուսիս—արեւմտյան թեւում ճնշել Ջանհասան, Ջամիլլու եւ Քյոսալար ուղղություններում հակառակորդի հնարավոր առաջխաղացումը։ Ու այստեղ էր, որ Այգեստանի, Խնածախի Դահրավի եւ Բադարայի պաշտպանական ստորաբաժանումները հերոսական մարտեր մղելով՝ մեծ կորուստներ պատճառեցին թշնամուն ու ստիպեցին ճողոպրել՝ ռազմադաշտում թողնելով մի քանի տասնյակ զոհեր եւ մարտական տեխնիկա։ Ցավոք, մարտական գործողությունների ժամանակ հայկական ջոկատները նույնպես կորուստներ ունեցան։ Սակայն դա չընկճեց խիզախ տղաներին, եւ համախմբվելով թշնամու դեմ, հետագայում նրանք նշանակալի, առավել շոշափելի հաջողությունների հասան։ Հույսի, հերոսության ճամփաները հայ զինվորին նոր փորձությունների էին տանում, եւ մայրերի օրհնանքը, հավատը՝ վերջնական հաղթանակի նկատմամբ, նոր ուժ եւ կամային հատկանիշներ էին հաղորդում նրան։
Մայիսի 8—ի առավոտյան հայկական ուժերը լիովին պաշարել էին բերդաքաղաքը եւ արդեն մարտեր էին մղվում Շուշիի մատույցներում։ Հակառակորդի դիմադրությունը առաջինը ճեղքեց Տ—72 թիվ 442 տանկը, որն անմիջապես թիրախավորեց եւ ոչնչացրեց ընդառաջ եկող թշնամու զրահամեքենան։ Ցավոք, մերոնք չէին նկատել դարանակալած հակառակորդի տանկը, որը նշանառության տակ էր առել մեր տեխնիկան։ Այն բոցավառվեց, եւ անձնակազմից հրաշքով ողջ մնաց միայն Գագիկ Ավշարյանը։ Անձնակազմի մյուս տղաները՝ Աշոտ Ավանեսյանն ու Շահեն Սարգսյանը, զոհվեցին։ Ահեղ մարտերը շարունակվեցին մերձակա կրակակետերում, մասնավորապես՝ բանտում ամրացված ազերի դիպուկահարների ոչնչացման ուղղությամբ, ուր կատաղի դիմադրություն էին ցուցաբերում։ Իր վաշտով առաջինն էր Շուշի մտել Աշոտ Ղուլյանը։ Մեր ուժերը, ճեղքելով պաշտպանությունը, շուտով տիրապետեցին եւ քաղաքի կենտրոնական մասերին։ Թշնամին մեծաթիվ կորուստներ տալով խուճապահար ետ էր նահանջում։ Եվ հայ մարտիկները կրնկակոխ հետեւում էին նրանց ու դուրս քշում հինավուրց բերդաքաղաքից, պապենական մեր վաղեմի հողերից։
Հայկական ինքնապաշտպանական ջոկատները Լիսագոր բնակավայրի մատույցներում գրավելով ռազմական նշանակության կարեւոր բարձունքներից մեկը, վերջապես վերահսկողության տակ առան Շուշի—Լաչին մայրուղին։ Ղարաբաղյան ուժերի ուշադրությունը շեղելու նպատակով ադրբեջանական բանակի հրամանատարությունը հակամարտության գոտու ողջ երկայնքով ռազմական լայնածավալ գործողություններ ծավալեց՝ ընդհուպ գործի դնելով օդուժը։ Ռմբակոծվեցին եւ գնդակոծվեցին Մարտունու եւ Ասկերանի շրջանների տասնյակ բնակավայրեր։ Մայիսի 8—ին ուշ երեկոյան Շուշիի տարբեր ծայրերից դեռ ընդհատումներով ավտոմատային կրակահերթեր էին լսվում, իսկ մայիսի 9—ի առավոտյան քաղաքը լիովին ազատագրված էր։ Շուշիի անառիկ բերդն իր պատմության 250 տարիների ընթացքում առաջին անգամ տեղի տվեց արցախցիների գրոհի առջեւ։ Այդ օրը Ստեփանակերտում հրավառություն էր։ Հայ ազատամարտիկներն իրենց պարտքը համարեցին հաղթանակի բերկրանքը վայելել ազատագրված Ղազանչեցոց եկեղեցում, որի կամարների տակ նրանք մոմ վառեցին, եւ Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը պատարագ մատուցեց նահատակների սուրբ հիշատակին։ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը բարձրացել էր եկեղեցու տանիքն ու բարձունքից հայացքն ուղղել քաղաքի համայնապատկերին։ «Ես երբեք այսքան երջանիկ չեմ եղել, ինչպես Շուշիի ազատագրման առիթով,–խոստովանեց նա։–Բերդաքաղաքը վերստին մերն է, հայերինը։ Սա մեծ պատիվ եւ հպարտություն է բոլորիս համար»։
1992թ. մայիսի 9—ը ոսկե տառերով է գրվել արցախյան ազատագրական պայքարի պատմության մեջ։ Մոխիրներից վեր հառած Շուշին ամբողջ հայ ժողովուրդն այսօր հինավուրց քաղաքի ազատագրման տարեդարձն է նշում, պաշտպանության բանակի ծնունդը եւ գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի օրը։ Հաղթանակի խորհուրդը եւ պատերազմի դասերը հուշում են մեզ՝ մշտապես զգոն լինել եւ անառիկ պահել սահմանները, լինել համախմբված ու միասնական, շարունակել դիմակայել բոլոր փորձություններին եւ հասնել մեր վերջնական նպատակների ու երազանքների իրագործմանը։
Ակնհայտ է, որ մեր ժողովուրդը միմիայն խաղաղություն եւ կայունություն է ցանկանում, ակնկալում ղարաբաղյան հիմնախնդրի քաղաքական, արդար ու վերջնական լուծում։ Ցավոք, ադրբեջանական կողմը շարունակում է հայատյաց քաղաքականությունը. ռազմական վտանգավոր հռետորաբանությունը սահմաններում վտանգում է մեր հայորդիների արյամբ ձեռք բերված փխրուն խաղաղությունը։
«Ապրիլյան ողբերգական իրադարձությունները վերստին ապացուցեցին, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Յուրաքանչյուր զինվորի կյանք մեզ համար անչափ թանկ է, եւ Հայաստանի ու Արցախի իշխանությունները, հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունները պիտի շարունակեն սահմանների ամրապնդմանը եւ առաջնագծի կահավորմանը, նոր սպառազինությունների ձեռքբերմանն ու բանակի մարտունակության բարձրացմանն ուղղված քայլերը։ Եթե շղթայի մի օղակը բացակայում է, այն կտրվում է։ Ահա թե ինչու այդ շղթան միշտ ամբողջական եւ ամուր պիտի լինի, որպեսզի խնդիրներ չծագեն,–ասում է արցախյան շարժման ակտիվ մասնակից, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Անդրանիկ Սարգսյանը։–Մեծ հայրենականում ֆաշիստական Գերմանիային ջարդեցին մեր պապերն ու հայրերը։ Արցախյան ազատամարտում մեր սերնդին էր վիճակված թշնամու դեմ պայքարել եւ մեծ զոհողությունների գնով պաշտպանել մեր անկախությունը։ Այսօր մեր զավակներն են առաջին գծում մարտական հերթապահություն իրականացնում։ Եվ վստահ եմ, որ երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը հուսալի ձեռքերում է։ Անփորձանք ծառայություն մեր քաջարի զինվորներին, անսասան կամք եւ տոկունություն։ Ու քանի որ մայիսյան եռատոնի շեմին ենք, որպես արցախյան պատերազմի վետերան, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս՝ Մեծ հաղթանակի, պաշտպանության բանակի ստեղծման եւ Շուշիի ազատագրման 27—րդ տարեդարձի կապակցությամբ։ Փառք ու պատիվ հայոց բանակին, հայ զինվորներին, որոնց զորեղ բազկի ու կամքի շնորհիվ կանգուն է հայրենիքը՝ Արցախ աշխարհը, եւ անպայման պիտի իրականանան մեր վարդագույն երազները»։
Մայիսի 9—ին Արցախի Հանրապետությունում տեղի կունենան ամենամյա ավանդական միջոցառումներ։ Օրը կսկսվի Ստեփանակերտի կենտրոնից դեպի հուշահամալիր ժողովրդական քայլերթով, որտեղ ծաղիկներ, ծաղկեպսակներ կդրվեն Հայրենական մեծ պատերազմի եւ արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներին, Շուշիի տանկ հուշարձանի մոտ, ապա սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին։
Տոնին նվիրված՝ երեկոյան Ստեփանակերտում կլինեն համերգ եւ հրավառություն։
Արցախում տոնակատարություններին ներկա կլինի նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Ստեփանակերտ

09-05-2019





25-05-2019
Դատական համակարգի առողջացման ճանապարհի խութերը
Անցումային արդարադատությունը հաշտեցման, այլ ոչ թե առճակատման գործիք ...


25-05-2019
Ուստարվա վերջին զանգը ղողանջեց
Ինչպես ուսուցիչներն են ասում՝ առջեւում քննություններն են

Տուգանային ...


25-05-2019
Դիմում գրելու դեպքում կհամարվե՞ն կոռուպցիոներ
Ինչ է ենթադրում վեթինգի իրականացման ճանապարհային քարտեզը

Վեթինգ. ...


25-05-2019
Կառավարության համար սկզբունքային է
Հայաստանում ազգային, կրոնական փոքրամասնությունների ինքնության պահպանումը երաշխավորելը

Վարչապետ ...


25-05-2019
Ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստ՝ կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել ...


25-05-2019
Նրանց է վստահված հայրենիքի ճակատագիրը
Վերջին զանգի ղողանջներն ազդարարեցին նոր կյանքի սկիզբը

Արցախի ...



25-05-2019
Հոգեւոր-քաղաքական միասնության հրամայականը
Գիտաժողով՝ նվիրված միացյալ Հայաստանի ...

25-05-2019
Նորահայտ փաստաթղթեր՝ շվեյցարական արխիվներից
«Հնչակյան կուսակցության կազմավորումը ...

25-05-2019
ՀԹՖ նախագահի ընտրություններն անվավեր կճանաչվեն
Սկանդալային զարգացում ունեցավ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +15
ցերեկը +23... +25

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO